Մարիանա Մանուկյանի բոլոր հրապարակումները

mariana manukyan

Իմ անփոխարինելի ընկերը

Մի առավոտ արթնացա արտասովոր կերպով: Ձեռքս լիզում էր իմ կատուն, որին անցած գիշեր եղբայրս էր տուն բերել: Դե, պատկերացրեք 11 տարեկան աղջնակի զարմանքն ու վախը, քանի որ նա սարսափահար էր լինում ամեն տեսակի կենդանիներից: Ես մեկ շաբաթ քայլում էի տան բազմոցների վրայով, որպեսզի հանկարծ կատուն չդիպչի ինձ: Սակայն շատ շուտով ես հարմարվեցի նրա ներկայությանը և կորցրի իմ վախը: Վասյան (այդպես էր անվանել նրան իմ եղբայրը) գրեթե երկու տարի ապրեց մեզ հետ:

Այդ տարիների ընթացքում ես անցկացրել եմ իմ կյանքի ամենազվարճալի օրերը, որոնցից ոչ մեկը ես երբեք չեմ մոռանա:

Ճիշտ է, մենք Վասյային շատ էինք սիրում, բայց տանը կենդանի պահելն ունի շատ դժվարություններ: Այդ պատճառով ծնողներս որոշեցին նրան նվիրել մի բարի մարդու, որը նրան լավ կխնամեր: Հայրս գտել էր նման մեկին, սակայն ես հույս էի փայփայում, որ իմ Վասյան կվերադառնա: Հայրս տանից տարել էր նրան և նվիրել այդ անծանոթին: Նա վերադարձավ առանց Վասյաjի, բայց, տեսնելով իմ և մայրիկիս թաց աչքերը, միանգամից տնից դուրս եկավ. գնաց հետ բերելու իմ կատվին:

Հիմա մեր կատուն մեզ հետ չի ապրում: Նա գյուղում է՝ տատիկիս և պապիկիս սեփական տանը: Նա բնության գրկում իրեն շատ ավելի լավ է զգում, քան չորս պատի մեջ փակված:

Ասում են, որ չես կարող կենդանու հետ կապվել այնպես, ինչպես հարազատ մարդու հետ: Ես նույնպես մինչև կատվիս պահելն ու խնամելը այդպես էի կարծում: Իմ Վասյան ինձ սովորեցրեց սիրել ու չվախենալ կենդանինեից: Ես նրան շատ եմ կարոտում, քանի որ այլևս չկա իմ այն ընկերը, որը լուռ նստում ու լսում էր ինձ:

Մինչ նոր հանդիպում 17.am-ում

mariana manukyan

Ողջույն, ես Մարիանան եմ, 2017 թվականին շատ նպատակներ ունեմ, որոնք ցանկանում եմ իրագործել: Դրանց մեծ մասը կապված է 17.am-ի հետ: Ես նոր թղթակից եմ և հիմա գրում եմ իմ աոաջին նյութը: Ցանկանում եմ պատմել իմ, իմ անվան և իմ ծագման մասին:

Այո` ճիշտ նկատեցիք, իմ անունը գրված է մի ն-ով, և դա սխալ չէ: Ինձ շատ է դուր գալիս իմ` մի ն-ով անունը, որով էլ ես տարբերվում եմ մյուս մարիաննաներից: Հայրիկս ցանկացել է ինձ Մարիամ անվանել: Իսկ մայրս և եղբայներս մի փոքր ձևափոխելով` ինձ անվանել են Մարիանա: Անունս իրականում էլ առաջացել է Մարիամ անունից: Մինչ Մարիամ Աստվածածնի ծնունդը, նշանակել է դառնության ծով, որի հետ ես բոլորովին համաձայն չեմ: Մարիամ Աստվածածնի ծնունդից հետո այն նշանակում է Տիրուհի:

Իմ անունը միշտ գրում են երկու ն-ով, նույնիսկ դասամատյանի մեջ է այդպես գրված: Ես միշտ պայքարում եմ իմ անվան ճիշտ գրելաձևի համար:

Պատմելով իմ մասին` կարծում եմ նախ պիտի ներկայացնեմ արմատներս: Թեև ես ծնվել եմ Երևանում, սակայն իմ հայրիկը մարտունեցի է: Իմ պապերը այնտեղ են գաղթել պատմական Հայաստանի Մուշ քաղաքից` փախչելով 20-րդ դարասկզբի ջարդերից: Հայրիկս պատմել է, որ Մանուկյանների ազգը շատ հարուստ է եղել և կարասով ոսկիներ է թաքցրել մեր հողերի, ծառերի տակ, սակայն գաղթի ժամանակ ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ: Հաստատվելով Մարտունի քաղաքում` սկսել են նոր կյանք: Ահա, թե որտեղից է սերում իմ ազգը և ես:

Կհանդիպենք: