«Գիտակցեք, որ գործ եք ունենալու մարդկային կյանքի հետ»:
Իմ զրուցակիցն է քեռիս` Վարդան Ղազարյանը` բժիշկ ռենտգենոլոգ:
-Քեռի, քանի՞ տարի ես բժիշկ աշխատում, և ո՞րն է այն շարժառիթը, որ քեզ ստիպեց դառնալ բժիշկ:
-Աշխատում եմ բժիշկ-ռենտգենոլոգ շուրջ 25 տարի: Շարժառիթը տատիկիս հիվանդ լինեկն էր: Փոքրիկ տարիքից ես փորձում էի անընդհատ օգնել նրան և 17 տարեկանում հասկացա, որ իմ մեջ արմատավորել եմ բժիշկ դառնալու ցանկությունը
-Քեռի, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկը:
-Բժիշկը պետք է լինի գիտակ, հմուտ, համբերատար, իսկ ամենակարևորը` բժիշկ պետք է դառնալ այն գիտակցումով, որ սովորելու ես ամբողջ կյանքում:
-Ի՞նչն ես կարևորում հիվանդ և բժիշկ հարաբերություններում:
-Ամենակարևորը` բժիշկը պետք է վստահություն ներշնչի հիվանդին, և երկրորդը, պետք է լինի չափազանց հավասարակշռված:
-Սիրո՞ւմ են քեզ քո հիվանդները:
-Սիրելը պարտադիր չէ, կարևորը հարգում են:
-Քեռի, քեզ վնաս չե՞ն տալիս ռենտգենյան ճառագայթները:
-Ոչ, վնաս չեն տալիս: Ժամանակակից սարքավորումներն այնպիսինն են, որ հիվանդն ու բժիշկը ապահովագրված են ճառագայթների վնասակար ազդեցությունից: Այն աշխատասենյակները, որտեղ տեղադրված են ռենտգենյան սարքավորումները, ապահովված են պաշտպանիչ պարագաներով, այսինքն, աշխատասենյակից դուրս ճառագայթային ֆոն չի հայտնաբերվում:
-Այդ սարքավորումները տարբե՞ր են լինում:
-Մի շարք բժշկական սարքավորումներ արտադրող ձեռնարկություններ, որտեղ արտադրվում են նաև տարբեր ռենտգեն սարքավորումներ, տարբեր հետազոտությունների համար: Կան ստացիոնար և շարժական ռենտգեն սարքավորումներ, ինչպես նաև ատամ նկարելու ռենտգեն ապարատ:
-Քեռի, մի հիշարժան դեպք պատմիր քո աշխատանքից:
-Հերթապահության ընթացքում ներս են մտնում մարդիկ` աղմուկ-աղաղակով 2 տարեկան երեխան գրկին: Պետք էր պարզել` երեխան ասեղ կո՞ւլ էր տվել, թե՞ ոչ: Հետազոտությունից հետո պարզվեց, որ երեխան կուլ էր տվել փոքրիկ գնդասեղ, բոլորս շատ անհանգստացել էինք, բայց ամեն ինչ ավարտվեց բարեհաջող:
-Իսկ ի՞նչ ես անում, երբ գալիս է ծանր հիվանդ:
-Աշխատում եմ հնարավորինս արագ կատարել հիվանդության ախտորոշումը և հիվանդին ուղարկել նեղ մասնագետ բժշկի մոտ` վիրաբույժ, նեյրովիրաբույժ, թոքաբան…
-Եթե հնարավորություն լինել դառնալ 17 տարեկան, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:
-Կամ օդաչու, կամ նորից բժիշկ:
-Ի՞նչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին, ովքեր որոշել են դառնալ բժիշկ:
-Լինել նպատակասլաց, սիրել մասնագիտությունը և գիտակցել, որ գործ են ունենալու մարդկային կյանքի հետ: