Անի Ղուլինյանի բոլոր հրապարակումները

Ani Ghulinyan

Եթե մենք կազմեինք դասացուցակը

Բավականին հեշտ ու հաճելի է, չէ՞, մտովի դասացուցակից չսիրած առարկաները հեռացնելը: Նրանք, որոնք նույնիսկ սիրելի ուսուցիչների `«Սովորե՛ք, մի օր անպայման պետք կգա»-ներից հետո այդպես էլ սրտամոտ չեն դառնում: Բայց պատճառը, երևի, ոչ ուսուցիչների, և ոչ էլ առարկաների մեջ պետք է փնտրել: Պարզապես յուրաքանչյուր դասարանում սովորում է մի պատմաբան, ով տանել չի կարողանում քիմիան, մի բժիշկ, ում չեն հետաքրքրում Նապոլեոնն ու իր ճակատամարտերը, մի դիվանագետ, որը անիմաստ է համարում սինուսով ու կոսինուսով բանաձևերի անգիր սովորելը:
Կապված սրա հետ, որոշեցի դասընկերներիս շրջանում հարցում անց կացնել` պարզելու համար, թե հնարավորության դեպքում դասացուցակում ինչ առարկաներ կավելացնեին: Պարզվեց շատերը մաթեմատիկայի, պատմության ու հայոց լեզվի կողքին կցանկանային տեսնել համաշխարհային գրականություն, փիլիսոփայություն, արվեստ, հոգեբանություն, մարկետինգ, ծրագրավորում, սպորտ, լուսանկարչություն, պար, գեղանկարչություն: Երևի յուրաքանչյուրը ասաց այն, ինչը ամենից շատ է սիրում, բայց եկեք խոստովանենք, որ վատ չէր լինի վերը նշված առարկաներով դասացուցակ ունենալ պայուսակում: Բոլորս էլ գիտենք, որ մոտակա մի տասնամյակում դասավանդվող առարկաների շարքում ոչինչ չի փոխվելու, բայց դե երազել էլ հո՞ կարելի է:

Ani Ghulinyan

Արժեզրկված խաղաղություն

Վերջին տարիներին բոլորիս կյանքում էլ ինչ–որ բան փոխվել է, ոչ թե արտաքինում, այլ այնտեղ` ներսում: Երևի զգացմուքներն են սառել, անտարբերություն է առաջացել ամեն ինչի ու բոլորի նկատմամբ: Իսկ ինչո՞ւ: Երևի, որովհետև սկսել ենք վախենալ ամեն օր լուրերը դիտելուց, վախենում ենք լսել, որ կրկին ինքնաթիռ է ընկել, կամ սահմանին կրկին զինվոր է զոհվել։ Կարծես ամեն բան մեր նայել-չնայելուց է կախված: Լուրերն էլ, ոնց որ բոթաբեր լինեն, մատների վրա կարելի է հաշվել, թե քանի լավ նորություն ենք ստանում ամսվա ընթացքում: Իսկ վատ լուրերի քանակը հաշվելիս՝ մատների վրա հաստատ տեղ չի գտնվի:

Ու արդեն սովորական է դարձել, չէ՞, որ ամեն շաբաթ փախստականների մի նավ պիտի խորտակվի, ամեն ժամ արևելքում մի մշակութային կոթող էլ պիտի վերանա։ Երբ օրը անցնում է, ու ոչ մի սարսափազդու բան չենք լսում, սկսում ենք զարմանալ, մտածել, որ լավ է, բայց իրականում, ոչ թե լավ է, այլ պարզապես վատին արդեն շատ ենք ընտելացել, պարզապես նորմալ շատ հազվադեպ է լինում:
Ամենավատը սկզբում էր, երբ բոլոը ամեն ինչ ծանր էին տանում, իսկ հիմա կարծես պատերազմական վիճակում լինենք։ Պարտադիր չէ, որ հայտարարվի պատերազմի մասին, այն ուղղակի կա, ամենուր է` մեր քթի տակ, Եվրոպայում, Արաբական աշխարհում: Մնում է միայն հայտարարել դրա մասին: Ու ինչպես պատերազմի ժամանակ, հիմա էլ կորուստներն այնքան շատ են, որ սգալու ժամանակ չկա, պարզապես մի ախ ենք քաշում, ափսոսանքի խոսքեր ասում, մի երկու օր խոսում այդ մասին ու շարժվում առաջ: Չէ՞ որ կյանքը շարունակվում է․․․
Մի տեսակ ձևական է հնչում, երբ Ամանորին աշխարհը տակնուվրա արած անձինք (այստեղ շատ մարդկանց անուններ կարող են լինել), այդ նույն աշխարհին խաղաղություն են մաղթում: Իսկ խաղաղություն բառը, որն այնքան մաքուր է, այնքան պարզ ու թանկագին, այդ մարդկանց շուրթերից հնչելով՝ արժեզրկվում է: Բայց և նորից իմաստավորվում, բարձրանում է ու թանկարժեք դառնում, երբ լսվում է պատերազմ տեսած ու հավերժ խաղաղության ձգտած ժողովրդի կողմից․․․

Ani Ghulinyan

Խորհրդի նման մի բան

Բազմաթիվ թևավոր խոսքերի մեջ «Այսօրվա գործը վաղվան մի թող»-ը մեծերն ամենաշատն են սիրում: Դե մենք էլ, ինչպես միշտ ձգտելով հակառակվել նրանց, ցույց ենք տալիս, որ տարբերություն չկա ծրագրած գործը այսօր կամ վաղը կատարելու մեջ:
Ինձ հետ վերջերս մի դեպք պատահեց: Այն ճանապարհի եզրով, որով ամեն օր դպրոց եմ գնում, տների շարասյուն կա: Արևը դուրս է գալիս տների հակառակ կողմից, ստվեր գցելով այն ճանապարհի վրա, որով անցնում եմ: Բայց մի տեղ ցերեկային լուսատուի համառ շողերը ճեղքում են տների շարքը ու մի ծառի արանքից թափանցում դեպի ճանապարհ: Մինչև այս անհայտ տեսարանը ես նկատեցի հոկտեմբերյան մի օր, երբ դասի զանգից 2 րոպե էր մնացել: Դեռևս աշխատող տեսախցիկս էլ մոտս էր, մարտկոցը մինչև վերջին բիծը լցված: Բոլոր նպաստավոր պայմանները կային հաջողված լուսանկար անելու համար: Իսկ ես առանց ոչինչ անելու թողեցի ու հեռացա, պատճառաբանելով, որ դասից եմ ուշանում, բայց իրականում տեսախցիկը պայուսակից հանելու, մի քանի քայլ առաջ գնալու, նկարելու համար հարմար դիրք ընտրելու գիտակցումն էր, որ թռավ-հասավ մինչև հոգուս խորքերը, ուր ապրում է իմ ալարկոտ բնավորությունը: Բնավորություն, որը ես միշտ փորձում եմ խեղդել, ու ասեմ ստացվում է, բայց հենց զգոնությունս թուլացնում եմ, այն թափանցում է իմ բոլոր հյուսվածքների մեջ ու խանգարում է ուզածս բաները կատարել:
Դպրոցի ճանապարհին, իր ալարկոտությունը արդարացնել փորձող մարդու բնավորությամբ մտածում էի, որ վաղը կնկարեմ, որ վաղը նույնիսկ կարող է ավելի գեղեցիկ լինել, քան այսօր է: Հաջորդ օրը մոռացա տեսախցիկս, մյուս օրը մարտկոցն էր նստել, այնուհետև՝ շաբաթ-կիրակի, անձրև եկավ, ու հինգ օր արևածագը իննից հետո էր լինում, հետո ձյուն եկավ, իսկ իմ պատկերաացրած նկարում ձյուն չպիտի լիներ, հետո արձակուրդներ: Այս ընթացքում ձնագնդիկի հետ շփումից փչացավ տեսախցիկս: Էկրանի միայն մի մասն է երևում, պատկերն էլ աղավաղում է: Այս նկարի հետ կապված բոլոր հնարավոր անհաջողությունները եղան, որ ես համոզվեմ այդքան լսած, բայց երբեք բանի տեղ չդրած խոսքի իրավացիության մեջ` այսօրվա գործը վաղվան չեն թողնում:

Մասնագիտությունը՝ ուսուցիչ

Իմ զրուցակիցն է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սալվինե Սահակյանը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Արդեն 33 տարի է՝ աշխատում եք այս դպրոցում, պատմեք Ձեր մասնագիտության ընտրության մասին: Ի՞նչը խթան հանդիսացավ մասնագիտական կողմնորոշման գործում:

-Ես ծնվել, մեծացել եմ մանկավարժի ընտանքում, և հենց սա էր առաջին խթանը մասնագիտական կողմնորոշման հարցում: Անընդհատ իմ առօրյան կապված է եղել մանկավարժության հետ`ուսուցչի առօրյա, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններ, հավանաբար դա է եղել պատճառը, որ ընտրել եմ այս մասնագիտությունը:
Նշեմ, որ սիրել եմ մասնագիտությունս, տեսել եմ, թե ծնողներս ինչպիսի նվիրումով են աշխատում, սիրում էին իրենց աշխատանքը , իրենց աշակերտներին: Քիմիկոս-կենսաբանի մասնագիտությունը ընտրել եմ` սիրելով ուսուցչուհուս` Ռոզա Եգանյանին:

-Այսքան տարի ձեր կյանքի թելը միահյուսված է ուսուցչի աշխատանքի հետ, իսկ երբևէ մտածե՞լ եք այլ աշխատանքի մասին:

-Թերևս չեմ մտածել: Ճիշտ է, մանկավարժի աշխատանքը շատ ծանր ու բարդ է, բայց դա ինձ չի խանգարում աշխատել սիրով: Մանկավարժի աշխատանքը կարելի է համեմատել քանդակագործի աշխատանքի հետ. աշակերտը հում կավ է, ուսուցիչը ձգտում է նրանից հնարավորինս լավ քանդակ կերտել: Ասված խոսք է. մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են: Գտնում եմ, որ ի վերուստ ինձ տրված է մանկավարժ լինելու կոչումը:
Ուսուցիչը և բժիշկը ամենապատասխանատու մասնագետներն են, որովհետև երկուսն էլ գործ ունեն մարդկային կյանքի հետ: Բժիշկը գործ ունի զուտ մարդու ֆիզիկական կյանքի, իսկ ուսուցիչը մարդու կերտվածքի հետ: Աշակերտների հետ շփվելիս միշտ նրանց խորհուրդներ եմ տալիս և օգտագործում իմ կարգախոսը` «Կարող եք քիմիա լավ չիմանալ, բայց լավ մարդ լինել պարտավոր եք»: Մանկավարժը կատարելով իր աշխատանքը, աշակերտին ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլև նպաստում է երեխայի մեջ մարդ ձևավորելուն: Իհարկե, միայն ուսուցչի միջոցով դա հնարավոր չէ: Եռանկյունի է` ուսուցիչ-աշակերտ-ծնող:

-Համարո՞ւմ եք, որ ամեն դպրոցից հեռացող երեխայի մեջ դուք թողնում եք ձեր մի մասնիկը:

-Անպայման: Այս տարիների ընթացքում 33 սերունդ եմ ճանապարհել դպրոցից, և ամեն վերջին զանգի հուզվում եմ նույն չափով, որովհետև հարազատ դարձած երեխաների եմ ճանապարհում մեծ կյանք: Դպրոցից հեռացող յուրաքանչյուր սերունդ իր կնիքն է թողնում իմ կյանքում:

-Ի՞նչ հետաքրքրաշարժ դեպեր եք հիշում ձեր աշխատանքային տարիներից:

-Հետաքրքրաշարժ դեպքեր շատ են եղել: Մոտ երկու տարի առաջ տասներկուերորդ դասարանի աշակերտները անկարգություն էին արել, հաջորդ օրը գնացի ու խիստ նկատողություն արեցի, ասացի որ վատ բան են արել, և դուրս եկա դասարանից: Դրա հաջորդ օրը փետրվարի երեքն էր`իմ ծննդյան օրը, լրիվ մոռացել էի, թե ինչ օր է, ուղղակի նախորդ օրը նկատողություն էի արել, մտածեցի՝ գնամ տեսնեմ, խելքի՞ են եկել, թե՞ ոչ: Մտա դասարան, ասացի. «Հիմա իմ երեկվա ասածները հիշո՞ւմ եք»: Ամբողջ դասարանը միաձայն ասաց. «Այո, հիշում ենք»: Ասացի. «Ինձ բան չունե՞ք ասելու»: Ամբողջ դասարանով միահամուռ ասացին. «Ձեր ծննդյան օրը շնորհավոր»: Ես էլ սպասում էի, որ կասեն՝ ներողություն, էլ այդպիսի բան չենք անի:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ուսուցիչը, որ երեխայի հետ շփումն ավելի հեշտ դարձնի:

-Մանկավարժը նաև հոգեբան է: Դասարան մտնելով յուրաքանչյուր ուսուցիչ մոռանում է, թե´ իր խնդիրները, թե´ առօրյա հոգսերը, և ամբողջությամբ նվիրվում աշակերտի կրթությանը:

-Արդի կրթական համակարգում ի՞նչ փոփոխություններ կմտցնեիք:

-Ներկայիս կրթական համակարգը համեմատած Խորհրդային դպրոցի հետ շատ է փոխվել: Այսօրվա կրթական համակարգը հնարավորություն է տալիս ուսուցչին, ուսուցման մեջ օգտագործել թե ավանդական, թե այժմյան մեթոդները: Այսօրվա մեթոդները աշակերտակենտրոն են, այսինքն՝ հնարավորություն են տալիս աշակերտին աշխատել, զարգացնել տրամաբանական մտածողությունը, ստացած գիտելիքները առօրյայում կիրառելու կարողությունը:
Ժամանակակից կրթության դրական կողմերից է համագործակցային աշխատանքի առկայությունը: Այսինքն, ուսուցիչը 45 րոպեի ընթացքում աշակերտին ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլև սովորեցնում է համագործակցելու, միմյանց օգնելու նրբությունները:

-Ի՞նչն եք ամենից շատ արժեվորում մարդու մեջ:

-Դիմացինին հարգելու, գնահատելու, դիմացինի «ես»-ը ճանաչելու կարողությունը, արդարամտությունը:
Անկախ նրանից, ինչի մասին մենք խոսեցինք` մանկավարժի մասնագիտության, կրթակարգի, երջանկության բանաձևի, այս բոլորի վերևում ես մի արտահայտություն կարող եմ դնել. լավ կլինի, որ կյանքում մարդը իր դիմագիծը չկորցնի, իր մարդ կերպարը չաղտոտի, հավատարիմ մնա իր սկզբունքներին: Հիշի, որ ինքը մարդ է, գիտակից մարդ:

Ani Ghulinyan

Հետաքննություն

-Սուս, հիշո՞ւմ ես` մանկապարտեզից ինչպես էինք փախչում:
-Հա՛, հետո էլ գնում էինք ձեր տուն, ստում՝ ասում էինք, թե մեզ թույլ են տվել, որ տուն գանք:
-Ես ու Կորյունն էլ մանկապարտեզից տուն ճանապարհին ինչքան սիգարետի գլանակ կար՝ հավաքում էինք:

Իմ շատ ընկերներ իրար հետ են գնացել մանկապարտեզ: Ես այս խոսակցությունները լսելիս ուղղակի հետ եմ քաշվում, բացում մի որևէ դասագիրք ու իբր խորանում դասը կրկնելու վրա, բայց իրականում փորձում եմ մտաբերել, թե ինչո՞ւ հիմա ես չեմ կարող պարզապես նրանց հետ խոսել իմ մանկապարտեզի տարիներից:
Ես մանկապարտեզ չեմ գնացել, կամ ինչպես ես եմ միշտ ասում՝ երկու ամիս, բայց իրականությունն այն է, որ այն տևել է մեկ ամսից էլ քիչ, բոլոր սովորական երեխաները գնացել են մանկապարտեզ, իսկ ես․․․Բայց պատճառն այն չէր, որ չէի կարողանում երկար ժամանակ ծնողներիցս հեռու մնալ կամ լռակյաց էի ու չշփվող: Ընդհակառակը, ասում են՝ լավ էլ ակտիվ երեխա եմ եղել, մի քիչ էլ՝ երես առած:
Մանկապարտեզը մեր տանը շատ մոտ է, դրա համար մանկապարտեզի դռան ամեն բացվելու հետ առիթը բաց չէի թողնում ու փախչում էի տուն: Բայց եկեք գնանք մանկությանս ամենատպավորված պահը ու հասկանանք, թե ինչո՞ւ էի փախչում: Երբ նոր էի սկսել մանկապարտեզ գնալ, շատ էի սիրում ինձանից մեծերի հետ խաղալ։ Մի անգամ էլ, երբ շատ պնդեցի, որ նրանց հետ խաղամ, մի կարմիր զգեստով, սև մազերով աղջիկ ինձ ապտակեց։ Ես էլ լաց լինելով՝ փախա ներս: Հիմա՝ այսքան տարի անց, մտածում եմ, թե ինչո՞ւ ես էլ չհարվածեցի, հա՛մ ինքս ինձնից գոհ կլինեի, հա՛մ էլ՝ հիմա չէի ափսոսա: Այդ դեպքից հետո անընդհատ առիթ էի փնտրում մանկապարտեզում քնելու, երեխաներից հեռու մնալու համար, որովհետև վախենում էի: Մի օր էլ տանը շատ երկար լաց եղա ու վերջնական ասացի, որ այլևս մանկապարտեզ գնացողը չեմ։ Այսպես ավարտվեց կյանքիս այս մի փուլը, որը կարող էր ավելի երկար տևել:
Այս ամենի մասին երկար ժամանակ մոռացել էի, բայց երբ մի օր դասարանի երեխաներով որոշեցինք մեր մանկության լուսանկարները բերել, տեսա, որ բոլորը մանկապարտեզում նկարված լուսանկար ունեն, բացի ինձնից, որոշեցի մի յուրօրինակ հետաքննություն անցկացել: Բոլոր 9-11-րդ դասարանի աղջիկներին հարցնում էի, թե փոքր ժամանակ կարմիր զգեստ ունեցե՞լ են: Բայց մոռացել էի, որ իմ մանկության այդ պահը միայն ինձ մոտ էր լավ տպավորվել, մյուսներն իրենց այդ տարիքի զգեստապահարանի մասին ոչինչ չէին էլ հիշում: Եկավ ժամանակ, երբ ամենամոտ ընկերուհուս նույնպես սկսեցի կասկածել։ Համ սև մազեր ունի, համ էլ՝ բռնակալի բնավորություն, ինչպես մանկապարտեզի այն աղջիկը: Հետո հասկացա, որ այդպիսի տվյալներով տասնյակ աղջիկներ կան, ու անհնար է գտնել մեղավորին, պիտի լարեմ հիշողությունս ու այլ մանրամասներ էլ հիշեմ: Մինչև հիմա էլ սպասում եմ հիշողությանս փայլատակմանը, բայց համոզված եմ, եթե մի օր գտնեմ մանկապարտեզային կյանքս այդպես տխուր կերպով թունավորողին, ցույց կտամ, որ երբեմնի թույլ ու անպաշտպան աղջիկը մեծացել է ու արդեն իրեն պաշտպանել գիտի:

Կյանքի ու մահվան արանքում

Հայ ազգն այնքան հերոսներ է ծնել, որ դժվար է հիշել բոլորին անուն առ անուն: Բայց նրանց սխրանքները հիշել պարտավոր ենք: Պարտավոր ենք նաև հիշել մերօրյա հերոսներին: Իմ զրուցակիցը մերօրյա հերոսներից Կամո Հովսեփյանն է:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Մինչ ծառայության գնալը ինչո՞վ էիր զբաղվում: Ի՞նչ մասնագիտությամբ ես սովորել:

-Զբաղվել եմ սպորտով`ազատ ոճի ըմբշամարտով: 8-րդ դասարանից Դսեղից տեղափոխվել եմ Վանաձոր ու այնտեղ շարունակել սպորտով զբաղվել: Բայց այս մասնագիտությունը իմը չէր, դրա համար էլ չշարունակեցի: Հետո արդեն եկավ ժամկետային զինծառայության գնալու ժամանակը:

-Ինչպե՞ս ես վերաբերվում զինվորական պարտադիր ծառայությանը:

-Ցանկալի է, որ բոլոր հայ տղաներն էլ ծառայեն: Այն պետք է տղաներին, քանի որ տալիս է ինքնուրույն ապրելու փորձ, կյանքը ճիշտ գնահատելու նոր հնարավորություն:

-Քո ծառայության մեծ մասը անց ես կացրել ԼՂՀ սահմանային գոտում: Մի քիչ պատմիր այդ ժամանակվա սահմանային իրավիճակի մասին:

-Սահմանային իրավիճակը նորմալ էր, ընդհանուր լարվածությունը ու կրակոցները միշտ էլ եղել են, ու դրանց լուրջ վերաբերվելու անհրաժեշտություն չկար: Թշնամու կրակոցներին պատասխանում էինք հազվադեպ, միայն ծայրահեղ անհրաժեշտության ու հրաման ստանալու դեպքում:

-Ի՞նչ կպատմես 2015-ի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերվա մասին:

-Այդ մի օրը ինձ համար հավասարազոր էր մի ամբողջ կյանքի: Ճիշտ է, նախորդ տարվա ապրիլի 2-5-ն ընկած հատվածում ավելի դաժան բաներ եղան, բայց ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ինձ համար բոլորից տարբերվում էր: Դեպքը եղել է մոտավորապես 5-ից քսան պակաս`լուսադեմին: Թշնամին անակնկալ հարձակում էր կազմակերպել: Թափանցելով խրամուղի՝ առաջացել էր դեպի մեզ: Իմ ու զինակցիս`Միրզայի վերակարգն էր, փորձեցին մեզ անցնել, բայց չհաջողվեց: Առաջին կրակոցը եղավ Միրզայի վրա: Նրան օգնեցի, տեղավորեցի խրամաբջջում ու անցա թշնամու դեմ մենամարտի: Կռվել եմ ութ և ավելի հոգու հետ: Ամեն տեսակի զենք էլ օգտագործել են իմ դեմ, բայց չեն կարողացել լուրջ հաջողության հասնել: Ես իմ զենքով որոշ ժամանակ պայքարեցի, հետո կրակեցի թշնամու ուղղությամբ, իրենք էլ ավելի ուժեղ պատասխանեցին: Շարժվելու հնարավորություն էլ չկար, որ հետ գնայի ավելի հարմար դիրքից մարտ վարելու, կրակել եմ մի տեղից, ձեռքիս տակ ունեցած զենք-զինամթերքով: Առաջին նռնակը նետելուց հետո նրանցից մեկը տեղում զոհվեց: Ոչ մի դիակ չէին թողել, ամեն ինչ հավաքել տարել էին, միայն որոշ զենք-զինամթերք էի թողել: Մարտը տևեց 20-25 րոպե: Զոհ չենք ունեցել, վիրավոր մենակ ես էի: Այս օրը կարելի է համարել իմ երկրորդ ծնունդը:
Ողջ եմ մնացել նախ և առաջ Աստծո հովանավորությամբ, հետո արդեն իմ պայքարելու, տվյալ պահին չխառնվելու ու ճիշտ գործողությունների դիմելու շնորհիվ:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Ի՞նչ վնասվածքներ ստացար մարտի ընթացքում:

-Վնասվածքը եղել է թշնամու նետած նռնակի բեկորից: Ձախ ձեռքիս բազկի ոսկորն էր ջարդվել: Վիրահատվեցի, հիմա ամեն ինչ լավ է: Սկզբում չէի կարողանում շարժել ձեռքս: Իրենց գցած նռնակից հրաշքով չեմ վիրավորվել շնորհիվ գրպանումս եղած Աստվածաշնչի ու զինվորական հուշատետրի: Նռնակը ծակել էր երկուսն էլ, բայց ինձ չէր դիպել:

-Ի՞նչ շքանշաններ ստացար սխրանքիդ համար:

-Ստացել եմ ԼՂՀ նախագահի կողմից Մարտական Խաչ Երկրորդ աստիճանի մեդալ, ՀՀ նախագահի կողմից՝ Արիության մեդալ ու Պաշտպանության նախարարի կողմից դրամական պարգև:

-Դեպքից հետո ի՞նչ է փոխվել քո կյանքում:

-Ավելի լուրջ եմ սկսել մտածել դիվերսիաների, թշնամու հարձակումների մասին, քանի որ ինքս եմ զգացել իմ մաշկի վրա: Ընդհանուր, ես նույն մարդն եմ, պարզապես մտածելակերպս է փոխվել, սկսել եմ ավելի արժեվորել կյանքը: Հիմա այն ավելի քան երբևէ թանկ եմ գնահատում: Թանկ եմ գնահատում նաև հայրենիքը, դրա համար էլ հիմա աշխատում եմ Զինված ուժերում որպես դասակի հրամանատար`լեյտենանտ:

-Ի՞նչ է քեզ համար հայրենիքը:

-Այն օրը՝ ապրիլին, կամա թե ակամա, փրկելով իմ կյանքը, ես պաշտպանել եմ նաև իմ հայրենիքի սահմանները: Ինչպես Թեոդոր Ռուզվելտն է ասում. «Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա»: Ես արդեն ապացուցել եմ, որ կարող եմ մեռնել հանուն հայրենիքի, բայց հիմա հերթը ապրելունն ու հայրենիքը շենացնելունն է: Հայրենիքն ինձ համար այն միակ վայրն է, որտեղ ես կարող եմ ընտանիք կազմել և դաստիարակել երեխաներիս:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Մեկնարկել է ձմեռային զորակոչը, ի՞նչ խորհուրդ կտաս այն զինվորներին, որոնք նոր են գնում բանակ, և հնարավոր է, հայտնվեն քո իրավիճակում:

-Միայն կասեմ, որ «դուխով» լինեն: Իրենք պիտի իրենց գործողությունները կարգավորեն, յուրաքանչյուր դիվերսիա լինում է տարբեր: Խորհուրդ կտամ զինվորական ծառայության ժամանակ և մասնավորապես դիրքերում ոչինչ ականջի հետև չգցել, միշտ պատրաստ լինել ու զգոն. թշնամին անկանխատեսելի է: Այն, ինչ ասվում է զինվորին, ինչ կա զինվորի օրակարգում, չի ասվում անիմաստ, ամեն բան էլ հետո պետք է գալու: Աստված պահապան բոլոր հայ զինվորներին:

Կամոն մեր գյուղի պատիվը բարձր պահելու ու հայրենիքը անձնվեր պաշտպանելու համար արժանացել է նաև Դսեղի պատվավոր քաղաքացի կոչման:

Ani Ghulinyan

Վերջիվերջո, ինչի մասին գրել

Այս կայքի բոլոր թղթակիցների ուղեղներում, եթե նրանք պարտաճանաչ են ու ակտիվ, երկար ժամանակվա նյությային երաշտից հետո մի միտք է պտտվում միայն: Ինչի՞ մասին գրել: Ու սկսվում է իսկական որսը: Մենք (գրում եմ մենք, բայց հնարավոր է մենակ ես եմ այդպես անում) սկսում ենք պտտվել ընկերների շուրջը, մայրիկից մի միտք թռցնել, հեռուստացույցով մի շշուկ լսել, փոքր երեխաների խոսակցությանը ականջ դնել, որ մի նյութի թեմա գտնենք:

Բայց ինչքան փորձը ցույց է տալիս (ես եմ ինձ վրա փորձ արել), լավագույն մտքերը գալիս են հանկարծակի ու առանց զգուշացնելու, նրանք չեն սպասում, որ դու իրենց փնտրես, գալիս են, ու վերջ: Բայց դա չի նշանակում, որ պիտի անգործ նստես ու սպասես , թե երբ կփայլատակի միտքդ:

Այս թեմայով վերջերս մի պատմվածք էի կարդում (Օ. Հենրիի «Մի երգիծաբանի խոստովանությունը»), որտեղ գլխավոր հերոսը՝երգիծաբանը, տառապելով խմբագրությանը նյութ հասցնելու մոլուցքով, կորցրել էր հումորի զգացումն ու հանգիստը:
Ամենալավ գաղափարները գալիս են այն ժամանակ, երբ արդեն ամեն բան սպառված է, ու թվում է, թե այս աշխարհում հետաքրքրության արժանի այլևս ոչինչ չկա: Հետաքրքիր մարդիկ, ուշադրության արժանի դպքերը մեր քթի տակ են, պարզապես լավ են քողարկված, պարզապես նրանք վախենում են շատ մարդկանց ուշադրության կենտրոնում լինելուց:

Ամեն մեկին մի բան բարդ է տրվում: Ինձ` նյութի վերնագիր ընտրելը: Այս գործն ինձ համար այնքան բարդ է, որ մեկ-մեկ անվերնագիր նյութեր եմ ուղարկում: Չէ որ վերնագիրը պիտի լինի այնպիսին, որ ընթերցողին ստիպի մտնել ու կարդալ առաջին տողը, իսկ դրանից հետո կշարունակի թե ոչ, դա այլ հարց է:
Բայց չնայած դժվարությանը, ինձ ազատ ժամանակ ամենից շատ նյութ գրելն է դուր գալիս, ու նամանավանդ, վերնագիր դնելու պահը: Չէ որ ամբողջ օրը ուղեղը ծանրաբեռնելուց հետո, պետք է թույլ տալ նրան մի քիչ էլ մարզել ինքն իրեն, տրամաբանել, փնտրել ու գտնել:

Ani Ghulinyan

17-ի ընթերցող լինելու առավելություններից

Մեզ` 17-ի թղթակիցներիս, միշտ ասում են, որ անկեղծ գրենք: Եթե բարբառներ ունենք, մեր նյութերը համեմենք դրանցով, եթե հետաքրքիր մարդիկ կան շրջապատում` հարցազրույց վերցնենք նրանցից: Բայց այսօր այս կայքի մեկ այլ` տեղեկությունը առաջինը իմանալու առավելության մասին եմ ուզում խոսել:
Երեկ Բաղանիսի թղթակիցներից մեկը իր նյութում պատմում էր երեք զինակոչիկների, նրանց հետ կապված իրենց գյուղի գեղեցիկ ավանդույթի, ու զինկոմիսարիատի հետ կապված զավեշտալի դիպվածի մասին: Նյութը կարդացի կեսօրին:
Իսկ երեկոյան, երբ լուրերն էի դիտում, հանդիպեցի նույն Բաղանիսի երեք զինակոչիկների պատմությանը: Տանն էլ բարձր ձայնով, խոսքերս հպարտության կնիքով կնքած հայատարարում էի, որ այս ամենի մասին ես բոլորից մի քանի ժամ շուտ եմ իմացել: Մինչ հեռուստաընկերությունները կգնան, կնկարահանեն, կմշակեն նյութը, հետո էլ համապատասխան ժամին եթեր կտան, բոլոր մարզերում ցրված մեր թղթակիցները մի քանի րոպեում կտեղեկացնեն մեզ կատարված իրադարձությունների մասին:
Դե ինչ, մի զլացեք ու ամեն օր պարտաճանաչ կերպով կարդացեք այս կայքի նյութերը: Չէ որ տեղեկությունը առաջինն իմանալու հաճույքը ամեն օր չի տրվում:

Ani Ghulinyan

Նպատակ և խնդիրներ

Երեք տարի անց ես պիտի ընդունվեմ բուհ: Դեռ չեմ որոշել, թե ինչ մասնագիտությամբ, բայց հաստատ ընդունվելու եմ:
Քանի որ իմ ուզած բաժինները մեր մարզկենտրոնում` Վանաձորում, չկան, պիտի սովորեմ Երևանում: Երևանը հեռու է իմ գյուղից՝ Դսեղից, չեմ կարող գնալ-գալ, դրա համար ստիպված եմ այնտեղ վարձով մնալ: Դրան գումարած բարձր ուսման վարձը:
Ծնողներիս հոգսը թեթևացնելու համար դեռևս իններորդ դասարանում ես իմ առաջ նպատակ դրեցի համալսարան ընդունվել անվճար:
Վերջերս մեր դպրոցի բանավեճի ակումբը քննարկում էր կատարում բարձրագույն կրթության վճարովի կամ անվճար լինելու մասին:
Ես այն կարծիքին եմ, որ ուսումը պիտի անվճար լինի, հասանելի բոլորի համար: Անկախ վճարովի լինել-չլինելուց, նրանք, ովքեր ընդունվելու են՝ ընդունվում են, իսկ նրանք, ովքեր ցանկություն ունեն հարստացնելու իրենց գիտելիքները և մասնագիտություն ձեռք բերել, հաճախ հանդիպում են վճարովի կրթության բարձր պատնեշին:
Մինչև իմ չափահաս դառնալը ծնողներս արել են իրենց ուժերի սահմանում և դրանից դուրս ամեն բան, որ ինձ ապահովեն բարեկեցիկ կյանքով:Այժմ գործելու իմ հերթն է. վերադարձնել նրանց տվածի թեկուզ ամենաչնչին մասը, իսկ դրա համար միայն լավ սովորել է պետք ու անել դպրոցում պահանջվածից քիչ ավելին:
Ես միակը չեմ, մեկն եմ այն հազարավոր մարզաբնակներից, որոնք լավ մասնագետ դառնալու հույսով Երևան են գնում: Մինչ ես կսովորեմ, ծնողներս ստիպված կլինեն աշխատել, որպեսզի իմ կրթությունը կիսատ չմնա: Շատ կցանկանայի, որ կրթության ոլորտը այս առումով փոփոխություն կրեր, որ ֆինանսավորվեր մարզերից եկող ուսանողների տրանպորտի և ուսման վարձը, կամ գործեին նախկին ուսանողական հանրակացարանները, կամ գոնե մարզկենտրոնների համալսարաններում լինեին այն բոլոր բաժինները, որոնք կան Երևանի պետական համալսարանում: Սովորելիս անընդհատ չմտածես, որ ստացածդ ամեն գիտելիք, ծնողիդ չարչարանքի գնով ես ստանում:

Ani Ghulinyan

Հոգվարթսից նամակի սպասելիս

Հարրի Փոթերի սիրահարների առաջնային երազանքն է՝ մի օր դռան անցքից նամակ ստանալ անձամբ Ալբուս Դամբլդորի կնիքով կնքված, Շեղ Նրբանցքից գնել սեփական փայտիկը, գրքերն ու կենդանին, և 9¾ կառամատույցով հայտնվել «Հոգվարթս Էքսպրես» գնացքում: Թեև մոգության և կախարդության այս դպրոցի գոյությունը նույնքան հավանական է, որքան այն, որ ես Գրիֆինդորի ուսանող եմ, բայց աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մարդկանց հաճելի է մտածել, որ ինչ որ տեղ, բոլորի աչքից հեռու, ապագա հրաշագործներ ու հրաշագործուհիներ են սովորում:
Ջոան Ռոուլինգը` Հարի Փոթերի և նրա արկածների մասին պատմող վիպաշարի հեղինակը, միակ գրողն է, ով իր ամբողջ հարստությունը ձեռք է բերել միայն իր վեպերի շնորհիվ: Իսկ ո՞րն է Հարրի Փոթերի հանրաճանաչության գաղտնիքը, և ինչո՞ւ այսքան շատ երկրպագուներ ունի աշխարհում:
Նախ և առաջ, գրքի բոլոր հերոսներն ունեն կենսագրություն, նրանք նույնքան իրական են որքան ես և դուք: Հեղինակը գրքում և դրանից դուրս տրվող հարցազրույցներում տալիս է նրանց հոգեբանական ու արտաքին հստակ պատկերը: Պարզ է, որ եթե հեղինակը Ռոուլինգն է, ապա նա պետք է կերտի իր հերոսներին, բայց այս գրքում ամեն բան փոքր ինչ այլ է: Կարծես ոչ թե հեղինակը, այլ հերոսներն են ձևավորում իրենց կերպարը և ազատ են՝  կատարելիք գործողությունների մեջ: Մյուս կողմից էլ՝ գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը գրեթե ոչնչով չեն զիջում գրքերին: Ճիշտ ընտրված ու մարդկանց կողմից սիրված դերասանները, բնորոշ հագուստները, Հոգվարթսի տեսքը և մնացյալը պարզապես իրենց են քաշում դիտողներին:
Նախորդ տարի Հարրի Փոթերի մասին այլ ֆիլմ էին նկարել, ուրիշ դերասաններով: Հատկանշական է այն, որ գլխավոր հերոսներից Հերմիոնե Գրենջերին սևամորթ աղջիկ էր մարմնավորում: Երկրպագուներին սա դուր չեկավ, որովհետև թեև Ռոուլինգը գրքում երբեք չի նշել, որ Հերմիոնեն պետք է պարտադիր սպիտակամորթ լինի, մարդկանց մոտ այնպես է արմատացել Էմմա Ուոթսոնի կերտած դերը, որ ուրիշին այդ դերում պատկերացնել չի լինում:
Ես էլ կցանկանայի մի օր Հոգվարթսից նամակ ստանալ, Ռեմուսի մոտ մթին արվեստների դեմ պաշտպանություն սովորել, Սնեյփի մոտ` դեղաթուրմերի մասին գիտություն, կուզեի, որ ինձ էլ ուսմանս ապագա վայրը ուղղորդող գլխարկ լիներ, կուզեի Քվիդիչում խաղալ դարպասապահի դիրքում ու արգելված բաժնի գրադարանից օգտվել: Բայց բախտս մի այլ կարգի չի բերել: Բրիտանացի չեմ, 11 տարեկանս վաղուց է անցել, օձերի հետ էլ կարողանայի էլ՝ չէի խոսի: