-Լուս, հեռախոսդ զանգում ա:
-Ո՞վ ա:
-Երևանի կոդով համար ա:
-Վա՜յ, սպասի էս էրեխեքին լռեցնեմ` գամ,- այդ պահին ես աշխատում էի կամավոր Վայքի բակային ճամբարում:
Հեռախոսը վերցրի և իմացա, որ մասնակցելու եմ մեդիա ճամբարին: Սկսեցի տեղում թռվռալ ու բոլորին ասում էի.
-Էրեխեք, ես հեսա մեդիա ճամբար եմ գնալու:
Անհամբեր սպասում էի ճամբարի սկսվելուն: Ժամերն էի հաշվում: Վերջապես եկավ սպասված օրը: Հավաքվելու էինք Երևանում՝ «Մանանա» կենտրոնում: Զանգելով, հարցնելով մի կերպ գտա շենքը: Ծանոթացանք միմյանց հետ և, մինչ մեր տաքսիները կգային՝ քննարկում էինք մեր անելիքները ճամբարում: Վերջապես հասանք հյուրանոց: Աղվերանում համեմատաբար ավելի ցուրտ էր: Հյուրանոցում տեղավորվելուց ու ճաշելուց հետո հավաքվեցինք քննարկումների սենյակում: Եվս մեկ անգամ ծանոթացանք, որ չմոռանանք միմյանց անունները: Այնուհետև անցանք գործի: Ամեն օր պետք է կազմեինք 5-6 հոգանոց խմբեր, որոնք պատասխանատու կլինեին այդ օրվա «ճամբարային օրագրի» համար: Ես ձեռք բարձրացրի և ստացա հանձնարարությունս: Մենք պետք է լինեինք այդ օրվա «լրագրողները»: Խմբից երկու հոգի հարցազրույցներ պետք է անեին, մի քանի հոգի նաև լուսանկարեին, իսկ մյուսներս՝ հոդվածներ գրեինք: Մինչ մեր խումբը իր հանձնարարությունն էր ստանում, քննարկումների սրահում արդեն սկսվել էր գաղափարների քննարկումը:
Քննարկման ժամանակ խոսեցինք ֆիլմերի ձևի և բովանդակության մասին, պատմեցինք մեզ հուզող հարցերի մասին և քննարկեցինք ֆիլմերի գաղափարները: Երեկոյան՝ ընթրիքից հետո, մեզ անակնկալ էր սպասվում: Անակնկալը 17.am-ի թղթակիցների հատուկ շապիկներն էին: Մեզ բոլորիս շապիկները շատ դուր եկան, սկսեցինք փորձել:
Այստեղ գալուց առաջ էլ ես մտածում էի, որ ճամբարը նախատեսված չէ հանգստի կամ ժամանցի համար: Այստեղ մենք աշխատում ենք, գրում ենք: Մեր առօրյան խիտ պլանավորված և հագեցված է: Բայց չնայած այդ խտությանը՝ ինձ շատ է դուր գալիս լինել մեդիա ճամբարում: