
Հարություն Ե. Հովսեփյանի բոլոր հրապարակումները


Ձմռան մի օր
Ձմեռային մի օր ես և իմ ընկերները քայլում էինք փողոցներով, երբ նկատեցինք մի տարեց մարդու, որը սայթաքել և ընկել էր: Նա չէր կարողանում վեր կենալ: Մենք օգնեցինք նրան վեր կենալ և սկսեցինք զրուցել: Ես նրան հարցրեցի.
-Պապ ջան, բա ինչի՞ ես մենակ դուրս եկել տանից: Բա քո հետ հիմա ո՞վ է մնում, այ, պապ ջան, զանգենք կանչենք:
Նա հայացքը հառեց ներքև և պատասխանեց.
-Ոչ մեկը, բալես, հարևաններ էլ չունեմ: Ունեմ երեք աղջիկ, ովքեր ընտանիքներով գնացել են խոպան՝ աշխատելու:
-Բա ո՞նց ես ապրում, պապ ջան, աղջիկներդ չե՞ն օգնում:
-Աշխատում են, աղջիկներս հազիվ իրենց գլուխն են պահում:
Այս ընթացքում նա նկատեց, որ համարյա հասնում ենք իր տանը:
-Ես, ցանկանալով խոսակցությունն ավարտել լավ նոտայի վրա, նրան ասացի.
-Քեզ լավ պահի, պապ ջան, դու լավ մարդ ես երևում:
-Ես իմ կյանքը քչից-շատից ապրել եմ: Աստված ձեր սրտի չափով ձեզ տա, որ ձեր նման ջահելներ շատ լինեն, էս էրգրի վիճակը կլավանա:
-Ապրես, պապ ջան,- ասացի ես, և մենք հեռացանք:
Բարի ծերուկը մեր հետևից ժպտալով և օրհնելով, մեզ ճանապարհ դրեց: Ցավոք, Սպիտակում մենակ մնացած տարեց մարդիկ քիչ չեն: