Ազատ տարածք խորագրի արխիվներ

Տրնդեզը Արցախի Մոխրաթաղ գյուղում

Տրնդեզն ամենասիրելի տոներիցս էր։ Միշտ պապիկիս հետ էի ասոցացնում։ Ինքն էր վառում մեր տան կրակը, որը փողոցի ամենամեծը պիտի լիներ։ Հետո նայում էր կրակի ծխին. դեպի դաշտերն է գնում, ուրեմն` տարին բերքառատ կլինի։ Տատիկն էլ այրվող փայտի կտորով մեր մազերի ծայրից մի փոքր մաս էր այրում։ Իմաստը չէի հասկանում, չեմ էլ հիշում` հարցրել եմ երբևէ, թե չէ։ Տատիկն է, ուզում է անել, թող անի։

Անցյալ տարի սա ամենասովորական մի օր էր։ Օր` ոչնչի մասին։ Ես` Արցախում, որտեղ այս տոնը գրեթե չի նշվում, իսկ պապիկս այնտեղ` հեռու երկինքներում։

Երեկ ուշ երեկոյան պատահմամբ հիշեցի, որ վաղը Տրնդեզ է։ Խոսքը մեր մեջ, հիմա անգամ դասի գնալու ու առհասարակ ապրելու հավես չունեմ, էլ ուր մնաց որևէ բան կազմակերպելու,  բայց մտածեցի` մի բան անենք։ Էրեխեքի հետ որոշեցինք ու շատ անսպասելի, արագ ինքնակազմակերպվեցինք։ Նարինեն աղանձը սարքեց, Լաուրան` պոպկորնը, ես` իմ կյանքի առաջին հալվան։ Մամայի հետ խոսելով, ամեն քայլը քննարկելով, տունս ավերակ դարձնելով, բայց մի կես ժամում սարքեցի, ու կարծես բոլորը գոհ էին։ Դե իհարկե, նախապես սպառնացել էի, որ եթե համով չլինի էլ, ձևացնեն։

Հետո ինքնաեռով թեյ խմեցինք, խարույկի շուրջ երկար զրուցեցինք։ Եվ մյուս տարի էլ չեմ մտածի, թե նախորդ տարվա այս օրը ոչնչի մասին էր։ Թեև ես Արցախում եմ, Մոխրաթաղ գյուղում, իսկ պապիկը, որին անսահման եմ կարոտել` հեռու երկինքներում։

Ապրեցինք բլոկադայի երրորդ ամսվա առաջին օրը։

Gayane Davtyan

Մի՛ գնա

Մի՛ գնա,

Արի՛,
Նստիր կողքիս,
Արի՛, հա.
Կզրուցենք
Մի քիչ…

Դե՜, աստղերը կհաշվենք,
Ինչպես միշտ,
Գիշերով արի`
Ձյուն դրած հոգով,
Արևը գտել ենք վաղուց:

Արի խոսենք կյանքից`
(Անվերջանալի մի թեմա)
Կարդա` ինձ համար բարձր պոեզիա
Դարձած նամակները մեր:
Ես դաշնակահար(ուհի) չեմ
Եվ ո՛չ էլ կիթառահար(ուհի),
Սակայն կնվագեմ լռության երաժշտությունն
Ու կմնամ երգիդ հավատարիմ հանդիսատեսը,
Բայց միակը…

Մենք հեռուներում մոտիկացանք.
Հիմա մոտ ենք
Չհեռանաս`
Մոտակայքում
Արի սկզբի հավատով լցված`
Դա թող նախաբան ու վերջաբան.

Ազատ ու մաքուր եղիր,
Ինչպես պոետն է
Իր բարձրաձայն խոհերում…
Բավ է տատանվես կրոնների մեջ,
Հոգուդ մեջ է տաճարը,
Միակ.

Թույլ չտաս հոգիդ մտածի, ինչպես միտքդ…

Հավատա՛,
Կսպասեմ,
Այն եռանդով, որով դաշտում եղած բոլոր ծաղիկներն էիր ուզում քաղել ու տալ,
Ու միշտ նույն զգացողությունն ես ունենում ծաղկաշատ տեղանքով պատահաբար անցնելիս,
Գիտեմ…

Դե, արի, հա…
Չխաբե՛ս, ինչպես մի օր
Խաբեց հույսն ու կորավ, բայց ո՛չ անհետ…