Արաքսյա Տոնոյանի բոլոր հրապարակումները

Araqsya Tonoyan

Շուշաններ ու արցունքներ

Ոտքերս քայլեցին՝ ու ինձ դարձյալ քեզ մոտ բերեցին,

ձեռքերումս` շուշաններ,

աչքերումս` արցունքներ,

Ամեն քայլ մի հիշողություն էր կուլ տալիս լուռ,

 

Պապ ջան, էստեղ եմ, լսու՞մ ես դու ինձ,

Էլ ոչ ոք չունեմ, որ հասկանա հիմա…

 

Ծնկի եկավ՝ լուռ, հեկեկաց դանդաղ,

Ոչ թե աղմկոտ, այլ խոր, խեղդված,

Որ աշխարհը չլսի, բայց քարը հասկանա,

Որ գոնե այնտեղ իրեն դատող չկա…

 

Պապիկ, շշնջաց, – սիրտս հալվեց արդեն,

Ո՞ւմ մոտ գնամ, որ չխաբեն ինձ էլ երբեք.

Ո՞ւմ պատմեմ ցավս, որ չդառնա զենք,

Ո՞վ գրկի ինձ, առանց հարց ու պայման,

ում ուսին հիմա գլուխս ես դնեմ ու ներսիս ցավը բաց արտահայտեմ:

 

Ծաղիկները հպվում էին ափին՝ մեղմ,

Թվում էր՝ նրանք են միակ գուրգուրանքը հիմա,

Թվում էր՝ բնությունն է լսում իրեն,

Երբ մարդիկ լռեցին ու թողեցին նրան միայնակ:

 

Քարը լուռ էր, բայց թվում էր՝ տաք,

Թվում էր՝ կարոտով գրկեց աղջկան քնքուշ,

Որ գոնե մի պահ, այս խառն աշխարհում,

Նա զգա՝ դեռ կա մի տեղ, ուր իրեն սպասում են լուռ:

 

Կենացդ լինի

 

Բարով գնաս, դավաճան իմ սեր,

Ես քեզ հավատացի կույր աչքերով,

Սիրտս բացեցի լուռ հայացքներով,

Նայում էի քեզ՝ հույսով, հավատով,

որ հոգիս կլցնես խինդով, ժպիտով,

Մինչ դու որոնում էիր մեկ այլ ուրիշի…

Ի՞նչն էր պակաս, ախ, այս սիրո մեջ,

Որ խաբեցիր ժպիտով մեղմիկ։

Գուցե խոսքերս շատ էին խորը,

Թե՞ իմ լռությունն էր քեզ ծանր բեռ,

Ինձ տվեցի, մինչ դու խաղում էիր,

Սերը դարձավ քեզ համար պարզապես  մի դեր։

 

Բայց թող գնա՝ քամու պես արագ,

Ինձ ցավով թողած, քեզ ժպիտով լուռ,

Քո վառած կրակը մոխիր դարձավ,

Բայց ես կվերածնվեմ՝ կրկին ու լուռ….

Araqsya Tonoyan

Հիվանդանոցային պրակտիկայի խճանկար

2024 թվական, հուլիս։

-Երբ զգամ, որ աշխարհը լքելու ժամանակն է, վերջին պատվերս լինելու է ինձ այրելը։ Մի՞թե կարելի է թույլ տալ, որ որդերը խժռեն մարմինդ, իսկ օրգաններիդ հետ վարվեն անփութորեն՝ այնպես, ինչպես կցանկանան, և դա ոչ ոք չի տեսնի։

Լսվեց Անուշիկի ձայնը, որ գունատ, ոչ մի էմոցիա չարտահայտող դեմքով դուրս եկավ դիականոցից։

- Անո՛ւշ, այ Անուշիկ, լավ չե՞ս զգում։

- Էս ո՞ւր եմ ընկել, էս մասնագիտության համար բավական ուժեղ չեմ։ Դե, պատկերացնենք մի պահ, մի ժամանակաշրջան երբ բոլոր մարդիկ կլինեն իրենց տեղերում, օրինակ՝ ուսուցիչը որպես ուսուցիչ իր աշխատանքով կկերտեր հայրենասեր, կիրթ, բարեպաշտ մարդ, ոչ թե պարզապես կմաշեր իրեն տրված 45 րոպեն։ Օրինակ՝ վարչապետը որպես վարչապետ մեծ նվիրումով կծառայեր իր ժողովրդին, պատվով կկառավարեր երկիրը, ոչ թե կթալաներ։ Կամ օրինակ, ես, որ հիմա այստեղ եմ ու չգիտեմ, թե ուր եմ գնում…

Միանման մարդկանց շարքեր, այդ շարքերում մեռած մտքեր…

Ամեն մարդ, եթե իր գործը սիրով կատարեր ու լիներ իր տեղում անմնացորդ նվիրումով, գուցե ամեն բան այլ լիներ։

- Արի գնանք, հերիք է տրտնջաս։ Վերևում ծնունդ կա, կարող է օգնելու գործ լինի,-ասաց պրակտիկանտներից մեկը՝ Մարիամը՝ փորձելով ցրել մռայլ մթնոլորտը։

-Օ, էս ինչ տեսարան է…

Աննկարագրելի գեղեցկություն, հոգուս հարազատ, գեղեցիկ աչքեր, կապույտ աչքեր։

Մեծ տատս ասում էր, երբ կինը ծննդաբերում է, այդ ժամանակ ամենաչքնաղն է, որովհետև մայր է դառնում, ամենամեծ պարգևը Աստծո կողմից։

-Եկե՛ք էրեխեք ջան, եկե՛ք, տեսեք ինչ ուժեղ աղջիկ ունենք,       4-րդ տղեն ա ունենում։ Հլը ուժ տուր, ուժ տուր։

-էս մեկի անունը ի՞նչ եք դնելու։

Առաջնեկի անունը Հայկ է՝ ի պատիվ Հայկ Նահապետի, երկրորդի անունը Տիգրան է՝ ի պատիվ Տիգրան Մեծի, երրորդի անունը Սողոմոն է՝ ի պատիվ Թեհլերյանի։ էդպես է, չէ՞, Արևիկ  ջան։ Երեքի ժամանակ էլ իմ աշխատանքային օրն է եղել։

-էդպես է, էդպես։ Սա էլ Դավիթս է, արդեն սասունցու ոգով եմ դաստիարակել, հենց իմացել եմ գոյություն ունի։

-Աչքդ լո՜ւյսս։ Էս էլ քո Դավիթը, քո ուզածի պես խոժոռադեմ, խիստ,-ծիծաղում է մանկաբարձը։

Ակամա հիշում եմ իմ սիրելի  դասախոսի խոսքերը, որը երկար տարիներ աշխատել է որպես մանկաբարձ-գինեկոլոգ,  ով նաև փրկել է կյանքս տարիներ առաջ. «Բալիկը երբ ծնվեց, դուրս եկավ արտաքին միջավայր, սթրեսի՝ գերհույզի մեջ է, քանի որ լքում է իր տունը՝ ներարգանդային կյանքը… Առաջին ճիչը, որ լսվեց, նշանակում է` թոքերը սկսեցին գործել։ Առաջին շունչը եղավ, պետք է բալիկին դնել մայրիկի կրծքին, փորի վրա, որ լսի մայրիկի սրտի աշխատանքը ու իրեն նորից իր տանը զգա»։

Ինչ հետաքրքիր է, չէ՞, մի տարածք, որտեղ ծնվում են կյանքեր, միաժամանակ մեռնում են մարդիկ՝ ավարտվում են կյանքեր։ Հիվանդանոց կամ առողջարան. մեկը գալիս է ծաղիկներով, մեկը գնում՝ արցունքներով, իսկ մեզ մնում է համբերատարություն, ուժ ու կամք։