Բացվեց սովորական մի առավոտ, ու ես որոշեցի գնալ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի դպրոց: Հետաքրքիր էր իմանալ, թե երեխաներն ի՞նչ գրքեր են կարդում, ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեն:
Հաճելի էր նաև հարցազրույց ունենալ դպրոցի տնօրեն ընկեր Հարությունյանի հետ:
-Դժվա՞ր է գյուղական դպրոցում տնօրեն լինելը:
-Ոչ միայն գյուղում, առհասարակ, դժվար է տնօրեն լինելը:
-Իսկ դասարաններում սովորող երեխաների քանակը մե՞ծ է:
-Ամբողջ դպրոցում կա 83 աշակերտ, իսկ դասարաններում աշակերտների քանակը 5-11 է:
-Ուսուցիչները գո՞հ են երեխաների սովորելու մակարդակից:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի
-Դե, միջինից բարձր մակարդակ ապահովում են: Ամեն դասարանում 1-2 գերազանց սովորող աշակերտ կա:
-Ի՞նչ խնդիրներ կան դպրոցում:
-Միայն ֆինանսական խնդիրներ կան:
-Իսկ երեխաների ծնողները օգնո՞ւմ են Ձեզ ինչ-որ հարցերում:
-Այո՛, շատ պատրաստակամ են և հիմնականում շատ են օգնում: Նաև ֆինանսական օգնություն են ցույց տալիս՝ կապված երեխաների սննդի հետ:
-Ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում դպրոցում:
-Տոնական բոլոր օրերը նշվում են, և երեխաների ծնողներն էլ ամեն հարցում աջակցում են:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի
-Իսկ խմբակներ կա՞ն դպրոցում:
-Դպրոցում առաջ տարբեր խմբակներ են եղել, բայց հիմա միայն ֆիզիկայի ու շախմատի խմբակներն են մնացել:
Տնօրենի հետ զրույցս վերջացնելուց հետո ուսումասվարի` Կարինե Ստեփանյանի ուղեկցությամբ մտա 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ: Դասարաններում էլ մի փոքր հարցազրույց ունեցա երեխաների հետ: Երբ հարցրի, թե ո՞ր առարկան են սիրում և ի՞նչ մասնագիտություն են ընտրել, Լիլիթն ասաց.
-Ես սիրում եմ կենսաբանություն առարկան և ընտրել եմ դեղագործի մասնագիտությունը:
Հայկուշիկն ասաց.
-Ես էլ ապագա տնտեսագետ եմ:
-Իսկ ընթերցասերներ կա՞ն դասարանում, և եթե այո, ո՞ր հեղինակների գրքերն եք կարդում:
-Կարդում ենք տարբեր գրքեր, բայց բոլորիս համար սիրելի է դարձել Պարույր Սևակի բանաստեղծությունների ժողովածուն:
-Իսկ տղանե՞րն ինչ մասնագիտություն են ընտրել:
-Մասնագիտությունը մի կողմ, առաջին հերթին մենք ցանկանում ենք ծառայել հայկական բանակում և պաշտպանել մեր հայրենիքը:
Այս խոսքերը ես լսեցի բոլոր տղաներից…