Գայանե Ավագյանի բոլոր հրապարակումները

Gayane Avagyan

Նյութ` չգրելու մասին

Ամառվանից սովորություն է դարձել ամեն երեկո մեկ բաժակ տաք թեյով 17.am–ի նյութերը կարդալը: Կարդալը, զարմանալը, հետո բոլորին պատմելը, որ նման խելացի պատանի լրագրողներ կան, ու միայն 17.am-ը ունի իրենց նմանը: Չեմ կարող հաշվել, թե մինչև այսօր քանի նյութ եմ հասցրել կարդալ (էդպես նաև իմ խմած թեյերի քանակը կարելի էր հաշվել), բայց մի բան հաստատ կարող եմ ասել` բոլոր նյութերը տարբերվում են իրենց իմաստով, ասելիքով, հետաքրքրությամբ: Մեկ-մեկ նյութերի այնպիսի վերնագրեր են լինում, որ ուզում եմ րոպե չկորցնել, բացել ու կարդալ նյութը: Ու հետո նոր հասկանում եմ, որ նյութը ավելի հետաքրքիր էր, քան վերնագիրը: 

Ծանոթներիցս, ընկերներիցս շատերը հետևում են կայքին ու ասում են, որ բոլոր նյութերը լավն են, տարբերվող, որ շատ սիրուն են գրում բոլորը, այստեղի բոլոր նյութերը տարբերվում են մնացած լրատվական կայքերի նյութերից: Այնքան պարզ, հասարակ, բայց միևնույն ժամանակ՝ տեղին բառերով են գրված: Արտասահմանում բնակվող ծանոթներս էլ են հետևում կայքում տեղադրվող լուսանկարներին: Թվում է, թե չկա մի թեմա, մի պատմություն, որը չկա կայքում:

Հիմա կասեք, թե ես ինչու եմ ուշ-ուշ գրում: Փորձեմ արդարանալ:

Վերջերս թեմաների սով է ի հայտ եկել ինձ մոտ: Թղթակիցների նյութերը կարդալով` հասկանում եմ, որ միայն ես չեմ, որ ինչ-որ բան եմ ուզում գրել, բայց գրել չեմ կարողանում: Վատ բան է, երբ ուզում ես ինչ-որ բանի մասին պատմել, բայց թեմա չի գտնվում: Ամեն ինչ սպառվել է ասես: Ճանապարհին քայլելիս ծնված մտքեր, թեյ խմելիս ծնված մտքեր, դաս անելիս ծնված մտքեր. ինչ վատ է, երբ գալիս են ու գնում: Մտքերիս մեջ կազմում եմ նյութը, մոտենում համակարգչին, ուզում եմ գրել, բայց հենց բացվում է պատուհանը՝ մտքերս գնում են: Թողնում եմ այդ միտքը, որը մտածելիս լավ հոդվածի նյութ էր թվում, փորձում եմ գտնել մյուս թեման գրելու համար: Այս անգամ էլ` թեման լինում է, բառերն են կորչում: Ճիշտ պահին ուղղակի մոտդ թուղթ ու գրիչ պահել է պետք, որ գրի առնես մտքերդ, թե չէ մտքերդ հավաքել ու նույն բանը նորից մտածել չես կարողանում:

Ու, հա, ես մի կարևոր բանի մասին եմ ուզում պատմել անընդհատ, բայց չեմ կարողանում: Ուշադրություն եմ դարձնում շուրջս կատարվող իրադարձություններին, պատմություններին, որ պատմում են, բայց հիշում եմ, որ այդ պատմության, այդ դեպքի մասին բազմիցս խոսվել է:

Թեմաների չլինելը մի կողմից, ժամանակ չլինելն ու մտքերս հավաքելը՝ մյուս, խանգարում են նյութ գրելուն: Կգրեմ, անպայման կգրեմ, բայց, երևի ճիշտ է, որ լավագույն նյութերը, գրքերը, ֆիլմերը առանց պլանավորելու են ստեղծվում: Թուղթ ու գրիչ է միշտ պետք պահել մոտդ:

Gayane Avagyan

Մտահոգություն

Հիմա եմ հասկանում, երբ ասում են, որ ինչ-որ բանի շատ ես սպասում, ժամանակը արագ է անցնում: Որքան ժամանակը գնում է, այնքան ավելի եմ համոզվում այս խոսքերի ճշմարտացիության մեջ: Մի՞թե այսքան շուտ անցավ այս ուսումնական տարին: Մի քանի ամիս, ու կավարտեմ դպրոցս: Տասներկու տարին շատ էր թվում: Դե, իրականում շատ է, բայց այնքան արագ է անցնում, որ ժամանակը չենք զգում: Բայց մեկ է, ափսոսում եմ դպրոցում անցկացրած երկու տարիների համար: 

Չէ, էնպես չէ, որ չեմ կարոտելու ընկերներիս հումորները, ուսուցիչների հետ զրույցները, դպրոց գնալու ճանապարհը, ճաշարանը, քննությունները…Կարոտելու եմ։ Բայց երկու տարվա՝ անիմաստ անցկացրած ժամանակի պատճառով, վերջին մի քանի տարիներից ստացած այս հուշերն եմ տանելու ինձ հետ: Իսկ ի՞ նչ պետք է տանեի իրականում դպրոցից: Բոլոր ժամանակներում, ում էլ հարցնենք, նույն պատասխանն են տալու`գիտելիք: Բայց մի՞թե տասը տարին քիչ է գիտելիք ստանալու համար: Ինձ թվում է՝ բավականաչափ է: Բայց այնքան է խոսվել այս հարցի մասին, որ կարծես գրելու ու փաստերով ապացուցելու ոչինչ չի մնացել:

