Ձմեռը չտարավ իր հետ ցուրտն ու սառնությունը, թեպետ գարունը եկավ: Բայց այդ ցուրտը չի խանգարում վերցնել գիրքը, նստել ու սկսել կարդալը: Այո՛ , կարդալով էլ մոռանում ես` ձմռան թողած սառնության մասին: Լավ, ինչևէ: Այս անգամ էլ էի կարդում` դիմադրելով ցրտին: Բայց գրքերի մասին չէ, որ պատմում է նյութս: Շարունակեմ: Կարդում էի, մեկ էլ` սովորության համաձայն քույրս սկսեց խանգարել ինձ: Բայց այս անգամ խանգարելը արդարացված էր:
-Կօգնես շարադրություն գրել,- ոչ թե սխալ եմ արել ու չեմ դրել կետադրական նշանը, այլ իրոք էսպես վստահ ասաց: Գիտի, որ գրելու եմ: Չգրելու դեպքում, սկսելու է ասել, թե բա ինչի՞ ես պարապում, որ ես պիտի գրեմ, ու բողոքը, բողոքի hետևից:
-Ասա` տեսնեմ, մենակ արագ:
-«Քարերը խոսում են »,- այս վերնագրով:
Մտքիս ոչինչ չեկավ, ի՞ նչ կարելի էր գրել: Ի՞ նչ են խոսում քարերը, կամ քարերը ո՞ նց կարող են խոսել: Փիլիսոփայեմ, բայց էդպես ի՞ նչ շարադրություն դուրս կգա: Ասացի, որ չեմ գրելու, թող նստի մտածի ու ինքը գրի: Սովորության համաձայն, նեղացավ ու գնաց մնացած դասերը անելու, սպասելով, որ մեծերը տուն գան ու սկսի բողոքելը: Հըմ, դե լավ է, կգրի ինքը: Չծանրաբեռնեցի ուղեղս, առանց էդ էլ, ես լիքը բան ունեի անելու:
Դռան ձայնը լսվեց, տատիկս էր: Բոլորից լավ միայն ինքը տվեց Նարեի հարցի պատասխանը:
-Տատիկ, քարերը խոսո՞ւմ են,- չհամբերելով խոսեց քույրս:
-Խոսում են, բա ինչ են անում: Հլը գնա Պարսկաստան ,գիտե՞ս , ինչքա՜ ն բան կպատմեն: Լավ, գնա Արևմտյան Հայաստան: Է՜, արևդ ապրի, էնքան բան ասեն: Գնա դասերիդ, հետո, հետո կպատմեմ:
-Տատիկ, չէ, հիմա ասա, դե ասա` գրեմ:
-Ամա՜ ն, բան էլ մի գրի, ի՞ նչ գրես, պետք չի: Ոչ մի բան էլ չեն խոսալու քարերը, քարերն էլ չեն խոսալու մերոնց նման` վախեցած են լինելու ու բան չասեն: Բա, էնքա՜ ն բան են տեսել, բայց որն ասեն, որը: Բան էր, ասեցի` գնաց, քարերն էլ սուս են միչև էսօր: Մեծ կին եմ, խոսում եմ, էլի… Տեսել են, տեսել, մեզնից շատ են ցավ տեսել , է՜ , բա խի՞ են ասում` քար սիրտ: Քար սիրտ է, քար սիրտ պիտի ունենալ, որ էսքան ժամանակ կարողանալ լռել: Սուս, ա՜ յ բալա, ինչո՞ւ ես ուզում տատիդ էլի իրա ծնված տեղը ուղարկել: Նստում էինք քարին, ջահել էինք , է, ջահել, ո՛ չ դարդ ունեինք, ո՛ չ ցավ: Ասում էինք, խոսում, ուրախանում, հիմա ա, որ լացը սրտում հիշում եմ: Թողեցինք տուն- տեղ, էկանք, թե՝ հո չէի՞նք թողելու մեր պապերի երկիրը: Է՜ , բալ, գնա ման արի՝ էսքան քարքարոտ երկիր ճարելո՞ւ ես, էսքան քար սիրտ քարեր, ճարելո՞ւ ես: Չէ, չես ճարելու, չէ: Մենակ սրանք են, որ կան, սուս- փուս մնում են: Բա խի՞ են ասում քարի մեջ արյուն կա, մենակ մենք ենք, որ ասում ենք: Քարով խփել չի կարելի, էնքան ենք ասել, հիմա էսպիսինն ենք: Սու՜ ս ենք, սու՜ ս, նստում ենք քարի նման, սպասում, թե ինչ կլինի: Քարն էլ լռում ա, չի խոսում, չի պատմում:
Փոխեցի թեման, ինչ-որ բան նեղեց տատիս: Նարեն էլ, տարված տատի խոսքերով, նստեց ու սկսեց շարադրությունը գրել:
Է՜ հ, հարց առաջացավ` ի՞ նչը տատիս գցեց մտքերի մեջ: Քարե՞ րն էին Պարսկաստանի, թե՞ իր պապի պատմած դեպքերը Էրզրումի մասին: Չհարցրեցի, է՜ , դժվար է տատիս տխուր տեսնելը, առանց այդ էլ, էնպես տխուր աչքեր ունի, մարդու սիրտը նայելուց տեղից ելնում է: