Լիլիթ Խաչիկյանի բոլոր հրապարակումները

lilit khachikyan-2

Կյանքիս մի նոր շրջանը

Արթնացա, բացելով աչքերս, բայց կարծես թե չէի հավատում, որ արդեն լուսացել է: 2 վայրկյան անշարժ մնալով՝ աչքիս առաջ եկան ամառային հիշողություններն ու անցան ակնթարթի պես: 

-Ժամը քանի՞սն է,- ասացի ես փոքր-ինչ անհանգիստ տոնով:

Պատասխան չստանալով, ես հասկացա, որ բոլորը դեռ քնած են, ու ես չեմ ուշանա իմ առաջին ուսումնական օրվանից նոր դպրոցում: Դրան հաջորդեց հիշողությունների մի մեծ շղթա:  Աչքիս առաջ եկավ իմ հարազատ կրթօջախը՝ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցը, ուր առաջին անգամ ոտք դնելիս 6 տարեկան  էի: Հետո հիշեցի իմ առաջին սեպտեմբերի 1-ը. ճիշտ է, փոքր էի, բայց մինչ օրս պարզ հիշում եմ:  Փոքրիկներից շատերի ուրախ-զվարթ դեմքեըրը, իսկ ոմանց էլ թախծոտ աչքերը կարծես սառել էին մի պահ աչքիս առջև:

Ու այդպես ժամանակը մտովի առաջ տալով արդեն 9-րդ դասարան էի: Վերջին սեպտեմբերի 1-ը հիմնական դպրոցում: Սովորաբար վերջին տարվա ընթացքում ամրապնդվում է մտերմությունը ընկերների միջև, ու բաժանումն էլ ավելի դժվար է լինում:

-Լիլիթ, վեր կաց: Ուշացանք,-ասաց քույրս:

Այս խոսքերը լսելով՝ 9 տարվա հիշողությունները ցրվեցին իմ մտքից և ես վեր կացա:

Մինչ նոր դպրոց այցելելը ես գնացի իմ հարազատ դպրոց:

-Այս ծաղիկները Ձեզ,- ասացի ես:

-Փաստորեն ոչինչ ապարդյուն չէր,- փոքր-ինչ հուզված պատասխանեց տնօրենը:

Մեկ ժամ անց մենք արդեն ավագ դպրոցում էինք: Փոքր-ինչ խորթ էր թվում միջավայրը: Նոր դպրոց, նոր դասարան, նոր ընկերներ: Մի խոսքով ամեն ինչ նոր էր:

«Մի քանի շաբաթ անց արդեն կհարմարվեմ»,-մտածեցի ես:

Հուսամ գալիք երեք տարիներն էլ հիշարժան պահերով ու վառ հիշողություններով հագեցած կլինեն:

lilit khachikyan-2

Արդյո՞ք մեղավոր ենք

Ամառ է: Հիանալի եղանակ է: Իսկ ես այնքան ազատ ժամանակ ունեմ: Իսկ ինչպես պետք է «վատնեմ» իմ ազատ ժամանակը: Այո՛, վատնեմ, չէ որ հոգնել եմ ամեն օր նույն զբոսայգում զբոսնելուց, միևնույն ֆիլմը երկու, երեք կամ միգուցե յոթ-ութ անգամ դիտելուց:

-Լավ, հասկացա,- բացականչեցի ես:

Անմիջապես մոտեցա համակարգչին, մուտք գործեցի իմ ֆեյսբուքյան էջ ու կրկին տրամադրությունս ընկավ: Ախր, ոչ ոք առցանց չէր, ի՞նչ պետք է հիմա անեմ: Արդյո՞ք մեղավոր եմ ես այն բանի համար, որ ծնվել եմ մարզում, այլ ոչ թե քաղաքում: Ինչո՞վ ենք մենք մեղավոր….

Իսկ եթե ես ծնված լինեի մայրաքաղաքո՞ւմ: Ինչ հիանալի կլիներ: Ստիպված չէի լինի ազատ ժամանակս վատնել՝ մտածելով, թե ինչպես պետք է այն օգտագործեմ: Կայցելեի տարբեր զբոսայգիներ, սրճարաններ, պատկերասրահներ, թանգարաններ: Մի խոսքով, կունենայի հագեցած ու հիշարժան ամառային օրեր:

Իսկ եթե Աստված չանի հիվանդանա՞մ: Չէ որ մեր համայքում կա ընդամենը մեկ հիվանդանոց, չկան համապատասխան սարքավորումներ, նեղ մասնագիտական կադրեր: Իսկ քաղաքում պատկերն այլ է: Այնքան շատ են պետական հավատարմագրված, չհավատարմագրված հիվանդանոցները, որ չգիտես, թե որն այցելես:

Հիվանդությունը մի կողմ դրած: Ես արդեն 10-րդ դասարանցի եմ, ու այս երեք տարին այնքան արագ կանցնի: Մեր քաղաքում չկան բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ ես այնքան երազանքներ ունեմ: Դե, պետք է ուսումս Երևանում շարունակեմ, բայց ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը:

Արդյո՞ք մեղավոր ենք մենք, որ ծնվել ենք մարզում: