Կյանքը միայն հաղթելը չէ։ Կյանքը տասը անգամ պարտվելն է, բայց տասնմեկերորդ անգամ վեր կանգնելը, չնահանջելը, չհանձնվելը։ Դա վերքոտ ծնկներն են, գիշերները, երբ համոզված ես, որ վերջը եկել է, բայց մի առավոտ նորից աչքերդ բացում ես ու հասկանում՝ դեռ պետք է շարունակել։ Կյանքը այն պահերն են, երբ կորցնում ես հավատդ ինքդ քեզնից, երբ թվում է՝ ոչինչ չի ստացվի, բայց մի օր քո ներսում ինչ-որ ձայն ասում է. «Մի՛ կանգնիր»։ Եվ դու շարունակում ես։
Կյանքը միայն սիրելը չէ։ Կյանքը ատելն է, հիասթափվելն է, գիշերներն անվերջ շուռումուռ գալ անկողնում ու փորձել մոռանալ անուններ, որոնք սրտիդ մեջ թափանցել են ու չեն հեռանում։ Կյանքը անթիվ «եթե»-ներն են. «Եթե ուրիշ ժամանակ լիներ», «Եթե ուրիշ մարդիկ լինեինք», «Եթե ավելի շուտ հանդիպած լինեինք»… Բայց այն նաև նորից հավատալն է, նորից բացվելն է, նորից սիրելն է, անգամ երբ կարծում ես, թե այլևս չես կարող։
Կյանքը միայն հաջողությունը չէ։ Դա տապալումներն են, սխալները, անհաջող փորձերը, այն դռները, որոնք փակվում են ուղիղ քթիդ դիմաց, ու դու արյունոտ ձեռքերով փորձում ես դրանք բացել՝ չհասկանալով, որ իրականում այդ դռները երբեք քեզ համար նախատեսված չեն եղել։ Կյանքը այն բոլոր «ոչ»-երն են, որոնք լսել ես, որոնք ստիպել են քեզ կասկածել ինքդ քեզ վրա, բայց նաև այն միակ «այո»-ն, որը գալիս է ճիշտ պահին ու փոխում ամեն ինչ։ Եվ դու հասկանում ես՝ գուցե արժեր անցնել այդ ամբողջ ճանապարհը միայն այդ մեկ խոսքի համար։
Կյանքը միայն հավատալը չէ։ Կյանքը կասկածելն է, պայքարելն է ինքդ քեզ հետ, հարցեր տալը, պատասխաններ չգտնելը: Կյանքը հավատալն ու հիասթափվելն է, հետո նորից հավատալը, նորից կասկածելը։ Դա այն պահն է, երբ վստահ ես՝ չես կարող, բայց փորձում ես, անում ես ու հասկանում, որ միշտ էլ կարող ես, միայն թե երբեմն պետք է ընկնես, փշրվես, որպեսզի սովորես նորից կանգնել։
Կյանքը միայն երազելը չէ։ Կյանքը երազանքներից զրկվելն է, դրանք կորցնելն է, հետո նորերը գտնելը, հետո դարձյալ կորցնելն ու դարձյալ ստեղծելը։ Կյանքը այն է, երբ հուսահատվում ես, հավատում ես, որ ամեն ինչ ավարտված է, բայց հետո ներսումդ ինչ-որ բան ստիպում է վեր կենալ, մաքրել փոշին ու շարունակել առաջ գնալ։ Կյանքը չհասած նպատակներն են, կիսատ մնացած գրքերը, չուղարկված հաղորդագրությունները, սպասված պատասխանները, որոնք երբեք չեն գա։
Կյանքը միայն լույսը չէ։ Դա մութ գիշերներն են, երբ չես հասկանում՝ ինչ կլինի վաղը։ Դա անորոշությունն է, տանջող մտքերը, որոնք քեզ չեն թողնում քնել, երբ թվում է՝ դուրս գալու ոչ մի տարբերակ չկա։ Բայց դա նաև արևածագերն են, որոնք գալիս են ամեն անգամ, երբ թվում է՝ մութը հավերժ է։
Կյանքը միայն «լավ»-ը չէ։ Դա նաև «վատ»-ն է, որը սովորեցնում է գնահատել լավը, դժվարությունները, որոնք ստիպում են ուժեղանալ, կորուստները, որոնք հասկացնում են՝ ինչն էր իսկապես կարևոր։ Դա հարվածներն են, որոնք կոփում են հոգիդ, դա վախերն են, որոնք ստիպում են ավելի համարձակ քայլել։
Եվ վերջապես, կյանքը միայն ապրելը չէ։ Կյանքը նաև ընկնելն է, ցավ ապրելը, սովորելը, փոխվելը, ձևափոխվելը, կորցնելն ու գտնելը, ու այդ ամենից հետո՝ նորից վերադառնալը։ Կյանքը վերքերը բուժելու ուժ ունենալն է, հիշողությունները պահելու համարձակությունն է, ցավի միջից ժպտալը, կորցրածի համար չկործանվելը։ Կյանքը շարունակվելու ընտրությունն է, ամեն անգամ, նույնիսկ, երբ թվում է՝ այլևս ոչինչ չունես շարունակելու համար։