Ազատ տարածք խորագրի արխիվներ

Մեր ժայռերը

Երեխաները երանության մեջ էին: Գյուղի բլրի հետևից գլորելով դեպի վերև էին բարձրացնում ավտոմեքենայի դեն նետված անիվները ու իրենց ծիծաղի միջից ականջ դնում աշնան արևից չորացած ոսկե խոտի խշխշոցին, որ ծով ալիքի պես կատաղի գալիս  զարնում է հազարամյա ափերին, սրբում տանում ավազե հատիկները, բայց կանգուն թողնում ափը ժայռակերտ: Նրանց համար աշունը նոր չէր և նոր չէր խոտի, չորացած տերևների այրվածքի հոտը, մինչև ոտքի ճաները թաթախված ցեխի ծանրությունը  ու ձեռքերի սև մուրը: Այնտեղ բլրի գագաթին, քարերի արանքից ծակել, դուրս էր եկել մասրենին և արդեն հասցրել էր կարմրել, թոռոմել, թափվել: Երեխաների համար նոր չէր աշնան ցուրտը, պատերազմն էր նոր: Անիվները բլրից գլորվելով իջնում էին դեպի գյուղ, նրանց հետևից` երեխաները: Գյուղում Սահակ պապը ասել էր, որ անիվը տղերքին պաշտպանելու համար է, երեխաներն էլ նստել հաշվել էին գյուղի զինվորների քանակը ու ամեն մեկի համար, ոչ թե մեկ, այլ երկու անիվ ճարել:

Ինքնագոհ կատարած աշխատանքից, գյուղամեջ էին իջնում ու ամեն հանդիպած մարդու պատմում, որ իրենց գյուղի տղերքը անփորձանք տուն են գալու: Այդ մարդկանց դեմքին ժպիտ էր հայտնվում, և ամեն մեկը հոգու խորքում երազում էր, այդ տարիքում լիներ ու երազանքները բավարար լիներ ապրելու համար:

Սահակ պապը, որ գյուղի ամենաիմաստունն էր, իջնում էր երեխաների հետևից ու կռիվ տալիս աշնան մռայլ գույների հետ: Հետը ոչ ոք գլուխ չէր դնում. « Մեծ մարդ է արդեն, որ էն ժամանակ կյանքի հետ լեզու չգտավ, հիմա էլ չի գտնի»,- ասում էին ու անցնում առաջ: Սահակի թոռները բանակում են, նա վաղուց իր տաքարյուն կռիվն ավարտել էր կյանքի հետ, հիմա միայն երկխոսում է: Վաղը, մյուս օր, երբ պատերազմն ավարտվի, այլևս կարիք չի լինելու Թումանյանից իր սիրելի մեջբերումը անելու. «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Սահակի կռիվը ավելի շատ աշխարհի հիմարությունների դեմ էր ու առաջվա պես իր սովորական, չկապակցված մտքերը գլխում չէր պահում.

-Ախր, ո՞վ տվեց թուրը հիմարի ձեռքին,- հարցնում էր և ինքն էլ պատասխանում,-մենք տվեցինք, Ավետիք ջան, մենք, որ շատ կարդում ենք` քիչ հասկանում: Կեղծիքն ու սուտը հոշոտում է մեզ, մաքուր բան չի մնացել: Չնայած ոսկին ազնիվ մետաղ է, մի հատ սրբում ես` հավերժ փայլում է, էս երեխեքն էլ կգնան ձեռքերն ու դեմքը մրից կմաքրեն: Էս տարվա աշնան բերք չտվեց` տարավ, հողը մյուս տարի պարարտ կլինի, բերքը` առատ: Մռայլ աշուն է, հույսի շող չկա: Արևն էլ արդեն աշնանն է` մեռնում է դանդաղ, իսկ երազումս ծովն եկել  ոռնում էր լեռներիս վրա, ալիքի ձայնով: Թուրը ձեռքիս կռիվ էի տալիս. ալիքը շատ էր` ինձ կուլ տվեց:

Առավոտյան ավտոմեքենան անիվները բարձեց և սահման տարավ: Երեխեքը խորը շունչ քաշեցին: Մահը տղերքին ավելի շուտ հասավ, քան անիվները: Կեսօրին սար բարձրացան ու լուռ նստեցին ժայռի վրա: Իրենք հասկանում էին, որ ընդամենը մի քանի ժայռ այնկողմ պայթում են հրանոթները, բայց այնպես խաղաղ էին այս լեռները, որ ասես պատերազմը միայն իրենց երակներում էր:

Սահակ պապը գիշերը չկարողացավ քնել: Նա կրկին երազ էր տեսել, թե ինչպես է ալիքը տանում ավազահատիկները: Նա` մի բուռը ավազ, պինդ բռնել էր բռունցքի մեկը, բայց երբ ալիքը եկավ ու հարվածեց դեմքին` ձեռքից գլորվեցին հատիկները:

Արդեն չորս օր է թոռը չի զանգել, փոքր եղբայրը անհանգիստ է: Սահակը պարտադրել էր թոռան մոտ արցունք չթափել: Մայրն ու տատը գիշերն էին լացում, Սահակը նույնպես: Երեխան ամեն ինչ լսում էր:

Նա վաղուց հոգնել էր տան ճնշող լռությունից, ու պապը դա հասկացավ, նստեց կողքը ու սկսեց երգել, երեխան ձայնակցեց, հետո գլխում մի միտք ծնվեց. կայտառացավ, հագավ վերարկուն ու մեն մենակ վազեց դեպի բլուրը: Մտքով անցել էր, որ եղբոր համար անիվները քիչ են, ավելի շատ պիտի հավաքի: Սահակը նայում էր պատուհանից, թե ինչպես էր թոռը բլրի գագաթը հանում անիվները ու գլորում վար: Նրան արդեն զանգել էին` ավագ թոռը տուն չէր գալու, հավանաբար վաղը կբերեն: Ինքը հազիվ էր ոտքի վրա մնում, ասես դարբինները սրտին էր խփում, բայց նա անդադար մտածում էր, թե որքան պիտի էս երեխեքը պատմության մաշված անիվը ժայռն ի վեր գլորեն:

Margarita Khazaryan

Ապագան ուսուցիչների ձեռքերում

Մի օր մենք իսկապես կկարողանանք քաղաքակիրթ ու խելամիտ հասարակություն ունենալ։ Օրերից մի օր մենք փայլուն հաղթանակներ կունենանք բոլոր ոլորտներում։ Այդ օրն անկասկած կգա, եթե մենք մի օր սովորենք գնահատել նրանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրում են սերունդներ դաստիարակելու գործին։ Մենք լավ մասնագետներ ու լավ մարդիկ կլինենք, եթե գիտակցենք, որ աշխարհում ամենապահանջվածն ու ամենակարևորը հենց ուսուցչի մասնագիտությունն է։ Եթե մենք սովորենք հարգել ուսուցիչներին և նրանց ծախսած էներգիան ու տարիները, մենք հզոր ու անպարտելի ազգ կդառնանք։

Բայց նախքան կգա այդ օրը, մենք այժմ ստիպված ենք ապրել մի հասարակության մեջ, որտեղ ապագա մանկավարժներին ծաղրում են, փորձում կոտրել, պնդում են, որ ուրիշ մասնագիտություն պիտի ընտրի կամ ընտրեր. սովորական դասատու է դառնալու, ամսական հիսուն հազարի հույսով պիտի գոյատևի, թող գնա, ծրագրավորող կամ դիվանագետ դառնա։ Նորաձև մասնագիտություններ են, ասում են։ Վերջերս իմացանք նաև, որ յոթանասունհինգ հազար դրամ աշխատավարձ ստացողները նորմալ կրթություն չեն ստացել։ Սա ասվում է այն դեպքում, երբ մեր ուսուցիչներից շատերը հենց այդքան են վարձատրվում։ Հեգնա՞նք, վիրավորա՞նք, ինչպե՞ս անվանենք այս երևույթը։

Ես, իհարկե, չեմ ցանկանում արժեզրկել ոչ մի մասնագիտություն, բայց չեմ կարող նաև թույլ տալ, որ նսեմացնեն ուսուցչի դերն ու կատարած աշխատանքը։

Ազգին փրկողները իրենց մասնագիտությանն ու առաքելությանը նվիրված ուսուցիչներն են։ Իմ բախտը բերել է, և ես ունեցել եմ նման ուսուցիչներ, բայց պետք է նաև ընդգծել, որ ոչ բոլորի բախտն է բերում։ Շփում ունենալով Հայաստանի տարբեր մարզերում ուսում ստացած մարդկանց հետ՝ հասկացել եմ, որ կան նաև ուսուցիչներ, ովքեր հենց իրենք են իջեցնում ուսուցչի վեհագույն կերպարի կարևորությունը։ Պարզվում է, որ գյուղերից մեկում վեցից ութերորդ դասարանի աշակերտները չգիտեն նույնիսկ այբուբենը։ Ցավալի է, չէ՞։ Իհարկե, դուք կարող եք ասել, որ պատճառը հավանաբար այն է, որ այդ երեխաները չեն սովորում կամ սովորել չեն կարողանում։ Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք կարողացել այբուբենը սովորել յոթօրյա ճամբարում։ Հարց է առաջանում. կան չսովորող երեխանե՞ր, չհասկացված, չբացատրված դա՞ս, թե՞ անուշադիր ուսուցիչ։ Ես ընդունում եմ, որ դպրոցում տրվող գիտելիքների ողջ պաշարը բոլորի համար հասանելի չէ։ Այստեղ կարևոր է նաև մտավոր ունակությունների, հիշողության գործոնը։ Բայց նորմալ, առողջական խնդիրներ չունեցող երեխաների՝ հայերեն տառերը գրել չիմանալը ինչպե՞ս արդարացնենք։

Թող նրանք խորապես չիմանան բոլոր առարկաները, բայց գոնե տարրական գիտելիքների պետք է տիրապետեն, չէ՞։

Ցավոք, մենք ունենք նման ուսուցիչներ, որոնց գերագույն նպատակը տանը նստած չմնալն է։ Ի՞նչ կարևոր է՝ երեխաներին ինչ-որ տալիք ունի ինքը, թե ոչ։ Այո՛, կան նաև այսպիսի ուսուցիչներ։

Բայց կան նաև ուսուցիչներ, ովքեր իրենց գոյությամբ աշխարհն ավելի լավն են դարձնում, ավելի բարի ու գեղեցիկ։ Ինքնատիպ ուսուցիչներ են, ովքեր և՛  գիտելիքներով են փայլում, և՛ իրենց մարդ տեսակով։ Մեզ հենց նրանց նման ուսուցիչներ են պետք։ Եվ մենք կունենանք, էլի կունենանք այդպիսի ուսուցիչներ։ Ուսուցիչների նոր սերունդ է գալու, որոնք դուրս են գալու բոլոր ստանդարտներից և ապացուցելու, որ չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան մանկավարժինը։

Ի վերջո այն, որ աշակերտները դասը չեն լսում, դա միայն աշակերտի մեղավորությունը չէ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ երեխաները ռոբոտներ չեն, ովքեր զուրկ են մտքերից ու հույզերից։ Երեխաներն էլ ունեն իրենց խնդիրներն ու կարիք՝ խելամիտ խորհուրդների ու հասկացված լինելու։ Կարևոր է լինել ոչ միայն առարկայի, այլև կյանքի ուսուցիչ։ Ուսուցիչ, ով կկարողանա հասկանալ աշակերտի հոգեբանությունն ու անհրաժեշտության դեպքում կփակի մատյանն ու կխոսի աշակերտի սրտից։ Այդ բաց թողնված դասը հետո էլ կարող ենք լրացնել, բայց երեխայի թույլ տված սխալները գուցե և անդառնալի լինեն։

Մեզ պետք են աշակերտներին և իրենց մասնագիտությունն իսկապես սիրող, աշակերտների մեջ տարբերություն չդնող և մտքեր չսահմանափակող ուսուցիչներ։ Եվ ես հույս ունեմ, որ մեր այդպիսի ուսուցիչների քանակը օրեցօր մեծանալու է։

Վճռորոշ քայլ է ուսուցիչ դառնալու որոշում կայացնելը։ Չգիտեմ՝ ապագան ինձ որ կողմ կտանի, բայց եթե ես ուսուցիչ լինեմ, ապա պիտի գիտակցեմ, որ ես ունեմ հնարավորություն՝ գիտակից ու հայրենասեր սերունդ դաստիարակելու, հայոց լեզվի և գրականության հանդեպ սեր ու հոգատարություն սերմանելու։ Եվ այդ հնարավորությունը սխալ օգտագործելու դեպքում ես՝ որպես մասնագետ, կհավասարվեմ զրոյի։ Ես երբեք ուսուցիչ չեմ դառնա, եթե վստահ չլինեմ, որ մտնելու եմ դասարան` որպես սիրված, երեխաներին հասկացող, իր կոչմանն ու առաքելությանը լիարժեք նվիրված ուսուցիչ։

Իմ առջև կան լավ ուսուցիչների օրինակներ, և ես կփորձվեմ նմանվել նրանց, եթե ուսուցիչ դառնալու պատվին արժանանամ…

Anahit Zaxaryan n

Իմ ճակատագիր Արցախ

Էս մեծ ըշխարհքես տակեն վեշ մինը ինձ ու քեզ հասկանալ չըն, մեր սրտեն լյուզուն վեշ մինը կլյոխ չի ընգնել։

Ցավը շատ, յարան խորը, լոխ ասում ըն` պատար էլ տեմ կաց…

Տեմս կենում, բայց շատ տիժեր, ղաշյանգ, բոյավ ,բուսաթավ, նամուսավ տղերք ըս կուրցնում…

Տոն ու տեղ ըս կուրցնում, ըռնաքամ ըս տեռնըմ, խոխեքս առանց հար թողում, տներին լյուսը մթնցնում, բայց հալա վեննի յիրա կաղնածս, վիրավոր, բայց կաս հալա ու իննան ըս… Լոխ սիրում ըն քեզ հեռվից, ձևական, կենացներում… Ամալ կյալիս պիտար քեզ խտտիմ, խուխես նման ծուցումս տանիմ մին հեռու տեղ, վեչ թորք ինի, վեչ արյուն, վեչ փիս արազ, վեչ կռեվ, լոխ լյավ ինի…

Բայց կյամ չըս, հունց վեր ես ըմ տուլաշի նման գյուրգումտ նստում, տեսնամ` հիբա մին լյավ ծյագ ծյագվում։

Ըրնախում վեղս տեռալ, բայց հա՜… Քուշտանում չըս էս տղորցը արյունը խմելան…Դե, բայց հինչ անիմ, իմ ճակատագիրս էլ տուվ ըս, ես քունտում, տուվել` իմս, իմ տոն տեղս, հայրենիքս, ընտանիքս, լավ թա փիս, լոխ ետս, մին հափուռ վեղս։

Ընդունելությունը UWC-ում բաց է

UWC Հայաստանի ընդունելության հայտադիմումները բաց են 2023-2025թթ. Ակադեմիական շրջանի համար:

15-16 տարեկա՞ն ես:

Քեզ համար անչափ կարևո՞ր է լավ կրթություն ստանալը:

Սիրո՞ւմ ես կրթությանը կից ապրել ակտիվ համայնքային կյանքով:

Ուզո՞ւմ ես լինել միջազգային դպրոցի համայնքի անդամ:

Ուզո՞ւմ ես քո գաղափարներով լուխել տեղային և գլոբալ խնդիրներ:

Ուզո՞ւմ ես ունենալ ընկերներ աշխարհի բոլոր անկյուններից:

ԴԻՄԻՐ հիմա:

Վերջնաժամկետը` ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ը, ժամը`23:00  Երևանի ժամով

Facebook: https://www.facebook.com/UWCArmenia

Instagram:@uwcncarmenia

Ավելին` UWC Հայաստանի կայքում

Էլ.հասցե: armenia@uwcnc.org

Հայրենիքը․․․

Իմ հայրենիքը նույնը չէ,  այն պարզապես  հողատարածք չէ, որտեղ բնակվում են նույն էթնիկ ծագման մարդիկ, ո’չ, իմ հայրենիքը այլ է: Իմ հայրենիքը խոսուն վկան է իմ նախնիների անվերջ պայքարի, որտեղ հողը օծված է մյուռոնաջրով, իսկ սահմանը գծված արյամբ: Դա հայրենիք է  մարդկանցով, որոնց երակներում հայրենասիրություն է հոսում, իսկ մտքերում` արծարծվում, միաժամանակ, այն հայրենիք է պատմության դասեր քաղելուց կամազուրկ այն ժողովրդի, որոնք անձև զանգվածով ձևավորեցին խարխուլ արժեհամակարգ։ Այն հայրենիք է ծայրահեղականների, որի պատմող գրքի յուրաքանչյուր էջում գոյապայքար է, խարանված ճակատագրի կնիքով։ Գիրք՝ դարսված 7000 պատառոտված ու տառապած թերթերով, որոնք ծույլ աշակերտի պես այդպես էլ չյուրացվեցին: Անտեսված դասերում  պարզ էր բանաձևն իր հանգուցալուծումներով,  և այն էր՝ չգանգատվել դառնորեն չար բախտից ու մեզանից դուրս չորոնել մեր դժբախտությունների պատճառը, մեր դատը սկուտեղի վրա չմատուցել այն լափել ցանկացողներին, իսկ փրկության ուղին փնտրել միայն ու միայն սեփական սահմանների ներսում։ Չուղղված սխալները միտված են կրկնվելու, կրկնվելու յուրաքանչյուր պարբերությունում՝ հետևում թողնելով թուլացող խոյակներով   հայրենիք, իսկ ուսուցչի դեր ստանձնած կյանքը լուռ հետևում է ծույլ աշակերտի դողացող ձեռքերով արված սխալին, հետո, հետո նորից ու նորից մատուցում թուղթը սպիտակ…

Ախ, թե իմանային` որքան դյուրին է բանաձևը այդ:

Պատմության ապտակներից երբեք չսթափվող երկիր իմ Հայաստան, քո խաչը ծանր է, երբեմն այնքան, որ թվում է՝ ողնաշար է կոտրելու, այնուամենայնիվ այն երբեք մեր ոտքերի տակ չի եղել, քանզի խաչն իր զորությունն ունի, իր օգնությունը, և հանուն այն վեհ գաղափարի, արժե կրել արժանապատվորեն, ատամները սեղմած…

Մեջբերում.

«… Կարճ ասեմ՝ մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես՝ մե՛նք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով…»:    Հովհ․ Թումանյան