
Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի
Մի անգամ տանը ինձ համար նստած ականջակալներով երաժշտություն եմ լսում ու ինտերնետով ընկերներիս հետ խոսում: Համարյա գիշեր էր: Մայրս և հայրս աշխատանքից հոգնած եկել ու արդեն քնել էին: Տան դուռը բաց էր: Հանկարծ միջանցքում շարժում նկատեցի, բայց մտածեցի, որ թվացել է: Մի քանի վայրկյան հետո նորից: Ականջակալները հանեցի ու հետ նայեցի՝ տեսնեմ մեկը լրիվ սև հագած ինձ է նայում, վախեցա ու տեղիցս վեր կացա: Այդ մարդը դուրս վազեց, ես՝ նրա հետևից ու ճանապարհին էլ վերցրեցի առաջինը, ինչ ընկավ ձեռքս՝ հայրիկիս կոշիկը: Մտածեցի գող է, բայց հետո էլ մտածեցի, թե հայրիկիս ընկերոջ տղաներից մեկն է ու կատակ է անում: Բայց գողի վարկածը ավելի հավանական էր ու ես վախեցած սենյակ վերադառնալով արթնացրեցի ծնողներիս՝ ասելով, որ տունը գող է մտել: Նրանք ինձ չհավատացին՝ մտածելով, որ ռոք լսելուց խելքս գցել եմ և արդեն հնարում եմ, և որ ոչ մի գող էլ չի մտել տուն: Տան դուռը փակեցինք ու արդեն պատրաստվում էինք քնելու, բայց պատահմամբ մեր հարևանուհին եկավ ու մեր դռան դիմաց մի բան տեսավ գետնին գցած, կռացավ վերցրեց՝ պարզվեց պայուսակս էր: Վերցրեցինք ու տուն գնացինք: Արդեն տնեցիները սկսեցին ինձ հավատալ:
Մյուս օրն առավոտյան մայրս աշխատանքի գնալուց տան կողքից գտել էր իմ մյուս պայուսակները, որոնք գողը գցել էր, որովհետև ոչ մի արժեքավոր բան չէր գտել: Անցավ մի քանի օր, ու արդեն բոլոր հարևաններին տեղեկացրել էինք, որ զգույշ լինեն: Հանկարծ լսում ենք մեր հարևանուհու ձայնը, որը բարձր գոռալով հորս անունն էր տալիս: Վազեցինք դուրս, բայց արդեն ուշ էր՝ գողը նորից փախել էր: Ու հիմա մեր հարևանուհին պատմում է, թե ինչ է պատահել: Տանը մենակ նստած վերմակ է կարելիս եղել, հանկարծ պատուհանից մի ձեռք է ներս մտել ու պատուհանի տակ դրած սեղանը շոշափել, որ մի բան գտնի: Մեր հարևանուհին իրեն չի կորցրել ու ձեռքի մեծ ասեղը խրել է նրա ձեռքը, իսկ մյուս ձեռքով էլ բռնել է, որ չփախչի, բայց փախել է:
Այլևս մենք չլսեցինք այդ չստացված գողի մասին, բայց այս դեպքը հիշելիս ամեն անգամ դեմքիս մի մեծ ժպիտ է հայտնվում:
Ինչ եմ ուզում ասել, հավատացեք երեխաներին ու թողեք, որ լսեն այն երաժշտությունը, որը իրենց դուր է գալիս: