Անի Հարությունյանի բոլոր հրապարակումները

Ani Harutyunyan

Ինչու եմ ուզում լրագրող դառնալ

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, կամ մարդն է գեղեցկացնում աշխատանքը։ Ավելի հակված եմ երկրորդին։ Աշխատանքը չպետք է դառնա պարտականություն, այլ հաճույք՝ համատեղած օգտակարի հետ։

Չեմ հասկանում՝ ինչպես են մարդիկ ընտրում այն մասնագիտությունը, որը չեն սիրում, այն աշխատանքը, որին ամեն առավոտ դեմքի դժգոհ արտահայտությամբ են գնում։ Չսիրած գործով զբաղվելը հավասար է լիարժեք չապրելուն։

Չեմ հիշում՝ ինչպես, ում խորհրդով, երբ սկսեցի հետաքրքրվել լրագրությամբ: Հետո, հուրախություն ինձ, դպրոցում լրագրության խմբակ բացվեց. Էլ տարակուսելու ու մտածելու ոչինչ չկար. ես գտա իմը։

Լրագրությունը պահանջում է էներգիա, կրակ ներսումդ, հետաքրքրասիրություն, հաճախ էլ՝ անհամբերություն. այն, ինչ կա իմ մեջ, այն, ինչ ես եմ։

Ըստ իս, լինել լրագրող, նշանակում է մի քիչ լինել հետախույզ, լուսանկարիչ, գրող… Նշանակում է միշտ լինել պատրաստ ու ճիշտ ժամին ճիշտ վայրում։

Լինել լրագրող, նշանակում է մի կողմ դնել սեփական հույզերը, զգացումները, լինել էմոցիոնալ, բայց տուրք չտալ անձնական հուզումներին։

Շատ հաճախ լրագրողները ստիպված են լինում վտանգել սեփական կյանքը լավ ռեպորտաժ ստանալու համար: Խոսքս, իհարկե, ամեն քայլափոխի հանդիպող ցածր մակարդակի ու կասկածելի բովանդակությամբ տարբեր բլոգներում նյութեր հրապարակող «լրագրողների» մասին չէ: Իրական լրագրողը գիտի իր և ընթերցողի արժեքը: Նա պետք է նախ հարգի ինքն իրեն, իր կատարած աշխատանքը, որ հետո կարողանա հարգել իր լսարանին:

Այսօր պատերազմներն ու ահաբեկչությունները, ցավոք, մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Ամեն օր մեր աչքի առջև լրագրողներն անցնում են ռմբակոծությունների, ռազմական լարված իրավիճակների միջով, որ կարողանան մեզ վերահասու դարձնել այն աղետներին, որոնց կողքով մենք անտարբեր ենք անցնում: Մարդիկ ու հենց իրենք՝ լրագրողները, պետք է կարողանան հասկանալ այդ մասնագիտության մեծ նշանակությունը երկրի ու ժողովրդի համար:

Ես արդեն իմ ուսերին զգում եմ այդ մեծ պատասխանատվությունը և պատրաստ եմ ու ուզում եմ դառնալ այդ վտանգավոր, բայց միաժամանակ հետաքրքիր, արկածներով ու նոր բացահայտումներով լի մասնագիտությունն ունեցողների բանակի մի մասնիկը, լիարժեք մասնիկը:

Ի վերջո, ինչո՞ւ եմ ցանկանում լրագրող դառնալ. կան մարդիկ, ովքեր նախընտրում են լռելը, ու մարդկային, հասարակական շատ խնդիրների կողքով երես դարձրած են անցնում: Բարեբախտաբար ես նման մարդկանց խմբին չեմ դասվում: Չեմ կարող չբարձրաձայնել այն, ինչն անհանգստացնում է ինձ: Անգամ երբ ինքս էլ չեմ կարողանում օգնել, փորձում եմ գրել, տեղեկացնել մարդկանց, հուսալով, որ ինչ-որ մեկը կհայտնվի: Լրագրությունը հնարավորություն կտա ավելի շատ նկատել մեր փոքր երկրում առկա մեծ ու աննշան խնդիրները, կտա հարթակ, որտեղ կկարողանամ խոսել դրանց մասին ու հանգիստ լինել, որ ես էլ իմ ուժերի չափով կարողացա օգնել:

Ani Harutyunyan

Ընկերս

Համադասարանցիս էր։ Անունն այդքան էլ կարևոր չէ. ոչինչ չի փոխի։ Հարյուրավոր մարդկանց են կոչել այդ անունով՝ տարբեր աչքերի գույն ունեցող, տարբեր ճակատագիր, տարբեր ապրելու ժամանակ։

Աչքի չէր ընկնում։ Ժպիտն էր հետաքրքիր, չարաճճի։ Բարկանում էին՝ ժպտում էր, գովում էին՝ ժպտում էր, բայց մի տարբերությամբ՝ այտերը կարմրում էին։

Ականջները սովորականից մեծ էին. հաճախ էինք հումորներ անում։ Էլի ժպտում էր՝ աչքերի ջղային փայլով։

Ինչ-որ մի ժամանակ (չեմ հիշում՝ աշո՞ւն էր, թե՞ ոչ) կողքիս էր նստում։ Չէի թողնում, որ արտագրի։ Նյարդայնանում էի։ Անընդհատ շունչս կտրվում էր, երբ գլխավերևումս կանգնած փորձում էր ինչ-որ բան տեսնել։

Բավականին լուռ էր՝ համեմատած մնացած երեխաների, բայց շարժուն էր։

Մի անգամ վազում էր թղթե ինքնաթիռի հետևից ու ընկավ, ծիծաղեցինք ես ու ընկերուհիս, անցանք։ Երևի նեղվեց. ժպտաց՝ դեմքի ջղաձգումներով։

Համեստ էր հագնվում, բայց կոկիկ ու միշտ արդուկված։ Մի սովորական օր՝ ո՛չ ծնունդն էր, ո՛չ մայիսի մեկը, սպիտակ վերնաշապիկ էր հագին ու սև տաբատ։ Ուսուցչուհին դասարանից դուրս հանեց։ Ո՛չ, հագուստը չէր պատճառը. չափից շատ էր խոսում ու ծիծաղում։ Հազվադեպ էին նման դեպքերը։

Տարբեր ժամանակներից պատմեցի կարճ, բայց այս ընթացքում անցել էր ինը տարի։ Իմացանք, որ դպրոցից դուրս է գալու, գնա արտասահման՝ ծնողների մոտ։ Բան չկա, ոչ մի արտասովոր բան։ Առաջինը չէր դուրս եկողներից։

Հրաժեշտը սովորական էր։ Ի՞նչ կարիք կար երկար արտասվելու. չի մնա, կգա, մեզ էլ չի մոռանա։

Չէինք հասցրել տարվա չորս եղանակների միջով մի ամբողջական պտույտ կատարել, երբ եկավ։ Չէ, ինքը չէ, լուրը։ Սև…

Ընկե՛րս, ուզում եմ հիմա կողքիս լինես, նստես, բոլոր տետրերս բացեմ, թաքուն ձեռքով հրեմ քո կողմը, որ արտագրես։

Ուզում եմ նորից ընկնես, ու ես նորից ծիծաղեմ, բայց քեզ օգնելով ու հագուստդ թափ տալով։

Ուզում եմ նորից սպիտակ վերնաշապիկ հագնես, ու մայրդ էլ, ու հայրդ էլ…

Ani Harutyunyan

Սիլվեստր

Բարև՛։
Անունս Անի է։ Անի անունով սովորաբար կոչում են աղջիկներին, ու դեռ Անի անուն ունեցող տղայի չեմ հանդիպել, փառք Աստծո։ Սա կենսագրություն չի լինելու, ոչ էլ անվան բացատրություն։ Սկզբի համար ուզում էի ինձ չճանաչողներին մի փոքր փաստել, որ աղջիկ եմ։

Հասարակության մի զանգված ունի հստակ սահմանված օրենքներ ու կարծրատիպեր՝ կապված աղջիկների հետ։ Փորձիր դուրս գալ այդ սահմանումներից, ու քեզ կհամարեն տարօրինակ։ Հա, ուրախ եմ, որ քեզ էլ մի տեսակ չի հուզում՝ ինչպիսին կհամարեն քեզ։

Չէ, սա ոչ էլ շրջապատի կարծիքի ու դրա ազդեցության մասին է։

Ես աղջիկ եմ, ու ինձ չեն հետաքրքրում ռոմանտիկ ֆիլմերը։ Դրանք մի տեսակ ճնշող են։ Ու ընդհանրապես, մեր օրերում ռոմանտիկան, երջանիկ ավարտները քչացել են, դժվարացել։ Դժվար է հասնել ֆիլմային happy end-երի։ Ռոմանտիկ ֆիլմեր նայելով մեզ համար այդպես էլ երազանք է մնում «կինոյի սիրուն տղեն կամ աղջիկը»։ Բայց ռոմանտիկան քննադատելու համար չեմ եկել։

Մենք ունենում ենք որևէ իդեալ, կամքի ուժի օրինակ, ամեն անգամ հուսահատվելիս հիշում ենք նրան ու հաճախ ուժ ստանում։ Օրինակներ գտել եմ ֆուտբոլում, ֆիլմերում, դերասանների մեջ։ Ֆուտբոլից խոսել եմ, էլի եմ խոսելու, հա՛, միշտ։ Այսօր կարծես թե ուզում եմ պատմել մարտաֆիլմերից։

Ես աղջիկ եմ, ու «պուպսիկ» դերասանների խաղն ինձ չի գրավում։ Ես իմ դերասաններին գտել եմ դեռ մանկուց, երբ Ջեկի Չանի, Բրյուս Լիի, Ստալոնեի ֆիլմերի ժամերն ու օրերը գրում էի տան պատերին՝ երևացող մասում, որ բաց չթողնեմ։ Ես մեծացել եմ Ռեմբո ու Ռոքքի Բալբոա նայելով։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ մարտաֆիլմերը միայն մարդկանց սպանել չեն սովորեցնում. կարողացիր պայքարել, դժվարություններ հաղթահարել, վիրավորվել, ընկնել, կարողացիր բարձրանալ։ Հասկացա, որ Ռոքքի Բալբոան նայելիս փշաքաղվելը սովորական է դառնում, որ Ստալոնե անունը որպես պատասխան հնչելու է այս հարցին՝ ո՞վ է քո սիրելի դերասանը։

Չեմ գրում Ստալոնեի կյանքը պատմելու համար, բայց երբ հիասթափվում ես ու մտածում՝ փակ դռներին վերջ չկա, հիշի՛ր, որ Սիլվեստրի կյանքը կործանման վտանգի տակ է դրվել հենց լույս աշխարհ գալու առաջին օրից։ Բժիշկներն անզգուշաբար վնասել էին նրա ծնոտային մկաններն, ու նա դեմքի մասնակի կաթված էր ստացել։ Իսկ դու շարունակի՛ր, շարունակի՛ր կյանքդ բարդացնել ամենահասարակ երևույթների պատճառով։ Տարիներ շարունակ նրա դեմքին շրխկացրել են բոլոր դռները՝ ասելով, որ նա երբեք դերասան չի դառնա։ Նայի՛ր նրան ու հասկացի՛ր վերջապես, որ քո կյանքն ամենավատը չէ, դու ունես հնարավորություն, ունեցիր նաև կամքի ուժ։

Ես չէի եկել երկար խոսելու։

Թույլ տվեք երկրորդել մի քանի խոսք «Rocky 6» ֆիլմից. «Ո՛չ ես, ո՛չ դու, ո՛չ էլ որևէ մեկն այս աշխարհում այնքան ուժեղ չի հարվածում, որքան կյանքը։ Կարևոր չէ, թե ինչպես ես հարվածում դու, այլ՝ ինչպես ես ընդունում հարվածը, ինչպես ես շարժվում առաջ։

Որոշել ես գնալ՝ գնա՛։ Եթե գիտես քո արժեքը, գնա՛ ու վերցրո՛ւ քո հասանելիքը, բայց պատրաստ եղիր հարվածներին դիմակայելու…»։

Ես գիտեմ՝ դու պատրաստ ես, ուրեմն՝ գնացի՛նք։

 

Ani Harutyunyan

Փոխվե՞նք

Մութն էլ կարծես իմ կողմից էր այսօր. սպասվածից էլ շուտ իջավ։ Չնայած մութն այդքան էլ տեղին չէ, ավելի ճիշտ կլինի ասել խավարը։ Հազիվ էին ուրվագծվում մարդկանց կերպարանքները։ Պատուհաններից երևացող լույսերը մի տեսակ պայծառ էին. ուզում էին ազատվել վարագույրե պատնեշից ու ավելի ուժեղ լուսավորել արտաքին խավարը։ Ահա այնտեղ մի տուն կա, երևում է՝ ինչպես է վարագույրը պար գալիս. տանը չարաճճի երեխա կա։ Լույսի աչքն էլ լույս. ճանապարհ է բացվում։

Հաճախ չեք տեսնի ինձ գյուղի փողոցներում այս ժամերին, բայց եթե տեսնեք, չնեղանաք, որ ի պատասխան ձեր բարևի մի ցրված հայացք ստանաք։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչն է ստիպում այդքան շատ զգալ երեկոյի այդ ժամը, փողոցը, սառը օդը, իմ մտքերը։ Հուզվելու աստիճան շատ։ Ինձ թվում է՝ ոչ ոք այդքան չի զգում։

Քայլում եմ։ Գյուղում մի շենք կա, տարիներ առաջ այրվել է, ու անունը հենց այդպես էլ կնքել ենք՝ «վառված շենք»։ Տարիները կարծես արհամարհանքով թարս նայել ու անցել են այդ շենքի կողքով կամ, որ ավելի վատ է, դեռ մի քանի անգամ էլ հարվածել նրան։

Ինչ-որ մեկի կյանքին է նման այդ շենքը՝ լքված, տխուր, անէ։ Կյանք, որի կողքով ամեն օր ավելի պայծառ ու լուսավոր կյանքեր են անցնում՝ իրենց երջանկության մեջ չնկատելով, չզգալով նրա ցավը։ Ես էլ շատ եմ անցել, չեմ էլ նայել նրա կողմը։ Բայց այս երեկո խավարի մեջ շենքն ավելի տխուր տեսք է ստացել, մանավանդ այսօր, երբ կարծես ինչ-որ մի բան ստիպեց ինձ նայել ու մտածել նրա մասին։ Ինչքան է այն խորհրդավոր, առեղծվածային, վախ ներշնչող, ամբողջությամբ սպասում դարձած։

Սովորական ճանապարհից ավելի բարձր է տեղակայված. դիրքն ավելի ազդեցիկ է դարձնում։

Ուշադիր նայում ես ու լսում. պատերն իրենց ներսում դեռ պահում են բնակիչների աղմուկն ու երեխաների զվարթ ծիծաղը։

Հա, ասում էի՝ մենք անցնում ենք ու չենք մտածում օգնել այն կյանքերին, որոնց ընդամենը մի կայծ է հարկավոր։ Մեր մեծ լույսից մի փոքր հույս։

Անտարբեր ենք։

Փոխվե՞նք։

Ani Harutyunyan

Այսօր ժպտալու օր էր

«Ֆելիետոնների և մարզական կյանքը լուսաբանելու համար»

-…Անի Հարությունյան։

Ե՞ս։

Քայլում եմ դեպի բեմը ու շփոթմունքից մտածում ՝ գուցե էլի՞ Անի Հարությունյան կա, հնարավոր ա՝ ես չեմ։ Բայց, չէ, չեմ սխալվել, ես եմ։

Այն, ինչին չես սպասում, ավելի մեծ ու հաճելի անակնկալ է դառնում։

Քայլում էի դեպի բեմը, ու անցածս տարածությունն ինձ թվում էր այն ճանապարհը, որն անցել էի այս մեկ տարվա ընթացքում։ Գրել էի, հաճախ դժվարացել, մտքերս չէին հավաքվել, երբ իրոք հարկավոր էր գրել, նեղացել էի մուսայիցս, նորից համոզել, որ ջղայնացած էի, կանցնի, նա էլ ներել էր, ու միասին հասել էինք այստեղ, այսօր։

Դեպի բեմ տանող այսօրվա ճանապարհն այնքան հարթ ու հեշտանցանելի էր, բայց մինչև այսօրը հասնելու ճանապարհը լի էր դժվարություններով, հաճելի ու երջանիկ պահերով, կարոտած գրկախառնություններով ու արցունքոտ բաժանումներով։

Կյանքում ամենահաճելի զգացումներից մեկն է գնահատված լինելը։ Երբ պատասխանատվություն ես զգում ինքդ քո առաջ, ու այն մեկի, ով քեզ վստահեց, կարդաց, լսեց, մի փոքր վրիպակը ներեց ու գրեց քո անունը թղթին։

Այսօր բոլորին պատմելու օր էր, երջանիկ ժպիտով ու բարձր գլխով տուն մտնելու օր էր, պապիս «ապրես, բալես»-ները լսելու օրն էր, գրկելու ու նորից բաժանվելու օր էր։

Այսօր նորից ու առանց հոգնելու շնորհակալություն ասելու օր էր։

Ani Harutyunyan

Մենք պատրաստ չենք

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչքան հակված ենք հավատալու ինչ-որ մանր ու տարօրինակ երևույթների։

Մենք մեր երազանքները կապում ենք ժամերի հետ։ Այն վստահում ենք ինչ-որ կլոր ժամի (ասենք 22:22)։

Մենք պատրաստ ենք մեր երազանքի հետ մի ամբողջ յասամանի ծառ ուտել՝ կազմված 5 կամ ավելի թերթերով յասամանի ծաղիկներից։

Պատրաստ ենք ամեն գնով նույնանուն մարդիկ գտնել (անկախ նրանց ով լինելուց, իրարից որքան տարբեր լինելուց) ու ուսերով հրելով խցկվել նրանց մեջտեղը՝ սպասեք՝ երազանք պահեմ։

Պատրաստ ենք բոլորի ծննդյան մոմերի մեջ մեր երազանքը դնել ու այն փչել, խառնել օդին, անէացնել։

Պատրաստ ենք ամեն հնարավոր ու անհնարին ինչ-որ բանի, բայց ոչ երազանքը նպատակով համեմելու ու քայլ առ քայլ դրա հետևից գնալու։

Պատրաստ ենք ծաղիկների թերթերը պոկել, քամուն տալ՝ ստուգելու «սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում», որպես սիրո առհավատչյա սառն ու անմարմին կամուրջներին կողպեքներ կախել, ծառերին՝ գույնզգույն կտորներ։

Մենք պատրաստ ենք կոտրել տան բոլոր հայելիները, ապակիները, բաժակները ու չարը խափանված համարել, բայց հանկարծ չնայենք մեր ներսը, չփոխվենք։

Պատրաստ ենք երեք անգամ թու-թու անել, շորը կծել, փայտին տկտկացնել, բայց չհավատալ, չաղոթել։

Պատրաստ ենք ամեն պատահականություն ընդունել ճակատագրի չար կատակ, բայց չընկալել, որ ճակատագիրը մենք ենք չափում, գծում, կտրում։

Ուզում ենք երջանիկ լինել, բայց պատրաստ չենք ինչ-որ բաներ բաց թողնելու, ասենք՝ զոհաբերելու։

Ցանկություն կա իրականությունը վայելելու, բայց հաճախ պատրաստ չենք ինչ-որ հեռախոսից մեզ զրկելու։

Պատրաստ ենք ապրել բոլորի համար, ցանկությամբ, բայց լիարժեք չհասկանալ, որ յուրաքանչյուրիս կյանքը մեկն է, սեփականը։

 

Ani harutyunyan

Կարոտախտ

-Օ՛յ։

-Ի՞նչ պատահեց։

-Սիրահարվեցի…

-Ո՞ւմ վրա (դե, փոքր էինք, չգիտեինք, որ ինչ-որ մեկի վրա չեն սիրահարվում)։

-Խնձորի։

Շատերը հասկացան, բայց «էս դարի երեխեքը» (այս նախադասությունն ասելու իմ պահն էլ հասունացավ) հիմա հարցական հայացքով կարդում են արդեն որերորդ անգամ ու փորձում կռահել, թե ինչի մասին է խոսքը։ Այո՛, ես ծնվել եմ 20-րդ դարում։ Ճիշտ է, 20-րդ դարում մեկ տարի եմ հասցրել ապրել, բայց նախորդ դարն իր հետքն ինձ վրա էլ է թողել։

-Անի՛, Վարդգեսի՛կ, տո՛ւն եկեք…

-Մա՜մ, ախր, մի քիչ էլ խաղանք։

Բայց ի՞նչ մի քիչ։ Կեսօրից մինչև ուշ գիշեր դրսում էինք՝ բակում։ Գնում, խառնվում էինք մեծ երեխաներին, մեզ էլ թողնում էին «ճուտիկ», մեկ-մեկ էլ՝ չէին խաղացնում (ես դա դեռ նրանց կհիշեցնեմ)։ Բայց դա էլ էր մեզ համար շատ մեծ նվաճում։ «Գործնագործ», «Հալամուլա», «Կարմիր կոճակ», «Այգեպան», «7 քար»… Չգիտեմ՝ ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ։

-Գովենք, գովենք, ո՞ւմ գովենք, ջա՜ն Գյուլում, ջա՜ն, ջա՜ն…

Հավաքվում էինք փողոցի երեխաներով (մեծ երեխաներն էին կազմակերպում) հարս ու փեսա էինք ընտրում, մեծերը գնում էին դաշտային ծաղիկներ հավաքելու, ու սկսում էինք հերթով բոլոր հարևանների բակերը մտնել ու երգել։ Փող կամ ձու էին տալիս։ Վերջում հավաքած ձվերը մեծերը տանում էին խանութ, փոխում քաղցրեղենի հետ ու հավաքվում էինք երեխաներից մեկի բակում՝ քեֆ անելու։ Բոլորիս կողմից սպասված տոներից էր՝ վերջում ուտելու գործ կար։

Բա ճամբա՜րը․․․ Գունավոր թղթերից իրար հավասար փոքրիկ ուղղանկյուններ էինք կտրտում, կապում բակում։ Նախապատրաստական աշխատանքները սկսվում էին։ Կարելի է ասել՝ մինի ճամբարներ էին։ Մի քանի ժամ։ Տարբեր մրցույթներ էինք կազմակերպում. ո՞վ ավելի արագ մի քանի վարունգ կուտի, կամ մեծ բաժակով ջուր կխմի, հագուստի ցուցադրություններ էինք կազմակերպում, պարում։

-Վա՜յ, ինձ մի՛ ջրեք՝ հարբուխ ունեմ։

Իհարկե, միշտ կային երեխեք, որ ամառվա շոգին՝ հենց Վարդավառի օրը, հիվանդ էին լինում։ Կամ իբր «գրիպ»։ Միշտ զարմանում էի՝ ինչպե՞ս կարելի է այդ օրը պատճառ գտնել ու տանը նստել։

Հետո արդեն այդ արտահայտությանը փոխարինեց սա.

-Ինձ մի՛ ջրեք, մոտս հեռախոս կա։

Սկզբում անսովոր էր նման բան լսելը։ Հեռախոս, պա՛հ, չէ՛ մի։

Բացառապես բոլորս՝ մեծ, փոքր, աղջիկ, տղա․ դուրս էինք գալիս ջրվելու։ Տարբեր բակերում ծորակից խողովակներ էին միացնում՝ հա՛մ ջրի աղբյուր էր, հա՛մ էլ՝ լավ էին ջրում դրանցով։ Ի՜նչ ակտիվություն էր մեր թաղում։ Ուժասպառ լինելու չափ խաղում էինք, խաղում էինք երկու փուլով՝ առավոտից մինչև կեսօրի կիզիչ արևն ու երեկոյան։ Միշտ նույն աշխուժությունն էր տիրում։

-Երեխե՛ք, շո՛ւտ արթնացեք, ձյուն է եկել։

Տնեցիները ինձ ու եղբորս արագ արթնացնելու լավ տարբերակ էին գտել։ Հաճախ վազում էինք դուրս, նայում պատուհանից ու հուսահատվում։ Հերթական խորմանկ քայլը մերոնց կողմից։ Բայց որքան մեծ էր լինում ուրախությունը, երբ իրոք գետինը սպիտակով ծածկված էինք տեսնում։

Ձեռնոց, գլխարկ, տաք հագուստ… «Շորե մարդ» դարձած՝ դուրս էինք գալիս՝ ձնեմարդ սարքելու։ Մեծահասակները բակերն էին մաքրում, մենք էլ մեր գործին էինք։ Էլի աղմուկ, շատ մարդիկ փողոցներում։

Կարոտով ու տխրությամբ եմ հիշում այդ օրերը։ Խաղերից շատերի մասին հիմա ընդհանրապես երեխաները տեղյակ չեն։ Որ ասեմ, եկեք «Ջան Գյուլում» կազմակերպենք, 10-15 տարեկան երեխաները կծիծաղեն ու կանցնեն։

Վարդավառին դուրս եմ գալիս փողոց՝ որևէ մեկին գտնելու հույսով, բայց այդպես էլ իմ առաջվա փողոցը չեմ գտնում։

Հիմա ասեք՝ ո՞ւմ մեղադրեմ և ասեմ՝ որ հետ բերեն ու մեր մանկությունից մի կտոր տան համակարգիչներին գերի դարձած երեխաներին։

Ani Harutyunyan

Ֆուտբոլի ձայնը. մեկնաբաններ

Ֆուտբոլ ասելիս տարբեր երևույթներ ենք պատկերացնում` հազարավոր երկրպագուներ, տարբեր երգեր՝ կապված ինչ-որ ակումբի հետ, գնդակ, միլիոններ… Լավ, շեղվեցի, հա, ֆուտբոլի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը մեկնաբաններն են։ Նրանք կարևոր են հատկապես մարզադաշտերի պատերից այս կողմ գտնվող ու խաղերը հեռուստացույցով դիտող երկրպագուների համար։

Հայ ֆուտբոլասերների մեծ մասի քննարկման հիմնական առարկան մեկնաբաններն են. հերիք է մի սխալ կամ լեզվի սայթաքում, ու ամբողջ համացանցը կողողվի այդ սխալին վերաբերող ստատուսներով։ Իհարկե, եթե կոպիտ սխալներն ամեն խաղին կրկնվեն, այ, դա ուրիշ։ Բայց ես դեռ նման սխալներ չեմ լսել, ու կարելի է այդ ամենը մեծ խնդիր չդարձնել։

Նախ ասեմ, որ այդպես էլ չհասկացա այն մարդկանց, ովքեր իրենց սիրելի թիմի խաղերը դիտելիս ավելի շատ ուշադրություն են դարձնում մեկնաբանի խոսքին ու սխալներին։ Այդ ժամանակ ես ինքս այնքան լարված եմ լինում, որ հաճախ ինձ թվում է՝ ընդհանրապես չեմ լսում մեկնաբանին, միայն գոլի ժամանակ բացականչությունն է ստիպում «վերադառնալ»։

Սկսենք այնտեղից, որ գրեթե բոլոր ֆուտբոլասերները նախընտրում են ռուս մեկնաբաններին, բայց չեմ կարծում, որ բոլորն էլ այնքան լավ են տիրապետում ռուսերենին, որ հասկանում են նրանց խոսքն ամբողջությամբ, ու անսխալ մեկնաբանությունն է գրավում նրանց։ Նրանց գրավում է էմոցիան։

Իտալացի մեկնաբան Տիցիանո Կրուդելին, ով «Միլան» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, այդ թիմի խաղերը վարելիս ձայնը կտրվելու աստիճան գոռում է, բայց մենք միանշանակ չենք կարող փաստել նրա հիանալի մեկնաբան լինելը։ Էմո՞ցիա եք ուզում՝ Խաչիկ Չախոյան։ Մի քիչ սարկազմ, ոչ ստանդարտ մեկնաբանությո՞ւն եք ուզում՝ Էդուարդ Քալանթարյան։

Երիտասարդներ էլ ունենք, ովքեր ժամանակի ընթացքում փորձ ձեռք կբերեն, նրանց հնարավորություն է պետք տալ ու աջակցել․ աշխարհի առաջնության խաղերի մեկնաբանությունից ու պատասխանատվությունից Ռոբերտ Գասպարյանը չխուսափեց։ Ի դեպ, Կորեայի ու Ճապոնիայի հավաքականի մեկնարկային կազմերը ներկայացնելն իսկական տանջանք է թվում։

Իսկ Սուրեն Բաղդասարյանի ձայնի հետ տարիների փորձն է լսվում։ Չնայած հիմա նրա վրիպումները շատացել են, բայց պետք է հաշվի առնել նրա տարիքը, հարգել տարիների փորձը։ Բոլոր դեպքերում երիտասարդները նրանից սովորելու շատ բան ունեն (մի բան էլ, նրա անվան հետ կապված հումորները վաղուց ծիծաղելի չեն)։

Մեր բոլոր մեկնաբաններն էլ առանձնահատուկ են, ու կարելի է նախ լավ գծերը փնտրել ու տեսնել։

Իրոք, 90 րոպե անսխալ, առանց վրիպումների խոսելն այդքան էլ հեշտ չէ։

Հ.Գ. Ուրիշներին անընդհատ քննադատելու փոխարեն զբաղվենք ինքնաքննադատությամբ, որ ավելի լավը դառնանք։

Չեմպիոնը

Հարցազրույց Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի 65-70 կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն Խոսրով Թուջարյանի հետ

-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք սպորտով, ու ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք կարատեն։

-2004 թվականից այդ բնագավառում եմ։ Սերը դեպի սպորտը իմ մեջ սերմանել է հայրս, իսկ Դուքենդո կարատեի մարզաձևը ես եմ ընտրել։ Հորս մահվանից հետո սկսեցի ավելի լրջորեն զբաղվել սպորտով ու իրականացնել ինձ հետ կապված նրա բոլոր երազանքներն ու նպատակները։

-Ի՞նչ հաջողությունների եք հասել կարատեի բնագավառում:

-Վեց անգամ դարձել եմ Հայաստանի, 3 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն։ Հաղթել եմ նաև «Սևծովյան» գավաթի առաջնությունում։ Կարատեում ունեմ վարպետության աստիճան։ 2008 թվականին եղել եմ Ուկրաինայում՝ Օդեսայում, որտեղ էլ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ դարձել։

-Գիտեմ, որ հիմա մարզիչ եք և աշխատում եք տարբեր տարիքի երեխաների հետ։ Ի՞նչ դժվարություններ են առաջանում աշխատանքի ընթացքում։

-Մարզչական գործունեությամբ զբաղվում եմ արդեն չորս տարի։ Խմբումս ամենափոքր երեխաները 4 տարեկան են։ Դժվարություններ շատ են լինում, երեխաներն էլ հաճախ են չարաճճիություններ անում, բայց նրանց սաստելու մի լավ տարբերակ ենք գտել. քանի որ շատ սիրով են հաճախում պարապմունքներին, չարաճճիությունների դեպքում ասում ենք, որ հաջորդ անգամ թույլ չենք տա գալ, ու ամեն ինչ կարգավորվում է։ Մենք՝ մարզիչներս, երեխաների ձգտումը տեսնելով ենք դժվարությունները հաղթահարում։

-Հետաքրքիր է՝ կա՞ն արդյոք աղջիկներ, և ինչպե՞ս եք ընդունում նրանց ներկայությունը նման կոպիտ սպորտաձևում։

-Նախ ասեմ, որ շատ լավ եմ ընդունում նրանց ներկայությունը։ Լավ կլիներ, որ կոտրվեին բոլոր այն կարծրատիպերը, որոնք կապված են աղջիկների՝ տարբեր սպորտաձևերում մասնակցություն ունենալու հետ։ Իմ խմբում 3 աղջիկ եմ ունեցել, բայց երեքն էլ սիրողական են մարզվել։

-Հիասթափության պահեր եղե՞լ են։ Ինչպե՞ս եք հաղթահարում այդ պահերը, ունե՞ք արդյոք մոտիվացիայի աղբյուր։

-Սպորտն առանց դժվարությունների պատկերացնել հնարավոր չէ։ Ուղղակի, երբ ունես նպատակներ, ոչ մի դժվարություն չի կարող ստիպել հետ կագնել դրանցից։ Պարտությունները, անկեղծ ասած, շատ ծանր եմ տանում, բայց մոտիվացիան էլ դառնում է հաջորդ մրցումներին ավելի լավ ներկայանալն ու հաղթելը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին արգելում են տարբեր սպորտաձևերով զբաղվել՝ ասելով, որ դա ապագա չէ։

-Կարևոր չէ՝ դա ապագայի համար է, թե ոչ։ Յուրաքանչյուր երեխայի ներկայությունը սպորտում ճիշտ եմ համարում, անգամ, եթե ժամանակավոր։ Նախ՝ առողջության համար է կարևոր,  և հետո երեխաները փոքր տարիքից առաջինը լինելու ձգտում են ունենում, կամային հատկանիշներ են ձեռք բերում, ու կյանքում այդ ամենը միշտ օգնում է երեխաներին։

-Սպորտի հետ կապված ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունեք։

-Հիմա առաջնային նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է։ Ամեն օր այդ մտքով եմ սկսում մարզումս։

Ani harutyunyan

Բարև, Վարդան

-Դե՛ կտեսնեք, մեր հավաքականը աշխարհի չեմպիոն ա դառնալու ու բոլորի բերանը փակի…

Վարդանը ամբողջ սրտով հավատում էր հավաքականի հաղթանակներին, երբեք ոչ մի խաղ բաց չէր թողնում…Վարդանը նաև հավատում էր Հայաստանի առաջնությանը, հավատում էր «Արարատ»-ին՝ իր ամենասիրելի թիմին: Նրա հետ նույն դպրոցում եմ սովորել։ Չնայած միշտ վիճում էինք, բայց առանց իրար բարևելու՝ օրներս չէր անցնում: Մեր հիմնական թեման ֆուտբոլն էր, Բարսելոնան: Թեև ինքն էլ է Բարսելոնայի երկրպագու, բայց հոգուս հետ խաղալու համար միշտ մի անուն կպցնում էր թիմին։ Նրա հետաքրքրությունները միայն ֆուտբոլով չէին սահմանափակվում. միշտ ամեն ինչից տեղեկացված էր։
Հիմա նա բանակում է: Իր ցանկությամբ որոշեց ծառայել Արցախում (նրա պապերը այնտեղից են)։ Նրա՝ բանակ գնալուց հետո մեկ կամ երկու անգամ ենք խոսել:

Նամակս հասցեագրում եմ Վարդանին ու մեր բոլոր զինվորներին։

«Բարև՛, զինվոր։ Մեզ մոտ շատ ցուրտ է։ Ամանորն էլ անցավ, ու էս անգամ էլ առանց քեզ։ Բայց մեկ է, ես ուրախ եմ․ քիչ մնաց սպասումիս։ Լսել եմ՝ այդտեղ՝ սահմանում էլ է ձմեռը եկել։ Ու գիտեմ նաև, որ ցրտին լուրջ չես վերաբերվում, էլ ուր մնաց ընկճվես։

Գիտե՞ս, ամեն անգամ տաք վառարանին մոտենալիս քո փոխարեն էլ եմ տաքանում։ Ամեն օր՝ ժամը 3-ին՝ իմ դասից վերադառնալու ժամին, փակի՛ր աչքերդ ու կզգաս իմ փոխանցած ջերմությունը։

Իմացե՞լ ես՝ այստեղ ամեն ոք քո մասին է խոսում, բոլորի ուշադրության կենտրոնում դու ես, ա՛յ զինվոր։ Ես էլ լսում ու հպարտությունից ամպերին եմ հասնում։

Հիմա շատ են գրում ու խոսում բանակի ու ծառայության մասին: Երևի շատերը գրում են, որ բանակը երկիրը պահող ուժն է: Ավելի ռոմանտիկները գրում են, որ երկու տարին մի հավերժություն է: Շատերն էլ գրում են հին-հին, սովորական տողեր…

Բայց ես այսօր չեմ ուզում գրել, թե ինչքան կարևոր ես դու, ինչքան սեր ու ժպիտներ եմ ուղարկում քեզ սառը քամու միջոցով։ Վերամբարձ խոսքերը թողել եմ մի ուրիշ անգամվա համար, չնայած դա երբեք էլ հարկավոր չէ քեզ, ինձ… Չեմ ուզում պատմել քեզ հայրենասիրության, անկախության մասին։ Այդ ամենը ամփոփված է քո մեջ, զինվորի կերպարի ու արիության մեջ։ Դրա կերտողը դու ես, էլ իմ պատմելը քեզ ի՞նչ։

Լսե՞լ ես՝ մայրդ քեզ կարոտել է, բայց ասեմ, իմացի՛ր, քո քաջ պահվածքը մոռացնել է տալիս այդ անտանելի զգացումը։

Վարդան, բայց լսո՞ւմ ես՝ դու մեզ ու մեր հավաքականին այստեղ էլ ես պետք, քեզ լա՛վ նայիր։

Կհանգստանաս, բայց չքնես։ Զգո՛ն եղիր։

Ես վստահում եմ քեզ, զինվո՛ր, վստահում եմ իմ, այն մյուս փոքրիկի ու փողոցում քայլող բոլորի կյանքը, դու էլ վստա՛հ եղիր՝ մեր ջերմ սերը կհասնի ու կտաքացնի քո սառած մատները»։