Հարցազրույց Վայքի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Օլգա Թադևոսյանի հետ:

Լուսանկարը՝ Տաթեւ Աբգարյանի
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:
-Դեռ դպրոցում սովորելու տարիներից գիտեի, որ աշխատելու եմ դպրոցում: Միշտ էլ սիրել եմ սովորեցնել, ուսուցանել: Իսկ որ պատմաբան եմ դառնալու, որոշեցի հինգերորդ դասարանում: Ես ուղղակի սիրահարված էի իմ ուսուցչուհուն` ընկեր Դ.Մարգարյանին: Նա ամեն ինչ այնքան հետաքրքիր ու գունեղ էր ներկայացնում, որ հնարավոր չէր չլսել և չսովորել:
-Եթե հնարավոր լիներ հետ տալ ժամանակը, արդյո՞ք նույն մասնագիտությունը կընտրեիք:
-Անկեղծ ասած` չգիտեմ, որովհետև ինձ նաև շատ հետաքրքրում է գիտական աշխատանքը: Երևի թե ավելի շատ կզբաղվեի հնագիտությամբ:
-Կցանկանա՞ք արդյոք, որ ձեր երեխաները շարունակեն ձեր գործը:
-Ես իհարկե, կցանկանայի, բայց իմ երեխաները թեև փոքր են, բայց ունեն իրենց նախասիրությունները, և դրանցից ոչ մեկը չի առնչվում մանկավարժությանը: Իսկ ես նրանց ազատությունը չեմ պատրաստվում սահմանափակել:
-Երբևէ խնդիրներ ունեցե՞լ եք աշակերտների կամ այլ ուսուցիչների հետ:
-Եթե ձեզ որևէ մեկը կասի, թե երբևէ խնդիրներ չի ունեցել աշակերտների հետ, չհավատաք: Պարզապես մարդիկ սիրում են լավը երևալ: Իսկ խնդիրները լուծելու և լուծման ուղի գտնելու համար են: Բացի դրանից, ես գտնում եմ, որ խնդիրները, լուծվելուց հետո, ապահովում են առաջընթաց:
-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մեր սերունդը ծույլ է և չի սիրում սովորել:
-Սերունդների կոնֆլիկտը միշտ եղել է, կա և կլինի: Պարզապես ձեր սերունդը սովորում է միայն այն, ինչը իրեն պետք է: Կյանքը լի է անակնկալներով, և երբեք չգիտես, թե քեզ ինչը և որտեղ պետք կգա:
-Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել ձեր աշակերտներին ապագայում:
-Երջանիկ և հաջողակ կյանքի բոլոր բնագավառներում:
-Դպրոցում սովորում են տարբեր բնավորության տեր երեխաներ: Արդյոք հե՞շտ եք աշխատում նրանց հետ:
-Իհարկե ոչ: Բայց ամեն երեխա մի տիեզերք է: Եվ միշտ էլ այդ «տիեզերքի» հետազոտությունը շատ հետաքրքիր զբաղմունք է: Իսկ դժվարությունները հաղթահարելի են:
-Դասղեկական դասարաններ ունեցե՞լ եք:
-Իհարկե:
-Հե՞շտ է արդյոք դասղեկ լինելը:
-Ոչ, հեշտ չէ: Դժվար է տարբեր նպատակներ, պատկերացումներ և երազանքներ ունեցող մարդկանց միավորել ընդհանուր նպատակների շուրջ:
-Ի՞նչ խնդիրներ են առկա դպրոցում, որ ձեզ հուզում են:
-Ամենացավոտ խնդիրը, որը առկա է ժամանակակից դպրոցում, դա առարկայական գերբեռնվածությունն է, որը ժամանակի ընթացքում ձևավորում է չկարդալու, չսովորելու մշակույթ: Հաջորդ լուրջ խնդիրը դա ոչ ճիշտ, համացանցով պարտադրվող արժեհամակարգի ներմուծումն է աշակերտական միջավայր: Մեծ խնդիր է նաև անտարբերության մթնոլորտը: Հոգևորը նյութականին ստորադասելու մտայնությունը:
-Ունե՞ք թույլ կողմեր: Նշեք դրանք:
-Իհարկե ունեմ, բայց չէի ցանկանա այդ մասին խոսել:
-Նկարագրեք ձեզ երեք բառով:
-Լավատես, պատրաստակամ, արկածասեր:
-Կրկին անգամ շնորհակալ եմ ինձ հատկացրած ձեր ժամանակի համար:
-Խնդրեմ: Ի դեպ, մարդն այնպես է ստեղծված, որ սիրում է խոսել իր մասին:
Հարցազրույցը վարեց Տաթև Աբգարյանը