Զարթուցիչը գոռաց: Ու ոչ միայն զարթուցիչը:
-Շուտ արա, գնում ենք մարզասրահ,- ասացին ընկերուհիներս, որոնց հետ կիսում եմ հյուրանոցի սենյակը:
Այսպես սկսվեց աղվերանյան երկրորդ օրը: Սկզբում մարզասրահ, հետո նախաճաշելու: Այ իսկ դրանից հետո ես չէի հիշում, դրա համար պետք էր նայել օրակարգը:
-Օհո՜, վարպետության դաս:
Բոլորն արդեն զբաղեցրել էին իրենց տեղերը: Դե ինչ, սկսեցինք դասը:
-Էրեխեք ջան, էսօր մեր հյուրը, ավելի ճիշտ՝ դասընթացավարը պարոն Դավիթ Թորոսյանն է, ով Սլավոնական համալսարանի դասախոս է և RAU-TV-ի օպերատոր:Դասընթացը վերաբերում էր օպերատրությանը և ֆիլմեր ու տեսանյութեր նկարելուն: Սկզբում ծանոթացանք տեսախցիկի հետ: Հետո բացահայտեցինք որակյալ տեսագրություններ անելու գաղտնիքները: Օրինակ՝ դուք գիտե՞ք, որ տեսանյութի մեկ վայրկյանը հիմնականում ներառում է քսանհինգից-քսանվեց ֆոտո: Կամ, որ որակյալ վիդեո ստանալու համար պետք է օբյեկտը «նշանառության» տակ պահել ամենաքիչը տասը վայրկյան: Չմտածեք, թե մենք խոսում էինք միայն օպերատրության մասին, չէ որ թե՛ ֆոտոն, թե՛ տեսանյութերը և թե՛ լրագրությունը սերտ կապված են միմյանց: Երբեմն պարոն Դավիթն օգտագործում էր աշխատանքային տերմիններ: Երեխաներից ոմանք հասկանում էին, ոմանք նայում իրար երեսի ու թոթվում ուսերը: Սակայն մեր ոչ մի շարժում չէր վրիպում տիկին Ռուզանի աչքից: Նա ընդհատում էր դասն ու ասում.
-Դավիթ ջան, էրեխեքի մեծ մասը չգիտի՝ էդ ի՞նչ ա նշանակում: Մի հատ բացատրի էլի:
Հա՜, ի դեպ, ես ամենաշատը սիրում եմ, որ Մանանա թիմի և մեր շփումը շատ անմիջական է:
Պարոն Դավիթը բացատրում էր տերմինների նշանակությունը ու երբ նկատում էր տիկին Ռուզաննայի գոհ հայացքը, անցնում էր առաջ:
Այսպես մեջբերումերով, խորհուրդներով անցավ դասընթացի կեսը: Հետո մենք դիտեցինք մի քանի ֆիլմ, որոնք նկարահանվել են Մանանա թիմի կողմից, ու քննարկում էինք դրանք: Ի՞նչ տեխնիկաներ են օգտագերծվել, ի՞նչը շտկելու դեպքում ավելի ճիշտ կստացվեր ֆիլմը, ի՞նչն էր ավելի գրագետ արված:Դասընթացը նման չէր սովորական, դպրոցներում անցկացվող դասերին, քանի որ բոլորը միջամտում էին, բերում էին իրենց օրինակները, զուգահեռներ էին անցկացվում ֆոտոյի և վիդեոյի միջև: Մասնագետներից յուրաքանչյուրը իր իսկ օրինակով փորձում էր ավելի հասանելի դաձնել մեր ստացած տեղեկությունները: Վերջում մեր գիտելիքները ամրապնդեցինք փորձով: Երեխաներից մի քանիսը պարոն Դավիթի օգնությամբ նկարահանեցին մեր բանավեճերն ու քննարկումները: Երեխաներն ասում են, որ սկզբում պարոն Դավիթն անընդհատ ուղղումներ էր անում, իսկ վերջում ասաց, որ համեմատաբար լավ է ստացվում: Գրեթե անցանք ևս մեկ փուլ, որն ավելացրեց մեր հետաքրքրությունները ֆիլմերի ու դրանց նկարահնման ընթացքի նկատմամբ: