Երեկ հանրապետության երկնքում կարկտաբեր ամպեր էին կուտակվել, որոնք իրենց սև գործը արեցին։
Երևանում նյութական վնասներ իհարկե, կան, բայց ինչպես միշտ, ինձ և մնացած մարդկանց հետաքրքրում է, թե ինչ եղավ գյուղացիների վիճակը: Ամեն տարի վարկեր են վերցնում, պարտքեր են անում, հույսեր են կապում, չարչարվում են, քրտինք են թափում, որ վերջում շահույթ ունենան և կարողանան մարել վարկերը, պարտքերը ու որոշ չափով բավարարեն իրենց պահանջները։ Բայց կարկուտը ամեն ինչ փչացնում է։ Կոտրում է գյուղացիների հույսը, ովքեր նպատակներ ունեին, և որոնք պետք է իրագործեին հողագործությունից ստացած եկամուտով: Մեկը պիտի իր տղային կամ աղջկան ամուսնացներ, մյուսը` վերանորոգեր իր տունը, մեկ ուրիշը` վճարեր իր երեխայի ուսման վարձը կամ այդ գումարով կարողանար իր հարազատի համար դեղեր գներ, բայց…

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի
Երեկ ողջ օրն անհանգիստ էին նաև իմ բնակավայրում՝ Վարդենիսում: Սպասում էինք վատթարագույնին:
Այստեղ նույնպես զբաղվում են հողագործությամբ, և մարդու գոյատևման ամենակարևոր բարիքը՝ ցորենը, հիմնականում աճեցվում է Վարդենիսի դաշտերում։ Ես էլ սպասում էի, թե ուր որ է` կարկուտ կգա, բայց բարեբախտաբար, այս անգամ չեկավ։ Իսկ կարկուտին սպասելուց մնացին այս երեք լուսանկարները: