
Լուսանկարը` Մարթա Մինասյանի
-Երեխաներ, կա նախագիծ, որի անունն է «Քաղաքացի»: Այս նախագծով պետք է ներկայացնենք մեր համայնքում առկա խնդիրները,- ասաց ընկեր Գրիգորյանը, երբ դասն ավարտվեցինք:
Մեզ շատ հետաքրքրեց նախագիծը և միասին սկսեցինք ներկայացնել համայնքային խնդիրներ:
-Ընկեր Գրիգորյան, մեր թաղի ասֆալտապատումը, որ քանի ամիս ա` սպասում ենք, կլինի՞:
-Գետափի այգին, որտեղ լիքը թափված տերևներ են, ու չեն մաքրում:
-Երեխաներ, տանը կմտածեք ու հաջորդ ժամին կներկայացնեք,- հանձնարարեց մեր ուսուցիչը:
Անցավ երկու օր, և ողջ դասարանը ներկայացրեց համայնքային խնդիրները:
-Այս նախագծի համար ինձ պետք են 16 հոգի, ովքեր կներկայացնեն ու կաշխատեն այս խնդիրների վրա: Ովքե՞ր են ցանկանում:

Լուսանկարը` Մարթա Մինասյանի
Արձագանքեցինք աղջիկներով, և ընկեր Գրիգորյանը զարմացած ասաց.
-Չհասկացա: Էս ոչ մի տղա չի՞ ուզում: Ամոթ է, առաջինը հենց տղան պիտի ձեռք բարձրացնի:
Սկսեցինք քննարկել նշված խնդիրները:
-Ընկեր Գրիգորյան, եկեք այգիների խնդիրը միացնենք խաղահրապարակների խնդրինն, որովհետև իրար հետ կապված են:

Լուսանկարը` Մարթա Մինասյանի
Ես քանի որ կողմնակից եմ շրջակա միջավայրի մաքրությանը, բարձրաձայնեցի մեր քաղաքում հոսող Որոտան գետի աղտոտվածության խնդիրը.
-Օրինակ, Որոտան գետը հիմա ահավոր կեղտոտ է: Ու մաքրության աշխատանքներ չեն կատարվում:
-Բայց մի քանի տարի առաջ մաքրման աշխատանքներ են կատարվել,- ընդհատեցին խոսքս, ասելով այն, ինչ պատրաստվում էի ասել:
-Ճիշտ է, բայց ինչքան ժամանակ է անցել դրանից հետո:
Հաջորդ ժամին ես գրատախտակի մոտ կանգնած ներկայացրեցի մեր վեր հանած հիմնախնդիրը.
-Մեր քաղաքում հոսում է մի գետ, որը շատ աղտոտված է, և չի մաքրվում: Գետի ափի մի հատվածում կան տներ, որոնց բնակիչները գարշահոտության պատճառով խուսափում են հողագործությամբ զբաղվել իրենց բանջարանոցներում: Բացի այդ, երբ մեր քաղաք զբոսաշրջիկներ են գալիս, շատ տհաճ է այն, որ նրանք տեսնում են այդ աղտոտված մասերը և զգում գարշահոտությունը:

Լուսանկարը` Մարթա Մինասյանի
Ինձնից հետո մյուս աշակերտուհին ներկայացրեց մեր քաղաքի մարզասրահի խնդիրը.
-Մեր մարզասրահի հատակը վնասված է, որի պատճառով մարզումների ժամանակ մարզվող աշակերտները հաճախ են մարմնական վնասվածքներ ստանում:
-Ես մի անգամ ծունկս վնասել եմ, երբ վազելիս ոտքս մտավ հատակի փոսերից մեկի մեջ ու, հավասարակշռությունս կորցնելով, ընկա գետնին -ասաց այդ դեպքերից մեկի «զոհ» դարձած մեկը:
Ահա երկար քննարկումներից հետո որոշվեց, որ ամեն մի խումբ իր հիմնախնդիրը ներկայացնի փաստարկներով:
Ես անմիջապես գտա տեսախցիկ և մեր Սիսիանի մի կամրջից կամ մեր լեզվով ասած, Աղջկա արձանի մոտից, լուսանկարեցի գետը: Լուսանկարելու ժամանակ գետի ճահճուտների հոտի պատճառով ստիպված եղա շունչս պահել: Ինչևէ, աշխատանքս կատարեցի և ցույց տվեցի նկարները ընկեր Գրիգորյանին:
Մինչ օրս էլ շարունակում ենք աշխատել ծրագրի վրա, և իհարկե, հարցազրույցների միջոցով հաշվի ենք առնում քաղաքի բնակիչների կարծիքները:
Հետագա աշխատանքների մասին կներկայացնեմ հաջորդ նյութիս մեջ, հուսով եմ, այս անգամ խնդիրը լուծված տեսքով: