
Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի
-Էրեխե՛ք, իմ հոգում երեք հատ թիթեռ են ապրում՝ կանաչ, կարմիր, մեկ էլ…
-Մեկ էլ սև,- ենթադրեցի ես:
-Չէ, մեկ էլ կապույտ, ու գիտե՞ք ինչն ա հետաքրքիր. իրանց թևերը ապակուց են: Էս վերջերս կապույտի թևը կոտրվել էր, մի կերպ կպցրի։
«Կոտրված թևով թիթեռնիկը,- մտածեցի,- տեսնես ո՞վ ա կոտրել»։ Բայց հետո հասկացա, որ կոտրված թևի մասին հարցնելով՝ կապույտ թիթեռին չեմ օգնի, ու լռեցի:
Կարինեի հոգում ապրում են երեք թիթեռներ, որոնց գոյության մասին իմացա ընդամենը երկու օր առաջ: Բուռն երևակայությունս նույն վայրկյանին նկարեց թիթեռներին՝ արծաթափայլ փոշով պատված, թափանցիկ, ապակե թևերով:
Անպատասխան մնացած հարցերի մի ամբողջ պաշարով վերադարձա տուն ու սկսեցի մտածել: Մտածմունքներիս գլխավոր առարկան սև թիթեռն էր, որին փորձել էի բնակեցնել Կարինեի հոգում: Անսովոր հանգստությամբ էի մտածում սև թիթեռի մասին, ինչպես մտածում են հին օրերի լավ ընկերոջ մասին: Սև թիթեռի հանդեպ հետաքրքրությունս գնալով մեծանում էր, ու ինձ տանում այն համոզմունքին, որ նրա բնակության վայրը հենց իմ հոգին էր:
Որոշեցի ուշադիր զննել թևերը, վերջիվերջո հանդիպել էի հոգուս թիթեռին, այն էլ՝ պատահական, մտածմունքների ճանապարհին: Քանի որ փոքր տարիքից սովորել էի, որ թիթեռների թևերին ձեռք տալ չի կարելի, սպասեցի, մինչև կանգ առնի հոգուս մի անկյունում: Թևը կոտրված էր: Վերջերս էր կոտրվել, բայց, չգիտես ինչու, չէի նկատել: Ուզում էի զանգել Կարինեին, հարցնել հոգու թիթեռներին բուժելու մեթոդները, բայց, ախր, Կարինեինը կապույտ էր։
Ի՞նչ լցնեմ թևին։ Ինչո՞վ կպցնեմ…
-Կար, կներես տարօրինակ հարցի համար, թիթեռիդ թևն ինչո՞վ ես կպցրել:
-Կախարդական սոսինձով:
-Բաղադրատոմսն ունե՞ս:
-Հա, սերը խառնում ես հոգատարության հետ:
Կարինեի բաղադրատոմսը արդարացրեց սպասումներս: Սերը խառնում ես հոգատարության հետ, ստանում ես երջանկության համասեռ զանգված, լցնում ես թիթեռի թևի վրա ու շշնջում, որ ամեն ինչ լավ կլինի: Ճիշտ է՝ սոսինձը ստանալու համար երկար ժամանակ կպահանջվի, բայց կարևորը՝ սև թիթեռս արդեն հույսի կաթիլներ է սփռում հոգուս մութ անկյուններում: