
Լուսանկարը՝ Ալբինա Հովսեփյանի
Տատիկիս հետ նստած խոսում էինք մեր ավանդական ուտելիքներից, որոնք ավելի շատ մեզ մոտ՝ Սյունիքում են պատրաստում:
-Տա՛տ, դու ի՞նչ ուտելիք ես շատ սիրում։
-Ես խաշիլ եմ շատ սիրում։
-Տա՛տ, պատմիր էլի։ Ինչպե՞ս են պատրաստում խաշիլը։
-Չէ՛ բալա, պատմելով չի լինի, ավելի լավ է՝ արի, գնանք․հա՛մ սարքեմ, հա՛մ էլ՝ տե՛ս, թե ինչպես են պատրաստում:
Տատիկս վերցրեց ակնոցը, ընտրեց ամենալավ ու ամենամեծ ցորենները, ու մենք իջանք օջախի կրակի մոտ: Տատս վառեց կրակը, ցորենը լցրեց թաջի վրա:
-Բա հիմա ի՞նչ պիտի լինի, տա՛տ։
-Հիմա ցորենն այնքան պիտի մնա կրակի վրա, որ գույնը փոխի, ստանա կարմիրին մոտ գույն:
Տատս խառնում էր ցորենը, իսկ ես ուշադիր նայում էի: Վերջապես ցորենը պատրաստ էր ու ստացել էր այն գույնը, որը պետք էր տատիս:
-Հիմա ցորենը լցնում ենք արկանի (երկանքի) մեջ, աղում այնքան, որ դառնա, մեր լեզվով ասած, փոխինձը,- ասում է տատս ու շարունակում աղալ ցորենը:
Արդեն պատրաստ է նաև ցորենը։ Բարձրանում ենք տուն, ու մնացած գործը տատս վստահում է ինձ: Փոխինձը՝ աղացած ցորենը, լցնում եմ կաթսայի մեջ ու խառնում, բայց այնպես պիտի խառնեմ, որ տակը չկպչի: Չգիտեմ՝ ինչպես, բայց ես ստանում եմ այն զանգվածը, որ պետք էր տատիկիս: Վերջում ավելացնում ենք՝ յուղ ու թան և ասում.
-Լոր գյուղի խաշիլից համեղ բան չկա․․․