Երրորդ օրն է ճամբարում: Բոլոր վաղ արթնացողները նենգաբար բացելով վարագույրները՝ արթնացնում են մյուսներիս.
-Դե, հելեք, էլի, ճաշարան ենք գնում:
Ինն անց կես բոլորս ճաշարանում ենք: Սեղաններից մեկի շուրջը նստած` աղջիկների խումբը շարունակ ուտում է ու դրա հետ մեկտեղ խոսում նիհարելուց: Մյուս սեղանն ինչպես միշտ քրքջում է: Նախաճաշը վերջացավ, ու բոլորը վազում են կոնֆերենս-դահլիճ: Մի քանիսը մոլորվում են ճանապարհին, քանի որ բարձրացել են սխալ աստիճաններով: Միջանցքում նորից նույն մտահոգ ու ոգևորված ձայներն են.
-Վայ, մոռացա հարցերը գրեմ:
-Ֆիլմի լավ գաղափար եմ մտածել:
-Շուտ-շուտ, լիքը գործ կա անելու:
Բոլորս զբաղեցնում ենք մեր տեղերն ու սկսում քննարկումը: Կարծես թե այսօր բուռն քննարկում է լինելու: Ընտրվել է 10 ֆիլմի գաղափար, ու բոլորը պիտի նկարվեն:
-Ջա՜ն, էսօր առաջին անգամ ֆիլմ եմ նկարելու:
Խմբերը քննարկում են իրենց ապագա ֆիլմի կադրերն ու նկարահանման ընթացքը, փորձում են շլացնել իրենց բացառիկ գաղափարներով:
Ճաշից հետո 3 խմբերը մեկնում են նկարահանումների: Առաջին խումբն Արզականում է՝ դարբին Արտակ Պետրոսյանի տանը, ով նախկինում ունենալով ինժեների մասնագիտություն, աշխատել է որպես հանգստյան տան փոխտնօրեն, իսկ մոտ ապագայում պատրաստվում է հիմնադրել սեփական թանգարանը: Նա այնտեղ է ներկայացնելու իր պապերից իրենց հասած հինավուրց իրերը` կճուճներ, կարասներ, կարպետ ու էլի հայ գյուղացու օջախում օգտագործվող բազմաթիվ կենցաղային իրեր:

Լուսանկարը` Ռուզաննա Եսայանի
Դարբինը նկարահանման ընթացքում մոմակալ պատրաստեց ու նվիրեց «Մանանային»:
Երկրորդ խումբն ուղևորվում է Գյումուշ՝ գյուղացիների կողմից վերանորոգված եկեղեցու պատմությունը ֆիլմի վերածելու: Խումբը հանդիպել ու հարցազրույց է վերցրել Արմիկ տատիկից, ով ծանոթացրել է նրանց տեղանքին ու պատմել եկեղեցու մասին:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի
Երրորդ խումբը Բջնիում է: Նրանց հաջողվում է պատրաստել հրաշալի ֆոտոշարք գյուղի մասին ու հարցազրույց վերցնել գյուղի քահանա Տեր Արիստակես Բաղալյանից, ով խմբին հորդորում է վստահել սեփական հավատքին և ապրել, ինչպես վայել է իրական քրիստոնյային: