
Լուսանկարը՝ Լյուսի Կարապետյանի
«Տիկնիկային թատերԱմիս». առաջին հայացքից հետաքրքիր հնչողություն ունեցող այս միջոցառումն իրականացվեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնի կողմից: Մեկ ամիս շարունակ կենտրոնի տիկնիկավարության խումբը Գավառ քաղաքում հանդես եկավ ինտերակտիվ ներկայացմամբ` խաղացանկում ընդգրկելով Սուրբ Հարության տոնին նվիրված ներկայացում և բոլոր ժամանակներում սիրված «Կարմիր գլխարկը» հեքիաթը: Կենտրոնի սաները հյուրընկալվեցին և բարեգործական ներկայացումներով հանդես եկան Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում, Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 դպրոցում, «Luna» պարային համույթում, Գավառի պետական համալսարանում, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում, ուսուցողական կենտրոնում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, թիվ 3 մանկապարտեզում և, իհարկե, «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում: Ցուցադրվեցին նաև սաների պատրաստած խամաճիկները, Սուրբ Զատկի տոնին վերաբերող խորհրդանիշներ, տոնական զարդարանքներ, հուշանվերներ և բացիկներ:

Լուսանկարը՝ Լյուսի Կարապետյանի
Նախաձեռնության մասնակիցները աջակցեցին «Փոքրիկ իշխան» կենտրոնին՝ նվիրաբերելով 100 դրամ մուտքավճար, որն ուղղվելու է ծրագրի հետագա իրականացմանը: Հանդիսատեսը տեսավ, թե ինչպես է տիկնիկավարը խամաճիկների միջոցով կարողանում արտահայտել իր պատկերացումները, զգացմունքները և երազանքները:
Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնի համակարգող Սոնա Խաչիկյանն ամփոփելով միջոցառումը նշեց.
-Կենտրոնը բազմիցս հանդես է եկել տիկնիկային ներկայացումներով, սակայն առաջին անգամն էր, որ նախաձեռնությունը բարեգործական բնույթ ունեցավ: Միջոցառման արդյունքում կուտակված գումարը ուղղվելու է «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաների համար մշակութային էքսկուրսիայի կազմակերպմանը մայրաքաղաքում:

Լուսանկարը՝ Լյուսի Կարապետյանի
Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակից կառույցներին, շնորհավորում եմ խմբավար Նաիրա Ղազազյանին և տիկնիկավարներին՝ ձեռք բերած հաջողության համար: Հատկանշական է այն, որ համայնքի երեխաներն ու երիտասարդները իրենց մասնակցությամբ ու նվիրատվությամբ աջակցեցին իրենց հասակակիցներին:

Լուսանկարը՝ Լյուսի Կարապետյանի
Ես` Լյուսի Կարապետյանս, հանդիսանում եմ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնի կամավոր և օգնում եմ տիկնիկային խմբին բեմադրություններ կազմակերպելիս: Սա մի յուրօրինակ աշխարh է ինչպես ինձ համար, այնպես էլ խմբի սաների համար: Կուզենամ նշել, որ այս ոլորտում հմտություններ եմ ձեռք բերել` հաճախելով Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոն:
Միջոցառման մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ պատանի տիկնիկավարներին, ովքեր այնքան մեծ ակնկալիքներով, խանդավառությամբ և պատրաստակամությամբ կատարեցին իրենց աշխատանքը և քաղաքի երեխաների առօրյան դարձրին գունեղ ու հետաքրքիր:
Տիկնիկավար Վահագն Աղեկյանը, ով Սուրբ Հարության տոնին նվիրված ներկայացման մեջ կերտում էր գլխավոր դերը, նշում է, որ նախկինում խաղացել է շատ պիեսներում, սակայն այս պիեսի տպավորությունները շատ ավելի ոգեշնչող էին և ուսուցանող, քանի որ և´ դերակատարը, և´ հանդիսատեսը առավել տեղեկացան Սուրբ Հարության խորհրդի մասին, այն մասին, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը շատ հրաշքներ գործեց, փրկեց մարդկանց, խաչվեց մարդկանց կողմից և հարություն առավ:

Լուսանկարը՝ Լյուսի Կարապետյանի
Տիկնիկավար Ելենա Խաչատրյանը երեք տարի է, ինչ հաճախում է տիկնիկային խումբ և ունի մեծ հաջողություններ: Նրա կարծիքով հանդիսատեսի ամեն մի ժպիտը փաստում է իր ու իր ընկերների լավ խաղի մասին:
Իսկ Արաքսյա Տոնոյանը նշում է, որ նախաձեռնությունը հետաքրքիր էր, և յուրաքանչյուր կառույցում հանդիսատեսն իրենց դիմավորել է ծափերով, ժպիտով ու ոգեշնչող խոսքերով:
Տիկնիկավարներ Սևակ Ժամհարյանը, Անի Տոնոյանը, Պապին Մնացականյանը և Տիգրան Մովսիսյանը կիսում են իրենց ընկերների մտքերն ու տպավորությունները:
Մեր տիկնիկային խումբն արդեն իսկ ճանաչված ու սիրված է համայնքում և շարունակելու է ջանասիրաբար աշխատել առավել հմտանալու և հաջողություններ ձեռք բերելու համար: