
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Պատերազմ և սեր
…Ափսոս է վարդը թոշնի գարունքին։
Դերենիկ Չարխչյան
Ամեն ինչ լռեց․․․
Նրան գտան մարտի դաշտում․․․
Չորս կողմը զոհված զինվորներ էին՝ հայ, թուրք։ Վրան հողի, քարի, գուղձերի հաստ շերտ կար։ Աչքերը բաց էին, հայացքը հառել էր կապույտ երկնքին․ դեմքին ժպիտ կար, հոգում՝ հանգստություն, իսկ ձեռքի մեջ ՝ ինչ-որ բան․․․․
-Տղե՛րք, էն ո՞վ է։
-Հը՞, Արտակը չի՞։
-Հա էլի․․․ Մեր Արտակը․․․
Մոտեցան ու պապանձվեցին։ Չէին հավատում, որ պայծառ Արտակը, այն Արտակը, որ կատակով էր խոսում ամեն ինչի մասին, պատերազմի մասին, թե ինքը միանգամից մի ամբողջ վաշտ կվերացնի, այսօր ընկել էր մարտի դաշտում․ վրեժ ուներ․ պապին թուրքն էր սպանել։
Ընկեր-տղաները ծնրադրեցին սեփական հողում զոհված ընկերոջ առաջ։ Ձեռքին ինչ-որ բան կար․ ի՞նչ էր։ Երբ բաց արին, տեսան՝ աղջկա նկար է՝ ժպտադեմ, կանգնած գետի ափին, ձեռքին էլ փունջ կար, որից էլ հոտ էր քաշում։ Նկարը հողով շաղախված էր։ Հետևում էլ երկտող կար․
Թե մարտում ընկնեմ, տխուր մի մնա,
Անսեր մի՛ մնա, սիրիր դու մեկին․
Թող ջահել սիրտդ սիրով արբենա,
Ափսոս է վարդը թոշնի գարունքին։
Վարդանը հիշեց, որ քույրը նեղացել էր, երբ Արտակը այդ խոսքերն էր ասել։ Ինչու՞ էր այդ խոսքերը ասել, կանխազգացու՞մ էր․ դե զոհվելու վտանգ կար։ Ինչքա՜ն շատ էր սիրում Արտակը, որ ուզում էր իր մահից հետո սիրած աղջիկը երջանիկ լինի։ Շատ կուզեր, որ աղջկան երջանկացնողը ինքը լիներ, իսկ եթե ինքը չէր լինի, աղջիկը թող անսեր չմնա։
Վարդանը, Արմենը, Արսենը լուռ կանգնել էին, իսկ արցունքները շիթ-շիթ թափվում էին։ Էլ ժամանակ չկար, պետք էր արագ Արտակի անշնչացած մարմինը հանեին դաշտից։ Տարան զորամաս։ Ամբողջ ճանապարհին Վարդանը մտածում էր՝ Նանեին ի՞նչ պիտի ասի։
Վարդանը Նանեի եղբայրն էր, Արտակի մանկության և մարտական ընկերը։ Նրանք երեքով նույն քաղաքից էին, միասին են մանկապարտեզ, դպրոց հաճախել, ընդունվել Արցախի համալսարան ու եկել ծառայության․ ի՞նչ իմանային, որ պատերազմ կսկսվի։
Երեկ ուրախ խոսում էին միասին, կատակներ անում։ Հիշում էր՝ ինչ էր ասում Արտակը․
-Վարդա՛ն, քրոջդ փախցնելու եմ, գիտե՞ս։
-Արտա՞կ, ինչի՞ ես փախցնում։ Արի մի լավ քեֆ անենք, թող բոլորը ձեր սիրո մասին իմանան։
-Հմմ․․․ Չէ՜, չհամոզեցիր։ Կփախցնեմ, այ էդ ժամանակ բոլորը հաստատ կիմանան մեր սիրո մասին։
Ասաց, ու սկսեցին բարձր ծիծաղել։
Բայց․․․ Պատերազմը խանգարեց։ Այսօր արդեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ն է։ Ու հենց այդ օրն էլ պատերազմը Արտակին տարավ․․․ Պատերազմի առաջին օրը։
Նանեն անհանգիստ էր․ ո՛չ եղբորից լուր ուներ, ո՛չ էլ սիրած տղայից։ Անհանգիստ քայլում էր սենյակում, հանգիստ չէր կարողանում նստել։
-Ա՛յ աղջիկ, ինչի՞ ես խառնվել իրար, ոչ մի բան չկա, չգիտե՞ս, որ Վարդանն ու Արտակը ժամը յոթի կողմերն են զանգ տալիս։ Իրենք ապահով տեղում են, մի անհանգստացիր։
Մայրն էր․ լավատես ու բարի տիկին Աննան։ Երանի՜ այդպես լիներ, հանգստացնում էր աղջկան՝ ինքն էլ լավ իմանալով, որ կռվի մեջ փլավ չեն բաժանում, հանգստություն չկա։
Նանեն սիրում էր Արտակին․․․ էն էլ ոնց։ Կանգ առավ, նստեց աթոռին ու նայեց իր ու Արտակի նկարին․ ծառայության գնալուց առաջ էին նկարվել, իրենց տանը` Վարդանի ծննդյան օրը։
Որքա՜ն երջանիկ են, ինչպե՜ս են ժպտում։ Ա՜խ, որքան է ուզում նրան տեսնել, գրկել․․․
Նանեն հիշում է իրենց հանդիպումները, և ակամա դեմքին ժպիտ է հայտնվում։ Հիշում է՝ ինչպես էին ընկերներով գնացել քաղաքից դուրս, նստել ու զրուցում էին։ Արտակը ու Նանեն նստել էին գետի ափին, կախել էին ոտքերը ջրի մեջ ու խոսում էին, ապագայի պլաններ էին մշակում․ դեռ ինչքա՜ն բան կար անելու։ Հիշում է՝ ինչպես գնացին Ղազանչեցոց։
-Նա՛ն, հաջորդ անգամ եկեղեցի մտնելիս խոստանում եմ՝ հարսի շորով ես լինելու։
Աղջիկը պինդ բռնել էր տղայի ձեռքը ու լուռ ժպտում էր․ դե իր սրտովն էր։ Նույնիսկ մի պահ թվաց, թե հարսանեկան զգեստով է ու պիտի գեղեցիկ քայլի, վարդի թերթիկներ են թափվում ուսերին, գլխին, ոտքերի տակ, ինքը պիտի զգույշ քայլի․․․ Ա՜խ, որքան իրական էր այդ երազը։ Աղոթում էին միասին հայրենիքի խաղաղության համար․ առանց խաղաղության ի՞նչ երջանկություն։ Հիմա էլ հիշում էր ու հավատում, որ ամեն բան լավ կլինի, և իր հերոսը կգա․․․․
Երազանքներ, որոնք, ավաղ, այդպես էլ չէին իրականանալու։
Հնչեց հեռախոսի զանգը․․․ Ա՜խ, այդ զանգը, որ պիտի ամեն ինչ փոխեր։ Տիկին Աննան հեռախոսը ձեռքին պապանձվել էր, քարացած կանգնել․
-Ի՞նչ, Արտա՞կը․․․
Նանեն դուրս թռավ սենյակից, մոր ձայնից ու հայացքից ամեն ինչ փոխվեց, դառը արցունքներով լցվեցին գեղեցիկ աչքերը։ Կարոտ, սեր, երջանկություն, դառնություն, մահվան գույժ․․․ Ամեն ինչ տակնուվրա եղավ երազկոտ աղջկա սրտում։ Մեռավ մի գեղեցիկ ընտանիք, որը դեռ չէր էլ հասցրել ստեղծվել։
2020թ․ նոյեմբերի 9․․․ Պատերազմը լռեց, պապանձվեցին հրանոթներն ու տանկերը, բայրաքթարները իրենց բները վերադարձան։
Շատերը շիրիմ ունեցան, շատերը՝ ոչ։ Արտակն այն երջանիկներից էր, որ շիրիմ ունեցավ մահից մի քանի օր հետո։
Նանեն Եղբայրական գերեզմանոցում է, կանգնել է Արտակի շիրիմի մոտ։ Նայում է թարմ շիրմաթմբերի շարքին, և արցունքները միայն Արտակի համար չէին հոսում, այլ բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չհասան իրենց երազանքներին։
Պատերազմը խլեց Արտակին, բայց ոչ նրա հանդեպ ունեցած սերը․․․․
․․․
Պատերազմը դառնահամ է, արյունոտ․ արյունը կաթկթում է կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի ու երազանքների, սիրո և սպասումների վրա։ Կյանքը դառնում է արնահամ, դառնահամ։ Ասում են՝ ժամանակը հեռացնում է, մոռացնում։ Ամենևին։ Որքան շատ ժամանակ է անցնում, միևնույն է, վերքը սպիանում է, բայց ցավը մնում է ու ավելի խորանում։
Հայաստան աշխարհի որևէ բնակչի համար չկան տարածքներ, կա Հայրենիք, որտեղ ամեն անկյունում դու կյանք ես դրել։ Չկան վարձկան կռվողներ, կա անհատը՝ կոնկրետ ընտանիքից դուրս եկած։
Ցավը գույն ունի․․․ Ծիածանի գույներից 8-րդը «ցավագույնն է»՝ կորցրած երազանքների, անվերադարձ սպանած ժամանակի ու լռությունից խեղդվող հոգիների։ Ժամանակը պտույտ է անում ու մեզ նորից նույն կետին է բերում՝ տարբեր կողմերից նայելու։
Երանի իմ աչքերին, որ տեսել են Արցախ աշխարհը խաղաղ ժամանակ, որ եղել եմ Շուշիում ու աղոթել Ս․Ղազանչեցոց եկեղեցում։
Ես այդպես էլ չեմ «սովորի» պատերազմի ձայնին, չեմ կարողանա հանգիստ նայել, թե ինչպես են ավերում Աստծո տունը, Ս․Ղազանչեցոցը՝ իր սպիտակ զանգով։ Ես պատերազմ չեմ ուզում։
Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի։
Իհարկե, ես էլ վերջում հող կդառնամ, ինչպես բոլորը, բայց հող դառնալուց հետո էլ երդվում եմ, որ թշնամուն հանգիստ չեմ թողնի։
Քրիստոսի արյամբ, հավատքով ամրացած ու հերոս-լույս տղերքի արյունով սրբացած իմ երկիրը՝ Հայաստանը, մի՛շտ է ծիլ տալու, մի՛շտ կյանք է տալու։
․․․Ու ինչ էլ լինի, միևնույն է, մի օր մենք կհանդիպենք ու իրար ուժ կտանք։ Մենք միասին կանցնենք մեր թուլությունների վրայով, պառակտված կամքը կմիացնենք ու կդառնանք Մեկ․ մի ամբողջություն։
Տարածքը, որի վրա երազանքներ ունեցող զինվորի արյուն է թափվել, այլևս սոսկ հողակտոր չէ, այլ ՀԱՅՐԵՆԻՔ, որը չեն զիջում․․․

Կարմիրգեղ

Սուրբ Գայանեի տաճարում
Եկեղեցիներ այցելելը ինձ համար շատ սիրելի է, քանի որ հենց այնտեղ էլ գտնում եմ հոգուս խաղաղությունը, կարծես հեռանում եմ այս աշխարհի մութ և կեղտոտ վարք ու բարքերից ու մտնում մի լուսավոր մաքուր աշխարհ։
Միշտ ցանկացել եմ լինել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ թերևս ամենաշատը նրա համար, որ ես անվանակոչված եմ հենց այն սրբուհու անունով, որի պատվին կառուցվել է եկեղեցին։ Այո՛, Հռիփսիմյանց կույսերից Գայանեի։ Հունիսին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հռիփսիմյանց կույսերի տոնը:
Երազանքս,որը արդեն երազանք չէր, քանի որ հասկանում էի, որ այնտեղ հասնելը այդքան էլ դժվար չէ՝ կատարվեց։
Եկեղեցի դեռ չմտած արդեն սրտումս դող առաջացավ: Արդեն միայն ճարտարապետական այս հոյակերտ կոթողը բավարար է զգաստանալու, ոգեշնչվելու համար: Աղոթող մարդիկ, բակում տնկված բազմաթիվ գեղեցիկ ու անուշաբույր վարդեր, գեղեցիկ խոտածածկ այգի: Եկեղեցու հարևանությամբ լռության մեջ թաղված փոքրիկ գերեզմանադաշտ, որտեղ թաղված են մեր ժողովրդի բազում մեծանուն մարդիկ:
Էջմիածինը շատ սիրեցի, իսկ Սուրբ Գայանե եկեղեցու հետ շատ խորը կապերով կապվեցի, այն այնքան հարազատ դարձավ իմ սրտին։

Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը
Ե՞րբ է անհատի մոտ ձևավորվում հայրենիքի գիտակցումը։ Ե՞րբ է մարդը հասկանում, որ այն տեղը, որտեղ ծնվել է, լոկ աշխարհագրական միավոր, կամ սովորական քար ու թուփ չէ այս երկրագնդի համար։
Գիտնականներն ու գիտական նյութերը կփորձեն ինձ ապացուցել, որ անհատը սկսում է գիտակցել իր հայրենիքն ու նրա արժեքը գիտակից տարիքում, իսկ ես կնայեմ երկնքին, կգնամ Եռաբլուր, կպատռեմ գիտական նյութերն ու կապացուցեմ, որ հայրենիքը հայերիս մեջ գալիս է օրորոցից, առաջին թոթովանքից ու «մամ» կանչելուց։
Հայրենիքը բարձրագույն արժեք է։ Հայրենիք ունենալու համար մենք շատ թանկ ենք վճարել ու շարունակում ենք վճարել, բայց մեզնից մեր հայրենիքն այնքան էժան են գնում, փորփրել եմ, ուսումնասիրել, ոչ մի մարկետինգային թեորեմ չկա։ Կա մարդ, կներեք մարդ չէ, մարդանման տեսքով, անմարդկային խղճով, բայց մեծ-մեծ կենացներ ասելու գերազանց ունակությամբ, փողը արժանապատվությունից գերադասող… Իրոք, չգիտեմ իրենց ինչ կոչել, երևի այս հարցով դիմեմ վերոնշյալ գիտնականներին։
Սարսափելի է… Սարսափելի է գիտակցել, որ մարդիկ պատրաստ են մնալ անհայրենիք, ապրել, ծերանալ ու մեռնել ուրիշի հողում։
Բայց ցավոք սրտի, նրանք չեն գիտակցում, որ բացի իրենց հայրենիքից, իրենք տեղ չունեն և ոչ մի հողում։
Թերթենք պատմության էջերը, ուսումնասիրենք փաստարկները, կարդանք գիտական բոլոր աշխատությունները, և գիտեք ինչ, կրկին անգամ կհանգենք այն եզրակացությանը, որ հայի գենետիկայում դավաճան տեսակը միշտ կա։
Զարմանալու ազգ ենք, կամ կյանքի գնով ենք պահում հայրենիքը, կամ էլ մեծ զեղչով վաճառում։
Չէ, չեմ մեղադրում գիտնականներին, հաստատ անհայրենիք մարդկանց են հանդիպել ու գրել գիտական աշխատություններ։
Այս ամենը հասկանալուց հետո ինձ մոտ մի հարց է մնացել առանց պատասխանի: Մեկդ բացատրեք ինձ թանկ գնով ազատագրելու ու էժանով նվիրելու մարտավարությունը։
Է՜հ, է՜հ, գիտնականներն էլ են զարմացած…

Ֆրակ հագած մարդը
Կեսօրին, ամպամած երկնքի ներքո, նեղլիկ ու մարդաշատ փողոցներով քայլում էին երկու տղամարդ: Տղամարդկանցից մեկը, ով երեսունութ տարեկան էր` անգլիական, հնաոճ ֆրակ էր հագել ու չէր լսում կողքով քայլող ընկերոջ` Սուրենի ձայնը: Ֆրակ հագած տղամարդը Գուրգեն Գրիգորյանն էր: Սուրենն անդադար խոսում էր, փոխադարձ բարևում իրենց կողքով անցնող մարդկանց, իսկ Գուրգենը լուռ էր, մինչև որ նրանք կանգ առան զինկոմիսարիատի դիմաց: Սուրենը վերջին անգամ էլ հարցրեց. «Վերջը գնալու ես, հա՞»: Նա գլուխը դրական շարժեց ու ներս մտնելուց առաջ վառեց ծխախոտը:
Մեկ շաբաթ չկար, որ սկսվել էր պատերազմը: Սուրենը հենց առաջին օրը կանգնեց ընկերների դիմաց ու հայտարարեց, որ գնում է պաշտպանի հայրենիքը, որ ոչինչ չունի կորցնելու` ո՛չ մայր ու հայր, ո՛չ կին, ո՛չ երեխա, ասաց ու չգնաց:
Գուրգենը դառը շնչով բերանից բաց թողեց ծխախոտի ծուխը ու նայեց վերև: Անձրևը կաթկթաց դեմքին, նա աչքերը փակեց ու խորը շունչ քաշեց:
Գուրգենը սովորել էր գրականության ֆակուլտետում ու նույն ինստիտուտում ծանոթացել կնոջ` Անահիտի հետ: Կինը ֆիզիկոս էր, ու նա այդպես էլ չէր հասկանում ոչ ֆիզիկան, ոչ էլ այն տարօրինակ ֆիզիկական կապը, որը միասին էր պահում նրանց, թեև յոթ տարվա ընթացքում ոչ մի երեխա չկարողացան ունենալ: Յոթ տարիները անցան հանգիստ, լուռ, իսկ վերջում` հաշտված: Ամուսիններով դասավանդում էին քաղաքի հիմնական դպրոցներից մեկում, ու թեև Գուրգենը պաշտում էր գրականությունը` այդպես էլ ձեռքը գրիչ չվերցրեց, որովհետև չգտավ այն բառերը, որոնք ավելի ճիշտ կլինեին իր ներսինը ազատագրելու համար, փոխարենը` ընտրեց մի քանի սեղանի գրքեր, որոնց կարիքը զգում էր, երբ բարձրանում էր հոգու փոթորիկը: Սիրում էր Սարոյան, և հաճախ էին իրենից լսում, որ այս աշխարհում ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է: Աշակերտները սիրում էին Գրիգորյանին, նա էլ իր հերթին անըմբռնելի զգայական հակում ուներ դեպի երիտասարդությունը:
Հիմնական դպրոցում դասավանդելու տարիներին Գուրգենի կյանք ներխուժեց Սիրանուշը, ով նույն դպրոցի բուժքույրն էր: Երիտասարդ, գեղեցիկ կին էր նա, ով ի տարբերություն կնոջը` Անահիտի, բավականին շատախոս էր: Դպրոցում շշուկներ էին պտտվում նրանց մասին: Անահիտն էլ գիտեր, հասկանում էր ու անգամ Սիրանուշի երեխա ունենալու լուրը իմացավ ամուսնուց: Իր բնավորության համաձայն, շատ հանգիստ լսեց լուրը, բայց Գուրգենը այդ գիշեր տուն չգնաց, գիտեր, որ փշրվելու է կնոջ լացի ձայնից:
Սիրանուշը չհրաժարվեց երեխայից, ավելին, նա խոստացավ, որ ամռանը կթողնի ամեն ինչ ու կկորչի նրանց կյանքից, բայց Գուրգենը չհամաձայնվեց: Նա Սիրանուշի հետ տեղափոխվեց գյուղ, որտեղ իր հայրական հին տունն էր: Չկարողացավ բաժանվել Անահիտից ու իր տանից գրեթե ոչինչ չվերցրեց հետը, նույնիսկ սիրելի գրքերը: Գյուղում աշխատանքի անցավ միջնակարգ դպրոցում և էլ ավելի կապվեց աշակերտների հետ: Գուրգենը մեկ գյուղում էր, մեկ քաղաքում, կամ ինչպես սիրում էին ասել շենքի դիմաց նստող կանայք. «Մի ոտքն այստեղ էր, մյուսն` այնտեղ»:
Անահիտը փոխեց աշխատանքը ու էլ ավելի խորացրեց ֆիզիկայի գիտելիքները, նորովի ուսումնասիրեց աստղագիտությունը: Իր ամեն ձեռքբերումը Անահիտը կիսեց ամուսնու հետ ու էլ երբեք ամուսնու համար նշանակություն չունեցավ, որ ոչինչ չի հասկանում ֆիզիկայից ու աստղագիտությունից, նա միևնույն է, լսում էր դրանք մեծ հետաքրքրությամբ:
Պատերազմն սկսվեց, և երկու կանայք էլ հաստատապես ստիպեցին նրան մնալ և զբաղվել աշխատանքով, քանի որ հայրենիքը պաշտպանելուց բացի կարևոր է նաև հայրենիքի համար սերունդ կրթելը: Այդ օրերին նա ստիպում էր աշակերտներին էլ ավելի շատ Սարոյան կարդալ, փորձում էր նրանցում կատարելագործել մարդկային արժեքները: Մեկ շաբաթ անց նա նկատեց, թե ինչպես է իր երեք տարեկան որդին սեղանի վրա հեռուստացույցի հեռակառավարվող վահանակն ավտոմեքենայի պես քշում` համապատասխան ձայնով, թեև իր բոլոր խաղալիքները փռված էին հատակին: Լուռ ժպիտով հետևեց, ու երբ երեխան նկատեց հորը, ասաց.
-Տանկ եմ քշում:
-Տեսնում եմ,- քնքշանքով պատասխանեց հայրը:
Նա վեր կացավ, որ աշխատանքի գնա, բայց զանգահարեց Անահիտը` հուզված ձայնով ասաց, որ տուն գնալիս իր սիրած կոնֆետներից շատ գնի, որովհետև հղի է:
Գուրգենը բացեց աչքերը: Անձրևը ամբողջությամբ թրջել էր դեմքը, իսկ ընկերը նայում էր հարցական հայացքով: Նա ուղղեց հագուստը և ներս մտավ: Դուրս եկավ, ասաց, որ իրեն էլ կտանեն ու նույն ճանապարհով քայլեց ընկերոջ հետ: Հետո խանութից կոնֆետներ գնեցին ու մտան խաղալիքների խանութ, որտեղից էլ տանկ գնեց որդու համար: Դուրս գալուն պես Գուրգենը մի քանի վայրկյան կանգնեց ու կրկին մտավ խանութ` նույն խաղալիքից ևս մեկը գնելու: Կոնֆետներն ու խաղալիքները տվեց Սուրենին, որպեսզի տանի հասցեատերերին:
Ֆրակ հագած մարդը, անձրևի տակ փողոցի մեջտեղը միայնակ կանգնած ժպտում էր ու ոչ ոք, նույնիսկ ինքը չուներ այդ ժպիտի պատասխանը: Գուցե աշխարհում ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ուղղվել էր:
17 դայջեսթ Գարուն 2022

Իսկ դո՞ւ
Ինչո՞ւ մարդիկ այսքան չարացան մեկ մեկու հանդեպ։ Ամեն օր քնելուց առաջ ինքս ինձ այս հարցն եմ տալիս։ Ո՞րն է պատճառը․ պատերազմը, համաճարակը, երկրում տիրող իրավիճակը: Ի՞նչն է մարդկանց անսահման վատը դարձրել, այնքան վատը, որ նախընտրում են չիմանալ դիմացինի հաջողությունների, ձեռքբերումների մասին, որովհետեւ լսելուն պես անբացատրելի նեղող, տանջող զգացողություն է առաջանում նրանց մեջ, որը չեն կարողանում թաքցնել իրենց, իբր թե, բարի դեմքերից։
Չեք հավատա, բայց անկեղծ, սրտից եկած ուրախությունը այլ կերպ է զարդարում ձեր դեմքը, իսկ կեղծ ժպիտն էլ ավելի է տգեղացնում ձեզ:
Հա, ի՞նչ կլինի, որ հարևանի տունն ու մեքենան ավելի լավը լինեն, քան քոնը, ի՞նչ կլինի, որ հարևանի աղջիկն ավելի լավ տեղ հարս գնա, քան քո աղջիկը, ի՞նչ կլինի, որ հարևանի պաշտոնը, գործը քոնից լավը լինի: Չի լինի, չէ, մի տեսակ նեղվում ես։
Մի բան պատմեմ:
Հյուր էի գնացել, ու պետք է թեյ խմեինք: Տանտիրուհին ասաց.
-Հռիփսիմե, հանկարծ չթողնես թեյնիկում եղած ջուրը եռա, թե չէ` հարևաններս կհարստանան:
-Մի հատ էլ ասա,- ծիծաղելով ասացի ես:
-Հա, հա, որ ջուրը եռա թեյնիկում, հարևանները կհարստանան։
Սարսափելին այն էր, որ հյուրերն ասացին.
-Վա՜յ, չգիտեինք, բա շուտ ասեիր, որ մենք էլ իմանայինք:
Սա չարություն չէ՞: Բնականաբար թեյնիկում եռացող ջուրը չէր հարստացնելու հարևաններին, բայց նույնիսկ այդ մասին մտածելը ցավ էր տալիս բոլորին:
Որպեսզի տխուր չավարտվի պատմությունս, կասեմ․
Ես կլինեմ թեյնիկի ջուրը մինչև վերջ եռացնող հարևան, բարեկամ, ընկեր քեզ համար։ Իսկ դո՞ւ:
Զուգահեռ ընթացք
Լուսանկարները` Հռիփսիմե Եղիազարյանի և Սերյոժա Առաքելյանի
