
Լուսանկարը` Մանե Մինասյանի
Տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Վեդու երիտասարդների հանդիպումը senYAC-ում (Վեդու երիտասարդական կենտրոն): Հանդիպման նպատակն էր վերհանել երիտասարդներին հուզող խնդիրներն ու գտնել դրանց լուծման տարբերակները: Ներկա էին նաև Արարատի մարզպետի օգնական Տիգրան Շիրինյանը, Վեդու համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Անդրանիկ Ավետիսյանն ու Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հրայր Գորգոյանը:
Սկզբում երիտասարդները ներկայացրին իրենց անցած ուղին ու senYAC-ի պատմությունը, հետո սկսվեց քննարկումը:

Լուսանկարը` Մանե Մինասյանի
Խնդիրները շատ են, բայց երիտասարդները չեն դժգոհում: Ասում են՝ իրենց ձայնը միշտ էլ լսելի է եղել համայնքապետարանում, ու իրենք միշտ ստացել են աջակցություն տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Սակայն Վեդիում կան խնդիրներ՝ երիտասարդների ժամանցի ապահովումը, աշխատատեղերի պակասն ու մշակութային կյանքի բացը: Աղբահանության, թափառող շների, տրանսպորտի ժամերի ու օդի աղտոտվածության մասին ևս խոսվեց:
Ակտիվ քննարկումներ սկսվեցին Վեդու տարբեր հատվածներում կուտակված աղբի վերաբերյալ: Անդրանիկ Ավետիսյանի հրավերով հանդիպմանը միացավ «Մաքուր երկիր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Հարությունյանը, որը երիտասարդներին լսելուց հետո խոստացավ ավելացնել աղբամաններն ու աղբահանությունը կատարել ավելի հաճախակի:
Նա նաև խոսեց ապագա ծրագրի՝ աղբի վերամշակման մասին:

Լուսանկարը` Մանե Մինասյանի
Վեդեցի երիտասարդները հանդիպման էին եկել հստակ որոշումներով ու առաջարկներով՝ ոչ ստանդարտ սրճարան, չրանոց ու հանգստի գոտի: Ոչ ստանդարտ սրճարանի գաղափարը հավանության արժանացավ գրեթե բոլորի կողմից:
-Սրճարան, որտեղ կանցկացվեն գրքերի քննարկումներ, ֆիլմերի դիտումներ ու հետաքրքիր միջոցառումներ: Փակագծերը չբացենք, որպեսզի հետքրքրությունը մեծ լինի,- ասում են երիտասարդները:
Ռ. Բաքոյանը պատրաստակամություն հայտնեց լինել երիտասարդների կողքին ու միասին իրականացնել թղթին հանձնած ծրագրերը:
Հաջորդ հանդիպման օրն արդեն նշանակված է: