Փողոցը դատարկ էր: Քայլում էի դեպի տատենցս տուն տանող ճամփով ու ամեն քայլափոխի ցատկ կատարում, որ չընկնեմ փողոցի մեջտեղում գոյացած ջրափոսերի մեջ: Ամեն քայլիս հետ մութն ավելի էր ընկնում, ու անգամ դիմացի բարձր սարը կորում էր երկնքի ու մթության մեջ:
Ցուրտ էր: Սառը քամին խփեց դեմքիս ու ասաց.
-Կոճկի՛ր կոճակներդ:
Ամեն ինչ թաղվել էր լռության մեջ, ու միայն հարևան Գապեյի շունն էր անվերջ հաչում ու նոր ռիթմ տալիս լռությանը: Արդեն անցել էի Գոհար մորաքրոջ բակով ու համարյա հասնում էի տատիս տուն, ու կրկին մի մեծ ջրափոս ու կրկին մի մեծ ցատկ…
Մարդկանց պակաս կար փողոցում: Կոշիկներս խրվում էին փողոցի ցեխերի մեջ ու դանդաղեցնում ընթացքս… Ձեռքերս իրար էի քսում ու բերանիցս դուրս եկող գոլորշիվ տաքացնում դրանք…
Ցրտից սիրտս միանգամից տատիս սարքած մուրաբայով թեյը և հաց ու պանիր ուզեց…
Ըհը, էս էլ վերջին ջրափոսը: Հասա: Մտնեմ տուն, թեյ խմեմ, տաքանամ:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի
Դուք էլ տաք հագնվեք. ցրտերն արդեն ընկել են:
Մեր Շենիկ գյուղում անձրև էր եկել…