
Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի
Անձրևի կաթիլների ծանրությունից վար խոնարհված խոտերը վերջապես կարողացան հանգիստ շունչ քաշել արևի առաջին ճառագայթների հետ: Մեր տնից դաշտ տանող փոքրիկ արահետն արդեն չորանում էր: Արահետից այն կողմ մի հեքիաթային աշխարհ էր բացվում` իր գույնզգույն դաշտերով ու զմրուխտապատ անտառներով: Ով եղել է Դսեղում, կպատկերացնի: Երիցուկի ճերմակ երանգը պատել էր ամբողջ դաշտը, իսկ անտառից լսվող թռչունների հաճելի ձայնի տակ կարելի էր խոր քուն մտնել: Հանկարծ, քամու հետ խշխշացող խոտերի միջից երևաց մեր թաղի հավերին գողացող թմբլիկ աղվեսը, որն ինձ տեսնելով անմիջապես փախավ…
Մի քանի ժամ ամբողջ դաշտով թափառելուց հետո ` մի փունջ դաշտային ծաղիկ հավաքած, նստեցի մի միայնակ երիցուկի մոտ, որն ասես ինչ-որ բան էր ցանկանում ինձ ասել…
-Սիրում ա, չի սիրում, սիրում ա …
Արդեն երիցուկի վերջին թերթիկն էր մնացել պոկելու:
-Սիրում ա:
Զգացի` ինչպես են աչքերս փայլում, ու հասկացա, որ դաշտ տանող արահետը, ճերմակ երիցուկները, աղվեսը, քամին և այլն, դրանք բոլորը նշաններ էին, որպեսզի հասնեմ այդ միայնակ երիցուկին ու նրա վերջին թերթիկն ինձ ասի.
-Սիրում ա…