- Բլրի վրա` հին Ղարաքիլիսայի բարձունքում է կանգնած Սիսիանի վեհաշուք եկեղեցին: Այն կառուցվել է 6-րդ դարի 80-ական թվականներին Սյունյաց Վարազդուխտ իշխանուհու միջոցներով` Ս.Գրիգոր Լուսավորչի անվամբ: Եկեղեցու վայրում երորրդ դարում եղել է բազիլիկ եկեղեցի, որը կառուցվել է 270-ական թվականներին: Բյուզանդացիները, մտնելով Սյունիք, ավերում են հին բազիլիկ կառույցը: Դրա փոխարեն Սյունյաց Վարազդատ իշխանուհին կառուցում է Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կանգուն է 2700 տարի: Եկեղեցու արևմտյան կողմը 13-րդ դարում քանդել են մոնղոլները: Երկրաշարժից խոնարհվել է գմբեթը: Եկեղեցու գմբեթը և արևմտյան կողմը մեկ անգամ վերականգնվել է:
Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
Զավեն պապը, ով աշխատում է եկեղեցում, ասում է, որ Ս.Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է Սիսիանի եկեղեցու օրինակով: Հայաստանի առաջին վարդապետարանը եղել է այստեղ: Հայոց գրերի գյուտից հետո` 5-րդ դարի առաջին կեսին, Սյունիքի Անանիա եպիսկոպոսը եպիսկոպոսական աթոռին կից, Սյունի վանքում հիմնել է հոգևոր բարձրագույն դպրոց`«Սյունյաց վարդապետարանը»:
Այնտեղ սովորել են Հայաստանի տարբեր տեղերից եկած ուսանողներ: Ըստ 13-րդ դարի պատմագիր Ստեփան Օրբելյանի վկայության` Սյունյաց վարդապետներին վերապահվել է թարգմանել ու մեկնաբանել Աստվածաշունչը: Անգամ խորհրդային տարիներին եկեղեցին ամեն օր բացվել և փակվել է Արևմտյան Հայաստանից եկած ամուսիների կողմից : Նրանցից հետո մինչև հիմա Զավեն պապն է ստանձնել այդ պարտականությունը: Սյունի վանքը չես կարող պատկերացնել առանց Զավեն պապի: Եկեղեցում կա նաև գաղտնի թունել, որը տանում է գետի ափ:
Զավեն պապը շատ վրդոված է այն հանգամանքից, որ եկեղեցին տարեկան ունենում է ընդամենը 800 այցելու, իսկ Տաթևի եկեղեցի, որը կառուցվել է ավելի ուշ` 10-րդ դարում, և մի քանի անգամ ձևափոխվել է, ավելի շատ այցելու է ունենում: Ասում է`պատճառը Սատանայի կամուրջը և ճոպանուղին են: Ասում է, որ Սիսիանն էլ իր Զորաց քարերով և Ուղտասարով պակաս զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու վայրեր չեն:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
Մայրս պատմում է, որ եկեղեցում մի կին էր աշխատում` Զարիկ անունով, ով միշտ ճերմակ էր հագնում, երբ քայլում էր, իր եթերային տեսքով գրավում էր բոլորի ուշադրությունը: Մի անգամ եկեղեցում ինչ-որ բան է կորում, և «միլիցիա Սամոյին» կանչում են հետաքննությունը վարելու: Մութն ընկնելու վրա է լինում, միլիցիոները դիմում է Զարիկին.
-Զարիկ, դռները փակի, գնանք, ուշ է արդեն:
-Չէ, Ասրյան,- ես Աստծո հետ պիտի խոսեմ:
-Այ աղջի, ձեր տանը հեռախոս չկա՞, որ խոսես, պիտի էս ցուրտ տեղա՞ն խոսես:
Այս անեկդոտը խորհրդային տարիներին Սիսիանում մնացած ամենագեղեցիկ հուշերից մեկն է:
Պատմում են նաև, որ 1900-ական թվականների սկզբներին ղարաքիլիսցիներից ինչ-որ մեկը եկեղեցու խաչը գողանում է, տերտերը ժամերգությունից հետո դիմում է ժողովրդին.
-Այ ժողովուրդ, խաչը պերեյք, կանուխ կալույեք ի՞նչը պաչեյք:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
Ինչպես տեսնում եք, Սիսիանի պարզ ու ազնիվ ժողովուրդը, ում գորիսեցիները բնորոշում են, թե. «Սիսիանցիք իմանում են մինչև հիմա Լենինը կենդանի է», – կարող են նաև գեղեցիկ անեկդոտներ հյուսել իրենց հավատքի կենտրոնի մասին: