
Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի
Ես ապրում եմ Ջերմուկ քաղաքում: Իմ քաղաքը հայտնի է իր ջրերով, առողջարաններով և հրաշք բնությամբ: Թեև հիմա ամբողջ հանրապետությունում արդեն գարուն է, բայց դա մեզ՝ ջերմուկցիներիս, չի՛ վերաբերվում: Հիմա կասեք՝ ինչո՞ւ: Ջերմուկը բարձր լեռնային քաղաք է, այդ պատճառով այստեղ ձմռանը շատ է ձյուն տեղում, նաև շատ ցուրտ է լինում: Այ այս օրերին, երբ սառը հոսանք անցավ հանրապետությունով, մենք նորից ընկղմվեցինք խորը ձմռան մեջ:
Սակայն ամռանը Ջերմուկի բնությունն ուղղակի հրաշք է: Կարճ ասած՝ Ջերմուկում լինում է երկու եղանակ՝ ամառ և ձմեռ: Իսկ գարուն ու աշուն մենք գրեթե չենք տեսնում: Բայց վերջին տարիների ընթացքում Ջերմուկի կլիման բավականին փոխվել է. առաջ ձմռանը ձյան հետ ուժեղ քամիներ էին լինում, իսկ հիմա այլևս նման բան չի լինում: Պատճառն այն է, որ մարդկությունը մեծ վնաս է հասցնում բնությանը, և կարծում եմ, որ տարիներ հետո Ջերմուկի կլիման ավելի մեծ փոփոխություններ կունենա ու դա կբերի նոր աղետների… Ինձ դա շատ է հուզում: