Հայաստանում կա մի գյուղ, որը անվանվում է Եղիպատրուշ: Քիչ չեն այն մարդիկ, որ երբևէ չեն լսել այդ գյուղի մասին և պատկերացում էլ չունեն, որ գոյություն ունի այդպիսին: Գյուղը գտնվում է Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի ստորոտին՝ լեռնային գետակի աջ կողմում, բայց գյուղը գյուղ չէ, եթե չունի եկեղեցի:

Լուսանկարը` Զառա Ղազարյանի
Եղիպատրուշում ժամանակին մի վեհագույն կառույց կար՝ այսօր վիրավոր, բայց և աննման թռչնի է նմանվել: Բնական է, որ մեղավորներ գտնելն անհնար է, բայց մեր վերքին աղ լցնողները, որոնք նույնպես մեղավորների շարքերում են, միշտ էլ կան ու կգտնվեն: Նրանցից ամենաբարձրը մի օր ասաց.
-Մեզ սարերի եկեղեցիները չեն հետաքրքրում…
Դե, եկ սարեցի ու մի խելագարվիր:
Լուսանկարը` Զառա Ղազարյանի
Նախ` մի փոքր եկեղեցու մասին:
Եկեղեցին գմբեթավոր կառույց է, բավականին ընդարձակ, դրսից` քառակուսի, ներսից` խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով: Եկեղեցու ներսի պատերին եղել են որմնանկարներ, որոնցից մի փոքրիկ հատված պահպանվել է արևմտյան պատին: Եկեղեցուն կից՝ արևմուտքից կառուցվել է ընդարձակ գավիթը, որի ծածկը ամբողջովին քանդված է: Եկեղեցու գավիթը աչքի է ընկնում նմանը չունեցող հավելումներով: Գտնված արձանագրություններից մեկի համաձայան՝ ՌԾԷ(1207-1208 ) թվականը համարվում է եկեղեցու կառուցման տարեթիվը, եկեղեցին կառուցվել է Նիգ-Ապարանի տեր Վաչե Վաչուտյանի օրոք, իսկ գավիթը կառուցվել է 13-րդ դարի 20-ական թվականների վերջին՝ ամենայն հավանականությամբ Քուրդ Ա Վաչուտյանի կողմից:
Այսօր եկեղեցին չի գործում և ունի լուրջ վերահսկողության կարիք, եկեղեցու մասին տված հակիրճ տեղեկությունն արդեն իսկ բավարար է պատկերացում կազմելու համար, թե ինչ հզոր և նմանը չունեցող կոթողի մասին է խոսքը և ոչ թե` պարզապես քարերի համաձուլվածքի:

Լուսանկարը` Զառա Ղազարյանի
Ավետարանում ասվում է «…Ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ եկեղեցին: Քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրա ոսկորներից» (Եփես. 5.29–30): Հանդգնեմ ես էլ ավելացնել իմ կարծիքը և մտահոգությունը: Եկեղեցին մարդու և Աստծո հանդիպավայրն է, ինչպես վերաբերվում ենք մեր սեփական տանը, դրանից առավել պետք է վերաբերվենք Աստծո տանը, իսկ ոմանք էլ թող իմանան, որ Աստված հենց սարերի եկեղեցիներում է ապրում…