Հունիսի 3-ն էր, արևոտ մի օր, գուցե երբեք էլ այդ վարդը չհայտնվեր ինձ մոտ, եթե այդ օրը չլինեի Կողբում։ Առավոտյան ժամը 8-ին մենք ուղևորվեցինք Կողբ, հասնելուն պես միանգամից ներս մտանք, սինեմայում ունեցանք փոքրիկ հանդիպում, որից հետո ծանոթացանք Կողբ գյուղին։
Արդեն պատրաստվում էինք մեկնել Օձուն, երբ հանդիպեցինք զինվորների: Զինվորներից մեկը ձայն տվեց, ժպիտով շրջվեցինք։
Տղան շատ բարեհամբույր ասաց.
-Եթե ծաղիկ տանք, կվերցնե՞ք։
Դե ինչպե՞ս կարող էինք մերժել զինվորին, այն զինվորին, որը ծառայում է հենց մեր խաղաղ գիշերների համար։
Ծաղիկը վերցրեցի… Դա ալ կարմիր վարդ էր, որը ծաղկում էր զորամասի բակում։ Ինքս ինձ խոստացա, որ ինչ էլ լինի, այդ ծաղիկը միշտ պետք է ծաղկի։ Ու որքան եղավ ուրախությունս, երբ որոշ ժամանակ անց տեսա, որ ծաղիկը արմատներ է տվել:
Չգիտեմ, հիմա այդ երկու տղաները զորացրվե՞լ են, թե՞ ոչ, բայց ուզում եմ բոլոր զինվորները ծառայեն խաղաղ երկնքի տակ, և անփորձանք վերադառնան տուն։
Արդեն գարուն է: Շուտով իմ վարդն էլ կարթնանա ու նորից կծաղկի, կծաղկի Օձունում…