Բազմիցս ասվել է ավագ դպրոցի անիմաստ, ոչ լիարժեք գործելու մասին տարբեր կարծիքներ: Բարեբախտաբար, այս հարցը կարծես լուծվում է: Կարծես… Ինչ-որ բան կարծես փոխվում է դեպի լավը, սակայն լավ պետք է լիներ հենց սկզբից: Կարծում եմ`այս հարցի մասին պետք էր նախապես մտածել: Անիմաստ որոշումներ կայացնելու փոխարեն, այս հարցը պետք է քննարկվեր: Ասում են`քննարկվել է ու արդեն մի քանի օր է, ինչ դպրոցում տեսնում եմ իրենց քննարկածի արդյունքը: Չեմ բողոքում, որոշ չափով կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում: Տասնչորս առարկա անցնելու փոխարեն՝ երեքն են անցնում դպրոցներում, այն էլ՝ աշակերտների ցանկությամբ: Մեծ բան է, չէ՞, ինչ-որ բան լուծվել է, չէ՞:

Քիչ-քիչ հարցը լուծվում է, մինչդեռ լուծված պետք է լիներ տարիներ առաջ: Բայց, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Հուսանք, որ այլևս ոչ մի փորձության առջև չեն կանգնեցնի աշակերտներին։ Չէ՞որ դասագրքերն իրենք իրենցով փորձություններ են, շտեմարանների մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Էլ չեմ խոսում, որ շատ դպրոցներ անգամ ոչ լիարժեք են ջեռուցվում: Դե, մենք՝ աշակերտներս, ոչինչ անել չենք կարող, մնում է միայն սովորելը: Ու քանի գնում, այնքան համոզվում եմ, որ վաղվա մասին այսօր պետք է մտածել: Մտածել ու հասկանալ, որ մեր ու ձեր կայացրած և չկայացրած որոշումների պատճառով հաճախ տուժում է մի ամբողջ սերունդ:

Վախով հետևում եմ ԿԳՆ-ի լուրերին, միգուցե կրկի՞ն  բան փոխվի, ո՞վ գիտի: Սպասենք ապագային:

Gayane Avagyan

Լրագրության, լրագրողի և էլի շատ կարևոր հարցերի մասին

Կարդացի Տաթև Աղազարյանի հոդվածը` գրագողության մասին: Այդ թեմայի մասին իր կարծիքն էր հայտնել նաև Արտյոմ Սաֆարյանը: Ասեմ, որ երկուսի նյութերից շատ բան սովորեցի: Գրեթե, ոչինչ ավելացնելու չունեմ գրագողության մասին, բայց ասեմ, որ այդ երևույթը դեռ վաղուց է եղել, ու քանի գնում է, այնքան համոզվում եմ Տաթևի կարծիքին` գրագողության մասին օրենքը լիարժեք չի աշխատում: Շատ լրագրողներ վերցնում են այլ կայքերից, հաղորդումներից տեղեկություն և դրանք տարածում, իբրև սեփականը, խախտելով հեղինակային իրավունքները: Ասեմ, որ մի բան էլ եմ նկատել` ինչ-որ նյութ գրելուց հետո պետք է նշվի աղբյուրը` այն վայրը, որտեղից իմացել են այդ տեղեկությունը: Նույնիսկ, եթե բանաստեղծություն ես մեջբերում նյութիդ մեջ, կարծում եմ, աղբյուրի նշումը պետք է լինի: Իհարկե, չկարծեք, թե միայն խոսքը լրագրության ոլորտի մասին է: Հեղինակային իրավունքները կարող են խախտել և՛  գրողները, և՛  ռեժիսորները, և՛  կոմպոզիտորները: Եվ, իհարկե, ինչպես ասում էր Արտյոմը` դա անարդար է:

Բայց չեմ ուզում հոդվածովս միայն գրագողություն երևույթը ներկայացնել: Քանի որ, կարծում եմ` դա շատ լավ իրենց նյութերում ներկայացրել են Տաթևն ու Արտյոմը: Չկրկնեմ նրանց խոսքերը, չէ որ, կարող է առանց իմ կամքի գրագողություն ստացվել, համաձայն եմ երկուսի տեսակետների հետ:

Հիմա ուզում եմ այլ բանի մասին խոսել` էլի մեզ հետաքրքրող մի թեմայի և սպասել, որ ձեր կարծիքն էլ կկարդամ սրա մասին:

Մի քանի տարի առաջ ես չէի մտածի, որ կնստեմ համակարգչի դիմաց` նյութեր կարդալու, հոդվածներ ուսումնասիրելու և ուշադիր սխալներ որոնելու նպատակով: Բայց, արդեն մի տարի է, ինչ ավելի ուշադիր եմ դարձել իմ շուրջը կատարվող իրադարձություններին նայելիս: Արդեն ամեն օր հետևում եմ Հայաստանում, ավելի քիչ՝ արտասահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Ու մի պահ մտածում եմ` ինչպես ես կլուսաբանեի այս իրադարձությունը, ինչի մասին կգրեի, ինչի մասին կլռեի, ու արդյո՞ք այդ նյութը արժանի է լուսաբանման: Դրսում քայլելիս էլ տեսնելով բնությունը, լսելով մարդկանց խոսակցությունները լուսաբանման արժանի լիքը թեմաներ եմ գտնում: Ասեմ, որ սիրում եմ նույն թեմայի մասին նյութը կարդալ ու լսել տարբեր ԶԼՄ-ների լուսաբանմամբ: Այդպես եմ անում, որ հետո, երբ ուզեմ որևէ բանի մասին տեղեկություն ստանալ, հետևեմ այդ լրատվամիջոցին: Ու, այդ պատճառով էլ, հաճախ արժանանում եմ ծանոթ մարդկանց այս հարցին.

-Արդեն ո՞ րերորդ անգամն է նույն բանը լսում ես, չե՞ս հոգնում: Ախր, նույն բանը տարբեր բառերի տեղերը փոխելով ասում են, ու, երևի, մենակ դու ես, որ ուշադիր լսում ես:

Դե, հա, երևի քչերն են իմ նման: Բայց արի ու բոլորին բացատրիր, որ մեկ բառի լինելը կամ չլինելը` իրականում մեծ բան է փոխում: Դե, բոլորին չէ, որ ասում եմ, հաճախ սուս եմ մնում` հետո հաղորդումը նայելու հույսով: Ասում են՝ չէ՞, ինչու ես նայում, բայց ինչ-որ բան իմանալու ցանկությամբ զանգահարում են, գրում, հարցնում են, թե ինչ նորություն կա, հո աշխարհը չի՞ փլվում, ի՞նչ նորություն կա աշխարհից, ի՞նչ նոր որոշում են կայացրել, տոներին քանի՞ հանգստյան օր ունեն, որ օրերն են աշխատանքային, ի՞նչ նոր որոշումներ են կայացնում, վաղը ի՞նչ եղանակ է լինելու …

Ու ասում եմ, բայց հաջորդ անգամ, երբ ինձ տեսնում են լուր կարդալիս` նրանց խոսքերը նույնն է լինում:

Իրականում, ես նորություն կարդում եմ և՛  տեղեկացված լինելու համար, և՛  տեղեկությունը տարածելու համար: Բայց ոչ միշտ է, որ իմ կարդացած տեղեկությունից գոհ եմ լինում: Դե, ոչ թե իրադարձությունից, այլ իրադարձության մասին գրված լուրից: Ես չեմ կարդում այն նյութերը, որոնց վերնագիրը ցնցող է, որոնց վերևում գրած է` շտապ լուր, որում գրված է` դուք այսպիսի բան երբեք լսած ու տեսած չեք լինի: Ու, երբ կարդում ես նյութը` հասկանում ես, որ մեկ «ցնցող» բան կա` վերնագիրը: Իսկ, մի՞թե դա խաբեություն չէ: Մի քանի դիտում ավել հավաքելու համար լրագրողը արդյոք պե՞տք է նման քայլի դիմի: Իմ կարծիքով՝ ո՛  չ: Իհարկե, բարդ մասնագիտություն է, ու ոչ բոլորն են լրագրող կոչվելու արժանի: Մեկը ցնցող վերնագիր է դնում, մյուսը` ոչ հավաստի տեղեկություն տարածում, էն մյուսն էլ` խախտում է էթիկայի կանոնները, ու էլ չեմ ասում, որ, հաճախ էլ, նյութը գրված է լինում տառասխալներով և սխալ կետադրությամբ:

Հըմ, գրեցի այսքանը, որ ուշադիր լինեք նյութ կարդալուց, չխաբնվեք վերնագրին, կարդաք միայն հավաստի աղբյուրներից լուրեր ու, ինձ նման, եթե ուզում եք լրագրող դառնալ, իհարկե փորձեք նյութը կարդալ ուշադիր, հետևել իրադարձություններին և մտովի, իրադարձության միջոցով, որպեսզի կարողանաք ձեր սեփական նյութը շարադրել:

Իսկ դուք, ինչպե՞ ս եք տարբերում հավաստի և ոչ հավաստի տեղեկությունը, ի՞ նչ եք զգում նյութ կարդալիս կամ հաղորդում նայելիս: Ի՞ նչ սխալների եք հանդիպել և այլն: Ըստ ձեզ, իսկական լրագրողը ինչպիսի՞ ն պետք է լինի: Արդյո՞ ք կատարում են լրագրողները իրենց գործառույթները:

Հետաքրքիր կլինի բոլորիդ կարծիքները:

Gayane Avagyan

Մայրիկների ամանորյա տոները

Ես գրում եմ Ամանորին, ուզում եմ շնորհավորել բոլորին, բայց միայն շնորհավորելու համար չէ, որ գրում եմ:

Գեղեցիկ է այս տոնը, չէ՞: Այս օրերին բոլորս ուրախանում ենք, սպասում ենք հրաշքի, ուտում ենք սրտի ուզածի չափ մեր սիրած խորտիկները: Ասում են` հեքիաթային է Ամանորը, երևի, հեքիաթային տոն է, բայց բոլորի՞ համար: Կարծում եմ` ոչ բոլորի: Դե, ոչ բոլորն են, որ շատ են սիրում այս տոնը ու տոնից հետո եկող մնացած հինգ օրը: Չգիտեմ, երևի, կռահեցիք, թե ովքեր այդքան էլ չեն սիրում այս տոնը: Նրանք, ովքեր ամեն օր աշխատում են: Բոլոր հյուրերի առաջ սեղան են դնում, հավաքում, սուրճ պատրաստում, հետո ճանապարհում հյուրերին, հավաքում սեղանը, ափսեները լվանում, ու դեռ սեղանը չհավաքած, գալիս են մյուս հյուրերը: Սա շարունակվում է մի քանի օր:  Ու բոլորը զարմանում են, երբ լսում են.

-Այ, սրանից կեր, սա շատ համեղ է, կերած չես լինի:

Մտքում հիշում են բոլորը, թե քանի տուն մտնելիս են այս խոսքերը լսել: Մինչդեռ դուք սա եք մտածում, տանտիկինը էլի է թարմացնում սեղանը ու բոլորին հյուրասիրում:

Ախր, դուք ի՞նչ գիտեք, թե ինչքան է չարչարվել, ինչքան ժամանակ է նրանից խլել քաղցրավենիք,« բլինչիկ», աղցան և այլ ուտելիքներ պատրաստելը: Ինքը սիրով է պատրաստել ու պատրաստել է հենց ձեր` իր հյուրերի համար: Դրա համար էլ հյուրասիրում է բոլորին:

Իրականում` ամանորյա այս գեղեցիկ տոնի պատճառով չարչարվում են մայրիկները: Առավոտից իրիկուն սեղան են դնում, հավաքում, ու այս ամենը տևում է վեց օր: Պատկերացնո՞ւմ եք, մի ամբողջ տարի ճաշ պատրաստել, տուն հավաքել, հետո տարվա վերջում էլի չարչարվել, տարվա սկզբին էլի չարչարվել: Իսկ ե՞րբ են մայրիկները հանգստանում: Այ, երբ դու վերցնում ես իր պատրաստած ուտելիքից և ուտում, այդ ժամանակ էլ հանգստանում են ու ժպտում, հասկանալով, որ իրենց չարչարանքը գնահատող կա:

Բոլորը դժգոհում են, որ ամանորյա տոնի իմաստը կերակուրներն են դարձել, պետք է փոխել, մտածել այլ կերպ նշելու մասին, բայց շարունակում են նույն կերպ նշել: Միայն մայրիկներն են, որ թեև ամենաշատը իրենք են հոգնում, սակայն շարունակում են պատրաստել:

Դե ինչ, ավանդույթը չի փոխվում: Ուրեմն ի՞նչ: Կարդալուց հետո գնա, վերցրու մայրիկիդ պատրաստած ուտելիքներից, կեր ու ասա մայրիկիդ, որ աշխարհում ամենահամեղն ինքն է պատրաստում: Կտեսնես, թե ոնց կփայլեն մայրիկիդ աչքերն ու որքան կուրախանա:

Gayane Avagyan

2017 թիվ, խաղաղությո՛ւն բեր հայրենիքիս

Չգիտեմ` կհամաձայնե՞ք ինձ հետ, թե՞ ոչ, բայց այս տարին մի փոքր երկար ձգվեց: Ինձ թվում է` նույնիսկ մի քանի տարվա իրադարձություններ տեղի ունեցան այս մեկ տարվա ընթացքում: Խոսքն իհարկե Քառօրյա պատերազմի մասին է: Թվում է, թե մի ամբողջ տարի անցավ այդ մի քանի օրվա ընթացքում: Միշտ արթուն, հայացքը հեռուստացույցին կամ համակարգչին կամ էլ՝ հեռախոսին, սպասում էինք լուրի: Բայց սպասում էինք հույով ու հավատով: Մեր՝ ապագայի մասին պատկերացումները սրտերում, սպասում էինք, որ խաղաղվի աշխարհը, հանդարտվի թշնամին: Ամեն ինչ փոխվում էր վայրկյան առ վայրկյան, ու հավատացե՛ք, հենց այդ մի քանի օրում մենք` ես, դու, մեր քաջարի զինվորները, վայրկյանի փոխարեն րոպե ապրեցինք, րոպեի փոխարեն` ժամ, ժամի փոխարեն` օր ու օրվա փոխարեն` տարի:

Իսկ ի՞նչ տվեց մեզ 2016 թվականը: Կարծում եմ` ավելի շատ վերցրեց, քան տվեց: Քաջերը ապացուցեցին, որ որքան էլ աշխարհը անտարբեր լինի, որքան էլ լռի. միևնույն է՝ հայը պայքարելու է իր հողի համար ու լինելու է միասնական: 2016-ը բացահայտեց իրական հային, իր իրական որակներով: Եվ մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հայը կհաղթի, եթե հայրենիքի նկատմամբ սերը բարձր է դասում ամեն ինչից: Այս տարի մենք ապացուցեցինք, որ կարող ենք լինել միասնական: Երևացին նաև սին հայերի իրական դեմքերը, երևացին կեղծ հարևանները` առանց իրենց դիմակների: Ամենացավալին այն էր, որ այս ամենը հասկանալու համար զոհվեցին մեր զինվորները: Սրբացան իրենց հողում, իրենց մի բուռ հողում, այդ հողը պաշտպանելու ժամանակ: Նրանք չվախեցան, որովհետև գիտեին` քանի հայը կա, պիտի պահի հայրենի հողը ու ապրի միայն իր հողում:

Միակ բանը, որ ցանկանում եմ իմ հայրենիքին բերի 2017 թիվը՝ խաղաղությունն է…

Gayane Avagyan

Նոր բացահայտում պապիկիս շնորհիվ

Մի սովորական օր` նման բոլոր օրերին, դուրս եկա տանից ու քայլեցի, հա, էլի ականջակալներովս, դեպի տատիկենցս տուն: Արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել մեծ մայրիկիս ու մեծ հայրիկիս, (դե, պարսկահայերս պապիկ-տատիկին էդպես ենք ասում): Գնացի` տեսնեմ` ինչպես են, ինչ են անում, ինչպես է անցնում օրը, ու կարոտս առնեմ: Հասա տեղ, ճանապարհին չորս անգամ լսելով Մանսուրյանի երաժշտությունը: 

Ինձ տեսնելուն պես ուրախացան բոլորը: Երկար ժամանակ է, ինչ դասերի պատճառով ժամանակ չէի ունեցել տեսնելու իմոնց: Հարցերի մի ամբողջ հեղեղ ուղղեցին ինձ: Ու հասավ սպասված հարցը.

-Այ բալիկ ջան, կարոտում ենք քեզ, ինչո՞ւ  չես երևում:

-Կներես, պապիկ, դասերս այնքան շատ են, չեմ հասցնում:

-Այ, որ դասի անուն ես տալիս, չեմ բարկանում: Սովորիր, դե ասա` ի՞ նչ եք հիմա անցնում:

-Հիմա գրականություն ենք անցնում, գրողների կենսագրությունն ու ստեղծագործություններն ենք ուսումնասիրում:

-Էհ, երանի քեզ:

Ու մի պահ ոչինչ չասաց պապիկս: Մինչ ես նստած սպասում էի պապիկիս խոսքերին, տատս թեյը բերեց: Գիտեք, չէ՞, ինչքան ենք թեյ խմում` համ առավոտյան` նախաճաշին, համ կեսօրին` ճաշից հետո, համ երեկոյան` ընթրիքից հետո: Պարսկաստանից այդ սովորությունը պապիկս ու տատիկս բերել են այստեղ: Խմեցի տաք- տաք թեյս ու էլի սպասում էի, որ պապիկս մի բան կասի, ախր, չավարտեց խոսքերը: Չէ, հաստատ դեռ ասելու բան ունի: Իր կանաչ աչքերով նայեց ինձ ու ասաց.

-Գայանե, գիտե՞ ս, մենք մի բարեկամ ունենք, գրող է,- ասաց պապս ու էլի լռեց: Մի քանի վայրկյան դադար տվեց, երևի անունն էր ուզում հիշել,- Հա, հիշեցի` Արտաշես Պողոսյան: Վերջին անգամ չեմ հիշում` երբ եմ տեսել նրան, կարծեմ Երևանում` իրենց տանը: Բայց դե, շուտ էր դա…

Ու ոչինչ չասաց էլ պապս: Մի քանի վայրկյան ուշադիր ինձ նայեց, հետո ասաց, որ տատս էլի թեյ լցնի ինձ: Այս անգամ չփորձեցի հետաքրքրությունս բավարարել, ոչ մի հարց չտվեցի: Սպասում էի, որ էլի կխոսի պապս, բայց նա լուռ էր:

Անցավ մի քանի օր պապիկիս տուն այցելությունից: Այդ մի քանի օրը անընդհատ մտածում էի` ինչպես գտնեմ Արտաշես Պողոսյանի ստեղծագործությունների գիրքը: Համացանցը օգնեց ինձ: Որոնեցի ֆեյսբուքով, ուզում էի տեսնել` արդյո՞ ք ինչ- որ էջ կա այդ գրողի անունով բացված: Էջ չգտա, փոխարենը մի խումբ գտա: Այնտեղ կային Արտաշես Պողոսյանի ստեղծագործությունները: Կարդացի հերթով, նկատեցի, որ այդ բանաստեղծությունները հրապարակում է Նաիրա Պողոսյանը: Մտա նրա էջ, տեսա, որ ամբողջ էջում Արտաշես Պողոսյանի բանաստեղծություններն են: Ընկերանալու հարցում ուղարկեցի: Հաջորդ օրը, տիկին Նաիրան ընդունեց ընկերանալու հարցումս: Ուզում էի գրել նրան, ասել, որ Արտաշես Պողոսյանի բանաստեղծություններից, եթե հնարավոր է ուղարկի` կարդամ: Համացանցում, քիչ տեղեկություն կարողացա գտնել, ախր:

Գրեցի, ուղարկեցի նամակս: Տիկին Նաիրան ջերմ պատասխանեց: Ասաց, որ ինձ կնվիրի Արտաշես Պողոսյանի բանաստեղծութունների գիրքը: Իհարկե, ուրախացա, այս մասին պատմեցի պապիկիս, առաջին հերթին խնդրեց ինձ կարդալ նրա բանաստեղծություններից մեկը: Սիրով կարդացի, հետո ասաց, որ գիրքը ստանալուն պես, տանեմ իրենց տուն ու իր համար էլի կարդամ: Լավ չեն տեսնում պապիկիս աչքերը, ու ես սիրով կարդում եմ նրա համար: Ուրախ, ուրախ համաձայնեցի ու սպասեցի գիրքը ստանալուն:

Ուրախությունս կրկնապատկվեց, երբ գիրքը հայտնվեց իմ ձեռքում: Սկսեցի հպարտությամբ կարդալ իմ ազգականի ստեղծագործությունները: Հիմա եմ հասկանում, եթե չլիներ պապիկիս լռությունը, ես երևի այդպես էլ չգտնեի տիկին Նաիրային և չստանայի գիրքը: Շնորհակալ եմ շատ տիկին Նաիրային, նվերի համար:

Ուզում եմ, որ դուք էլ իմանաք Արտաշես Պողոսյանին: 

Ահա, նրա բանաստեղծություններից մեկը.

Ինչո՞ւ աշխարհում
Ամենահամառն « ինչո՞ւ»-ն է էլի.
Ինչքան էլ խեղդես պատասխաններով,
Ինչքան էլ խեղդվես պատասխանելով,
Ծնկի չի գալիս,
Շնչում է էլի:
Ինչո՞ւ աշխարհում
Ամենաքնկոտն «ինչո՞ւ»-ն է էլի.
Ինչքան ուզում ես՝ ձաղկիր մտրակով,
Ինչքան ուզում ես՝ ծակիր մկրատով,
Հսկայի պես է՝
Ննջում է էլի:
Ինչո՞ւ աշխարհում
Ամենազորեղն «ինչո՞ւ»-ն է էլի.
Ետ է շպրտում նա մինչև այսօր
Պատասխանների գրոհներն անզոր,
Ու մենք կարծում ենք միամտորեն՝
Ծնկի ենք բերել «ինչո՞ւ»-ներն ամեն:
Այնինչ աշխարհում
Ամենահամառն «ինչո՞ւ»-ն է էլի,
Ամենաքնկոտն « ինչո՞ւ»-ն է էլի,
Ամենազորեղն «ինչո՞ւ»-ն է էլի,
Շնչում է էլի,
Ննջում է էլի,
Բոլոր շուրթերից
Հնչում է էլի:

Արտաշես Պողոսյան

Gayane Avagyan

Ե՞րբ…

Այնքան եմ ուզում, որ շուրջս գտնվող ամեն ինչը փոխվի: Մի օր բացեմ աչքերս ու իմ դիմաց մի այլ աշխարհ տեսնեմ: Այդ աշխարհում մարդիկ շատ բարի կլինեն, կօգնեն ու չեն վիրավորի իրար: Նրանք միշտ կժպտան ու դրական էներգիա կսփռեն շուրջբոլորը: Բայց քանի որ այլ աշխարհ անհնար է ստեղծել գործնականում, գոնե փորձենք մեր այս աշխարհը լավը դարձնել:

Ուզում եմ` մարդիկ լիարժեք ապրեն, որ չզղջան հետո: Գիտակցեն, որ այս վայրկյանը կարող է էլ չկրկնվել: Բացեն աչքերը ու հասկանան` ամեն ինչ անցողիկ է, ու միայն բարին է հիշվելու, որ այսօրվա գործը վաղվան պետք չէ թողնել: Փորձենք լիարժեք ապրել ու արժևորել մեզ տրված կյանքը, սովորենք կյանքից դրականը ստանալ ու գեղեցկացնել աշխարհը, հասկանալ կյանքի իրական խորհուրդը:

Ե՞րբ…

Ե՞րբ պիտի կարողանանք սովորել մեր կյանքում իրականացող երևույթներին լավ աչքով նայել` նկատելով ոչ միայն վատը, այլև վատի մեջ թաքնված լավը:

Ե՞րբ պիտի սովորենք նայել մարդկանց աչքերին և չստել:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ չասված խոսքերը երբեմն ավելի կարևոր են:

Ե՞րբ պիտի կարողանանք մեր մեջ ուժ գտնել սխալներն ուղղելու համար:

Ե՞րբ պիտի սովորենք ժամանակն անիմաստ վատնելու փոխարեն մի օգտակար գործով զբաղվել:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ այս կյանքում ամեն ինչ հավերժ չէ. ապրել է պետք պահը:

Ե՞րբ պիտի կարողանանք նայել աստղերին ու արևին էլ հիշել:

Ե՞րբ պիտի սովորենք ասված խոսքերի, գրված տողերի տակ եղած ասելիքն էլ հասկանալ:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ մարդկանց մասին վատախոսել չի կարելի նրանց բացակայության ժամանակ:

Ե՞րբ պիտի սովորենք նորաձևություն թելադրող լինել ինքներս, ու չդառնալ նորաձևության զոհը:

Ե՞րբ պիտի կարողանանք գիտակցել, որ հարստությունը, հասարակական դիրքը անցողիկ երևույթներ են կյանքում:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ ուր էլ լինենք, մեր համար ամենաբարձր արժեքը պետք է մնա արյան գնով սրբացած ու մեզ հասած այս մի բուռ հողը:

Ե՞րբ պիտի սովորենք երջանկությունը տեսնել մանրուքներում:

Ե՞րբ պիտի գնահատենք մեզ տրվածը ու հասկանանք, որ երջանկությունը հենց կյանքի, լինելիության մեջ է:

Մի օր. գուցե վա՞ ղը:

Gayane Avagyan

Էլլայի առաջին գրական փորձերը

Նայիր շուրջդ: Վստահ եմ քո կողքին էլ կան շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանց մասին քչերը գիտեն: Այդպիսի մի աղջնակի հետ եմ ուզում ձեզ ծանոթացնել:

Հարցազրույց վերցրեցի Էլլա Մնացականյանից, ով տասնվեց տարեկան է, ստեղծագործում է ու արդեն հրատարակված գիրք ունի: 

 -Բարև Էլլա, կպատմե՞ս քո մասին: 

-Մի փոքր… Գուցե մի փոքր չստացվի, ոչի՞նչ… Առհասարակ այնքան բան եմ սիրում անել, որ ազատ ժամանակս էլ չի հերիքում: Սիրում եմ գեղարվեստական գրականություն ընթերցել, երաժշտություն լսել, թատրոնի հանդեպ հետաքրքրությունս փորձում եմ բավարարել` ներկայացումներում խաղալով, կամ ներկայացումներ դիտելով, ասմունքում եմ և, իհարկե, ստեղծագործում:

-Ասացիր, որ ստեղծագործում ես: Քանի՞ տարեկան էիր, երբ վերցրեցիր գրիչդ ու սկսեցիր մտքերդ հանձնել թղթին: 

-Հիշում եմ, որ մինչև դպրոց գնալս արդեն կարողանում էի նախադասություններ գրել: Իսկ առաջին «լուրջ» գրական փորձերս երրորդ-չորրորդ դասարանում սկսեցի անել` գրելով փոքրիկ քառատողեր: Առաջին անգամ մանկապատանեկան թերթերից մեկում տպագրվեց գարնան մասին բանաստեղծություններից մեկը, այդ ժամանակ տասը տարեկան էի:

-Արդեն հրատարակված գիրք ունես: Ինչի՞ մասին է գիրքը , և ինչո՞ւ որոշեցիր հենց այդ ստեղծագործությունը տպագրել: 

-Գրքի գաղափարը դեռ մի քանի տարի առաջ էր պտտվում գլխումս: Այն ժամանակ սկսեցի գրել, սակայն որոշ ժամանակ դադար տվեցի: Այս տարվա սկզբին նոր մեջս համարձակություն գտա վերսկսելու աշխատանքս: Կարելի է ասել, որ գլխիվայր շրջեցի առաջին տարբերակը: Գրքում ներկայացված է սիրային պատմվածք` հետաքրքրաշարժ ընթացքով և շրջադարձերով: Դեռ տարիներ առաջ այս պատմությունն էր պտտվում մտքումս` չափազանց հարազատ էր դարձել ինձ, դրա համար որոշեցի հենց սա տպագրել:

-Իսկ ինչպիսի՞ ն էր ծնողներիդ և հարազատներիդ արձագանքը, երբ նրանց ասացիր`պետք է գիրքս տպագրեմ:

-Անկեղծ ասած` ոչ ծնողներս, ոչ էլ ընկերներս չգիտեին պատմվածքիս մասին, գաղտնիք էր: Հետո, երբ տպագրեցի, էջերը բերեցի տուն: Տանից դուրս եկա, էջերը թողնելով սեղանին, երբ վերադարձա` պապիկս արդեն կարդացել, վերջացրել էր: Անկախ իմ կամքից պապիկս իմ առաջին ընթերցողը դարձավ: Երբ իր կարծիքը հարցրի, ասաց` լավն էր: Դա արդեն ոգևորիչ էր ինձ համար: Ծնողներս էլ հավանեցին և հենց նրանք էլ առաջարկեցին տպագրել` գրքի տեսքով: Դե~, ես ամաչում էի առաջարկել, որ տպագրենք, կամ էլ ով գիտի, վախենում էի քննադատություններից:

-Ովքե՞ր են Էլլայի ընթերցողները: Արդյո՞ք խորհուրդներ տալիս են:

-Էլլայի ընթերցողները… Հըմ, հիմնականում չեն կարդում, կարդում են ամենամտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները: Պիտի նշեմ, որ հավանում են, իսկ խորհուրդներ չեն տալիս:

-Կհիշե՞ ս ինչ-որ հետաքրքիր դեպք` կապված քո ստեղծագործական աշխատանքի հետ:

-Հիշում եմ, երբ համակարգչով խմբագրում էի առաջին գիրքս` «Նամակ» պատմվածքը, հանկարծակի ներս մտավ ընտանիքիս անդամներից մեկը, և ես միանգամից փակեցի համակարգչի պատուհանը: Նրա հարցին, թե այդ ինչ էիր անում, որ խառնվեցիր իրար, այդպես էլ չպատասխանեցի: Դե~, հասկանում եք` իմ փոքրիկ գաղտնիքն էր…

-Ի՞նչ պլաններ ունես ապագայում: Արդյո՞ք մենք հետագայում լսելու ենք Էլլա Մնացականյանի մասին:

-Ինչպես ասում են` դժվարն առաջինն է: Աստծու կամոք, կարծում եմ, որ շուտով կլսեք իմ անունը: Առաջին իսկ հաջողության դեպքում անպայման կկիսվեմ ձեզ հետ:

Եկանք, էլանք հայաստանցի

Քչերը գիտեն, բայց բնիկ աբովյանցիներ շատ քիչ կան Աբովյան քաղաքում: Աբովյան քաղաքի բնակիչների մեծ մասը հայրենադարձվել է եղել Պարսկաստանից: Թողնելով իրենց տունը` պարսկահայերը վերադարձել են իրենց երկիր: Նրանցից շատերը որպես բնակավայր ընտրել են հենց Աբովյանը: Այս քաղաքն իր գեղեցկությամբ և հանգստությամբ միանգամից գրավել է հայրենադարձների ուշադրությունը: Սակայն այժմ շատ քչերն են մնացել քաղաքում: Նրանցից շատերը գտնվում են արտասահմանում: Փորձեցինք պարզել, թե պարսկահայերից մի քանիսը ինչպե՞ս են ապրում քաղաքում, ինչո՞վ են զբաղվում և արդյոք կարոտո՞ւմ են իրենց տունը: 

Սուրեն ԱվագյանSuren Avagyan

Ես ծնվել եմ Ղարադաղի Քարագլուխ գյուղում: Տասներեք տարեկանում աղբորս հետ գնացել ենք Թեհրան: Մայրաքաղաքում սկսեցի գործ անել, աշխատել, արհեստ սովորել: Գյուղումը ունեցել ենք անասուններ, ամեն ինչ ունեցել ենք, բա, դրանցով ենք ապրել մենք էդքան տարիներ: Դաշտեր ենք ունեցել, ցորեն էինք ցանում ու հնձում, չարչարվում էինք, հաց էինք ստեղծում: Գյուղում մենք չգիտեինք փողը ինչ բան ա: Էրեխեն ի՞նչ գործ ուներ ծնողից բան պահանջեր: Լավ էր…

Դպրոց կար Պարսկաստան, ով կարողանում էր` գնում էր: Բայց դե ես չէի գնում, գյուղացի մարդ էի, մնում կենդանի էի պահում, որ գելը չուտի: Դրանից հետո էլ արտերը հնձում էինք, գյուղական գործեր անում: Գյուղացի մարդը ի՞նչ պիտի անի: Երբ մեծացանք, արդեն արհեստ սովորած էինք: Հայրս ասաց.

-Երեխեք ջան, պիտի գնանք մեր հող` հայրական հող:

Ասինք`

-Այ հեր, մենք չենք գնում:

Բայց, դե, հիմիկվա նման չի, է, որ մենք ասենք` չենք գալիս, ու մեր ասածով լինի: Չէինք կարում մի խոսքը երկու դարձնեինք: Ընտանիքով էկանք մեր հող: Սկզբում էկանք Հրազդան, ընդեղից գալիս էի ստեղ` Աբովյան, աշխատում էի: Հետո էլ տեսանք, որ լավ տեղ ա Աբովյանը: Էկանք Աբովյան մնացինք: Աբովյան լավ էր: Աշխատանք կար, դրա համար էկա ստեղ մնացի ու հիմա էլ Աբովյանին շատ եմ կապվել:

Լիքը բարեկամ եմ թողել Պարսկաստան, բայց դե հիմա խաբար չկա: Հիշում եմ մեր տունը, տեղը, բնությունը, արտերը, ուտելիքները: Կարոտել եմ, է…

Սիրանուշ Բեգիջանյան Siranush Begijanyan

Ես Սիրանուշ Բեգիջանյանն եմ, ծնվել եմ 1924 թվականին: Արդեն 92 տարեկան եմ, մինչև 18-20 տարեկանս ապրում էի Պարսկաստանի Նախրաբադ գավառում, մեր գյուղի անունն էլ Ղարաքյարիս էր։ 17 տարեկանում ամուսնացել եմ ու ամուսնանալուցս հետո հինգ քաղաքներում եմ ապրել: Ամուսինս անգլերեն գիտեր, աշխատում էր։ Արդեն քառասունհինգ տարի ա Հայաստանում եմ ապրում։ Ծնողներս էլ են Ղարաքյարիսից եղել, բա դու գիտես` ի՞նչ նշանակում Ղարաքյարիս: «Քյարիս» աղբյուր ա նշանակում, իսկ «ղարա»` սև: Սև աղբյուր, իսկ թե ինչի ա տենց կոչվել, ոչ մեկը չգիտի։

Պարսկաստանում զբաղվում էի գյուղական հոգսերով` պանիր, մածուն։ Մեր շրջանում հիմնականում գորգագործությամբ էին զբաղվում, ես էլ էի խալի գործում։ Հինգ երեխա ենք եղել, հիմա մի քանիսս ստեղ ենք, մի քանիսն էլ` Ամերիկա։ Պարսկաստանում էլ բարեկամներ ունենք, հեռու-մոտիկ բարեկամներ են։ Գալուցս հետո մե անգամ գնացել եմ Պարսկաստան, բայց էլ չեմ ուզի գնամ, արդեն Հայաստանին եմ սովորել: Էսքան տարի հետո կարոտն էլ արդեն սառում ա։ Արդեն որպես ծննդավայր եմ հիշում, հիշողություն ա դառել։ Հայաստանն էլ ենք սիրում, ինչի՞ պիտի չսիրենք, մեր հայրենիքն ա, էն ա, եկանք, էլանք հայաստանցի…

 Ժանեթ Պետրոսյան Zhanet Petrosyan

Ես Հայաստան եմ եկել Թեհրանից 1970 թվականին։ Իմ հորքուրը 1967 թվականին էր եկել Աբովյան, մեզ էլ պիտի տանեին Վանաձոր, բայց դե ասել էին, որ Աբովյանը շատ հանգիստ քաղաք ա, մենք էլ ասեցինք, որ Վանաձոր չենք ուզում, եկանք Աբովյան։ Որտեղ էլ տանեին, չէինք հարմարվելու, տարբերությունը շատ էր Հայաստանի ու Պարսկաստանի միջև, բայց դե քիչ-քիչ հարմարվեցինք։ Սկսեցինք սովորել, բայց հետո բացվեց Ամերիկայի ճանապարհը: Գնալը շատ հեշտ էր, բայց պապաս երդվյալ հայրենասեր էր, մնացինք Հայաստանում։ Հիմա շատ բարեկամներ Ամերիկա են գնացել, մենակ մենք ենք մնացել Հայաստանում: Դե, տենց ա, չէ՞, ամեն տոհմից մի քանի նմուշ պիտի մնա Հայաստանում: Մենք էլ էդ փոքր կտորներից ենք, որ մնացել ենք` Հայաստանը պահենք։ Երկու եղբայրներս Ռուսաստանում են, քույրս ամուսնացավ, գնաց Թեհրան, իսկ ես մեր տոհմի միակ ներկայացուցիչն եմ մնացել Հայաստանում։

Պարսկաստանում մեծ շուքով Զատիկ էինք նշում, ջրօրհնեքը, Սրբխեչը, իսկ սովետական տարիներին Հայաստանում մենակ Նոր տարին էին նշում։ Պարսկաստանում գլխավոր ուտեստը բրնձով փլավն ա, հետո` ավգուշտը:

Պարսիկները հայերին շատ լավ էին վերաբերվում: Ասորիների, հրեաների մեջ ամենալավը հայերի հետ էին, որովհետև հայերը շատ օրինապահ էին։ Ոստիկանությունն էլ միշտ հայերին էր հավատում: Տենց խոսք կար` «Հայը սուտ չի ասում»։

Զրույցը վարեցին` Գայանե Ավագյանը և Արման Արշակ-Շահբազյանը

Լուսանկարները՝  Արման Արշակ-Շահբազյանի

 

Պապիկս ու իր այգին

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Երբ հինգ տարեկան էի, նստում էի պապիկիս ծնկներին, ու նա ինձ հեքիաթ էր պատմում: Ես էլ մինչև վերջ չէի կարողանում լսել, քանի որ պապուս ձայնը այնքա՜ն եթերային էր, որ կեսից ինձ թվում էր, թե հեքիաթում եմ գտնվում: Փակում էի աչքերս, ու ահա` պապուս պատմած հեքիաթում էի հայտնվում: Իմ մանկության ընկերը պապիկս է եղել: Մայրս պատմում է, որ երբ սկսում էի լաց լինել, պապիկս ինձ իր գիրկն էր առնում; Այդ ժաամանակ հայացքս ուղղում էի նրան, նայում դեմքին, ժպտում, ձայնս կտրում էի, փակում աչքերս ու քնում:

Հիմա, երբ արդեն մեծ աղջիկ եմ` ոնց որ պապիկս է սիրում ասել, էլ պապուս պատմած հեքիաթները չեմ լսում, փոխարենը լսում եմ նրա խորհուրդները: Չկա մի օր, որ ինձ խորհուրդ չտա. «Իմ բալիկ, լավ կսովորես, որ մեր ազգի համար լավ մարդ դառնաս: Պետք է լավ սովորես, որ աշխարհ ման գաս, աշխարհ տեսնես: Դա իմ երազանքն է եղել, և ուզում եմ, որ հենց իրականացնես»:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Պապուս խորհուրդները ու ցանկությունները շատ են: Նրա ցանկություններից մեկն է, որ իր այգին գեղեցիկ լինի ու շատ բերք տա: Ամեն օր արթնանում է ժամը յոթին ու գնում այգի` իր երազանքն իրականացնելու: Աշխատում է, ծառեր տնկում, տնկած ծառերը ջրում, նստում է, վայելում այգու մաքուր օդը ու տուն վերադառնում: Մի բանից է բողոքում` եղանակից: Ամեն օր եղանակի տեսություն է նայում, որ իմանա` իր այգին ինչպես խնամի: Երբ կարկուտ է գալիս, տխրում է ու պատուհանից դուրս նայում: Երևի մտքում իր այգին է պատկերացնում ու նեղսրտում, որ իր ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է ընկնում:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Պապուս այգու բերքը ամենահամեղն ու ամենաօգտակարն է: Ես ամենաշատը մոշն եմ սիրում ու բալը: Բայց չեմ սիրում, երբ պապիկս է քաղում ու տուն բերում` ավելի համեղ է դառնում, երբ քո ձեռքով ես քաղում և ուտում:

Թեպետ դասերը խանգարում են շուտ-շուտ այգի գնալ, բայց գնալու դեպքում պապիկիս օգնում եմ` այգու բերքն եմ հավաքում: Հետո նստում ենք պապ ու թոռ, ուտում այգու բարիքները ու սկսում երկա~ր զրույց անել: Այնքան լավ է նման պապիկ ունենալը: