Անուշ Հակոբջանյանի բոլոր հրապարակումները

Մեր պապերի ժառանգությունը

Սովորական առավոտ էր, որը չէր տարբերվում մյուս առավոտներից: Ինչպես միշտ ես արթնացա, և ինչպես հայրս է սիրում ասել` «ունքերս խառնած», լվացվեցի և սկսեցի պարապել: Ոչ մի ծրագիր չունեի օրվա համար, սակայն լսվեց մայրիկի ձայնը.

-Հագնվե՛ք, տեղ ենք գնում:

Անակնկալի գալով ես ու քույրս արագ հագնվեցինք և նստեցինք ավտոմեքենան:

Ճանապարհից հասկացա, որ Դիլիջանի ուղղությամբ ենք գնում, շատ եմ սիրում այդ ճանապարհը: Մեքենան արգելակեց, և մեզ ասացին, որ մնացած ճանապարհը ոտքով ենք բարձրանալու:

Ես ուրախացա, քանի որ շատ եմ սիրում ընտանիքիս հետ արշավների գնալ: Բարձրանում էինք կածաններով, ծառերին ուշադիր նայելով, ընտանիքով լուսանկարվելով, բայց դեռ չգիտեի, թե սարի գլխին ինչ կար:

Ճանապարհը երկար էր, բայց հոգնածություն չէի զգում: Հանկարծ կանգ առանք, և մայրիկը ասաց.

-Ահա՛, վերջապես տեղ հասանք:

Եկեղեցի էր, խոնարհված, սակայն նախշաքանդակներով պատված սյուները, կլոր կամարները, վեհ գավիթը հպարտ պատմում էին, թե որքան գեղեցիկ է եղել Կարմիր եղցի եկեղեցին:

Մայրիկը պատմեց, որ մեր առջև Կարմիր եղցի կամ Գետկավանք վանական համալիրն է: Կառուցել է Մխիթար Գոշը` 9-12-րդ դարերում: Ըստ պատմական վկայությունների, շրջակայքում գյուղեր են եղել: Եկեղեցին ավերվել է երկրաշարժից, այնուհետև թալանել և քանդել են մոտակայքում ապրող ազերիները: Այն գետնախորշով կապ է ունեցել դիմացի լեռան վրա կանգնած բերդի հետ, հիմա միայն բերդի ավերակներն են երևում: Սիրտս լցվեց տեսնելով այդ հրաշքը ամայի. լքված, պատված տատասկներով և փշերով: Ներս մտնելով ես կարծես լսեցի զանգերի ղողանջը, վանահոր աղոթքը իր փոքրիկ խցում, սակայն սարսռացի, տեսնելով, թե ոսկի որոնողները ինչպես էին քանդել խցի հատակը, քարերը ջարդել: Մայրս նկատեց,որ մի երկու ասեղնագործ խաչքարեր էլ չկան: Չնայած դրան քարերը լուռ խոսում էին, թե որքան գեղեցիկ են եղել իրենք, որքան մարդկանց աղոթք են լսել, որքան հայի շուրթեր են համբուրել իրենց: Դարերից եկած ամուր պատերը մեր պատմության խոսուն վկաներն էին, որքան ամուր են նրանք, որ դիմացել են այդքան արհավիրքներին:

Քիչ հետո ողջ ընտանիքով մաքրում էինք համալիրի շուրջ կուտակված աղբը: Այդքանը կարող էինք անել Աստծո տան համար: Շատ եմ ցավում, որ զբոսաշրջիկները փոխանակ խնամքով վերաբերվեն, աղտոտում են շրջակայքը, տեղահան անում քարերը: Քույրս հիշեց, որ այստեղ պահած իր երազանքը կատարվել է, իրոք հրաշք: Վերադառնում էինք լուռ ու տխուր, բայց և հպարտ մեր նախնիների թողած ժառանգությամբ: Հուսամ գոնե մեր սերունդը մի օր ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնի Գետկավանքը, և գուցե մի օր նրա զանգերը կրկին ղողանջեն:

 

Փոքր Հայաստանը իմ մեծ տեսախցիկով

Այս ամառ մենք ուղևորվեցինք Սյունյաց աշխարհ: Հիացած, վախենալով բարձունքից, աշխարհի ամենաերկար ճոպանուղուց դիտում էի մեր լեռնաշխարհի հրաշքները, անդնդախոր ձորերը, վեհ անսասան կիրճերը: Ահա Տաթևի վանքը բարձունքում: Ակամա տեսա դարեր առաջ այստեղ ճգնած ու աղոթող վանահայրերին, ականջներիս հասան կոչնակների ձայները: Վիթխարի ժայռերին թիկնել էր ճարտարապետական հրաշք կոթողը: Դեռ չէի հաղթահարել բարձունքի վախը, երբ իմ ընկերները մի նոր փորձություն էին պատրաստել ինձ համար: Մեզ բացատրեցին, որ տարածքում գտնվում է շարժվող սյունը: Մոտեցանք, ես այնքան էի տարվել, այնպես ուշադիր էի զննում նրա քարերը, հիմքը, ուզում էի տեսնել, թե ինչ մեխանիզմ է շարժում սյանը, երբ հանկարծ տղաներից մեկը գոչեց.

-Անու՛շ, փախիր, սյունը ընկավ:

Ճչացի և հեռու ցատկեցի: Բոլորը ծիծաղեցին վրաս: Գլուխս բարձրացրի, սյունը կանգուն էր: Ախր, ինչպե՞ս հավատացի, չէ որ այնպես էր կառուցված, որ անգամ հզոր երկրաշարժերը անզոր են եղել տապալելու:

Ճապոնացիները 20-րդ դարում ունենալով հզոր տեխնիկա, սկսել են կառուցել են իրենց տները ճոճվող սարքերի, զսպանակների վրա, իսկ իմ նախնիները այդ գաղտնիքը իմացել են դարեր առաջ` կատարելով ճշգրիտ հաշվարկներ, կիրառելով պարզ, միևնույն ժամանակ, հանելուկային միջոցներ, որոնք հիմա էլ զարմացնում են մարդկանց:

Ես ամբողջ ժամանակ լուսանկարում էի այն ամենը, ինչն ինձ ոգևորում, հիացնում ու հպարտության զգացումով էր լցվում: Ահա Տաթևը իմ աչքերով:

Փոփոխություն եմ ուզում

Լուսանկարը` Արփինե Աղավելյանի

Լուսանկարը` Արփինե Աղավելյանի

Ինձ շատ է հուզում Հայաստանի տնտեսական վիճակը և գործազրկության խնդիրը: Մեր համայնքում մարդկանց կեսը գործազուրկ է: Բոլոր բակերում առավոտյան նստած են մարդիկ, որոնք սպասում են ամսվա վերջին իրենց չնչին թոշակին, որով պետք է ապրեն մեկ ամիս: Հարևանները առավոտից երեկո նստում են բակում, խաղում ու խմում: Դրանից հետո լսվում են կանանց գոռգոռոցները: Խանութներում պարտքի տետրերում հայտնված իրենց անունների պատճառով մարդիկ ամաչում են գնալ խանութ, բայց տարիներ առաջ այդպես չէր: Բոլորը ուրախ էին, պարապ մարդիկ չկային, աշխատանքի տետրեր կային և պարտքի տետրեր գրեթե չկային, իսկ հիմա ամեն ինչ տխուր է: Երբ դուրս ես գալիս, բոլորը տխուր ու դժգոհ դեմքերով նայում են քեզ, և դու նույնիսկ վախենում ես նրանցից: Ամսվա վերջում բանկում ասեղ գցելու տեղ չի լինում: Բոլորը իրենց չնչին թոշակներն են վերցնում և մի օրվա ընթացքում այդ փողի կեսը ծախսում խանութի պարտքերը փակելու վրա:

Եվ հաջորդ օրը ամեն բան նորից կրկնվում է. բակ, խաղեր, խմիչք, պարտքերի տետր և անգործություն…

Ծառայում եմ հայրենիքիս

Հետաքրքիր է մարդկանց առեղծվածը. ծնվում են գիտնականներ, գրողներ, դյուցազուններ, բժիշկներ: Մեկը փայլում է խելքով, մյուսը` ուժով և համառությամբ:

Իմ շրջապատում ևս կան հետաքրքիր, խիզախ և ազնիվ մարդիկ, որոնք երբեք չեն սիրում հպարտանալ, ցույց տալ իրենց կատարած սխրագործությունները: Նրանք երբեմն չափից դուրս համեստ ու բարի են, իսկ մի՞թե դա ավելի հետաքրքիր չէ և ուշադրության արժանի: Ահա այդպիսի մի մարդ է իմ պապիկը՝ Աղասի Չիլինգարյանը: Նա ողջ կյանքում անշահախնդիր ծառայել է իր հայրենիքին: Երկար ու ձիգ տարիներ պաշտպանել է հասարակական կարգը, պայքարել հանցագործների ու գողերի դեմ: Անհրաժեշտության դեպքում չի վախեցել խուլիգանների և հանցագործների մահափորձերից, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակ նա առանց վարանելու վերցրել է զենքը և անտառների ու ձորերի միջով հասել շրջափակման մեջ գտնվող իր հայրենի Արծվաշեն: Նա վերջինն է եղել այն մարդկանցից, ով դուրս է բերել խաղաղ բնակչությանը շրջափակումից և այլևս օգնության հույս չունենալով, հետ նահանջել հարազատ գյուղի դիրքերից: Իսկ երբ մենք նրան հարցնում ենք այդ մասին, նա համեստորեն ժպտում է, կարծես թե ոչինչ չի կատարվել: Ականատեսները նշում են, որ երբ շրջանի ղեկավարությունը գնում էր բանակցությունների, նրանք իրենց հետ անպայման վերցնում էին նաև պապիկիս, երևի թե նա իրոք հավատ և ուժ էր ներշնչում իրեն շրջապատող մարդկանց:

Արդեն 60 տարվա շեմին, երբ հանրապետության նախագահը նրան էր հանձնում խիզախության համար հայրենիքի բարձր պարգևը նա արտասանեց ընդամենը երկու բառ.

-Ծառայում եմ հայրենիքիս:

Մի՞թե նա արժանի չէ դասվելու հետաքրքիր մարդկանց շարքերը, որոնք անվերապահորեն նվիրված են հայրենիքին:

Իմ ամենասիրելի մարդը

Իմ ամենասիրելի մարդը մորաքրոջս ամուսինն է, ում ես փոքրուց պապիկ եմ ասել։ Բոլորը միշտ զարմանում էին, որ ես ասում էի պապիկ, բայց ժամանակի ընթացքում բոլորի համար սովորական էր դարձել։ Երբ նրա աղջիկը իրեն թոռ պարգևեց, բոլորը եկան նրանց շնորհավորելու։ Երբ պապիկը դուռը բացեց, բոլորն աչքալուսանք տվեցին՝ ասելով, որ պապիկ է դարձել, և նա ասաց, որ ինքը արդեն տասնչորս տարի է, ինչ պապիկ է։ Այդ օրվանից ես ավելի կապվեցի ու սիրեցի նրան: Երբ ինձ հարցնում են, թե ում եմ շատ սիրում, ես հպարտ պատասխանում եմ՝ պապիկիս։ Նրա անունը Աղաս է, նա շատ բարի մարդ է և ոչ բոլորը ունեն նրա բնավորությունից։ Նա այդքան էլ մեծ չէր, երբ ես ու քույրս նրան պապիկ ասացինք։ Ու ոչ բոլորին դա դուր կգար, սակայն նա այնքան բարի էր ու մեզ այնքան շատ էր սիրում, որ դարձավ մեր պապիկը, իսկ մենք՝ նրա թոռնիկները։ Հորեղբայրս միշտ ասում էր, որ ինքը ասել է Աղո պապի, այդ օրվանից ենք նրան սկսել պապիկ ասել, սակայն մենք միշտ հակաճառում էինք, որ դա այդպես չէ։ Հին վիդեոներ, տեսանյութեր նայելիս ես տեսնում եմ, թե նա ինչպես է խաղացել մեզ հետ, ինչպիսի գժություններ է արել մեզ համար, ու ես սկսեցի հասկանալ նրա կարևորությունը և դերը իմ կյանքում։ Միշտ շատ լավ եմ հիշում նրա ձեռքի մատանին։ Փոքր ժամանակ ես ասել եմ, որ երբ մեծանամ, ինձ տա այդ մատանին, և նա երբեմն կատակով ասում էր. «Բա, որ ես մահանամ, ու մատանին մատիցս դուրս չգա՞», և ես միշտ ասում էի, որ մատը կկտրեմ ու կհանեմ: Նա ժպտում էր այդ իմ խոսքերից։ Երբ մի անգամ նրա թոռնիկը ասաց. «Պապի, որ մեծանամ, մատանիդ կտա՞ս ինձ», -նա պատասխանեց, որ այդ մատանին արդեն տեր ունի, դա Անուշինն է։