
Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
Պատկերացրեք՝ ինչ-որ տեղ մի քանի ուսանող քննարկում են, թե Հայաստանում որ անիմեներն են ավելի հայտնի, ինչու Հայաստանում «Dragon Ball Z» նայող չկա և այլ «կարևոր» հարցեր:
Օտակուները ճապոնական անիմացիոն ֆիլմերը պաշտողներն են: Յուրաքանչյուր օտակուի երազանքը իր նման մարդկանց գտնելն է: Երևանում էլ կա օտակու համայնք: Տարիների ընթացքում նրանք միավորվել են ֆեյսբուքյան խմբերի միջոցով: Բայց այս գարնանը կատարվեց Երևանի բոլոր օտակուների երազանքը: Բացվեց մի տեղ, որտեղ նրանք կարող էին գտնել և հանդիպել իրենց նման օտակուների:
Քննությունների ու կամավորական աշխատանքների պատճառով հունիս-հուլիս ամիսներին չէի հասցնում այցելել «Անիմե Օտակու»: Բայց օգոստոսին ես ու ընկերուհիս վերջապես գնացինք և տեսանք մեր երազանքների տեղը: Այնտեղ մենք ծանոթացանք «Անիմե Օտակուի» հիմնադրի՝ Ռոլանդ Սահակյանի հետ:
Ռոլանդը օտակու է: Նրա առաջին նայած անիմեն եղել է «Sailor moon»ը:
-Առավոտյան զարթնում էի, դպրոց գնալուց առաջ մի սերիա նայում գնում էի,-պատմում է Ռոլանդը:
Այդ ժամանակ նա չգիտեր, որ «Sailor moon»ը անիմե է:
-Երկրորդ կուրսում էի։ Պատահաբար ինձ մոտ հայտնվեց «Death note»ի դիսկ։ Այն ժամանակ ընկերներով դիսկերով էինք փոխանակվում, որովհետև հնարավոր չէր ինտերնետով նայել անիմե։ Ամեն ինչ սկսվեց «Death note-ից»,- պատմում է Ռոլանդը:
Անիմե խանութ բացելու միտքը Ռոլանդը երկար քննարկել է ընկերոջ հետ: Ու ժամանակի ընթացքում փոքր խանութի գաղափարը վերածվեց խանութ-ժամանցի վայր-սրճարանի գաղափարի:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
-Ճիշտն ասած՝ խանութի բացման ժամանակ մտածում էինք՝ դե մարդիկ կգան, կհավաքվեն, բայց այն, ինչը որ խանութի բացման ժամանակ էր կատարվու~մ… Անգամ ընկերներիս ծանոթները պատմում են՝ հավաքվել էինք, որ գայինք քեզ, քո գործը, խանութին խրախուսեինք։ Եկել էինք՝ չէինք կարողանում մտնել ներս,- հիշում է Ռոլանդը:
«Անիմե Օտակուն» ոչ միայն խանութ է, այլ ժամանցի վայր: Մարդիկ գալիս են որպես առանձին հաճախորդներ, բայց ժամանակի ընթացքում ընկերանում են: Նոր ու հին անիմեներ են քննարկում, միասին անիմեներ են դիտում, խաղեր են խաղում ու միասին քուիզերի են մասնակցում:
-Գալիս են տարբեր խմբերով, բայց տեսնում ես՝ նրանք բոլորը սկսում են իրար հետ շփվել, քննարկել։ Դա ավելի շատ այդ ժամանակ է նկատվում, երբ քուիզերի վերջում արդյունքներին են սպասում։ Դա է, որ մեզ շատ դուր է գալիս։ Մենք միշտ ցանկացել ենք, որ «Անիմե Օտակուն» լինի այսպիսի տեղ,- ասում է Ռոլանդը:
Անցած շաբաթ «Անիմե Օտակու»-ում քուիզի երեկո էր: Բոլոր հարցերը կազմել էին Լևոնն ու Տիգրանը՝ «Անիմե Օտակուի» մշտական հաճախորդները:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
-Բացումից մի շաբաթ առաջ իմացանք «Անիմե Օտակուի» մասին։ Մտածեցինք՝ ազատ օր է, գանք, հետաքրքիր էր։ Շատ շուտ էինք եկել: Առավոտյան 11-ին եկանք, որովհետև ֆեյսբուքում սկզբում տասնմեկ էր գրված։ Երեք ժամ այստեղ կանգնել էինք ու սպասում էինք,- պատմում է Տիգրանը:
-Սկզբում, որ եկանք, մարդ չկար։ Միայն Նանեն (աշխատում է «Անիմե Օտակու»ում բացման օրվանից) ու Ռոլանդն էին։ Ուղղակի ապրանքներն էինք նայում։ «Атака титанов»-ի մանգան էինք կարդում։ Արդեն համարյա ամեն օր գալիս ենք,- իրար ընդհատելով ասում են Լևոնն ու Տիգրանը:
Երկուսն էլ առաջին անգամ նայել են «Նարուտոն» փոքր տարիքում՝ առանց հասկանալու, որ այն անիմե է:
-Շատ շուտ եմ սկսել նայել։ Չեմ էլ հիշում՝ որ պահից հասկացա, որ անիմե եմ նայում, բայց հաստատ կարող եմ ասել, որ մոտ վեց-յոթ տարի հասկանալով եմ նայել անիմե,- ասում է Տիգրանը:
Մինչ «Անիմե Օտակու» գալը նրանք շրջապատում շատ քիչ օտակու ընկերներ ունեին: Տիգրանի շրջապատում միայն իր եղբայրն է անիմե նայել, իսկ Լևոնի շրջապատում իր քույրը ու դասարանից մի քանի հոգի:
Հիմա ավելի շատ օտակու ընկերներ ունեն:
-Արդեն այնքան ենք խորացել այս համայնքի մեջ, որ գալիս ենք, ծանոթ մարդիկ այնքան շատ են, որ անընդհատ զբաղմունք կա։ Օրինակ՝ մոնոպոլիա ենք խաղում,-պատմում է Տիգրանը:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
Լևոնն ու Տիգրանն ասում են, որ անիմեն եղել է նրանց կապող օղակը: Անիմեի շնորհիվ շատերի հետ են ընկերացել: Մոտ 20 մշտական հաճախորդ կա, որոնց ամեն օր տեսնում են:
Ես մինչև հիմա ինձ իսկական օտակու չեմ համարում: Բայց եթե շարունակեմ «Անիմե Օտակու» գնալ, մի օր ես էլ օտակու կդառնամ: