Մանե Մինասյանի բոլոր հրապարակումները

Mane Minasyan

Եթե չեք սիրում սովորել, համալսարան մի եկեք

Փոքր տարիքից սովորություն ունեմ ամեն երեկո օրացույցից ջնջել անցնող օրվա ամսաթիվը: Տարիների սովորություն դարձած գործողությունն էի կատարում հերթական անգամ, երբ նկատեցի, որ նոյեմբերն արդեն երկու մասի է բաժանվել՝ անցյալում ավելի մեծ քանակով օրեր թողնելով:

Սեպտեմբեր 2017, հոկտեմբեր 2017 ու նոյեմբեր 2017-ի կես: Ահա այն ժամանակահատվածը, որ ես ու հասակակիցներս ապրում ենք նոր ու ավելի հագեցած, հետաքրքիր ու, ինչու չէ, նաև բարդ ու ավելի պատասխանատու կյանքով, որը մեկ բառով անվանում ենք ուսանողություն:

Վստահ կարող եմ ասել, որ մենք՝ ուսանողներս, այս ամենին հասնելու համար անցել ենք տարբեր փորձությունների միջով:

Այս նոր փուլի, համալսարանի ու ուսանողական կյանքի հետ, հուսով եմ, բոլորս էլ ինչ-ինչ հույսեր ենք կապել, մտովի այն հազար անգամ կառուցել ու քանդել ենք:

Արդյոք որքանո՞վ են արդարացել հույսերը, ինչքանո՞վ էին դրանք համապատասխանում մեր սպասումներին, փորձել եմ պարզել՝ զրուցելով հասակակիցներիս հետ:

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անյան պատմում է, որ իր մանկության երազանքներից մեկն է եղել հեռուստաստուդիայում աշխատելը: Փոքր տարիքից բոլորն իրեն ասել են, որ հաղորդավարուհու կեցվածք ունի: Անյան պատմում է, որ ինչպես բոլոր դեռահասների գլխում, այնպես էլ իր, հազարավոր մասնագիտություններ են պտտվել, մինչև վերջապես ընտրել է այս ուղին: Նա նաև նշեց, որ իր սպասումներն ու իրականությունն իրարից այդքան էլ տարբեր չեն, իսկ նպատակները կամաց-կամաց իրականանում են: Գիտի, որ սա այն մասնագիտությունն է, որն իրեն հնարավորություն կտա ներկայանալ իր բոլոր կարողություններով:

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Սիլվին էլ պատմում է, որ փոքր տարիքից երազել է դառնալ դերասանուհի, սակայն տանը համաձայն չեն եղել: Բայց մի օր հեռուստացույց դիտելու ժամանակ հասկացել է, որ իրեն դուր է գալիս լրագրողի աշխատանքը և որոշել է սովորել այդ մասնագիտությունը: Նշում է նաև, որ ունի այդ մասնագիտությանը բնորոշ շատ հատկանիշներ՝ ակտիվ է, հետաքրքրասեր, շփվող ու զրուցասեր:

Սիլվին խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր շատ հետաքրքրասեր են, սիրում են ակտիվ կյանք, ունեն գրագետ ու ճկուն խոսք, գալ ու սովորել այս ֆակուլտետում, որովհետև ժուռնալիստիկան հենց այդ մարդկանց համար է: Սակայն այս ֆակուլտետ պետք է մասնագիտությունը սիրելով գալ, որովհետև սա այն մասնագիտությունն է, որին պետք է ամբողջ սրտով ու հոգով նվիրվել: Սիլվին նշում է նաև, որ երբեք չի զղջա, որ ընտրել է հենց այս համալսարանն ու այս բաժինը:

Իսկ ահա Սոնան, ով սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսում, պատմում է, որ սկզբում ամեն ինչ խորթ է եղել, անգամ մտածել է, որ սխալ ու իրեն ոչ համապատասխան բաժին է ընտրել: Սկսել է համեմատություններ տանել դպրոցի ու համալսարանի միջև և մինչև հիմա էլ այն կարծիքին է, որ դպրոցն ուրիշ է և միշտ ուրիշ կմնա իր կյանքում, բայց ուսանողական կյանքն էլ իր համն ու հոտն ունի, իսկ կուրսի մասին միայն լավը կարող է ասել:

Զրուցելով մյուս ընկերներիս հետ՝ լսել եմ շատ նման ու տարբեր կարծիքներ: Նրանցից ոմանք անգամ ստիպված են դասի գնում, որովհետև իրենց ընտրած մասնագիտությամբ չեն սովորում, ընկերներ էլ ունեմ, ովքեր իրենք են ընտրել, սակայն փոշմանել են: Իսկ համալսարանն այն վայրն է, որտեղ պետք է գալ սիրով ու սովորելու ցանկությամբ:

Առայժմ այսքանը, իսկ հիմա շարունակեմ դասերս, չէ՞ որ ես էլ առաջին կուրսի ուսանողուհի եմ, ով գնում է իր նպատակի հետևից:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Երևան՝ սիրո քաղաք. Էրեբունի-Երևան 2799

Mane Minasyan

Շնորհավո՛ր տո նդ, Հայաստա՛ն, ի՛մ ե րկիր

Իմ… Ինքնին սեփականացնող բառ է: Իմ երկիրը:
Այս արտահայտությունը լսելիս միանգամից մտքիս է գալիս Հայաստանը, մեր տունը, փողոցը, հողն ու անգամ մեր հարևան տատիկը:

Եթե հայացք գցեմ դեպի մանկություն, կասեմ, որ մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել ապրել արտերկրում, սակայն ծնողներս որոշել են, որ լավ ուղի կգտնեմ միայն իմ երկրում` Հայաստանում:
Ես մի մարդ եմ, ով շատ ակտիվ է, ազատ ու հարմարվող, սակայն այս հատկանիշներն ինձ բնորոշ են միայն այստեղ:
17 տարեկան եմ: Կյանքիս երևի 2-3 տարին է, որ ապրել եմ Հայաստանից դուրս, շնչել ինձ համար օտար օդ, ու արևն անգամ օտար է եղել:
Ես շատ, չէ, շա՜տ-շա՜տ եմ սիրում Հայաստանը:
Հայաստանն ինձ համար մայրս է:
Հայաստանը արևն է, Հայաստանը մեր բակի ծառերն են, անգամ մեր շունը:
Հայաստանը դպրոցն է իմ, նստարանս, գրիչն ու թուղթը:
Հայաստանը լույն է լուսաբացի, իսկ միգուցե` օդը:
Լավ, Հայաստանը նաև դու ես, ընկերուհիս, ուսուցիչս ու մեր դպրոցի պահակը:
Հայաստանը ե՛ս եմ, ե՛ս…
Սահյանը կասեր. «Հայաստա՛ն, անունդ տալիս…»:
Հա, իրոք, Հայաստա՛ն, անունդ տալիս` ես ինձ եմ տեսնում:
Տեսնում եմ դեռ չծնված, երբ փորձում էի ձևավորվել: Տեսնում հենց նոր աշխարհ եկած, տեսնում եմ ինձ օրորոցում, վա՜յ, տեսնում եմ, նոր եմ քայլում, ոտքս մեկ աջ ու մեկ էլ ձախ, մանկապարտեզ եմ գնում ու կրկնում իմ մշտական կարգախոսը. «Քնեմ, հելնեմ, փիլավ ուտեմ, գաս, տանես, հա՞, պապա՛»:
Եկավ, տարավ, էլի բերեց, էլի տարավ ու չբերեց, որովհետև տեսնում եմ ես ինձ դպրոցի դռան առաջ, աչքս թարթում, մեկ էլ հանկարծ ես իմ կրծքի զանգն եմ տեսնում, որ հնչում է վերջին անգամ:
Ավարտում եմ, նոր կյանք մտնում, ոտքս էլի առաջ դնում հենց իմ երկրում` Հայաստանում: Ահա արդեն ուսանող եմ, ուսանում եմ, սովորում եմ, որ զարգանամ ու զարգացնեմ մեր բոլորի հայրենիքը` Հայաստանը:
Հայաստա՛ն, անունդ տալիս ես ինձնից առաջ հենց քեզ եմ տեսնում` պայծառ, վսեմ, վառ գույներով:

«Ոսկե նուռ» տոնավաճառ

2005 թվականից Մոսկվայում սեպտեմբեր ամսին Հեղափոխության հրապարակում անցկացվում է հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա տոնավաճառը:

Տոնավաճառի նպատակն է՝ ամրապնդել և զարգացնել գործարար կապերը Երևանի և Մոսկվայի արտադրողների միջև: «Ոսկե նուռը» գործարար բանակցությունների անցկացման, նոր կապեր հաստատելու, նոր պայմանագրեր կնքելու հարթակ է:

Տոնավաճառին մասնակցելու համար ամեն տարի հրավիրվում են սննդամթերքի, ոսկերչական իրերի և հուշանվերների հայ արտադրողներ, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ:

Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվում են հայկական արտադրողների արտադրանքով առևտրային տաղավարներ, շնորհանդեսներ, ցուցահանդես-վաճառք, հայ վարպետների արվեստի ստեղծագործությունների ցուցադրություն, Հայաստանի նկարիչների օրվա բացումը, հայ և ռուս արտիստների երաժշտական ​​կատարումներ, երեխաների համար վարպետության դասընթացներ: Տոնավաճառի ընթացքում այցելուները կարող են նաև վայելել հայկական ազգային խոհանոցը:

Տոնավաճառին ներկա հայերը պատմում են, որ այս տոնավաճառը ևս մի առիթ եղավ հասկանալու, որ մենք՝ հայերս, ունենք աշխարհին ներկայացնելու մեծ մատենադարան` հոգու ու գաղափարի:

-Հայաստան ասելիս հպարտությունը գրկում է ինձ,- ասում էր հայերից մեկը:

Mane Minasyan

Մի քանի օրից

Հայացք եմ գցում դեպի 2016 թվականի ամառն ու հասկանում եմ, որ այն ավելի հագեցած էր և լի նոր ընկերներով,
սակայն 2017 թվականը ավագ դառնալու ամառ էր:
Ամռան մի ամիսն անցավ քննություններով: Արդյունքները վատը չէին, անգամ բավականին բարձր էին, որովհետև
երեք քննությունից միայն մեկի համար էի պարապել, բայց 16 ու 17 ստացա: Հուլիսը սկսվեց սպասումով, ամսվա
կեսին կարդացի անունս հենց առաջին հայտումս նշած բաժնում՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
Այս ամենին հաջորդեց հորաքրոջս այցը Հայաստան, որին 5 տարի չէի տեսել: Չհասկացա՝ ինչպես աչքս թարթեցի, ու
արդեն ճամպրուկներն էինք հավաքում: Նայում եմ օրացույցին, ու օգոստոսի էջում արդեն ջնջելու քիչ օրեր են
մնում: Հա, հաշվում եմ դեպի նոր կյանք տանող ամսվան մնացած օրերը:
Ես արդեն ուսանող եմ: Ուսանող: Փոքր տարիքում ուսանողներն ինձ համար ամենաերազելի մարդիկ էին, որովհետև
նրանք ամեն օր ստիպված կիսաշրջազգեստ չէին հագնում, կամ էլ ամեն օր մաթեմատիկայի տնային չէին գրում, ու որ
ամենակարևորն էր՝ ամեն առավոտ ավտոբուս էին նստում (փոքր տարիքում երազում էի ավտոբուսի մասին, հիմար
երազանք էր):
Ուսանող լինելուս երկար եմ սպասել, հուսով եմ՝ հուսախաբ չեմ լինի:

Մանե Մինասյան

Իմ կյանքի պակասը

Գրիչը ձեռքիս՝ մտածում եմ, թե ո՞րն է իմ կյանքի գլխավոր պակասը, ու հիշում եմ, որ մի անգամ մտերիմներով զրուցում էինք Հայաստանի վատ կողմերից, ու հանկարծ նրանցից մի տղա, որն ապրում է նյութապես ապահով պայմաններում,ասաց, որ մենք չպետք է բողոքենք Հայաստանից, որովհետև այստեղ ամեն ինչ էլ կա: Իսկ ընկերուհիս դրանից հետո ասաց, որ եթե նա էլ տարվա ընթացքում շատ կարճ ժամանակով ապրեր իր հոր հետ, դժվար թե նույնն ասեր:

Այո, հիմա ասում եմ, որ իմ կյանքում պակաս է հայրս, որը Հայաստանի շատ հայրերի պես ընտանիքը պահելու համար մեկնել է արտագնա աշխատանքի:

Տարվա ընթացքում մի որոշ ժամանակ եմ հասցնում նրան տեսնել, կամ էլ, լինում են տարիներ, որ ընդհանրապես չեմ տեսնում: Սա միայն իմ կյանքի պակասը չէ: Եթե հարցնես, 10-ից 8-ը կասեն, որ իրենց կյանքում էլ կա այս պակասը:

Իսկ ինչի՞ համար: Ո՞վ կտա այս հարցի պատասխանը, ո՞վ կլրացնի երեխայի կյանքում հոր պակասը:

Իմ կյանքում պակաս է հայրս, պակաս է լիարժեք ընտանիքս:

Գիտե՞ք՝ գրքերի պակասը կլրացնես մի ամսում մի քանիսը կարդալով, վիտամինի պակասը՝ մրգերով: Իսկ այս պակասը երբեք չի լրացվի, որովհետև ընտանիքը մարդուն պետք է յուրաքանչյուր րոպե, ժամ ու պահ:

EPIC միջազգային ռոք փառատոն

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Օգոստոսի 12-13-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ EPIC միջազգային բացօթյա ռոք փառատոնը:

Թե ինչ է իրենից ներկայացնում այս փառատոնը, կփորձեմ բացատրել:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

EPIC-ը երկօրյա ռոք փառատոն է, որի նպատակն է միավորել հարյուրավոր մարդկանց ֆանտաստիկ ռոք երաժշտություն վայելելու բնության գրկում, ինչպես նաև հնարավորություն է տալիս բաց երկնքի տակ վրաններում գիշերելու:

Այն մեծ տոն է բոլոր ռոք սիրողների համար՝ Dogma, Vostan Hayots, Vordan Karmir, Rozen Tal, Nemra, Vishup և այլ հայտնի խմբերի մասնակցությամբ:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Հանդիսատեսներից Աստղիկն ասում էր, որ եկել են նախ և առաջ ամառվա մի օրը ավելի հետաքրքիր դարձնելու համար, բոլոր ռոք խմբերին էլ հավանում են, բայց հիմնականում եկել են «Որդան Կարմիր»-ի համար, քանի որ նրանք քաղաքում արդեն շատ հազվադեպ են համերգներ տալիս, և միակ հնարավորությունը նրանց լսելու Ծաղկաձոր հասնելն էր:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Կամավորական աշխատանք կատարողներն էլ պատմում էին, թե ինչպես են գտել այստեղ հասնելու ճանապարհը և այլն:

Նրանցից Նադյան ընկերուհու խորհրդով է եկել, նրան այստեղ առավել դուր է եկել, որ կազմակերպիչները խրախուսում էին ընկերների հետ գալ, ովքեր նույնպես կցանկանան օգնել նախապատրաստական աշխատանքներին: Նադյան պատմում էր, որ սկզբում բուկլետներ են բաժանել, հյուրանոցներ են գնացել ու փորձել համագործակցություն սկսել տոմսերի վաճառքի հարցում, իսկ հիմա եկել են անմոռանալի օր անցկացնելու:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Իսկ EPIC INTERNATIONAL SUMMER SCHOOL 2017-ի մասնակիցները պատմում էին, թե ինչպես են հայտնվել այստեղ: Նրանք հայտարարությունը գտել են ֆեյսբուքում, մասնակցել հարցազրույցի փուլերին և հայտնվել 14-օրյա այս դպրոցում, որը նրանց տվել է նոր գիտելիքներ, շատ ընկերներ, մոտիվացրել է:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Եթե մի քանի բառով փորձեմ ամփոփել այս փառատոնը, կասեմ, որ այն հրաշալի հնարավորություն էր կտրվելու այս ամառային տապից, հոգնածությունից ու ինչու չէ, առօրյա հոգսերից և վայելելու ռոքի մեղեդիները:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

mane minasyan -2

Եթե կարողանայի փոխել մեկ բան

Երբ փոքր էի, երազում էի կախարդական փայտիկ ունենալ, որպեսզի առվակների ջուրը դարձնեի նարնջի հյութ, տերևները՝ գունավոր կոնֆետներ, քարերը՝ պաղպաղակներ, իսկ անձրևի փոխարեն քաղցր բամբակներ տեղային:

Երբ մի փոքր էլ մեծացա, կախարդական փայտիկ էի ուզում՝ մաթեմատիկայի դասին իմ փոխարեն ուրիշին նստեցնելու համար:

Հիմա, երբ արդեն դեպի կյանք ոտք դնելու ճանապարհին եմ, ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյոք ի՞նչ կցանկանայի փոխել, եթե ունենայի նման հնարավորություն:

11 տարեկան էի, երբ իմացանք, որ տատիկիս ու պապիկիս ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել: Ես այդքան էլ գիտակից չէի այդ ժամանակ և չէի հասկանում պահի լրջությունը:

12 տարեկան էի, երբ 17 օրվա ընթացքում կյանքին հրաժեշտ տվեցին տատիկս ու պապիկս:

Ինձ համար դժվար էր, սարսափելի դժվար:

Մայրս կորցրել էր հորը, հայրս՝ մորը:

Մեր ընտանիքում իսկական ողբերգություն էր:

Արդեն հինգ տարի է անցել, մենք շարունակում ենք ապրել, ապրել առանց նրանց, ապրել ինչ-որ չափով կիսատ:

Գիտե՞ք, տատիկս ուսուցչուհի էր, այն էլ՝ մաթեմատիկայի:

Տատս ինձ համար կնոջ լավագույն իդեալն էր: Մեր տան խաղաղությունը:

Պապիկս օրինակ էր ինձ համար, օրինակ այս կյանքում արժանապատիվ ապրելու համար:

Կյանքիս լավագույն մարդիկ ինձ մենակ թողեցին, երբ ես դեռ չէի էլ հասցրել նրանց պատմել, թե ինչքան հպարտ էի իրենց թոռնուհին լինելու համար: Կախարդական փայտիկ եմ ուզում, ուզում եմ փոխել այս կյանքում մի բան. ուզում եմ նրանք, ովքեր երկնքում են, հետ վերադառնան:

Mane Minasyan

Մեր հոգու բնությունը

Վեդու համայնքապետարանը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր համադպրոցական շարադրության մրցույթ՝ բնապահպանական խորագրով: Ծրագրին մասնակցում էին Վեդիի 3 դպրոցների շուրջ 30 աշակերտներ, այդ թվում նաև ես: Հունիսի մեկին Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը ամփոփեց մրցույթի արդյունքները: Եվ իմ շարադրությունը համարվեց լավագույնը:

Ստորև ներկայացնում եմ:

 

«Սովորականի պես դուրս եմ գալիս սենյակից, բացում պայուսակս ու դասավորում տետրերս՝ ինքս ինձ հետ խոսելով. «Սա մեկ, սա երկու, ձևավաբանությունը դրել եմ…»:

Դուրս եմ գալիս տնից ու քայլերս ուղղում դեպի ուսուցչուհուս տուն՝ պարապմունքի:

Ընդմիջման ժամանակ ուսուցչուհիս ասաց, որ դպրոցում հանձնարարված է շարադրություն գրել մրցույթի մասնակցելու համար:

Անմիջապես միտքն ինձ հետաքրքրեց, ու ես մոռացա պարապմունքի մասին:

«Պահպանել բնությունը, չաղտոտել այն»: Մտքումս միայն այս տողերն էին, ու ակամա սկսեցի պատկերացնել աշխարհը՝ ծառերը, ծաղիկներն ու խոտերը, անգամ հողն ու ջուրը:

Բնությանը, ինչպես մարդկանց ու կենդանիներին, անհրաժեշտ է որոշակի խնամք ու հոգատարություն: Բայց արդյո՞ք մենք երբևէ մտածում ենք մեր հոգու բնության խնամքի մասին. այն բնության, որը փոքրիկ պարտեզի տեսքով ապրում է յուրաքանչյուրիս հոգում՝ մեր ծննդյան առաջին րոպեից:

Երբ մենք առաջին անգամ ժպտում էինք, մեր հոգու այգեպանն այնտեղ տնկեց առաջին շիվերը, որոնք սկսեցին մեծանալ մեր յուրաքանչյուր ժպիտի, ուրախ հայացքի ու լավ արարքի շնորհիվ:

Առաջին անգամ, երբ խոսել էինք փորձում, այդ շիվերն արդեն դարձել էին փոքրիկ ծառեր, որոնք ծաղկեցին:

Երբ մայրիկն օգնում էր առաջին քայլերն անել, ծառը պտուղներ տվեց:

Պարտեզն օր օրի մեծանում էր, ծաղկում ու գեղեցկանում, մինչև այն օրը, երբ մենք սկսեցինք գիտակցաբար ու անգիտակցաբար վիրավորել դիմացինին: Մեր յուրաքանչյուր վատ խոսք, արարք ու շարժում կոտրում, պոկոտում ու տգեղացնում է մեր հոգու մատղաշ ծառերը:

Պատկերացրեք, եթե ամեն օր մեր բակի ծառից մի ճյուղ պոկենք, արդյունքում ոչինչ չի մնա, չէ՞: Ապա ինչո՞ւ ենք մոռանում մեր հոգու բնության խնամքի մասին:

Եթե յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն ունենա սեփական բնության նկատմամբ, ապա շրջակա աշխարհին նույնպես կվերաբերվի խնամքով»:

Mane Minasyan

Գիտե՞ք, կկարոտեմ…

Նորից բարև, վաղուց չկայի, չէ՞, գիտեմ, շատ եմ «թամբալացել»:

Հիմա եկել եմ բացատրություն տալու, մի քիչ էլ իմ առօրյայից խոսելու համար:

Դե երևի արդեն գիտեք՝ շրջանավարտ եմ:

Շրջանավարտ. եթե այս բառը փորձենք վերլուծել, ապա «շուրջ + ավարտ», չէ՞:

Ավարտվում է մեր կյանքի ամենապայծառ ու կարևոր փուլերից մեկը:

Ավարտվում է՝ մեզ մի քիչ մեծացնելով:

Ավարտվում է իրենից թողնելով հիշողություն՝ ողջ կյանքիս համար:

Ավարտվում է կյանքիս մի էջն էլ փակելով:

Գիտե՞ք, երբ մարտ-ապրիլ ամիսներին ասում էի «Վերջին զանգ», սիրտս այսքան արագ չէր զարկում: Իսկ հիմա, երբ հետհաշվարկը սկսել ենք ու ամեն առավոտ դասարան մտնելով ջնջում ենք օրացույցի ևս մեկ թիվ, հասկանում եմ, որ ուզում եմ գրիչի թանաքն ավարտվի, ու օրերը չջնջվեն:

Գիտե՞ք, երբ ամեն օր փորձի ենք գնում, ես ուզում եմ այդ ժամանակ ժամացույցը կանգնի, ու մեր փորձը չավարտվի:

Գիտե՞ք, ես երևի շատ կկարոտեմ: Չէ: Ես արդեն կարոտում եմ:

Կարոտում եմ իմ ավագ դպրոց բերող առաջին սեպտեմբերի մեկը, երբ իրար չճանաչող մի խումբ մարդիկ հավաքվել էին նոր դպրոցում ու փորձում էին հասկանալ, թե ուր են ընկել:

Կարոտում եմ առաջին դասերը, ուսուցիչների մի տեսակ հայացքները, որոնք փորձում էին մեզ նմանեցնել ինչ-որ մեկին:

Կարոտում եմ այն օրը, որը երեք տարվա ընթացքում մեկ անգամ եղավ, երբ երկրորդ ժամին փորձեցինք դպրոցից փախչել, բայց ճանապարհին բռնվեցինք ու որպես արդարացում ասացինք, թե իբր սոված էինք:

Կարոտում եմ ամեն ժամից հետո ուսուցչանոցի դռան մոտ դասղեկին սպասելը:

Կարոտում եմ, դեռ չավարտած կարոտում եմ:

Կարոտելու եմ, հենց ավարտեմ՝ ավելի շատ: