Արման Արշակ-Շահբազյանի բոլոր հրապարակումները

arman arshak

Ամեն անգամ մի նոր բան ավելացնելով

Երևի շատ քչերը կլինեն, որ չեն համաձայնի ինձ հետ ու մտքում կասեն, որ իրենց մանկությունը այդպես չի եղել, բայց վստահ եմ՝ շատերը կհաստատեն։ Կհաստատեն այն փաստը, որ երբ փոքր տարիքում բարեկամներն ամեն անգամ սեղանի շուրջը հավաքվելիս հարցնում էին. «Բա որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու», պատասխանը լինում էր տարբեր՝ ոստիկանից միչև տիեզերագնաց, պարողից միչև նկարիչ։ 

Եվ այդպես, 5-րդ դասարանում որոշեցի, որ պետք է դառնամ քննիչ, ինչպես յուրահատուկ է բնավորությանս՝ հետազոտող, քննող, մեկնաբանող ու հետաքրքրվող։ Ապագա քննիչի գաղափարը մնաց միչև 8-րդ դասարան, սակայն շուտով բացահայտեցի բնագիտական կողմնորոշվածությունս ու հասկացա, որ հումանիտար ուղղության շարունակող չեմ կարող լինել։ Որոշեցի ընտրել մենեջմենթը. այս գործում կսառեին իմ հետաքննողական ու քննչական հետաքրքրությունները։ Ու հենց այդ բնավորությունս թույլ չտվեց քայլել միայն մենեջմենթի ճանապարհով։ Ստեղծեցի հնարավորություն լինելու նաև հումանիտար ուղղությունում և թույլ չտալու, որ հետաքրքրություններս սառեն։ Միայն մենք ենք ընտրում, թե որ ճանապարհով քայլել, իսկ քայլել միայն մեկ ճանապարհով, պարզապես նշանակում է ճաղավանդակների հետևում թողնել այն հետաքրքրությունները, որոնք կարող ենք զարգացնել։ Ես շարունակում եմ որոնել, սակայն ամեն անգամ մի նոր բան եմ ավելացնում արդեն որոշածներիս:

Ձեզ հետ էր ապագա ֆինանսների գծով կառավարիչ, մարկետոլոգ, լրագրող, լուսանկարիչ, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, հասարակական գործիչ ու… Յուրաքանչյուրս կարող ենք կազմել մեր այս ցուցակը՝ տարեցտարի ավելացնելով այն։

arman arshak

Ավագ դպրոցի նստարանին

Մեկ տարի առաջ էր, երբ 9-րդ դասարանն ավարտելուն մնացել էր մի քանի ամիս։ Դե բնականաբար, շատ էին մտքերը. ո՞ր բնագիտական առարկան ընտրել, ո՞ր օտար լեզուն և վերջապես, ո՞ր հոսքը։ Կար վախ քննությունների նկատմամբ և այն գիտակցությունը, որ մի քանի ամսից ավագ դպրոցի սան պետք է լինես, հպարտություն էր ներշնչում։ Պետք է նստես ավագ դպրոցի նստարանին և ունենաս հստակ որոշված ուղղություն՝ ուսումնասիրելով այդ առարկաները շաբաթական 7-8 ժամով։

Դեռ քննություններից առաջ տնօրեն պարոն Վարդանյանը խոսում էր ավագ դպրոցի առավելությունների, թերությունների ու խանգարող հանգամանքների մասին։ Հաճախ անհավանական էր թվում, հաճախ դառնում էր ծիծաղի պատճառ, սակայն երբ այսօր արդեն հինգ ամիս է, ինչ նստած եմ ավագ դպրոցի աշակերտ եմ ու այդ խնդիրներին բախվում եմ առերես, ամեն ինչ այլ է։

Իսկ այժմ ավագ դպրոցի խնդիրների ու դրանց լուծման մասին խոսենք Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի տնօրեն պարոն Վարդանյանի հետ։

-Պարո՛ն Վարդանյան, որպես ավագ դպրոցի տնօրեն, կասե՞ք, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիրներ ունի այսօր ավագ դպրոցը։

-Որքան էլ հարցի պատասխանը տարօրինակ թվա, բայց պատասխանը մեկ բառով կարող ենք ամփոփել, այսօր ավագ դպրոցի գերխնդիրն աշակերտն է։

-Իսկ ինչպե՞ս եք տեսնում այդ գերխնդրի լուծումը։

-Լուծում ասվածը չափազանց պարզ է իմ համար: Ավագ դպրոցները շատ են, իսկ աշակերտները՝ քիչ։ Նույն խնդիրն է ՀՀ ողջ կրթական համակարգում։ Ուսանողները քիչ են՝ բուհերը շատ, իսկ այս ամենն ազդում է կրթական որակի վրա։ Այս պարագայում պետք չէ մտածել, որ կա մի օղակ, որը խանգարում է։ Դա այդքան էլ այդպես չէ, ես համաձայն եմ, թող բոլորը գործեն ազատ, բայց թող արդար գործեն։ Օրինակ, եթե կա դասից չբացակայելու պահանջը, այն լինի բոլոր դպրոցներում։

-Պարո՛ն Վարդանյան, հինգ տարի է, ինչ զբաղեցնում եք ավագ դպրոցի տնօրենի պաշտոնը, երբ հետադարձ հայացք ենք նետում այդ հինգ տարիներին, աշխատանքը իրոք հսկայական է, կխոսե՞ք Ձեր կատարած աշխատանքների մասին։

-Երևի սկսեմ ֆինանսականից, երբ ես եկա այս դպրոց, ուսուցչի աշխատավարձը 86 000 դրամ էր, իսկ այօր մեր դպրոցում ուսուցիչները վարձատրվում են 124 000 դրամից բարձր, ըստ սահմանվածի՝ դա ամենաբարձրն է։ Սակայն դրան հակառակ, աշակերտների թիվը նվազել է: Տարիներ առաջ դպրոցն ուներ 450-ից ավել աշակերտ, իսկ այսօր դպրոցն ունի 207 աշակերտ։ Դե, բնականաբար, եթե աշակերտների թիվը պակասեց, ապա դպրոցի ֆինանսավորումը ևս պակասեց։ Սակայն այդ նվազեցմանը զուգահեռ, բարձրացավ ուսուցչի աշխատավարձը։ Ինչքան էլ եկող գումարը պակասի, միևնույն ժամանակ, գնացողը ավելանա, դպրոցը դրանից չի տուժում, ջերմաստիճանը դրանից չի տուժում։ Չկա նման բան, որ ցանկանանք դպրոցի համար անել ու չանենք։ 5 տարի առաջ դպրոցի ջեռուցման համար օգտագործվում էր 5 մլն դրամ, մենք այսօր դա նվազեցրել ենք՝ հասցրել 3-3,5 մլն-ի, բայց դպրոցի ջերմաստիճանն ավելի բարձր է։

-Կպատմե՞ք ձեռքբերումների մասին։

-Այս 5 տարիների ընթացքում բավականաչափ գույք ենք ձեռք բերել՝ ուսուցչանոցում, փոխտնօրնների և տնօրենի սենյակներում և դասասենյակներում տեղադրված աշակերտական գույքը, այսօր մենք ունենք լրիվ նոր գույք։

Կրթական ոլորտում մենք անում ենք այն ամենը, ինչ նախատեսված է պետության կողմից ու դրան ավելացնում նաև լրացուցիչ, օրինակ, լրացուցիչ փակում ենք քառորդներ, ուսման որակի բարձրացման համար։ Հոսքային դասարաններում մենք դրել ենք ընթացիկ քննություններ։ Ու այս ամենը արվում է կրթական որակը բարձրացնելու համար։

Ինչ վերաբերվում է կադրային փոփոխություններին, ես այսօր մարզպետարանում, կրթության նախարարությունում, ամենուր հպարտանում եմ իմ երիտասարդ կադրերով, ովքեր լիարժեք պատրաստ են ավագ դպրոցում աշխատելու համար։

Տնտեսական վիճակը, մաքրությունը, սանիտարական վիճակը, եթե համեմատենք 5 տարի առաջ և հիմա՝ պարզապես անհամեմատելի է։ Պակասել է հավաքարարների թիվը, բայց դպրոցն ավելի մաքուր է, պարզապես չեն կեղտոտում, ընդամենը պետք էր ստեղծել բավարար պայմաններ։ Դպրոցն ունի հիմնանորոգման կարիք, վերանորոգումը 40 տարվա է, ամեն ինչ փոփոխման ենթակա է։

-Տնօրենի պաշտոնն ընտրելուց առաջ գիտակցո՞ւմ էիք, թե ինչ խնդիրների եք բախվելու այդ դեպքում, եթե ոչ տնօրեն ու եթե ոչ դպրոց, ապա ի՞նչ կընտրեիք։

-Չեմ կարծում, եթե ոչ դպրոց, ապա ի՞նչ։ Դպրոցը միակ տեղն էր, որ կցանկանայի լինել, իսկ աշակերտները միակ մարդիկ, ում համար կցանկանայի աշխատել։

27 տարի աշխատելով կրթական ասպարեզում, տեսնելով առկա բացերն ու խնդիրները՝ իմ տնօրեն լինելու ժամանակ հնարավորինս դրանք վերացրել եմ։ Այս դպրոցը աշակերտի համար է, մեր դպրոցում արվում է ամեն ինչ աշակերտի համար, միևնույն ժամանակ, չմոռանալով ուսուցչի մասին, այդ ամենի հետ՝ գերակա խնդիր համարելով աշակերտի կրթությունը։ Չկա մի խնդիր, որը մտածել ենք, ու չի լուծվել։

arman arshak

Պիգմենտների պակասը

Նոր ծանոթությունների ժամանակ «բարև»-ին հաջորդող՝ «Բա մազերդ խի՞ ա սպիտակ» հարցն ինձ համար արդեն սովորական է դարձել: Այն փոխարինում է «բարևներ»-ին հաջորդող «Ո՞նց ես»-ին։

Դեռ երևի 11 տարեկան էի, երբ սև մազերիս մեջ նշմարվեցին առաջին սպիտակ մազերը։ Ու հենց այդ ժամանակ իմացա, որ մայրիկիս մազերն էլ են շուտ սկսել սպիտակել։ Դե, բնականաբար, անհանգստանում էի ու անդադար մայրիկին ասում. «Մա՛մ, բա, որ իմն էլ շուտ սպիտակի՞»։ Ու այդպես էլ եղավ: Ո՞վ կմտածեր, որ պիգմենտների պակասը այդքան ծանր կտանեմ, իսկ հիմա, օր օրի ավելի սպիտակող մազերս ավելի հաճելի են դառնում ինձ համար։

Սպիտակ մազերի պատճառով հաճախ մտածում են, թե մեծ եմ։ Դե, անկեղծ ասած, այս տարիքում դա ինձ դուր է գալիս. ինձ հետ մեծի պես են վարվում, ընկերներս էլ իննից մեծ են տարիքով:

Ամեն մարդ պիտի ունենա մի հատկանշական բան, ու թող յուրաքանչյուրիս կյանքում, ինչ-որ բանի բացակայության դեպքում տխրելու փոխարեն համարենք, որ դա էլ մեր յուրահատկությունն է։

arman arshak

Կինոյի շենքը կամ Լադոն

Եթե կարդում ես հոդվածս ու որևիցե անգամ եղել ես Աբովյանում, կամ առնչություն ես ունեցել Աբովյանի հետ, ապա համոզված եմ, որ լսել ես «Կինոյի շենք» արտահայտությունը: Իսկ բոլոր նրանց, ովքեր նոր են լսում, ասեմ, որ այնտեղ կինոթատրոն չկա, այլ պարզապես Աբովյանի կենտրոնական մասն է։

Շատ աբովյանցիներ անգամ չգիտեն, թե ինչու է կոչվում «Կինոյի շենք», իսկ ես իմ հետաքրքրությունը բավարարելու համար, սկսեցի հարցուփորձ անել տնեցիներին։
Ցանկացած աբովյանցի ամեն օր առնչվում է «Կինոյի շենք»-ի հետ։ Ես դեռ փոքր հասակից հետաքրքրվում էի, թե ինչու են ասում կինոյի շենք, իսկ ավելի լուրջ «հետաքննություն» սկսեցի վերջերս։ Ինչպե՞ս կինոյի շենքը սկսեց գործել, ինչպիսի՞ գործունեություն էր ծավալում ու թե ինչո՞ւ կինոյի շենքն այսօր դարձավ տոնավաճառ։

«Հարցաքննեցի» մայրիկիս ու հայրիկիս։ Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորվածությամբ էին պատմում՝ մեկը մյուսին հերթ չտալով։ Անգամ հսկիչին՝ Լադոյին էին հիշում, իսկ այն հարցին, թե ո՞ղջ է արդյոք Լադոն հիմա, մեծ ոգևորությամբ պատասխանեցին, որ Թբիլիսիում է։
-Հիմնականում հնդկական ֆիլմեր էին ցուցադրում,- կարոտով ասաց մայրիկս,- եղել է ֆիլմ, որը երկու անգամ եմ գնացել դիտելու։

-Երկիրը քանդվեց, կինոթատրոնն էլ փակվեց։ Այժմ «կինոյի շենք»-ի տեղում տոնավաճառ է գործում, բայց թե՛ հին, և թե՛ նոր աբովյանցին ասում է «կինոյի շենք»,- կարծես հիշելով հին Աբովյանը, ասաց հայրիկս։

Այս զրույցից հետո մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ հիմա Աբովյանում գործեր կինոթատրոնը, երեկոյան ընկերներով պարապ կանգնելու փոխարեն կգնայինք կինո, քաղաքում կլիներ մշակութային կյանք։

Լադոն էլ կվերադառնար Թբիլիսիից:

arman arshak

«Չկա նպատակ, որ հնարավոր չլինի իրագործել»

Շաբաթ երեկո՝ հերթական անգործ ու պարապ երեկոներից, ու ինչպես միշտ, ես վիրտուալ աշխարհում եմ։

-Հերիք ա, մի քանի րոպեով գոնե դուրս արի էդ անտերի միջից, հետաքրքիր հաղորդում ա սկսվում՝ «Դեպի Եվրատեսիլ»,- ինչպես միշտ մայրս բարկանում էր, ու երևի այս խոսքերը բոլոր մայրիկների խոսքերն են։
Երբ մայրս ասաց, որ այդ մրցույթի արդյունքում պետք է որոշեն, թե ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում, որոշեցի դիտել հաղորդումը:

Հերթական մասնակիցն էր, մտածեցի, «Դե կամ Բեյոնսե կամ Ադել են էլի երգելու», բայց սկսեց երգ, որը երբեք չէի լսել։ Այդ մասնակիցը, ով ներկայանում էր իր ուրույն ոճով, Ալեքսանդր Պլատոն էր։

Անցավ մի քանի շաբաթ, համացանցում հանդիպեցի հայտարարության, որ Պլատոյի գրքի շնորհանդեսն է, որոշեցի անպայման մասնակցել:
Դե, 17-ի թղթակցին իր զգացումների մասին ուրիշ պատմելու տեղ չի մնում, միայն 17-ն է: «Հենց 17-ի ընթերցողին էլ կպատմեմ այս ամենի մասին: Հա, կգրեմ Պլատոյին, կգնամ հարցազրույց կվերցնեմ»։ Ու հենց այդպես էլ արեցի:

-Երևի սկսեք ամենասկզբից, առաջին քայլեր…

-Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, դաշնամուրի բաժին: Մենք տանը դաշնամուր չունեինք, բայց մեր հարևանի տանը կար, իսկ 90-ականներին, գիտե՞ք ոնց էր. բոլորը ապրում էին մի ընտանիքի նման: Մեկի տանը մարտկոցով լույս էին միացնում, ու բոլորը էդ տանն էին «ապրում»: Ես հիշում եմ մեր հարևանի տանը մի մութ սենյակ կար, որտեղ ահավոր ցուրտ էր, էդ սենյակում էր դրված դաշնամուրը: Ես 6 տարեկան էի, մտնում էի այդ ցուրտ սենյակը ու անընդհատ ծնգծնգացնում էի: Պաշտում էի սև ու սպիտակ ստեղները։ Ու ծնողներս որոշեցին ինձ տանել մշակույթի պալատ, բայց մտածում էին` դե, հավեսը կհանի ու էլ չի շարունակի՝ երեխա է: Բայց ես հասկացա, որ դա իմն է: Մշակույթի տան տնօրենի ու ծնողներիս զրույցից հետո որոշվեց ինձ տանել երաժշտական դպրոց: Բայց մի քիչ բարդ ժամանակներ էին: Ծնողներիս հնարավորությունները շատ մեծ չէին, ու ես չէի հասկանում, որ մեր տանը անընդհատ հայտնվող անծանոթների գալու պատճառը մեր տան իրերը գնելն էր, որոնք ծնողներս վաճառում էին՝ դաշնամուր գնելու համար։ Այդ դաշնամուրը մինչ օրս իմ սենյակում է դրված, շատ եմ սիրում, իմ կյանքի ընկերն է:

Երաժշտական դպրոց, ի տարբերություն հանրակրթական դպրոցի, մեծ հաճույքով էի հաճախում: Հետո նպատակ դրեցի իմ առաջ շարունակել կրթությունս` երաժշտական ուսումնարան, կոնսերվատորիա: Ուզում էի երգել, բայց չկար բեմ: Մերոնց խնդրում էի խմբակներ գտնել, ինչ-որ պարի խմբակ գտան: Սկզբում ուզում էի բեմ, երգել, միկրոֆոն, սակայն ցուրտ էր դահլիճում, ոչ մեկը չկար, բավական բարդ էր: Դե, 90-ականներն էին:

Ծնողներս մասնագիտական ընտրության հարցում ինձ ազատ էին թողել: Ես որոշեցի գնալ հումանիտար ուղղությամբ և ընտրեցի փիլիսոփայությունը, որն ինձ պարգևում էր էսթետիկ հաճույքից մինչև խորը գիտելիք ու աշխարհայացք: Երբեք չեմ զղջացել այս ընտրության համար։ Փոքրիկ շեղում եղավ դեպի հոգեբանություն, հետագայում նաև` մարքեթինգ, երբ ես մեկնեցի ուսանելու Չեխիա: Այս ամենը շատ լավ էր, բայց ինձ պակասում էր երաժշտությունը: Ընկերական շրջապատում, երբ հավաքվում էինք, ես կարող է մի բան կատարել: Չեխիայից վերադառնալուց հետո հինգ տարի դասավանդել եմ համալսարանում: Դասախոսական այս գործունեությունը ևս շատ էի սիրում, ցանկանում էի շարունակել, սակայն շատ էի հոգնում հիմնական աշխատանքիս ու մյուս զբաղմունքների հետ համատեղելու պատճառով։ Երբ դարձա երեսուն տարեկան, երևի ինչ-որ ճգնաժամ սկսվեց. հասկանում էի, որ մի կարևոր բան է պակասում: Այ, մոտավորապես այսպես կարելի է բնութագրել. փայլուն ադամանդ ես ունենում ինքդ քո մեջ, սակայն երբ սկսում ես չօգտագործել, ցեխոտվում է, կեղտոտվում, լցվում տարբեր կուտակումներով, չի կարողանում այլևս առկայծել ու փայլել: Ադամանդը չի վերանում, մնում է ներսումդ, սկսում է նույնիսկ ցավեցնել, բայց չես հասկանում` պատճառն ինչ է: Սկսում ես կորցնել նրա գույնը, ձևը, բովանդակությունը: Այ, հենց նման մի գործընթաց ինձ հետ էր տեղի ունենում. ես հասկանում էի, որ ինչ-որ բան ինձ պակասում է, բայց չէի հասկանում՝ ինչը: Հասկանում էի, որ գրելը այս բարդ փուլում ինձ կարող է շատ օգնել, և ամեն բան կարծես սկսեց դասավորվել: Երեսուն ամյակիս փորձեցի երգել: Այդ օրվանից որոշեցի պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երգեցողությամբ, սակայն պահում էի իմ այդ պարապմունքները գաղտնի: Այդ ժամանակ Բուլղարիայում երգի միջազգային մրցույթ էր մեկնարկում, որոշեցի դիմել: Մասնակիցները պրոֆեսիոնալ երգիչներ էին ու ես, որպես բանկային աշխատող, հայտնվել էի այդ խենթ միջավայրում: Նույնիսկ մրցանակի արժանացա՝ «Ամենագրավիչ երգիչ»:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել Եվրատեսիլին:

