Ժաննա Առաքելյանի բոլոր հրապարակումները

janna araqelyan hrazdan

Ցորյանի ծովեր

Մի քանի օր առաջ ուսուցչուհին տեղեկացրեց մեզ, որ գրականության ամփոփիչ գնահատականը դրվելու է միայն բանավոր հարցումից հետո: Ապա մեզ թելադրեց տոմսերի հարցերը: Հակառակ իմ սովորության, ես ուրբաթ օրը նստեցի, տանջվեցի այդ տոմսերի համար: Շաբաթ, կիրակի օրերին ինքս ինձ ասում էի.

-Էս էլ էսպես: Ի՞նչ մնաց սովորելու: Հը՞ն: Վայ, վայ, վայ: Մնաց ամենաբարդը՝ Դանիել Վարուժանի  «Ցորյանի ծովերը»: Լավ, է, դա էլ վաղը կսովորեմ;

Ամեն օր այդպես էի ասում, բայց սովորեցի ընդամենը երկու տուն;

Եվ եկավ սպասված օրը. քննություն է: Երրորդը ես պետք է պատասխանեմ: Աստված եմ կանչում, որ միայն թե «Ցորյանի ծովերը» չընկնի: Եվ ահա ուսուցչուհու ներկայությամբ քաշեցի տոմսը. համար 9: Ուսուցչուհին ասաց.

-Ժաննա, գրիր,-թելադրեց երկու հարց, մի պահ կանգ առավ  և երրորդ հարցը թելադրեց,- «Ցորյանի ծովեր»:

Միայն թե այդ պահին իմ դեմքի արտահայտությունը տեսնեիք: Բախտս գոնե բերել էր այն հարցում, որ առաջին և  երկրորդ հարցերին շատ լավ պատրաստ էի:

Քննությունից հետո բոլորը հարցնում էին.

-Հը՞: Ո՞նց պատասխանեցիր:

Ախ, եթե իմանայի, որ դա կընկնի…

janna araqelyan hrazdan

Առաջարկ

Օրեր առաջ հասարակագիտության ուսուցչուհին տեղեկացրեց մեզ, որ պետք է մյուս ժամի համար պատրաստենք պաստառներ։ Պաստառները պետք է պատրաստվեն հասարակական հիմնախնդիրների վերաբերյալ։

Տանը մտածում էի դրա շուրջ։ Հասկացա, որ մեր օրերում այդպիսի խնդիրները շատ են։ Օրինակ`ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տերմինալների։ Շատերը վճարումներ պետք է կատարեն դրանով, բայց ոչ բոլորը գիտեն դրանից օգտվելու ձևը։ Նման խնդիրների հանդիպելիս մարդիկ կարծում են, թե դրանք կարող են լուծվել ժամանակի ընթացքում։ Եթե բոլորը այդպես մտածեն, ապա այդ խնդիրները չեն էլ լուծվի:

Նախ և առաջ պետք է նշել տերմինալների աշխատանքի մատչելիության բարելավման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտություն ասելով ես ենթադրում եմ մեծահասակների համար սպասարկման պարզեցումը։ Առաջարկում եմ տերմինալի աշխատանքի համակարգի մեջ ներմուծել ձայնային ցուցումներ։ Դրանք մարդկանց կուղղորդեն, թե ինչպես կարելի է օգտվել տերմինալներից։

Սա հնարավոր տարբերակներից մեկն է։

janna araqelyan hrazdan

Հայրիկս գործարար է

Հարցազրույց հայրիկիս՝ «Վիլֆուդ» պահածոների գործարանի հիմնադիր տնօրենի` Արմեն Առաքելյանի հետ։

-Հայրի՛կ, խնդրում եմ պատմիր, թե ինչպես ծագեց սեփական գործարանն ունենալու միտքը։ 

-Նախ և առաջ ուզում եմ ասել, որ մի բան է բիզնեսի մասին երազելը, մեկ այլ բան` այդ բիզնեսը ստեղծելը, իրականություն դարձնելը։ Հայաստանը զարգացման հեռանկարները տեսնում է գյուղմթերքի վերամշակման, արտադրության և վերջնական արտադրանքը սպառողին հասցնելու մեջ։

-Որո՞նք են եղել քո առաջին քայլերը բիզնեսի հիմնադրման և զարգացման գործընթացում։ 

-Առաջին համեմատաբար լուրջ բիզնեսը եղել է Սևանի շաքարի գործարանի կառուցումը (2001թ.)։ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ավերվեց հանրապետության միակ շաքարի գործարանը, որը տարածաշրջանում միակ շաքարավազ արտադրողն էր։ Սա էլ հիմք հանդիսացավ մեկ այլ գաղափարի առաջացմանը, որը տարիներ հետո պետք է իրականություն դառնար։ Գեղարքունիքի մարզի տարածաշրջանում սկսեցինք ճակնդեղի վերամշակումը։ Այն իր մասշտաբներով առաջինն էր տարածաշրջանում, սակայն, ցավոք սրտի, գործարանը երկար կյանք չունեցավ։

Այս ամենից հետո գաղափար հղացա ստեղծելու մեկ այլ, սակայն սեփական բիզնես, որը նույնպես պետք է գործեր հայրենի հողում։ Որոշվեց կառուցել գործարան, որը պետք է ամրապնդեր այն կարծիքը, որ որակը պետք է գերազանցի գնին։

-Արտադրանքը ո՞ր երկրներ է արտահանվում։ Ո՞ր երկրում է սպառողների թիվը ավելի մեծ։ 

-Մեր նշանաբանն է՝ ստեղծել որակով և մատչելի արտադրատեսակ։ Տարեցտարի ավելանում են արտադրության ծավալները։ Առաջին տարում արտահանում էինք միայն Ռուսաստանի Դաշնություն, երկրորդ տարում աշխատեցինք հայկական շուկայի վրա, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում սկսեցինք արտահանել ապրանքանիշը Եվրոպա և ԱՄՆ։ Ինչ վերաբերում է սպառողների թվին, միանշանակ, հայկական շուկան առաջին հորիզոնականում է, իսկ միջազգային շուկայում մենք դեռևս մեծ ճանաչում չենք վայելում, ինչը ժամանակի խնդիր է։

-Կարո՞ղ եք նշել` քանի՞ տեսակի արտադրանք ունեք պահածոների գործարանում։ Ո՞րն է ամենապահանջված արտադրատեսակը։ 

-Ներկայումս ունենք 45 տեսակի ապրանք։ Բոլոր տեսակներն էլ ունեն իրենց սպառողը, սակայն տեղական շուկայում ամենաշատը սպառում են «իմամբայալդին» և տոմատի մածուկը։

-Քանի՞ աշխատակից ունի գործարանը։ 

-Գործարանը ունի 100-ից ավելի աշխատող։ Պլանավորում ենք, որ այս տարի` նոր արտադրամասի վերագործարկումից հետո, աշխատակիցների քանակը կավելանա։

-Ինչպես հասկացա՝ աշխատանքը սեզոնային է։ Արդյո՞ք ներկայումս գործարանը աշխատանքի մեջ է։

-Գործարանը այժմ աշխատում է, կատարվում է տոմատի մածուկի շշալցում։ Դրանից հետո կանցնենք հարկադիր պարապուրդի, որից հետո՝ մայիսին, կվերսկսվի սեզոնային արտադրությունը։

-Հումքը որտեղի՞ց եք գնում։ 

-Ամեն մի արտադրատեսակ իր հայրենիքը ունի։ Օրինակ՝ խաղողի թուփը մթերվում է Արմավիրի մարզից, քանի որ այնտեղ են գտնվում սորտային խաղողների տերևները։ Լոլիկը մթերվում է Արարատի մարզից, ելակը՝ Աշտարակից։

-Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում աշխատանքում։ 

-Ոչ մի խոչընդոտ չկա։ Ամենաբարդ խնդիրը ժամանակին գյուղմթերքի ձեռքբերումն է։ Կառավարությունը ամեն կերպ աջակցում է, որ գործարանը հաղթահարի խոչընդոտները։

Հայրիկ, հուսով եմ, որ թե՛ հայկական, թե՛ համաշխարհային շուկայում էլ ավելի մեծ առաջընթաց կգրանցես։ Ես հպարտանում եմ քեզնով: