
Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի
Պապիկս՝ Ռոբերտ Քամալյանը, արդեն քառասունչորս տարի է` աշխատում է դպրոցում և դասավանդում է ռազմագիտություն առարկան: Դպրոցն ու հայրենասիրությունը պապիկիս կյանքի անբաժանելի մասն են կազմում: Նա շատ ակտիվ և կենսուրախ մարդ է, երբեք չի հոգնում իր աշխատանքից: Պապիկս շատ է սիրում կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ իր աշակերտների հետ: Նրա միտքը միշտ զբաղված է այդ ուղղությամբ, անընդհատ փորձում է մի նոր ու հետաքրքիր բան մտածել, որպեսզի աշակերտներին նույնպես հաճելի լինի: Պապիկս նաև ինձ է դասավանդել և մեր դասարանի հետ նույնպես կազմակերպել է մի հիանալի միջոցառում՝ նվիրված Մայիսի ինին: Ես մինչև հիմա շատ լավ եմ հիշում լեփ-լեցուն դահլիճի ծափահարություններն ու պապիկիս հպարտ ժպիտը, երբ ամեն ինչ կայացել էր իր ուզած ձևով: Բոլոր աշակերտները կրում էին զինվորական հագուստներ և քայլում էին հպարտ և խրոխտ, կարծես մի մեծ զինվորական ջոկատ: Պապիկիս դասասենյակում ամեն ինչ իր հստակ տեղն ունի, այն կարծես նրա հոգու ամենատաքուկ անկյունը լինի: Պապիկս բազմաթիվ պատվոգրեր, պարգևներ ու շքանշաններ է ստացել Պաշտպանության նախարարության կողմից:
Նրանց տանը ամենուրեք իշխում է հայրենասիրական ոգին: Պապիկի գործն ամենաշատը ցանկանում է շարունակել փոքր տղա թոռնիկը՝ կրտսեր Ռոբերտը: Նա նույնիսկ ատամհատիկին ընտրել է պապիկի մասնագիտությունը: Չնայած երկուսուկես տարեկան է, բայց գիտի գրեթե բոլոր հայրենասիրական երգերը, պապիկի հետ միշտ մասնակցում է միջոցառումներին: Ինքն ու փոքր քույրը քնում են մեր օրհներգի երաժշտության տակ: Պապիկս համոզված է, որ բոլոր մարդիկ պետք է վաղ հասակից դաստիարակվեն հայրենասիրական ոգով: