
2019թ., մայիս
Դպրոցական էինք, պատմության դաս էր, ինչպես միշտ Մամիկոնը բարձրաձայն վերընթերցում էր պատմության դասը։
-2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում հերոսաբար զոհվեցին Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը, Արամ Արայիկի Աբրահամյանը, Հրաչյա Վարդանի Գալստյանը և ուրիշներ….,-հետո դադար տվեց ու շարունակեց,- Մա՜ր, էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա…
- Մամիկոն, լավ էլի, սուս մնա, դաս եմ լսում,- ասացի ես՝ մի փոքր կոպիտ ձայնով։
2020թ. սեպտեմբերի 27
«Տեսնես Մամիկոնը ո՞նց ա, Մարտունիում էլ են թեժ մարտեր, ավելի լավ ա՝ չզանգեմ. շատ վտանգավոր ա»,- շարունակ մտածում էի ես։
2020թ. հոկտեմբերի 19
Չարաբաստիկ զանգը հնչեց, վերցրի. լացի ձայն էր։
-Խը… խփեցին… Մամիկոնին խփեցին…
«Էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի»… Երանի չլսեի այս խոսքերդ, երանի չճանաչեի քեզ, չճանաչեի, որ կորուստիդ ցավը տանելի լիներ, երանի չտեսնեի աճյունդ, երանի չտեսնեի մորդ ողբը։
Նստած եմ պատուհանի մոտ, նայում եմ ուղիղ դիմացս. երկնքի կապտաթույր երանգի խորքում կիսադեմդ եմ տեսնում. այնքա՜ն խորհրդավոր է, հայացքիդ մեջ անբացատրելի լրջություն կա, աչքերիդ մեջ՝ հերոսի հայացք… Հայացքդ դեռ ոչինչ, բայց ձայնդ այնքա՜ն իրական է, այնքա՜ն կենդանի. «Էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա» ….Սարսուռ անցավ մարմնովս, ափերովս ծածկեցի երեսս. ոչ… Ոչ դեմքս շոյող աստղափաթիլների անփույթ առատությունից, այլ այն սաստող ու միամիտ ձայնիցդ, որը սուր լռության մեջ ուզում է լռեցնել բութ աղմուկը, որ նորից, կրկին ու անընդհատ լսեմ. «Էնքան կուզեի պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ…»
Անունդ թողեցիր պատմության գրքում ու ինքդ էլ պատմություն դարձար։
Հազարավոր հայ ընտանիքներ Ամանորն անցկացնում են առանց իրենց լույսի։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված Մամիկոն Կասոյանը 19 տարեկան էր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժինը: Ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվեց բանակ։ Թեև ազգությամբ եզդի էր՝ անսահման հետաքրքրված էր Հայոց պատմությունով։ Մամիկոնը նաև հիանալի նկարիչ էր, կարող էր ոգեշնչվել, նույնիսկ, ամենակենցաղային երևույթներից։ Մամիկոն Կասոյանի քույրը՝ Նազիկ Կասոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Մամիկոնն իրենց ընտանիքի միակ տղան էր։ Հերոսաբար զոհված Մամիկոն Կասոյանի քույրը մեզ հետ զրույցում պատմեց.
-Մենք երեք քույր ենք եղել, Մամիկոնիս ծնունդին շատ երկար ենք սպասել։ Երբ ծնվեց, կարծես հրեշտակ լիներ, իր բարուրի կողքից չէինք հեռանում։ Մամիկոնը խելոք էր, համեստ, տարբերվող՝ թե արտաքինով, թե խելացի դատողությամբ։ Շատ հումորով էր, կարողանում էր ցանկացած իրավիճակում վատ տրամադրությունը ցրել, բոլորին ուրախացնել։
-Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կպատմեք Մամիկոնի մանկությունից։
-Մի անգամ Մամիկոնի հետ գնացել էինք այգի՝ բալ հավաքելու, խոսում էինք, երգում էինք, կատակում էինք, և հանկարծ նկատեցի, որ խոտերի մեջ մի բան շարժվում է, բղավեցի՝ Մամիկո՜ն, զգույշ, օձը… Իսկ նա ժպտալով ասաց… (հուզվում է):
Ասաց՝ ինչ վախկոտ ես, հետո՞ ինչ, որ ինձնից մեծ ես…
-Իսկ սիրո՞ւմ էր Ամանորը:
-Այո՜, իհարկե, շատ էր սիրում։ Դեկտեմբերն իր ամենասիրելի ամիսն էր, շատ էր սիրում ամանորյա նախատոնական գովազդները։ Ամեն տարի ինքն էր տոնածառը և ամբողջ տունը զարդարում, իսկ այս տարի զարդարող չկա…
-Ինչե՞ր եք պատմելու ձեր երեխային իրենց հերոս մորեղբոր՝ Մամիկոնի մասին։
-Ես միշտ էլ հպարտացել եմ Մամիկոնով, միշտ էլ նրան հերոս եմ համարել՝ նույնիսկ բանակ չգնացած ժամանակ։ Ընդհանրապես ասում են՝ տղաները իրենց մորեղբորն են նմանվում, ես շատ-շատ եմ ցանկանում, որ իմ տղան էլ Մամիկոնին նմանվի ՝ թեկուզ մասամբ։ Տղայիս միշտ ասում եմ, որ Մամիկոնի նման բարի, ազնիվ, խելացի պիտի լինի…
Մամիկոն Կասոյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին: Վերջին անգամ զրուցել է քրոջ հետ՝ ասելով, որ ամեն բան նորմալ է, իրեն վտանգ չի սպառնում։ Չէր ուզում, որ հարազատներն անհանգստանան…
Մեր հերոսներն անմահ են, հավերժ փառք ու խոնարհում ՆՐԱՆՑ:
Հայ զինվորը խիզախության, հերոսության և նվիրումի մարմնացում է: Իր արյունով հայրենիքը պահած զինվորներից մեկն էլ Նոյ Թևոնյանն է: Հերթական առաջադրանքը կատարելիս, Նոյը դրսևորելով ճիշտ մարտավարություն՝ տասը զինվորի դուրս է հանել թշնամու շրջափակումից: Պատերազմի ամենաթեժ պահին նետվելով այրվող մեքենան՝ դուրս է հանել զինակից ընկերոջ մարմինը: Ի պատասխան բոլոր գովասանքի խոսքերին, թե իր արածը հերոսություն է, Նոյը պատասխանել է. «Ինձնից ի՞նչ հերոս, տասնութ տարեկան երեխան ձեռքերիս մեջ մահացավ», մինչդեռ Նոյն ընդամենը տասնինը տարեկան էր:
Հոկտեմբերի 9-ին Նոյն ընկավ հերոսի մահով՝ միանալով իր անմահացած զինակից ընկերներին: Նոյ Թևոնյանի մայրը՝ տիկին Գայանեն, հերոսի մորը բնորոշ հպարտությամբ է խոսում որդու մասին: Ասում է, որ Նոյի ծնվելուց առաջ երազ են տեսել:
-Մենք ընտանիքում ունեինք երեք աղջիկ, և ես շատ էի ցանկանում տղա երեխա ունենալ: Մի օր ամուսինս երազ է տեսնում: Նրան ասում են, որ պետք է որդի ունենա և անունը դնի Նոյ: Այդպես էլ եղավ: Երկու ամիս հետո պարզվեց, որ երեխայի եմ սպասում: Երեխաս ծնվեց, անունը դրեցինք Նոյ: Նոյս շատ յուրահատուկ էր, հենց փոքր տարիքից էլ տարբերվում էր: Անտեղի ոչինչ չէր անում: Շատ աշխույժ էր: Ասում էի՝ Նոյ, բարձր քարերի վրա մի բարձրացի, ասում էր՝ մամ, էնքան էներգիա կա մեջս, պիտի սպառեմ:
Նոյի հայրը Արցախյան պատերազմի մասնակից է: Որդին իր հայրենասիրությունը հորից էր ժառանգել:
-Մեր տան մեջ հայրենասիրության մթնոլորտը միշտ էլ եղել է: Հայրենիքը նրա համար շատ քաղցր էր, այդ պատճառով էլ իր ամենաթանկը՝ կյանքը, նվիրեց հայրենիքին: Նշեմ, որ Նոյս ծառայում էր Մատաղիսում, նրան ասում էին «Ռազվեդկի պոնչ», այդպես էր մականունը:
-Նոյը կռվարար չէր, ցանկացած խնդիր փորձում էր լուծել խաղաղ ճանապարհով,- պատմում է Սաթենիկը՝ հերոսի քույրը,- Նոյը ցանկացած կոնֆլիկտ փորձում էր լուծել խոսելով, բանակցելով: Եթե անգամ իր հետ կոնֆլիկտ ունեցող անձնավորությունը իրենից թեկուզ մեկ օրով փոքր էր, Նոյը նրան անմիջապես ներում էր: Ես Նոյից մեծ էի ութ տարով, և չնայած մեր տարիքային տարբերությանը, նրանից շատ բաներ եմ սովորել: Հիշում եմ՝ տուն էր գալիս արձանիկներ կամ տարբեր գրքեր ձեռքին, երբ հարցնում էի՝ ինչո՞ւ ես գնել գիրք, որը շոուբիզնեսի աստղերի մասին է, Նոյը պատասխանում էր, որ պապիկը վաճառում էր, և իր խիղճը տանջեց:
Փոքր տարիքում Նոյը իրենց տան այգուց ծաղիկներ էր հավաքում և նվիրում ընտանիքի անդամներին: Տիկին Գայանեն Նոյի մանկությունից դրվագներ է պատմում:
- Մեր այգուց խատուտիկներ էր հավաքում, դնում էր բաժակի մեջ և նվիրում էր մեզ: Ինձ ասում էր՝ մամ, նայի՝ քո փունջը ամենամեծն ա:
- Նոյը հեշտությամբ էր նոր միջավայրին ընտելանում: Բոլորին օգնում էր՝ փոխարենը ոչինչ չպահանջելով,- ասում է Արայիկը՝ Նոյի զինակից ընկերը:
-Մի հետաքրքիր դրվագ հիշեցի. դե Նոյը մեր վաշտի ամենածանր տղան էր քաշով ու նեղվում էր դրանից: Մի օր մեր վաշտով ճամբար էինք գնացել ու պիտի վազեինք, Նոյին ասացի՝ հիշի՝ ինչի համար ես էստեղ, հիշի, որ քո քույրերին ես պաշտպանում, քո դիմաց նպատակ դիր ու դրան կհասնես: Իմ խոսքից հետո Նոյն առաջինը հասավ տեղ: Էդ դրվագը մոտս շատ լավ էր տպավորվել: Բանակը շատ լուրջ տեղ ա, էստեղ մենակ լուրջ տղերք են:
Նոյ Լյովայի Թևոնյանը անմահացավ հանուն ամենաթանկի՝ հայրենիքի:
Հավերժ փառք մեր հերոսներին։
Գրում եմ այն ժամանակ, երբ գիտեմ, որ չես պատասխանելու։ Չեմ սկսում բարևով, որովհետև անպատասխան բարևներ չեմ սիրում։ Բառերս տառերի խղճուկ կույտի են վերածվել ու դադարել են իմաստ արտահայտել։ Կապտականաչավուն աչքերիդ խորը երանգը, կարծես, ուղիղ դիմացս է։ Մտերիմ ընկեր կորցնելը ցավոտ է… Մեկ ամիս առաջ կույր գնդակը տեսավ քեզ, քեզ տեսավ, որ մենք այլևս քեզ չտեսնենք։ Կա՞ ավելի ազդեցիկ տեսարան, քան լավագույն ընկերոջդ դիակը եռագույնով փաթաթված տեսնելը։
Թաղմանդ օրը հողը ճաքել էր հպարտությունից, ճաքել էր, որ քո պես հերոսի է գրկելու։ Գիտե՞ս՝ պատերազմը վերջացել է, բայց իմ ներսում է պատերազմ սկսվել, ու այդ պատերազմը մինչև կյանքիս վերջ շարունակվելու է։ Ինքս ինձ հետ եմ պատերազմում, փորձում եմ համակերպվել կորստիդ հետ, բայց պարտվում եմ։ Իմ լավ, իմ ազնիվ, իմ համեստ ընկեր, ինչպե՞ս համակերպվեմ, ինչպե՞ս հաղթեմ ներսումս սկսված՝ վերջ չունեցող պատերազմում, ինչպե՞ս խաբեմ ինձ։ Բարությունդ սահմաններ չուներ, հիշո՞ւմ ես՝ ինչքան էի քեզ ասում՝ տղան այդքան բարի չպիտի լինի, դու էլ ժպտում էիր ու թեման փոխում։
Միշտ իմացիր՝ ինչ էլ լինի, դու միշտ իմ լավագույն ընկերն ես լինելու….
Նամակիս հասցեատերը Մամիկոն Կասոյանն է, իմ զինվոր ընկերը։ Հավերժ փառք մեր հերոսներին։
Վաղ առավոտ էր, դուրս եկա տանից։ Առավոտյան զով քամին խաղում էր մազերիս հետ։ Ուղևորվում էի դեպի Հանրային ռադիո՝ աշխատանքի։ Կանգնած էի կանգառում, սպասում էի երթուղայինին՝ մերթընդմերթ հայացք գցելով ձեռքի ժամացույցիս։ Ականջակալներումս հնչող երաժշտությունը ինձ մի պահ կտրել էր իրականությունից, մտովի տեղափոխվեցի 70-ականներ։ Եվ հանկարծ հեռվից երևաց իմ երթուղայինը՝ Արտաշատ-Երևան ցուցանակով։
Երթուղային բարձրանալուն պես երեսիս փչեց տաք ու մի տեսակ զզվելի օդը, որը այնքա՜ն անսովոր էր դրսի սառը օդի համեմատ։ Վարորդի գլխի դրական շարժումից հետո հասկացա, որ արդեն շարժվում ենք։ Հեռախոսով միացրի Queen-ի Bohemian Rhapsody-ն, և թվում էր, թե ուր որ է պիտի վայելեմ այս գլուխգործոցը, երբ հանկած նկատեցի, որ վարորդը քչփորում է մեքենայի ձայնարկիչը՝ փորձելով հարմար երաժշտություն գտնել։ Եվ նա գտավ։
Ու հենց այդ պահին մի կողմից լսվում էր ականջակալներումս հնչող երաժշտությունը, մյուս կողմից՝ «բարձրաճաշակ» վարորդի՝ երկար փնտրտուքներից հետո վերջապես ընտրած մի տարօրինակ երաժշտություն։ Ստացանք հետևյալ պատկերը։
-Is this the real life?
-Չար լեզուներին հավատաց իմ յարը։
-Is this just fantasy?
-Արտասուքով լցվեց… աչքերը։
-Caught in a landslide, no escape from reality․
Մի պահ վարորդի միացրած երաժշտությունը կորավ։ «Երևի հասկացավ, որ տհաճ ա առանց մարդանց հարցնելու էդ անկապ երգերը դնել»,- մտածեցի ես։ Բայց սխալվեցի։ Ամեն ինչ շատ ավելի վատ էր, քան կարող էի պատկերացնել։ Շուտով վարորդը միացրեց նախորդի համեմատ շատ ավելի «անդուր» մի երգ։ Այս անգամ էլ պատկերը այսպիսինն էր։
-Mama, ooh․
-Սև-սև աչեր։
-Didn’t mean to make you cry․
-Ամբողջ կյանքս տվեցի ձեզ։
-If I’m not back again this time tomorrow․
-Սև-սև աչեր…
-Carry on, carry on,
As if nothing really matters…
Բոհեմական ռապսոդիան մինչև վերջ պայքարեց ռաբիսի, պարզունակ երգի բառերի ու ռաբիսը հարգող, ռաբիսով հպարտացող վարորդի դեմ, բայց… Ինչ-որ բան ինչ-որ տեղ այն չէր… Ընդամենը մի պահ պատկերացրի Ֆրեդի Մերկուրիի դեմքը, երբ նա տեսներ, թե ժամանակների լավագույն գլուխգործոցներից համարվող իր Բոհեմական ռապսոդիան որտեղ է հայտնվել և ինչի դեմ է պայքարում…
Լսեք միայն որակյալ երաժշտություն։
Մոտենում են միասնական քննությունները։ Միայն ուսանողը գիտի, թե ինչ էմոցիոնալ իրավիճակում են գտնվում դիմորդները։ Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը (մասնագիտության ընտրություն) արդեն կայացված է, մնում է հասնել դրան։ Ես արդեն 2-րդ կուրսի ուսանող եմ և ցանկանում եմ իմ խորհուրդներով որոշ չափով օգնել դիմորդներին։
1․ Ձեր ինքնագնահատականը միշտ բարձր պահեք։ Թվում է՝ սա բացարձակ կապ չունի միասնական քննությունների հետ, բայց եթե մի փոքր ավելի խորքային դիտարկենք իրավիճակը, կհասկանանք, որ մարդու բարձր ինքնագնահատականը չափազանց կարևոր նշանակություն ունի դժվար իրավիճակները հաղթահարելու համար։ Երբեք թույլ մի տվեք որևէ մեկին ցածրացնել ձեր ինքնագնահատականը՝ լինի ուսուցիչ, շրջապատի մարդ, թե դասընկեր։
2․ Թեմայի հետ կապ չունեցող նյութերից խուսափեք։ Ուղեղը շատ կարևոր օրգան է և պետք չէ այն լցնել անհեթեթ ինֆորմացիայով, որը, վստահ եղեք, ձեզ քննությունների ժամանակ ապակողմնորոշելու է։ Կենտրոնացեք միայն ձեր ընտրած առարկայի քննությանը պատրաստվելու վրա։
3․ Երաժշտություն լսեք։ Ընդմիջումների ժամանակ ցանկալի է, որ լսեք երաժշտություն։ Ինքս խորհուրդ կտայի ռոք։ Ինչո՞ւ, որովհետև ռոքը ձեր ներսում կուտակված նեգատիվը մի քանի րոպեում ցրում է։ Օրինակ՝ System of a Down, AC/DC, Deep purple, Pink Floyd, Scorpions, The Beatles, Green day, Queen:
4․ Մի ընկեք գնահատականի հետևից։ Եթե մեր ուղեղը միայն կենտրոնացնենք մեր, այսպես ասած, «երազանքների գնահատականի» վրա, ապա կստորադասենք այն գիտելիքը, որը մեզ իրոք պետք է։ Հավատացեք՝ գնահատականը ամենահարաբերական բանն է։ Երբեք մի մտածեք, որ 20-ներով ընդունվածները միանշանակ գիտունիկներ են։
5․ Քաղցր շատ կերեք։ Ասում են՝ շոկոլադը օգնում է հաղթահարել սթրեսը։
Դե ինչ, սիրելի դիմորդներ, գոնե որոշ չափով հետևեք խորհուրդներիս։ Բոլորիդ հաջողություն եմ ցանկանում։ Լավ պարապեք, գնահատեք ձեր ժամանակը և այն մի վատնեք համակարգչի դիմաց։ Մի բան հաստատ գիտեմ՝ բոլորդ ձեր ուզած համալսարանը և ձեր ուզած բաժինը ընդունվելու եք։ Չկա ավելի գերէմոցիոնալ զգացում, քան համալսարանի պատին քո անուն և ազգանունը կարդալը։ Ուզում եմ, որ բոլորդ առանց բացառության ապրեք այդ գերէմոցիոնալ րոպեները։
-Ժամը 11-ն ա, դու դեռ չե՞ս զարթնել։ (կարգապահություն)
Օրը շաբաթ էր. weekend-ս պաշտոնապես սկսված է։
-Հա, բայց ինչի՞ պիտի ենթարկվես ժամանակին։ (ըմբոստություն)
-Լա՜վ, երկուսդ էլ հանգստացեք, արդեն զարթնեց։ (խաղաղություն)
Արթնացա ու նայեցի ժամին. 11:25 էր։
-Տեսնես ինչի՞ա էսքան ուշ զարթնում։ (պունկտուալություն)
-Վա՜յ, մոռացել ես՝ էլի մինչև գիշերվա «հազարը» երգ էր լսում։ (կարգապահություն)
-Լավ էր անում, էդ ձեր գործը չի։ Հանգիստ թողեք էս մարդուն։ (ըմբոստություն)
-Ախր, ո՞նց հանգիստ թողնենք, բա քննությունների համար ո՞վ ա պարապելու։ (սթափություն)
Գնացի խոհանոց ու ինքս ինձ հարցրի՝ սո՞ւրճ, թե՞ թեյ։
-Ի՞նչ տարբերություն, մեկ ա հեսա աշխարհի վերջն ա։ Բոլորս կորոնայից մեռնելու ենք։ (հոռետեսություն)
-Ինչե՞ր ես խոսում, ի՞նչ աշխարհի վերջ, ամեն ինչ ընտիր ավարտ ա ունենալու, հերիք ա էս մարդուն ապակողմնորոշես, ոչ մի աշխարհի վերջ էլ չկա։ (լավատեսություն)
-Լուծվող սուրճը ամենալավ տարբերակն ա, համ էլ ես դրանից շատ եմ սիրում։ (խաղաղություն)
-Հա բայց ես չեմ սիրում, ինչի՞ ես ամեն ինչ քեզ հարմարեցնում, ես չեմ ուզում, որ ինքը լուծվող սուրճ խմի, չերկարացնե՜ս, թե չէ գալու եմ քեզ «գլխեմ»։ (ագրեսիա)
Ու ես հասկացա, որ չեմ կարողանում կողմնորոշվել և դուրս եկա խոհանոցից։
-Ագրեսիա, սա՞ էիր ուզում, ո՛չ թեյ խմեց, ո՛չ սուրճ։ (խաղաղություն)
-Ես… բայց ես ի՞նչ ասացի, կռի՞վ ես ման գալիս, ուզո՞ւմ ես բռունցքիս հարվածների ուժը մոտիկից տեսնել, դե առ քեզ… (ագրեսիա)
-Վերջացրե՜ք, ոնց որ ինչ-որ բան ա ուզում անել։ (կարգապահություն)
Վերցրի հեռակառավարման վահանակը ու միացրի հեռուստացույցը։ Իմ սիրած հաղորդումն էր։
-Հենց հիմա անջատի, էդ քեզ ապագա չի, 3 օրից քննության ես ու ոչ մի տառ չես կարդացել։ (սթափություն)
-Ձենդ կտրի։ (ըմբոստություն)
Բայց չգիտես՝ ինչու, իմ սիրելի հաղորդումը այդ օրը այդքան էլ սիրելի չէր։ Հեռուստացույցը անջատեցի։
-Տեսա՞ք՝ անջատեց, ես հաղթեցի։ (սթափութրուն)
-Հա, բայց իզուր էլ անջատեց, մեկ ա՝ քննությունները լիկվիդ ա մնալու։ (հոռետեսություն)
-Չէ, վերջացրո՜ւ, հիմա կգնա ու կպարապի։ (լավատեսություն)
Հասկանալով, որ անելու ոչինչ չունեմ՝ գնացի իմ սենյակ, վերցրի քննության նյութերը ու սկսեցի պարապել։
-Ես հաղթեցի։ (լավատեսություն)
-Լավ ես անում, որ կարդում ես, բայց գնա մի քիչ հանգստացի։ (հոգատարություն)
-Լավ միտք էր։ (բանականություն)
Ֆիլմ էի դիտում, երբ նայեցի ժամին ու հասկացա, որ օնլայն դասը արդեն սկսվել է։ Միացա դասին։
-Աչքերդ չե՞ն ցավում։ (հոգատարություն)
Աչքերս տրորեցի։
-Մեկդ ասեք՝ թող գնա հաց ուտի։ (հոգատարություն)
Ու ես զգացի, որ քաղցած եմ։ Գնացի ընթրելու՝ միաժամանակ հեռախոսով փորփրելով ֆեյսբուքյան էջս։ Օրը վերջացավ (սովորաբար օրը ինձ համար ավարտվում է 02:30-ի կողմերը, եթե հաշվի չառնենք, որ մինչև ժամը 04:30 երաժշտություն եմ լսում)։ Արդեն ժամը 04:25 էր, օրս էլ արդեն մոտենում էր ավարտին։
-Քնե՞ց։ (կարգապահություն)
-Ըհն։ (հոգատարություն)
-Թող առավոտը գա, տեսեք՝ ինչ եմ անելու։ (կարգապահություն)
-Դե հազար անգամ ասացի՝ հանգիստ թողեք, մարդը պիտի իր որոշումներում ազատ լինի։ Եթե ինքը նորմալ ա համարում ուշ քնելը, ուրեմն դա իր որոշումն է։
-Դու ոչ մի բան չես հասկանում, կարգապահությունը ճիշտ է։ (պունկտուալություն)
Լույսը բացվեց, նայեցի ժամին. 11:30 էր։
-Ժամը 11-ն ա, ու դեռ քնա՞ծ ես։ (կարգապահություն)
Ու այսպես բոլոր հանգստյան օրերին․․․
Առավոտյան արթնացա ինչ-որ տարօրինակ մտքերով։ Սուրճի բաժակը ձեռքիս՝ մոտեցա պատուհանին ու գիտունիկի դեմքով սկսեցի զննել տեսարանը։ Իրականում արտասովոր ոչինչ չկար։ Միապաղաղ առավոտներից մեկն էր։ Բայց չէ… Ինչ-որ բան այն չէր։
-Երանի հրաշագործ լինեի,- ասացի ես՝ երեխայական խանդավառությամբ։
Ձայնիս մեջ սենտիմենտալ երանգ նկատեցի։
-Դե վերջացրո՜ւ, արդեն 19 տարեկան ես, ի՞նչ հրաշագործ։
Գրողը տանի, ես մենախոսում եմ։ Ափերովս տրորեցի աչքերս ու նորից պատուհանից դուրս նայեցի։
-Եթե հրաշագործ լինեի, վերջ կտայի այս անիմաստ միապաղաղությանը։
-Միապաղաղությունը մեզ ստիպում է հաշտվել իրականության հետ,- հակադարձեցի ինքս ինձ։
-Իսկ եթե մենք դեմ ենք այս իրականությանը, եթե այս իրականությունը մեզ զոմբիների է վերածում՝ ստիպելով համակերպվել անիմաստ օրենքներին, եթե այս իրականությունը տապալում է մեզ՝ ստիպելով հաշտվել ամեն օր նույն սցենարը տեսնելուն, արդեն հոգնել եմ այդ գրողի տարած նույնից, ամեն օր նույնը, առավոտյան՝ նույնը, կեսօրին՝ նույնը, երեկոյան՝ նույնը, գիշերը… Գիշերը, միայն գիշերն են մեր մտքերը փոխվում, միայն գիշերն ենք մենք կոտրում մեր երևակայության պատնեշը ու պատկերացնում աշխարհը մեր ուզած ձևով։ Ուզում եմ հրաշագործ լինել, որ վերջապես ազատեմ մարդկանց այս անիմաստ միապաղաղությունից։
-Շունչ քաշիր, միևնույնն է, ոչինչ փոխել չես կարող։
Դե հա, ճիշտ է։ Անիմաստ էի ըմբոստանում։ Հանկարծ հայացքս ընկավ իմ սենյակի գրապահարանին։ Վերցրի առաջին պատահած գիրքը (Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գիրքն էր) ու սկսեցի թերթել։ Թերթում էի՝ միաժամանակ մտածելով գլխավոր հերոս Ռասկոլնիկովի մասին։
-Երանի հրաշագործ լինեի ու կարողանայի հանդիպել նրա հետ։ Ու ամեն կերպ նրան հետ կպահեի ծեր կնոջը սպանելու մտքից, ու նա բանտ չէր ընկնի։
Այո՜, իրականում գիրքն ընթերցելիս շատ էի ազդվել այն հատվածից, որտեղ Դոստոևսկին շատ հուզական կերպով նկարագրում էր Ռասկոլնիկովի ապրումներն ու մտքերը բանտում անցկացրած ժամանակ։
-Հիմա ի՞նչ, երազելով ինչ-որ բան կփոխե՞ս։
-Խնդիրը հենց դա է, ես չեմ ուզում համակերպվել այս իրականության հետ, ուզում եմ՝ կյանքը լինի երազների նման, ուզում եմ շունչ տալ իմ սիրելի գրական հերոսներին, ուզում եմ նրանց հետ պահել բոլոր այն սխալներից, որոնք նրանք արել են իրենց գրքային կյանքում։
Գիրքը դրեցի գրապահարանում ու նորից մոտեցա պատուհանին։ Անձրևում էր։ Աչքերս ամուր փակած՝ լսում էի այն արտասովոր «երաժշտությունը», որը լսվում է անձրևելիս։ Անձրևի ձայնը ինձ մի պահ հիպնոսացրել էր։ Չգիտեմ՝ ինչքան ժամանակ էի աչքերս փակ ունկնդրում այդ էսթետիկ երաժշտությունը, որին անվանում էի «Անձրևի ակորդներ», երբ հանկարծ լսվեց դռան ճռռոց։ Դուռը կամաց բացվեց, ու ներս մտավ Օբաման՝ իմ սև կատուն։
-Երևի քաղցած է,- ասացի բարձրաձայն։
Նայում էի նրա կանաչ աչքերին ու փորձում էի կարդալ այնտեղ ապաստանած հայացքի ողջ խորությունը։
-Իսկ եթե հրաշագործ լինեի, կկարողանայի հասկանալ, թե Օբաման ինչ է ուզում ինձ հասկացնել։
Կատվիս կերակրելուց հետո նկատեցի, որ նոր հաղորդագրություն ունեմ։ Վերցրի հեռախոսս ու տեսա․
-Արդեն ժամը 14:30 է, անգլերենի օնլայն դասը հիմա կսկսվի։
Դե հա, վերջապես վերադարձա իրականություն։ Ես ճիշտ էի, մենք պետք է համակերպվենք դրա հետ։ Իրականությունը սթափեցնում է մեզ, երբեմն նաև դասեր է տալիս։ Իսկ հրաշագործությունը միայն հեքիաթներում է հանդիպում։ Կյանքն էլ հեքիաթ չէ, այն մենամարտ է՝ իրական մենամարտ։ Իսկ եթե իրոք հրաշագործ լինեի, ոչինչ էլ չէի փոխի, ես սիրում եմ այս իրականությունը։
Բարև, իմ ընկեր։ Հուսով եմ՝ լավ ես։ Իսկ կօգնե՞ս ինձ գտնել մի բառ, որը միաժամանակ բնութագրում է և՛ սեր, և՛ հիասթափություն։ Շատ անգամներ եմ փորձել գտնել կամ հորինել այդ բառը, բայց միշտ պարտվել եմ։ Շատ բան ունեմ քեզ ասելու, բայց աչքերս լցվում են, կոկորդս սեղմվում է, և չեմ կարողանում կողմնորոշվել՝ ինչպես սկսել նամակս։
Մտքերիս էջանիշը կանգ առավ այն օրվան ուղղահայաց, երբ առաջին անգամ հանդիպեցինք։ Հիշո՞ւմ ես՝ երկուսս էլ փոքր էինք, ու հենց այդ օրվանից էլ գրվեց մեր ընկերության պատմությունը։ Ամեն ինչ այնքա՜ն լավ էր, այնքա՜ն անհոգ… Ես կիթառ էի նվագում, իսկ դու երգում էիր, երազում էիր հայտնի երգչուհի դառնալ, և ես քեզ միշտ քաջալերում էի։ Հիշո՞ւմ ես՝ երկուսս էլ չէինք հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, բայց ամեն տարի նրան նամակ էինք գրում՝ հուսալով, որ նա կբերի մեր երազանքները։ Ես իմ նամակում միշտ խաղաղություն էի ուզում, իսկ դու՝ երջանկություն։ Մի՞թե հիմա քեզ երջանիկ ես զգում, օտար հողում երկու կտոր ավել հաց ուտե՞լն էր պատկերացրածդ երջանկությունը։ Դու անընդհատ քո հերոս պապիկի մասին էիր պատմում, որը զոհվել էր ռազմի դաշտում, ասում էիր՝ պապիկիդ թափած արյունը դեռ հոսում է քո մեջ, ասում էիր՝ հայրենասեր լինելը քո կոչումն է։ Ես միշտ ուշադրությամբ էի լսում հերոս պապիկիդ պատմությունը ու միշտ զարմանում ու հիանում էի նրա անսահման հայրենասիրության վրա։ Իսկ ի՞նչ արեցիր դու․ մի քանի րոպեում մոռացար հայրենասիրությունդ և պապիկիդ` թափված սուրբ արյունը վաճառեցիր տխմար աճուրդներում։ Դու ինձ խոստացել էիր երբեք չլքել․ ինչո՞ւ չպահեցիր խոստումդ։ Շատ եմ բարկացած քեզ վրա, իմ հին ընկեր, բայց չեմ կարողանում քեզ ատել։ Շատ անգամներ եմ փորձել արդարացնել արարքդ, բայց էլի պարտվել եմ։ Դու պատառոտել ես մեր ընկերությունը, իսկ ես դեռ շարունակում եմ այն սոսնձել։
Իմ լավ, իմ դավաճան ընկեր, ես ծրարում եմ այս ճերմակ թղթի անաղարտության մեջ լցրած կիսատողերս ու խնդրում քեզ ընթերցել ոչ թե գրվածը, այլ՝ չգրվածը, որովհետև… որովհետև չգրածիս համար բառեր չկային, որովհետև չգրածիս համար չկարողացա զգացածս ու մտածածս բառային կաղապարների մեջ տեղավորել ու քեզ հասցնել։
Ասելիքս շատ է, բառերս ՝ «խղճուկ»։ Հույս ունեմ քեզ մի օր նորից տեսնել, մի՛ մոռացիր՝ դու դեռ ինձ խոստում ես պարտք․․․
Նամակը հանձնեք հայրենասիրությունից խոսող «հայրենասեր» ընկերոջս։