Երկար ժամանակ է՝ չէր երևացել մեր շենքերում: Լավ է, որ եկավ: Էնպես չի, որ շատ էի ուզում նրան տեսնել, բայց, համենայնդեպս, նրա բացակայությունը նկատելի էր դարձել:
Նույն թափթփված մազերը, նույն փայլող աչքերը, նույն քայլվածքը… Միայն մի բան է փոխվել՝ ժպիտը։ Առաջ հազվադեպ էի նրան ժպտալիս «բռնացնում», իսկ հիմա երջանիկ է երևում: Տեսնես՝ ո՞ւր էր այսքան ժամանակ, կամ ինչո՞ւ է այսքան ուրախ: Լավ, է՜, դա իմ գործը չէ։ Նույնիսկ նրա անունը չգիտեմ, ուր մնաց թե մոտենամ ու խոսեմ հետը…
Նրա մասին գրեթե մոռացած քայլում եմ ու այգու առաջին պատահած ազատ նստարանին տեղավորվում: Նայում եմ դիմացս նստած հավանաբար իմ տարիքի աղջկան: Մի պահ աչքս գցում եմ նրա վրա. դեմքի հոգնած ու դատարկ արտահայտություն, կիսափակ ու ոչինչ չասող աչքեր:
Փորձում եմ դեմքիս ժպիտ խաղացնել, որ իմ աչքերն էլ նրա աչքերին չնմանվեն: Չի ստացվում:
Ուզում եմ վեր կենալ, գնալ, հարցնել, թե ինչն է նրան խանգարում ուղղակի ժպտալ, բայց մենք անծանոթներ ենք, չէ՞: Ես ինչ գործ ունեմ. իր կյանքն է, ինչ ուզում է՝ թող անի։
Վեր եմ կենում ու անշտապ քայլերով գնում տուն: Տուն գնալիս ես ու ականջակալներս հիանալի զույգ ենք: Ականջակալներումս մի աղջիկ անընդհատ հարցնում է. «What’s keeping me up at night?»։ Մտածում եմ, մտքումս ինքս ինձ պատասխանում. «Էն մարդիկ, որ միշտ հանդիպում են ճանապարհիս, բայց մեկ է՝ մնում են ուղղակի կողքովս քայլող ու անցնողներ: Էն մտքերը, որ էդ մարդիկ թողնում են իրենց անցնել-գնալուց հետո: Էն ձայները, որոնց տերերին այդպես էլ չտեսա…»։
Ինչ եմ, է՜, մտածում, 21-րդ դարն է շուրջը։ Ամեն մեկը իր գործին, յուրաքանչյուրն իր կյանքով։