-Սարգիս, այսօր սովորում ենք ֆիլմ մոնտաժել: Առաջին անգա՞մն է:
-Առաջին անգամը չէ, որ աշխատում եմ մոնտաժային ծրագրով, աշխատել եմ filmora, windows movie maker ծրագրերով, բայց այսօր սովորեցինք աշխատել կոնկրետ Adobe Premiere ծրագրով, որը, ըստ իս, ավելի դժվար էր: Մոնտաժելն ինձ դուր է գալիս: Ցանկացած նյութից կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես: Կարող ես ձևավորել, հոգի և ռիթմ դնել այդ տեսանյութի կամ ֆիլմի մեջ, որի հետ աշխատում ես:
-Ավելի շատ կուզեիք ֆիլմի նկարահանման աշխատանքների՞ն մասնակցել, թե՞ մոնտաժային:
-Ինձ երկուսն էլ դուր են գալիս:
Սարգիս Մելքոնյան, Արագածոտնի մարզ, գ. Ագարակ
***
-Առաջին անգա՞մն է, որ աշխատում ես մոնտաժային ծրագրով:
-Այո, առաջին անգամն է, որ աշխատում եմ մոնտաժային ծրագրով: Սկզբից այն ինձ շատ հեշտ էր թվում, մտածում էի` միանգամից կանենք, կանցնի կգնա, բայց իրականում այն շատ նրբություններ ունի, և պետք է ամենայն զգուշությամբ աշխատել, որպեսզի թերություններ չլինեն, և ֆիլմը ստացվի որակով: Ինձ դուր է գալիս ֆիլմի մոնտաժը, պարզապես շատ երկար է տևում:
-Ի՞նչն է հատկապես հետաքրքրում:
-Երկար պրոցեսը, որն իր մեջ ներառում է ձայնի ընտրությունը, պատկերների ճիշտ դասավորությունը: Կնախընտրեի ֆիլմ նկարահանել, որովհետև ֆիլմ նկարահանելու ժամանակ դու կարող ես սխալներ թույլ տալ, հետո շտկել մոնտաժի օգնությամբ, իսկ մոնտաժում սխալ թույլ տալը կարող է փչացնել ամբողջ աշխատանքը:
Կարինե Նահապետյան, Կոտայքի մարզ, ք. Հրազդան
***
-Առաջին անգա՞մն է, որ աշխատում ես մոնտաժային ծրագրով:
-Ոչ, ես երկու տարի է` աշխատում եմ մոնտաժային ծրագրերով: Դուր է գալիս, բայց ձանձրալի է:
-Ի՞նչն է հատկապես հետաքրքրում:
-Կտրել, մեկ ուրիշ հատված ավելացնել, բայց այնպես, որ համընկնի:
-Ավելի շատ կուզեիր ֆի՞լմ նկարել, թե՞ մոնտաժային աշխատանքների մասնակցել:
-Մոնտաժային աշխատանքներին մասնակցել, բայց ֆիլմը նկարողի հետ միասին:
Սերյոժա Բաբոյան, 15 տարեկան, Վայոց Ձորի մարզ, գյուղ Մալիշկա
***
-Առաջին անգա՞մն է, որ աշխատում ես մոնտաժային ծրագրով:
-Ոչ, առաջին անգամը չէ, ես իմ անձնական համակարգչի մեջ ունեմ այդ ծրագիրը, որոշակի փորձ ունեմ: Ինձ շատ է դուր գալիս մոնտաժը: Ամեն ինչ մոնտաժի միջոցով կարող ես փոխել, իրականությունը ներկայացնել քո պատկերացմամբ:
-Ավելի շատ կուզեիր ֆի՞լմ նկարել, թե՞ մոնտաժային աշխատանքներին մասնակցել:
-Երևի թե երկուսն էլ, հավասար սիրում եմ, բայց ավելի հետաքրքիր է ֆիլմ նկարելու աշխատանքը:
Նարեկ Բաբայան, 15 տարեկան, Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա

***
-Առաջին անգա՞մն է, որ աշխատում ես մոնտաժային ծրագրով:
-Այո, առաջին անգամն է, որ աշխատում եմ մոնտաժային ծրագրով, ու շատ հետաքրքիր է, որովհետև դրանով սովորում ես վիդեոյին կցել ձայն, երաժշտություն, տարբեր պլանները համադրել:
-Քեզ դո՞ւր են գալիս այդ աշխատանքները:
-Այո, հետաքրքիր է, շատ ես մտածում, որ կարողանաս ճիշտ դասավորել, ժամանակագրական հաջորդականությունը պահպանել: Ինձ շատ է դուր գալիս ձայնի էֆեկտների տեղադրելը:
-Ավելի շատ կուզեիր ֆի՞լմ նկարել, թե՞ մոնտաժային աշխատանքներին մասնակցեիր:
-Օրինակ՝ երեկ առաջին անգամ և՛ ֆիլմ եմ նկարել, և՛ մոնտաժին մասնակցել, բայց համեմատաբար ավելի դժվար էր ու ծանր մոնտաժը: Նկարահանման ժամանակ հետաքրքիր է, և աշխատելն էլ՝ հաճելի:
Լուսինե Հովհաննիսյան,Վայոց Ձորի մարզ, ք.Վայք