
Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի
Քեռուս տղան՝ փոքրիկ Սուրենը, ապրում է Կալավան գյուղում: Սովորում է արդեն 2-րդ դասարանում: Պապիկին խնդրել էր, որ իր համար պտտաձող («տուռնիկ») սարքի: Պապիկն էլ նրան չէր մերժել: Սուրենն ազատ ժամանակ սիրում է սպորտով զբաղվել, դհոլ նվագել, փոքրիկ հեքիաթներ գրել: Շատ ճկուն և ուժեղ տղա է:
Մի օր քննության համար պարապում էի, երբ Սուրենը ներս մտավ և ասաց.
-Էլի՜տ, գրածս կստուգե՞ս:
-Հա, իհարկե,- ասացի ես ու սկսեցի ստուգել: Մի փոքրիկ հեքիաթ էր գրել, որն սկսվում էր այսպես.
«Լինում է, չի լինում մի կապիկ է լինում, կապիկը հանդիպում է գետակին ու հարցնում.
-Արջին տեսե՞լ ես:
-Հա, այն կողմ գնաց»:

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի
Երբ կարդացի, զարմացա: Ինձ շատ դուր եկավ: Սուրենը դպրոցը շատ է սիրում, դասերը նույնպես: Մի քիչ էլ խիստ է: Երբ կարճ շրջազգեստ եմ հագնում, բարկանում է վրաս ու ասում.
-Էլիտ, շուտ գնա ու փոխվի:
Մի անգամ հարցրի, թե երբ մեծանա, ի՞նչ է դառնալու:
-Զինվոր, որ հայրենիքս պաշտպանեմ:
Ասաց ու վազեց խաղալու: