
Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի
Հոկտեմբերի 7-ը մեր` վանաձորցիներիս համար, տարվա ամենասպասված օրերից մեկն է: Եթե անկեղծ լինեմ, անցած տարիներին միջոցառումների, համերգների համար էի սպասում, բայց այս տարի տոնը ինչ-որ յուրահատուկ բնույթ ուներ: Կարծում եմ այս օրը, նոր և ավելի վառ ապագայի սկիզբ էր: 92-ամյա ծերուկս այսօր կարծես կրկին երիտասարդ էր:
Վանաձորը այս տարի համարվել է որպես «Բարեկամության քաղաք»: Կարծում եմ այս կոչումը շատ է համապատասխանում մեզ: Մենք հյուրասեր և մեր ընկերներին սիրող քաղաք ենք: Մեր անձրևող երկնքին մի նայեք, հյուրերին միշտ արևով ենք դիմավորում: Այս օրը ևս բացառություն չէր: Վանաձորը տաք արևով էր հյուրընկալել իր քույր քաղաքների ներկայացուցիչներին: Քաղաքի կենտրոնական փողոցը ծածկված էր քույր քաղաքների դրոշներով: Հանդիսավոր երթի ժամանակ, յուրաքանչյուր դրոշի տակ ներկայացվում էր տվյալ քաղաքի մշակույթը:

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի
Երթը իրոք համապատասխանում էր «Բարեկամության քաղաք» խորագրին: Իսկ հիմա, եթե թույլ տաք մի քիչ գովազդ անեմ, ապա պետք է ասեմ, որ տոնակատարության կազմակերպման մակարդակը այս տարի ակնհայտորեն գերազանցում էր այլ տարիներին:

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի
Չեմ կարողանում հիշել վերջին անգամ երբ է քաղաքը այսքան ուրախ եղել: Երբ քաղաքում նախատոնական պատրաստություններ էին գնում, որ իջնում էի կենտոն անկախ ինձանից տրամադրությունս բարձրանում էր: Լավ է, երբ հրապարակի համերգով ու մի թեթև երթով չեն սահմանափակվում:

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի
Այս անգամ քաղաքի ամեն անկյունում մի միջոցառում կար` ռոք-ջազ համերգ պատկերասրահի մոտ, պարի փառատոն Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում և այլն: Իր սերը իր հետ քաղաք էր բերել «Ռեինկարնացիա» խումբը: Տոնակատարությունը ավարտվեց նրանց համերգով և հրավառությամբ: «Ռեինկարնացիա» խումբը մեզ սեր քարոզեց, և սիրով լցվեց ամբողջ հրապարակը: Այս երեկո սերը մեզ չէր պակասում, երիտասարդությունը պայթեցրեց իր պարով և երգով ամբողջ քաղաքը, մեզ թվում էր՝ մեր ձայները լսում է ամբողջ Հայաստանը:
Վանաձոր, աննման բարբառի տեր քաղաք, սիրո և երգի քաղաք, երիտասարդության, ծաղկունքի քաղաք: Եկեք Վանաձոր, և ձեր հետ տուն կտանեք մեր քաղաքի սրտի կեսը և ձեր սերն էլ հավերժ կթողնեք այստեղ, վստահ եմ, շատ կսիրեք: Կսիրեք իր անձրևներով և արևներով, կսիրեք իր փողոցներով ու փողոցում թափառող շներով, կսիրեք և չեք ցանկանա հեռանալ, կգնաք և կկարոտեք: Իրոք, որ մենք նման օրերի կարիք շատ ունենք: Նման օրերին գիտակցում ենք ինչքան կյանք կա մեր քաղաքում, և ինչքան շատ ենք մենք սիրում Վանաձորը:
Էլ չեմ կարողանում հիշել՝ ինչ է եղել քաղաքում երեկ, բայց այն, որ լիքը պարել եմ, ու հիմա դրական էմոցիաներս այնքան շատ էին, որ չէի կարողանում քնել, հաստատ է: Շնորհավոր տոնդ, Վանաձոր ջան: