Սարգիս Մելքոնյանի բոլոր հրապարակումները

Sargis Melkonyan

Նախընտրական խոստումներ

Նախընտրական շրջան է, բոլոր կուսակցությունները խելքից-մտքից դուրս խոստումներ են տալիս։ Շեշտը դնում են հասարակության այնպիսի խնդիրների վրա, որոնք իսկապես լուծման կարիք ունեն։ Օրինակ, արագաչափերի հարցը: Մի քանի կուսակցություն արդեն հասցրել է այդ հիմնախնդիրն ընդգրկել իր նախընտրական խոստումների ցուցակում։ Բայց մի՞թե այն չի առաջացել «որոշ անհատների» գրպանները լցնելու համար։ Ստացվում է, որ վերևներում արհեստականորեն խնդիր են առաջացնում ու փորձում այդ խնդիրը լուծել` ցույց տալու համար, թե գործ են անում։ Մինչդեռ իրական գործը, որ պիտի արվի, չի արվում։ Օրեցօր նոր դռներ են փակվում, մարդիկ հեռանում են, փոքր ու միջին բիզնեսն անկում է ապրում, աշխատատեղերը կրճատվում են, աշխատավարձերը` նույնպես, ապրանքի գները թանկանում են` պահանջարկը նվազում։ Ու այս ֆոնին խեղճ ժողովրդին խոստումներ են տալիս, որ մենք էլ գիտենք, չի իրականանալու։ Էլի գյուղացին իր կովն է պահելու։ Նույնիսկ հավատն է պակասել ինչ-որ լավ բանի հանդեպ։ 

Sargis Melkonyan

Ամենասիրա՞ծ, թե՞ չսիրած…

Գարունն իմ ամենասիրած ու ամենաչսիրած եղանակն է։ Պատճառն այն է, որ գարունն ինքնին բազմազան տրամադրություններով լեցուն է ու անկանխատեսելի։ Սիրում եմ գարունը, հատկապես ապրիլ-մայիս ամիսները, որովհետև այդ ժամանակ ոչ շատ տաք է, ոչ շատ ցուրտ։ Չեմ սիրում գարունը, հատկապես՝ մարտը, որովհետև այդ ժամանակ հեշտ ու հանգիստ կարող ես ցեխի մեջ կորել։

Մարտի առաջին տասնօրյակն է։  Տանիքներից կաթում է ձյան հալոցքից առաջացած ջուրը։ Ջրհորդանի բացակայության պատճառով տանիքներից իջնող ջուրը լցվում է փողոց։ Մայթերի ձյունը չի հալչում, ուստի բոլորը քայլում են փողոցի մեջտեղով։ Իսկ մեքենաները հաճախ այնպիսի արագությամբ են ընթանում, որ ոչ միայն ոտքից գլուխ թրջվում ես, այլև մինչև ոսկորներդ սառում։ Էլ չեմ ասում, թե ինչքան վտանգավոր է: Իսկ երբ այս ամենին գումարվում են Ագարակի հողե ճանապարհները, չես կարող առանց ցեխի մեջ 5-10 սմ խրվելու քայլել փողոցով։

Հուսամ օրերը ավելի կտաքանան, և այս վիճակը երկար չի շարունակվի։

Sargis Melkonyan

MWC 2017-ի ամենահետաքրքիր նորությունները

Այս օրերին Բարսելոնայում շարունակում է ընթանալ MWC 2017-ը։ Նախորդ նյութումս խոսել էի այդ ցուցահանդեսի մասին: Ցուցահանդեսի ընթացքում հետաքրքիր նորարարություններով են հանդես եկել Sony, Huawei և մեր հին ու բարի Nokia ընկերությունները։ Դե, ինչպես խոստացել էի, սկսեմ պատմել դրանց մասին։
Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրեց միանգամից 4 նոր խելախոս, բայց դրանցից ամենալավը, իմ կարծիքով, Sony Xperia XZ Premium-ն էր։ Այն ուներ 4K HDR էկրան և առաջին սմարթֆոնն էր պատմության մեջ նման էկրանով։ Բացի այդ, այն զինվել էր նաև 19 Մպ-անոց ընտիր տեսախցիկով։ Տեսախցիկի առանձնահատկությունը նրանում է կայանում, որ «Slow Motion» (դանդաղ շարժում) ռեժիմում կարողանում է նկարահանել 960 կադր 1 վայրկյանի ընթացքում։ Կարծում եմ դա հիանալի ցուցանիշ է հեռախոսի համար։

Huawei-ը ներկայացրեց Huawei P10 և P10 Plus սմարթֆոնները, որոնք օժտված են Leica տեսախցիկներով։ Սմարթֆոնի հետևի մասում գտնվում են երկու տեսախցիկներ, որոնք օգնում են ավելի լավ կարգավորել լույսն ու գեր-գերազանց նկարներ ստանալ։

Իսկ Nokia-ն ներկայացրեց միանգամից 3 նոր հեռախոսներ։ Իրականում դրանք այնքան էլ արտասովոր տվյալներ չունեն, ուղղակի անցած-գնացած Nokia-ն հարություն է առնում։

Շարունակեք հետևել 17.am-ին։ Ցուցահանդեսը դեռ չի ավարտվել։

Sargis Melkonyan

Այսօր խառը օր է

Բարև, հարգելի ընթերցող․ ինչպե՞ս ես․ ես լավ եմ։ Ի՞նչ կա, ի՞նչ ես անում։ Ե՞ս։ Ես հիմա քեզ եմ գրում։ Ինձ մոտ ժամը 22։04 է, փետրվարի 25: Ես նստած եմ վառարանի կողքին՝ բազմոցի վրա։ Ոտքերիս վրա գցել եմ բարակ ծածկոցը, հեռուստացույցի վահանակը դրել եմ կողքիս։ Մի աչքով նայում եմ համակարգչին, մյուսով՝ հեռուստացույց դիտում։ Կողքիս տատիկն է, եղբայրս և քույրիկս։ Մայրիկս հաց է թխում․․․

Վաղը, այսինքն այսօր, շատ կարևոր օր է ինձ համար։ Այսօր Բարսելոնայում մեկնարկում MWC 2017-ը (Mobile World Congress): Այսօր աշխարհի բոլոր սմարթֆոններ ու խելացի սարքեր արտադրող ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը, պլաններն ու նպատակները։ Դուք հավատո՞ւմ եք, որ մի օր սառնարանը կթակի ձեր դուռը, կամ որ ջրածնով մեքենա կվարեք, կամ որ հեռախոսի էկրանը երբեք չի կոտրվի, կամ որ․․․ Մի խոսքով, ամենահետաքրքիր սարքերի մասին կգրեմ, ուշադիր կլինեք։

Հա, մեկ էլ մի խնդրանք ունեմ մեր Տավուշի թղթակիցներին, եթե հնարավոր է՝ գրեք, թե ի՞նչ վիճակ է այդտեղ։ Ինչպես մենք՝ թղթակիցներս ենք սիրում ասել, որ լուրերն իմանանք առաջին ձեռքից։

Sargis Melkonyan

Երկինքը աստղազարդ է

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը։ Հաստատ դուք էլ եք փոքր ժամանակ նայել երկնքին ու ամպերը կենդանիների, թռչունների և այլ առարկաների նմանեցրել։ Բայց ինձ ամպերն այդքան էլ չեն հետաքրքրում, կարևորը՝ թե ինչ կա ամպերից վերև։ Երևի դա մանկուց է եկել, կամ «գեներով է ժառանգվել», ինչպես սիրում է ասել մեր կենսաբանության ուսուցչուհի ընկեր Բաղդասարյանը՝ Մենդելի տեսությունը բացատրելիս։

Սիրում եմ ազատությունը՝ չափից դուրս։ Ու սահմանափակվել երկնքին նայելով՝ ուղղակի չեմ կարող կամ չեմ ուզում։ Բայց նաև չեմ հավատում անվերջությանը։ Ճիշտ է, մաթեմատիկայում շատ ենք հանդիպում անվերջ թվերի, բայց դա միայն մաթեմատիկայում։ Իրական աշխարհը լրիվ այլ կերպ է։ Ինչպե՞ս կարող է տիեզերքն անսահման լինել: «Եթե ուղիղ գնանք, մի օր անպայման կհասնենք եզրին ու կընկնենք ներքև»։ Ծանոթ խոսքեր են, չէ՞, հա, ես էլ եմ լսել։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ տիեզերքը գնդաձև է, ուղղակի մենք անկարող ենք հատել տիեզերքը, որովհետև մենք դրա համար չենք ստեղծված։ Մենք ուրիշ առաքելություն ունենք:

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը, երբ պառկում ես կանաչ խոտի վրա ու անշարժ նայում ես աստղերին։ Դու զգում ես, որ գլխավերևումդ ամեն բան պտտվում է։ Եվ սկսում ես արժևորել կյանքի ամեն վայրկյանը, փոխել կարծիքդ առարկաների ու երևույթների մասին, որովհետև այդ ժամանակ ես միայն գտնում քո իրական «ես»-ը, երբ գտնվում ես երկնքի ու երկրի միջև, երբ նայում ես աստղերին ու հասկանում ես (սերիալների պես բուն ասելիքը թողնում եմ վերջում), թե ինչքա՜ն փոքր էակ է մարդը, ինչքա՜ն թույլ ու անօգնական։ Բայց նաև հասկանում ես, թե ինչքա՜ն հզոր է մարդը, երբ սիրում է։ Նա ամեն ինչի պատրաստ է: Ու ավելի հզոր բան չկա աշխարհում, քան սերը, որովհետև Աստված ինքնին սեր է:

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենասիրածս զբաղմունքը։ Իհարկե, երկնքին նայելը, երբ պառկում ես կանաչ խոտերի վրա ու մտածում անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

Sargis Melkonyan

Ձյունն ու ձմեռը

Առաջին ձյունը, որը եկավ նոյեմբերի մեկին, ուրախություն էր։ Բայց այդ ուրախությունը միայն մեզ՝ երեխաներիս համար էր։ Առաջին ձյան հետ բոլոր գյուղացիները սկսում են մտածել վառարան տեղադրելու, վառելափայտի պակասի և ջրի խնդրի մասին։ Ջրի խնդիրը մեր գյուղում ամենամեծն է։ Ամռանը ջուրը շատ դժվարությամբ է գալիս, ձմռան մասին խոսելն էլ երևի ավելորդ է։ Ջուրը ձմռանը սառչում է, և գյուղի մեծ մասը մնում է առանց խմելու ջրի։

Սովորաբար առանց խմելու ջրի մարդիկ դիմանում են 3-5 օր, առանձին դեպքերում՝ նույնիսկ մեկ շաբաթ։ Բայց մեր գյուղում, երևի, շատ դիմացկուն մարդիկ են ապրում, որովհետև մերոնք դիմանում են մի ամբողջ երկար ու ձիգ ձմեռ։

Ջուրը բերում ենք հարևանների տանից՝ դույլերով ու ջրամաններով։ Որոշ դեպքերում կտրում ենք նույնիսկ տասնյակ մետրեր, որ տուն բերենք այդքան սպասված ջուրը։ Բայց ճանապարհն էլ հուսադրող չէ։ Սառույցով ու ձյունով պատված մեր գյուղի ճանապարհները իսկական փորձություն են, իսկ երբ դրան գումարվում է 10-15 լիտր ջուրը, հաղթահարելը հերոսանալու պես մի բան է։ Իսկ թափառող ու սոված շների պատճառով, որոնք վխտում են փողոցներում, շատերը հայտնվում են սառը ասֆալտին ու, գուցե, կոտրվածքներ են ստանում, որովհետև վախենում են նրանցից ու սխալ շարժումներ անում:

Հիմա եմ հասկանում, թե ինչքան հիմար քայլ էինք անում փոքր ժամանակ, որ ուղղակի սահելու համար փողոցը սառցադաշտ էինք դարձնում։ Եթե սրան էլ գումարենք ջրահեռացման համակարգի սառած վիճակը, ապա…

Ջրի խնդիրը մի կողմ. վառելափայտը վերջանում է։ Գյուղի մի մասը, այդ թվում նաև մենք, արդեն մի քանի լրացուցիչ խորանարդ մետր փայտ է գնել։ Բայց ի՞նչ անի նա, ով գումար չունի։

Հուսանք, որ գարունը շուտ կգա, օրերը կտաքանան, բայց դե դա էլ իր խնդիրներն ունի։

Sargis Melkonyan

Պատկերը երկու կողմից

Դեկտեմբերի 24-ին Հայաստան մտավ հերթական ցիկլոնը, որը բերեց ձյուն, մառախուղ, տարբեր տրամադրություններ։ Առատ տեղումների մասին կարծիքները տարբեր են։ 

Շատերն են ասում, որ ձյունն իսկապես ձմռան հրաշքն է, որ տեղում է՝ ծածկելով վատն ու չարը, և ստիպում է ամեն ինչին նայել վարդագույն ակնոցներով։ Բայց հեքիաթն իրականում ավարտվում է այն ժամանակ, երբ հիշում ես հոգսերի մասին, չնայած այն շատերի համար չի էլ սկսում։ Օրինակ, ի՞նչ ասի այն գյուղացի տաքսու վարորդը, ով տառապում է տոկոսների տակ, ում մեքենան չունի ձմեռային անվադողեր, բայց ինքը հույս ուներ, որ այս օրերին գյուղից Երևան կարող է տեղափոխել առևտուր անող համագյուղացիներին ու ստացված գումարով մի կերպ մարել տոկոսագումարը ու Նոր տարի նշել։

Եվ այս վիճակում են գյուղի գրեթե բոլոր մեքենա ունեցողները։ Իսկ գյուղացիք ստիպված պիտի գյուղի խանութից թանկ գնով ապրանք գնեն։ Իսկ ով պլանավորել էր, որ խոզ կամ անասուն մորթի, չգիտի էլ ինչ անի։

Գյուղի խանութպաններն ընդհանրապես բողոքելու տեղ չպիտի ունենան։ Էլ չեմ ասում`երեխաները… Ձյունն այնպես են ուտում, ոնց որ աշխարհի վրա ուրիշ ուտելու բան չլինի։ Բայց մյուս կողմից ձմեռն առանց ձյուն, ոնց որ Նոր տարին առանց տոնածառ։

Էհ, ինչ արած․․․ Սա է մեր ձմեռը։ Վաղը հարցազրույց կվերցնեմ անցնորդներից, պարզելու համար իրական տրամադրությունը և տրամադրվածությունը։

Sargis Melkonyan

Որ կոչվում է․․․

Առաջին ձյան հետ ակամա խորանում ես ամանորյա հրաշքի մեջ՝ ցրտահարված ձեռքերդ վառարանի մոտ տաքացնելով և Ձմեռ պապի մասին մտածելով։ Մի տեսակ ուրիշ աշխարհ է Ձմեռ Պապի մասին մտածելը․ ուզում ես հավատալ, տեսնել, զգալ, որ նա գոյություն ունի, սակայն երկրորդ պահին անհնար ես համարում նրա լինելը, բայց երրորդ պահին ուզում ես, որ հրաշք կատարվի, չորրորդում՝ երկմտում, բայց հետո ուզում ես հավատալ, ուզում ես դուրս վազել տնից՝ կիսաչոր մատներով, սառած, կարմիր քթով, ուզում ես դուրս վազել ու խրվել ձյուների մեջ՝ սառնության մեջ փնտրելու ամանորյա ջերմությունը․․․

Բայց հետո հասկանում ես, ու դեռ դուռը չբացած հետ ես դառնում։ Այո, ուրիշները քեզ գիժ են համարում, բայց դու ուզում ես հավատալ հրաշքին, ուզում ես․․․ Ու հենց այդ պայքարն է ներսումդ, որ ստիպում է մի պահ արտասվել․․․ Ու դու բացում ես համացանցը, որոնում Նոր տարվա մասին քո սիրելի երգերը, լսում․․․ Սիրտդ մի քիչ հովանում է, բայց դու դեռ ուզում ես հավատալ հրաշքին, դուրս ես վազում՝ ոչնչի մասին չմտածելով, վազում ես, մինչև ծնկները խրվում ձյան մեջ։ Ուզում ես լացել, արցունքներն ուզում են հոսել աչքերիցդ, բայց մի քանի կաթիլից հետո դադարում ես լացել, ու հասկանում ես, որ քեզ պատել է մի անհասկանալի զգացողություն, որ կոչվում է (ինքս էլ չգիտեմ, թե ինչ)․․․

Sargis Melkonyan

Ամենամեծ դասերից մեկը

Ապրիլ ամսին էր։ Չէ, մի շտապեք եզրակացություններ անել, որովհետև գրածս ամենևին էլ քառօրյա պատերազմի, դրա հետևանքների ու տված դասերի մասին չէ, թեև ինչ-որ տեղ պատերազմի հիմքում է թաղված։ Ինչևէ, ապրիլի մեկին, չէ՛, սա հումոր չէ, «Մանանա» կենտրոնի անձնակազմի մի մասը եկան մեր դպրոց՝ կենտրոնը ներկայացնելու։ Ասացին նաև, որ շուտով Աշտարակում մեդիա դասընթաց են կազմակերպելու։ Ցանկություն առաջացավ անպայման մասնակցելու։ Մտքումս ասացի. «Այ քեզ հաջողություն», բայց հետո` « Ձրի պանիրը միայն թակարդում է լինում »։ Չէ, կներեք էս մտքիս համար, հիմա հաստատ կարծիքս 180 աստիճանով փոխվել է, որովհետև գիտեմ, որ կողքիս կա մի մեծ թիմ՝ «Մանանա» կենտրոնն ու Եվրոպական Միությունը, որոնցից ես անչափ շնորհակալ եմ։ Լավ, անցնենք բուն թեմային։ 

Եթե դու 17.am-ի թղթակից ես ու մեդիա դասընթացի ես մասնակցել, հաստատ լսած կլինես, դասընթացի ընթացքում անընդհատ կրկնում են, որ կենդանի շփումից բացի համացանցով ենք շփվելու, նյութեր ուղարկելու, լուսանկարներ նկարելու, ֆիլմերի գաղափարներ առաջարկելու… ու սովորելու ենք մեր ուղարկած նյութերի հիման վրա։ Սկզբում մի տեսակ չէի պատկերացնում, թե ինչպես պիտի սովորենք մեր ուղարկած նյութերի վրա, բայց…

Մի քանի օր առաջ 17.am –ում տեղադրվեց հերթական հոդվածս՝ «Արձակուրդներ են, չէ՞» վերնագրով։ Հոդվածումս խնդրել էի, որ խմբագրությունը նրանում առկա օտար բառերը չփոփոխեր։ Խնդրանքս օդի մեջ մնաց։ Երևի սա այն եզակի դեպքերից էր, երբ խնդրանքս չկատարելուց ես ոչ թե նեղվել, այլ ուրախացելէի։ Խմբագրության կողմից գրված տողերը կարդալիս երևի իմ կյանքի ամենամեծ դասերից մեկն էի կարդում՝ հայրենասիրության ու հայերենասիրության լավագույն դասերից մեկը։ Հոդվածումս օտար բառերի կողքին, երբ կարդացի հայերենը, չգիտեմ` ինչ կատարվեց հետս, բառերով հնարավոր չէ նկարագրել… (Ախր, չեք պատկերացնի, թե մի բառը, մի ժեստը, մի ժպիտը, մի հայացքը ինչքան բան կարող են փոխել մարդու մեջ):

Մեր լեզուն այնքան գեղեցիկ է: Ունի 300 000-ից ավելի բառ, բայց դրանք իրոք շատ քիչ են բնութագրելու այն գեղեցկությունն ու ճոխությունը, որ մերն է։ Բայց մենք մեր լեզուն  արժեվորելու  փոխարեն, վերջին ձևով տգեղացնում, օտար բառերը խցկում, ծամածռում ու ծաղրում ենք մերը՝ մեզ։  Ու հենց մերը ծաղրելով է, որ այսօր «երկիրը երկիր չի» ասողները ամեն մի պատի տակ գովում են առաջատար երկրներին, իսկ մերը վերջին ձևով ստորացնում։ Ասենք, դու մեր երկիրն ես։ Այո, այո, դո՛ւ, էկրանի առաջ ուրիշ մարդ կա՞։ Պատկերացրու մի պահ դու մեր երկիրն ես։  Զավակներիդ շուրջդ հավաքած ուրիշների կողքին ես կանգնում։ Զավակներդ ամեն պահ քեզ փնովում են, ծաղրում, հայհոյում, կոպտում, ուրիշների առաջ, մեղմ ասած, «խայտառակ» անում, հեռանում են քեզանից, ուրիշների մոտ ապաստան գտնում, ուրիշի հողը ծաղկեցնում, և հենց հասնում է ժամանակը, որ ծաղիկը պիտի թառամի՝ «Ինձ Հայաստանում կթաղեք», ու կամաց-կամաց մեր երկիրը վերածվում է գերեզմանի։

Երևի ոչ մի գիրք, ֆիլմ, խոսք ու զրույց այսքան բան չէին փոխել իմ մեջ, ինչքան խմբագրության կողմից արված փոփոխությունը։  Մի հարց ունեմ․նախորդ հոդվածը Մարիա՞մն էր խմբագրել։

Sargis Melkonyan

Չապրած օրերի մասին

Բարև, Ձմեռ: Քեզնից առաջ ամա՞ռն էր, լավ չեմ հիշում։ Չէ՛, չէ՛, ինչ-որ այլ եղանակ էր՝ անհասկանալի։ Բարև, Ձմեռ, մի՞թե այսպես շուտ պիտի գայիր։ Իսկ ո՞ւր մնաց քո նախաբանը՝ աշունը։

Աշո՜ւն… Է՜հ… Ինչո՞ւ չեկար այս տարի։ Չէ, չէ սպասիր, ես ապրել եմ քեզ այս տարի մի պահ, երբ 9-ից հինգ էր պակաս, երբ դեռ 700 մետր կար դպրոց հասնելուն, երբ վազում էի հարևան բակի դեղին տերևների միջով ու լսում քո ձայնը։ Ա՜խ, Աշուն, Աշուն․․․ Կներես, ես շտապում էի դպրոց հասնել, բայց դեռ մեկ ամիս կար քո ավարտին, ինչո՞ւ շուտ հեռացար․․․ Սպասիր, ի՞նչ կլինի․․․

Չէ, ես քեզ էլի եմ տեսել, տեսել եմ իմ չապրած օրերում․․․ Աշո՜ւն, Աշո՜ւն․․․ Մյուս տարի ավելի երկար մնա մեզ հետ։ Դուռը ոնց որ թակում են, սպասիր․․․ Բարև, Ձմեռ․․․