-«Դեպի Եվրատեսիլ»-ն ինձ համար հարթակ էր` դրսևորվելու որպես արտիստ ու, առհասարակ, որպես անձ: Տարբեր կատարումներ ներկայացրեցի: Հիշարժան էր սասունցիական երգի իմ ընտրությունը: Այն աղմուկ առաջացրեց, կային մարդիկ, որ պնդում էին, թե իբր այն եվրատեսիլյան ձևաչափ չունի, սակայն ես շարունակում էի բացատրել, որ ես այդ երգով չեմ պատրաստվում եվրատեսիլյան բեմ բարձրանալ. սա ուղղակի ընտրություն է, որի միջոցով փորձում եմ ցույց տալ իմ հնարավորությունները: Չորրորդ փուլում իրավիճակն ավելի բարդ էր, որովհետև այդտեղ ես ու մարզիչս որոշ տարաձայնություններ ունեինք: Ես ընտրեցի Ալֆրեդ Շնիտկեի «Ֆաուստ» կանտատից մի արիա, որին միշտ երազել էի անդրադառնալ: Վերջապես ստեղծվել էր առիթ` հարթակ: Հագեցած, բարդ ու շատ ստեղծագործական գործընթաց էր, ստիպված եղա սովորել բառերը` գերմաներեն: Մի ամբողջ հակասությունների կծիկ էի դրել այդ կերպարի մեջ: Այն և’ ըմբռնվեց, և’ չըմբռնվեց: Ամեն դեպքում իմ նպատակը լիովին կատարվեց, քանի որ ես ռոքից, սասունցիական երգից հետո ցանկացա ցույց տալ, որ կարող եմ բեմում լինել տարբեր կերպարներով:

Ամեն դեպքում, նորից գալիս ենք ներուժի թեմային, որն ուղղակի առանց կամքի ու աշխատասիրության կարող է խթանի փոխարեն խոչընդոտ դառնալ: Ի վերջո յուրաքանչյուրիս առաքելությունն է՝ տնտղել մեր ներուժը, փորձել դրսևորել այն հանուն ներքին ու համընդհանուր ներդաշնակության, որպեսզի նշածս ադամանդի նման քարացած խոռոչ այն չդառնա: Այն, ինչ դու զգում ես 15 տարեկանում, 30-ում նույն կերպ հաստատ չես զգալու , նույնիսկ եթե անես նույն գործողությունը, զգացողությունը նույնը չի լինելու, նույն ցանկությամբ չես անելու, պարզապես դու այլևս նույնը չես:

Չկա նպատակ, ցանկություն, որ հնարավոր չլինի իրականացնել: Ես փորձում եմ ցույց տալ, որ այո’, բանկային աշխատակիցը իր երրորդ տասնամյակում կարող է Եվրատեսիլի հայտ ներկայացնել ու բեմ բարձրանալ` ըմբռնելով, որ մեկն իրապես մյուսին չի հակասում:

arman arshak

Սպասեք, գալու եմ հերթափոխի

Քիչ մնաց՝ մի քանի օր, մի քանի օր, ու իմ եղբորն էլ կտեսնեմ զինվորական համազգեստով, մի քանի օր, ու հպարտորեն կասեմ, որ եղբայրս իր պարտքն է տալիս հայրենիքին։

Ու ինչքան արագ են անցնում այդ մի քանի օրերը, ինչքան արագ են անցնում այն օրերը, որոնց ընթացքում վերադառնում եմ մանկություն, որտեղ ամեն ինչ խաղաղ էր ու անհոգ։ Ու ինչքան էլ թղթի տարբեր կողմեր լինենք ես ու եղբայրս, մեկ է, կարոտելու եմ անգամ դա, կարոտելու եմ իմ ու նրա ամեն անգամվա լեզվակռիվներն ու իմ կամակորությունները, երբ ինձ, որպես փոքր, ամեն հարցում զիջում էր։

Դե հա, երևի այս ամենը էլ չեմ տեսնի: Բանակից կվերադառնա հասուն տղամարդ, ում հետ լեզվակռիվ անել անգամ կամաչեմ, իսկ նրան դիմավորելուց կես տարի հետո ես կգնամ հայրենիքի սահմանը պաշտպանելու։

Կարծես երեկ լիներ, երբ խաղալիք զենքերով ու զինվորական իրերով էինք զինվոր-զինվոր խաղում, իսկ այսօր եկել է իրական զինվոր դառնալու պահը։

Վերջում բոլոր զինվորներին թիկունքից կասեմ, որ տղերք, համարձակ, թիկունքը պինդ է ու կանգնած ձեր կողքին։

Սպասեք, գալու եմ հերթափոխի․․․

arman arshak

Ցտեսություն, ոչ թե` մնաս բարով

Սեպտեմբերի հինգն էր, երբ դասղեկը մտավ դասարան ու նրա. «Երեխեք, նոր աշակերտուհի պետք է գա մեր դասարան այսօր»,- խոսքերը բոլորիս համար դժգոհության առիթ դարձավ։ Դե, դասարանում 16 աշակերտ էինք, ուզում էինք քիչ մնալ: Դե, քիչ քանակով լավ է, դասերն ավելի արդյունավետ են անցնում։ Բայց դասարան մտավ մի պայծառ ու արևոտ աղջնակ, ու առաջին բանը, որը անցավ իմ մտքով, հետևյալն էր. «Չնայած մեկով ավելացանք, բայց պայծառացանք»։

Ու եղավ այնպես, որ նստեցինք մի նստարանի։ Արդյոք դա՞ էր ճակատագիրը, արդյոք իրար կողքի նստելով դարձանք մտերիմնե՞ր։ Ու եկավ մի օր, երբ իմացա, որ շուտով Արուսիկը (հա, մոռացել էի ասել, որ այդ պայծառ աղջնակի անունը Արուսիկ էր) պետք է լքեր Հայաստանն անվերադարձ։ Դե հա, մտածեցի, որ մի շող կպակասի Հայաստանից։ Ու ինչքան նմանատիպ շողեր են լուսավորում այլ երկրները։

Ու որքան էլ տարօրինակ թվա, մենք իրար «մնաս բարով» մաղթեցինք կանգառում: Չէ, չէ, դա այդքան էլ հաջողություն չէր, դա ցտեսություն էր՝ սպասելով հաջորդ հանդիպմանը, հանդիպում, որը ինքներս էլ չգիտեինք՝ կլինի՞, թե՞ ոչ։ Ու այսօր, երբ Արուսիկը դասարանում չէ, ու կարող ենք մեկ սեղանով դատարկել դասարանը, դա չենք անում: Իմ կողքի նստարանը`Արուսիկի տեղը, միշտ դատարկ է մնում և սպասում է նրա վերադարձին:

arman arshak

Տարեվերջյան հաշվետվություն

-Արմ, ընկեր Աֆյանը կանչում ա,-ինչպես արդեն կռահեցիք, պատուհանից դուրս նայելով երազում էի, ու էլի խանգարեցին․․․

Գնացի ընկեր Աֆյանի սենյակ վստահ, որ էլի կազմակերպչական աշխատանքների հետ կապված բան պիտի ասի: Այդպես էլ եղավ. «Գրել տարեվերջյան հաշվետվություն, ինչ է արել աշակերտական խորհուրդը սեպտեմբերից մինչև դեկտեմբեր»։ Եկա դասարան ու փորձեցի հիշել` ինչ է արել աշակերտական խորհուրդը, մտածեցի ու հասկացա, որ «հաշվետվություն» ասվածը չափազանց լավ է: Ինչ լավ կլիներ, եթե յուրաքանչյուրս ամեն տարեվերջ հաշվետվություն ներկայացնեինք ինքներս մեզ։

Իմ հաշվետվությունը չափազանց երկար է. ձեռքբերումներ, կատարած աշխատանքներ ու իրականացված նախագծեր։ Անձնային հաշվետվության լավագույն ենթաբաժինը ձեռքբերումներն են, ձեռքբերումներ, որոնք այսօր իմ կողքին են ընկերների տեսքով, ձեռքբերումներ, որոնք թույլ են տալիս ինձ զգալ 2015-ի ու 2016-ի տարբերությունը, և վերջապես գլխավոր ձեռքբերումներից մեկը, որը հնարավորություն է տալիս այսօր ազատ գրելու՝ «Մանանա» ու 17.am, որոնք երբեք չեն հեռանա ձեռքբերումներիս ցուցակից, տարեվերջյան ձեռքբերումներ, որոնք ուղեկից են լինելու ողջ ընթացքում՝ «Հայ մարզային երիտասարդներ», «Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն»․․․

Կփակենք 2016-ի գիրքը`այնտեղ թողնելով շատ ու շատ բազմակետեր, իսկ նրանց, ովքեր կարդում են այս հոդվածը, կցանկանամ ջանք ու եռանդ չխնայել այդ բազմակետերը իրենց նպատակին հասցնելու․․․

Ձյունածածկ քաղաքն ու զգացմունքները

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Ու էլի սկսեց բոլորի կողմից շատ սիրելի ու սպասված արձակուրդները, իսկ իմ կողմից` չսպասված ու անցանկալի։ Հա, հա, թող տարօրինակ չթվա, արձակուրդները ինձ համար անցանկալի են, որովհետև չեմ սիրում ամբողջ օրը պարապ տանը նստել ու ձանձրանալ. «Օ՜ֆ, բան չկա անելու» արտահայտությունից։ Ձանձրույթս ինչպես միշտ խեղդում էի գրքի տողերի արանքում, կարևորություն տալով ամեն մի բառին։

Դրսում տիրող սառնությունը, երկնքից ցած իջնող ձյունը գրավեցին ուշադրությունս, ու ժամերով սկսեցի նայել դուրս՝ պատուհանից այն կողմ, մարդկանց, ովքեր քայլում են ձյան փաթիլներին ուշադրություն չդարձնելով, մարդիկ, ովքեր շտապում են դեպի տան տաքությունը` չզգալով դրսի ջերմ սառնությունը։ Ու այդ դիտարկման մեկ ժամվա ընթացքում սպիտակեց, սպիտակեց ամեն ինչ, սպիտակեցին ու սառեցին մարդիկ ու նրանց զգացմունքները, սպիտակեց ողջ քաղաքը։

Ես դուրս եկա տանից, չէ, ավելի ճիշտ, դուրս փախա տան տաքությունից դեպի օտար սառնություն։ Քայլերս ուղղում եմ չհասկանալով թե ուր, միայն գնահատելով ձյունն ու սառնությունը, ձյան մաքրությունը: Մարդկանց ոտնահետքերից թարմ ու մաքուր ձյունը ցեխոտվում էր, ցեխոտվում ու մնում մայթերին։

Դադարեցի քայլել, շուրջս միայն սպիտակ էր, չկային մարդիկ, չկային ցեխոտ մայթերը, կար միայն իդեալական սպիտակ՝ քաղաքի ծայրամասում ու կարծես վաղուց մոռացված քարեր, որոնց այսօր հիշել էր ձյունը:

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Ա՜խ, ինչքան հաճելի էր այստեղ տիրող օտար, բայց միևնույն ժամանակ, ջերմ սառնությունը։

Կարծես ձյան տակ են թաքնվում բոլորիս զգացմունքները, բոլորիս անտարբերությունը, ցեխոտվում ու մնում են մայթերին, իսկ գարնանը հալչում ու հեռանում են մեզնից:

arman arshak

Ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ

6-րդ դասարանի առաջին օրերն էին։ Ինչպես ամեն ուսումնական տարի, այս մեկը ևս բացառություն չէր՝ կար տարեսկզբյան ոգևորվածություն։ Նոր առարկաներ, նոր ուսուցիչներ։ Երբեք չէի մտածի, որ ուսուցիչներից մեկի հետ հանդիպումը կլինի ճակատագրական, և տարիներ հետո էլ երբեք չեմ մոռանա այս խոսքերը. «Բարև ձեզ, ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ՝ ընկեր Սարգսյանը»։ Այս խոսքերը ես դեռ երկար եմ հիշելու, քանի որ այս խոսքերն էին, որ մերձեցրին ինձ իմ երկրորդ մոր հետ, որին իմ հետագա պատմության ողջ ընթացքում կազատեմ «երկրորդ» բնութագրից, քանի որ նա երկրորդ չէ, չէ՛, չէ՛, ոչ էլ առաջին, նա մի ուրիշ աշխարհ է։ 

Արդեն 9-րդ դասարանցի էինք, դե բնականաբար, միշտ կա այդ վախը՝ քննություններ, հոսքային ուղղություններ։ Իսկ ո՞ր առարկան պետք է ընտրել բնագիտական քննության համար: Շատերն արդեն գիտեին, որ ես քիմիան էի ընտրելու։ Ընտրել այն առարկան, որը դասավանդում է սիրելի ուսուցիչդ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հիասքանչ է, երբ ունես ուսուցչուհի, որը թե՛ մայր է, թե՛ ուսուցչուհի, թե՛ ընկեր, հուսամ, կկարողանաք պատկերացնել: Ամբողջ դպրոցում միայն չորս աշակերտ էր ընտրել քիմիան, ու չորսս էլ վախենում էինք քննությունը չհաղթահարելուց: Ընկեր Սարգսյանն ինձ ու երեք դասընկերներիս արտաժամյա դասերի էր կանչում, ու ամեն անգամ, երբ մտնում էինք նրանց տուն, կարծես մեր հարազատ օջախը մտնեինք: Օ՜, իսկ համը այն չրի, որ ամեն անգամ նա հյուրասիրում էր մեզ, հաստատ երբեք չեմ մոռանա, ինչպես այս խոսքերը. «Ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ՝ ընկեր Սարգսյանը»: