Ազատ տարածք խորագրի արխիվներ

Anush Jilavyan

Այդ «չարաբաստիկ» 13-ը

Մի քանի օր առաջ դեկտեմբերի 13-ն էր. սովորական առանց ձյան ձմեռային, աշխատանքային օր… Բայց մի վայրկյան… Սովորական է ինձ համար, այ, հարցրեք ցանկացած մարդու, ով իրեն համարում է թեկուզ շատ քիչ սնահավատ, և նրանք միանգամից կասեն` անհաջող օր է, ինչ որ վատ բան է լինելու, կամ լավագույն դեպքում, կզգուշացնեն վտանգավոր քայլեր չձեռնարկել:

Ախ, այս սնահավատությունները: Տպավորություն է, որ կյանքն առանց դրանց ձանձրալի է եղել, և մարդիկ հորինել են` ձանձրույթից ազատվելու համար: Բայց եթե մի կողմ դնեմ զայրույթս խեղճ սնահավատությունների վրա, ապա պետք է խոստովանեմ, որ շատ հետաքրքիր երևույթ են: Դրանք բնորոշ են ցանկացած ազգի, ու դրանց մեջ լավ դրսևորվում է տվյալ մշակույթի առանձնահատկությունները:

Այ օրինակ, մեզանում այդքան ատելի սև կատուն Բրիտանիայում հաջողության նշան է համարվում:

Բացի սա, չհավատաք երբեք նրան, ով կասի, որ բացարձակ սնահավատ չէ: Մենք միշտ ինչ որ մասնիկ ունենք մեր մեջ, որ հավատում է գերբնականին: Չկա մի մարդ, ով սև կատու տեսնելիս տարօրինակ զգացում չունենա, կամ 13 թիվը լսելիս ինչ-որ վատ միտք չայցելի:

Իհարկե, սնահավատությունները մեր մի մասնիկն են, և իրավունք չունենք մեղադրելու մարդկանց, ովքեր հավատում են դրանց կամ վախենում: Բայց անձամբ ես զայրանում եմ, երբ մարդիկ իրենց վախը փոխանցում են մյուսներին, կամ իրենց նախազգուշացումներով քո օրը իրոք անհաջող դարձնում:

Իհարկե, սուտ կխոսեմ, եթե ասեմ, որ սնահավատ չեմ, բայց դրանք փորձում եմ հաղթահարել, կամ եթե գոնե վատ կանխազգացողություն ունեմ, դա իմ մեջ եմ պահում, կամ գոնե ջրին եմ պատմում:

Իսկ դեկտեմբերի 13-ը շատ սովորական, հանգիստ օր էր փաստորեն: Դե, եթե հաշվի չառնեմ, որ այն պահին, երբ շատ շտապում էի, երթուղայինի 10 համարը 70 կարդալով նստեցի, հետո հասկացա, որ սխալվել եմ և 20 րոպե ժամանակ կորցրի, քանի որ ստիպված եղա երկու տրանսպորտով տուն հասնել:

Դե, հուսամ «13»-ը այստեղ կապ չուներ:

Ի դեպ, այսօր ուրբաթ է, դարձյալ սնահավատները լարված են:

Ինչքան կարևոր եմ

 

Լուսանկարը՝ Աննա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Աննա Աբրահամյանի

Վեց տարեկան էի՝ աշխույժ, ժիր ու ծիծաղկոտ: Թաղամասում ունեի շատ ընկերներ՝ Անին, Հասմիկը, Հայկը, Լուսինեն, Արթուրը, Մարիամը: Սիրում էի ամբողջ օրս անցկացնել նրանց հետ, խաղալ պահմտոցի, հալամուլա, գնդակ և շատ ուրիշ խաղեր: Մայրս ամբողջ օրը ինձ խնդրում էր, որ գնամ տուն և ուտեմ տատիս պատրաստած համեղ կերակուրը: Սակայն ինձ համար ուտելը ամենածանր պատիժն էր: Ուտել բառը լսելով՝ կարծես իմ գլխին էր թափվում անեծքի մի ամբողջ շարան: Հաճախ ինձ բաժին է հասել «մայրական ապտակը» հենց չուտելու համար: Մի օր էլ, երբ սովորականի պես խաղում էի ընկերներիս հետ, մայրս մի քանի անգամ եկավ, որ ինձ տուն տանի, բայց բոլոր փորձերն ապարդյուն անցան: Խաղում էինք ու մեկ էլ, հոպ. Հայկը՝ Հասմիկին, Հասմիկն՝ Անիին, Անին՝ ինձ, ես էլ՝ սրածայր քարին: Քթիցս արյուն էր հոսում: Մարիամը՝ իմ սիրելի ընկերուհին, վազեց դեպի մեր տուն ու շատ վախեցած, լացակումած ասաց տատիս.

-Անին խփեց, Աննան ընկավ:

Էս տատս էլ՝ հիվանդ ու գեր մի կին, հասկացավ, թե՝ Անին խփեց, Աննան մեռավ: Թողնելով տան գործը՝ կանչեց մայրիկիս ու միանգամից թռավ ցանկապատի վրայով, միչդեռ նա երբեք այդպիսի բան չէր արել իր գերության ու թույլ լինելու պատճառով: Տատիս այդ արարքը կարելի էր համարել ռեկորդ: Նրա օրինակին հետևեց մայրս, սակայն մորս համար դա հեշտ էր: Այսպես իրար հետևից դեպքի վայր ժամանեցին բժիշկ մայրս ու ոստիկան տատս: Ինձ տեսնելով՝ տատիս դեմքին նշմարվեց հանգստություն, որը կտրուկ փոխվեց բարկության: Այս անգամ տատիս կողմից ստացա «տատական ապտակ», բայց հասկացա՝ ինչքան կարևոր եմ նրանց համար:

arxiv

Մեր հին փողոցի հին բնակիչները

Մեր փողոցի ամենամեծ բնակիչը Անիկ տատիկն է, որն ապրում է մեր դիմաց՝ առվի մյուս կողմում: Այդ առուն բաժանում է մեր փողոցը երկու մասի: Փողոցի բնակիչներից շատերը հիշողություններ ունեն կապված առվի հետ: Ես չեմ կարող պատկերացնել մեր փողոցը առանց այդ առվի, ինչպես նաև առանց Անիկ տատիկի: Առուն, տատիկը և նրա նստարանը մի ամբողջություն են՝ փողոցի մի մասը: Ես Անիկ տատիկին միշտ նմանեցնում եմ իր բակի թթենուն: Նրա դեմքն ու ձեռքերը նման են թթենու կեղևին՝ դարչնագույն ու կնճռոտ: Անիկ տատիկը մենակ է ապրում, բայց նրան հաճախ հյուր են գալիս նրա երեխաները, թոռներն ու ծոռները:

Անիկ տատիկից մի քիչ հեռու ապրում են Ժորա պապիկն ու Օլգա տատիկը: Ժորա պապիկը Հայաստան է եկել 27 տարեկանում: Նա իր մանկությունն ու երիտասարդությունն ապրել է Հունաստանում: Ժորա պապիկենք ունեին մի կով, որի մի եղջյուրը ջարդված էր, որովհետև ընկել էր առուն: Մի անգամ առուն էր ընկել Օլգա տատիկը, սակայն ջուրը նրան չէր քշել, որովհետև նա շատ գեր էր: Մի քանի տղամարդ հազիվ էին կարողացել նրան դուրս հանել առվից:

Առվի այս կողմում ապրում է Երան քույրիկը: Ճիշտն ասած, նա արդեն մորաքույր է ու նույնիսկ, տատիկ, բայց բոլորին ստիպում է, որ իրեն քույրիկ ասեն: Երան քույրիկը ապրում է մենակ, ավելի ճիշտ՝ 9-10 կատուների հետ: Կատուների նախամոր անունը քույրիկիս անունից էր՝ Մանե, բայց կատուն քույրիկիցս առաջ էր ծնվել: Երբ Մանեն սատկեց, Երանը նրան թաղեց, գերեզմանաքար դրեց վրան և ամեն անգամ, երբ տեսնում էր քույրիկիս, իր Մանեին հիշելով, սկսում էր լաց լինել: Երան քույրիկի կատուներից մի քանիսը խեղդվել էին առվում, այդ պատճառով էլ նա այդ առուն չէր սիրում:

Մեր փողոցում են ապրում նաև Երվանդ քեռին ու Լիլիկ մորաքույրը, որոնց հորթուկների հետ ես խաղում էի, երբ փոքր էի, իսկ այժմ, կով դարձած հորթերը մեզ կաթ են տալիս: Մեր փողոցում է ապրում նաև Սամվել քեռին իր ընտանիքի ու Վանդա շան հետ, որը մի անգամ ինձ շատ վախեցրեց, ես էլ՝ իրեն: Դրանից հետո շանը հանում էին զբոսանքի, երբ մենք այնտեղ չէինք լինում:

Սա էլ պապիկս է, որը համարյա ամեն օր, տատիկիս հետ, առավոտյան գալիս է մեր տուն, իսկ երեկոյան՝ վերադառնում: Պապիկիս ձեռքից ամեն ինչ գալիս է, դրա համար էլ նա վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Հեռախոսը փչացավ՝ Արծրունը կսարքի: Պետք է խեղդվող շանը, կատվին, իսկ մի անգամ էլ երեխայի փրկել՝ Արծրունը կանի: Եղբորս հեծանիվի անիվն է իջել՝ պապիկը կփչի, երեխաներն ուզում են ճոճվել, պապիկը ճոճանակ կսարքի: Երբեմն լինում են պահեր, երբ ինձ թվում է, թե աշխարհում լավ մարդ չկա: Այդպիսի պահերին ես հիշում եմ պապիկիս: Նա աշխարհի ամենաբարի մարդն է:

Ահա այսպիսին են մեր հին փողոցի հին բնակիչները:

Լուսինե Հակոբյան 12տ., 2002թ.

hovhannes ghulijanyan

«Երկինքը մանանա կցողի վրադ»…

Գիրք էի կարդում: Հանկարծ հանդիպեց այսպիսի նախադասություն. «Երկինքը մանանա կցողի վրադ»: Միանգամից «մանանա» բառը ուշադրությունս գրավեց: Հիշեցի «Մանանա» կենտրոնը, փորձեցի հիշել, թե արդյո՞ք մեզ «Մանանայի» դասընթացների ժամանակ բացատրել են` ինչ է նշանակում այս բառը, սակայն չկարողացա մտաբերել:

Բառարանում նայեցի, ուներ մի քանի իմաստ.

1. Մի քանի բույսերի չորացած շաքարանման հյութ, որն օգտագործվում Է որպես ուտելիք, ինչպես և դեղամիջոց, գազպեն:

2. Ըստ Աստվածաչնչի ավանդության՝ երկնքից հրեաներին առաքվող սնունդ՝ անապատում նրանց թափառումների ժամանակ:

3. (փոխաբերական) Ուտելիք, ուտելու բան, սնունդ:

Մտածեցի. Գեղեցիկ բառ է և խորիմաստ: Տեսնես` որ իմաստով են այս բառն իրենց անուն վերցրել «Մանանայի» հիմնադիրները քսանմեկ տարի առաջ: Որ իմաստով էլ ընտրած լինեն, ճիշտ կլիներ, իրենց կատարած աշխատանքին բնորոշ:

Մանուի գունապնակը

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Դեկտեմբերի 9-ին Կառլ Լևոնի անվան պատկերասրահը մարդաշատ էր. բացվել էր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսի ուսանողուհի Մանու Հարությունյանի` «FATUM» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով շնորհավորելով Մանուին, նշեց, որ չնայած սա նկարչուհու առաջին ցուցահանդեսն է, աշխատանքները մեծ թիվ են կազմում, ինչն էլ տաղանդավոր և աշխատասեր երիտասարդության գոյության մասին է վկայում:
Ցուցահանդեսի բացման բաղկացուցիչ մասն էին կազմում ասմունքը, պարը, երգն ու երաժշտությունը, հատկապես թավջութակի և սաքսոֆոնի հնչյունների գեղեցիկ համադրությունը:
«Դեռ վաղ հասակից հրապուրվել եմ Տերյանի պոեզիայով և հատկապես, «FATUM» բանաստեղծության վերնագրով և բովանդակությամբ: Մտածեցի` ինչո՞ւ ոչ, հենց` ճակատագիր»,- ասաց Մանուն:

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Ցուցահանդեսին ներկա էին երիտասարդ նկարչուհու ընկերները, հարազատները, քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմը և մի շարք այլ հյուրեր:
Ընկերներից Արծրուն Մանուկյանը նշեց, որ Մանուի հետ անցկացրած 4 ուսումնական տարիները վաղուց էին բացահայտել նրա ներքին գունագեղությունը, ինչն էլ այսօր արտահայտվել էր կտավներում:

Հարցին, թե քանի կտավներ են ցուցադրված, և կա՞ արդյոք աշխատանք, որն առանձնացնում է, Մանուն պատասխանեց.
-Ներկայացված են շուրջ 50 կտավներ, որոնք նկարել եմ սկսած 2012 թ.-ից: Կառանձնացնեմ իմ ոգեշնչման գլխավոր աղբյուրի` Վան Գոգի դիմանկարը. այն անգին է:
Մանուն շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, ովքեր, չնայած վատ եղանակին, եկել էին և իրենց լայն ժպիտներով ջերմացնում էին մեկմեկու:

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Նա իր խոսքն ավարտեց հոլանդացի փառահեղ նկարիչ Վինսենթ վան Գոգի բառերով. «Գեղանկարչությունը պատնեշ է, որի միջով հնարավոր է անցնել ու հասնել քո ցանկություններին, և այն ամենին, ինչ կարող ես անել»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 19-ը: Մուտքն ազատ է: Համեցեք դուք էլ վայելել Մանուի գունագեղ աշխարհը:

Lusine Karapetyan

Մարդու իրավունքների օր 2016

Դեկտեմբերի 13-ին Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների համատեղ ջանքերով տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մարդու իրավունքներին։ Նրանց միացան նաև 10 երիտասարդ խոսնակներ, որոնք բարձրացրին տարբեր հիմնահարցեր և խնդիրներ, պատմեցին իրենց պատմությունները տարբեր ոլորտներում։

«Մանանա» կենտրոնի խոսնակ-ներկայացուցիչը ես էի։ Ես պատմեցի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի և իմ հաջողության պատմության մասին: Ստորև կարող եք տեսնել իմ ելույթը։

«Ես Լուսինե Կարապետյանն եմ: Ներկայացնում եմ «Մանանա» կենտրոնի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը: Այս ցանցը միավորում է 14-ից 24 տարեկան մի քանի հարյուր թղթակիցների երկրի բոլոր մարզերից: Ես ինքս Վայոց ձորի Վայք քաղաքից եմ։ Միշտ փորձել եմ ակտիվ լինել հասարակական կյանքում, հետաքրքրվել մարդու իրավունքներով և բարձրացնել տարբեր հիմնախնդիրներ հենց իմ համայնքում։ Բայց դա ոչ միշտ է հնարավոր եղել, որովհետև ես չգիտեի՝ ինչպես ներկայացնել այդ խնդիրները, որ արձագանք ունենան հասարակությանից։ Եվ ամենակարևորը՝ ես չունեի հարթակ, ուր կարող էի իմ ձայնը լսելի դարձնել։ Արդեն երկու տարի է, ինչ միացել եմ ցանցին, և կարելի է ասել, որ անցել եմ այն բոլոր փուլերը, որ անցում է յուրաքանչյուր թղթակից։ Դեռ Վայքում աշակերտ եղած ժամանակ մասնակցեցի դասընթացներին, և այն, ինչ տվեց դասընթացն ինձ՝ անգնահատելի է։ Այդ ժամանակից ի վեր սկսեցի անձնական, համայնքային և գլոբալ խնդիրներին նայել ոչ միայն լրագրողի, այլ նաև այդ խնդիրները լուծողի աչքերով։ Լինելով փախստականի դուստր, ով պատերազմին մասնակցելով անտեսված է կառավարության կողմից, իմ առաջին հոդվածները նվիրեցի նրան։ Երևանից բավականաչափ հեռու գտնվող քաղաքում ապրելը, որտեղ ենթակառուցվածքները թերի են աշխատում, ինձ հնարավորություն էր տալիս գրել հենց այդ երևույթների մասին, բնապահպանական խնդիրներից մինչև արտագաղթ, էկոլոգիայից մինչև առողջապահություն։ Երևի այդտեղից էլ սկսել է իմ կյանքի այս փուլը, որը կոչված է լինել ակտիվ քաղաքացի և զարգացնել քաղաքացիական մտածողություն։

Իմ պատմությունը մեկն է հարյուրավոր թղթակիցների պատմություններից, որոնց իր շուրջն է համախմբում պատանի թղթակիցների ցանցը։ Նրանց նյութերը բազմազան են և տարբեր։ 17.am կայքը, իհարկե, իրավապաշտպան կառույց չէ և հատուկ մարդու իրավունքները և դրանց խախտումները արծարծելու, արձանագրելու նպատակ չի հետապնդում: Բայց երբ թղթակիցները պատմում են մեր երկրի տարբեր ծայրերում բնակվող տարբեր տարիքի մարդկանց մասին, բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում են մարդու իրավունքներին: Մարդակենտրոն պատմություններով պատանի թղթակիցները պատմում են ամենատարբեր պատմություններ՝ ռազմապաստարանում ապրելու դժվարություններից մինչև կրթության ցածր որակ։ Երևի պատահական չէ, որ երկու տարի առաջ ՄԱԿ-ը հենց մեր ցանցի անդամներին առաջարկեց Հայաստանում մարդու իրավունքներին նվիրված դոկումենտալ ֆիլմ նկարել։

Այժմ ես ապրում եւ սովորում եմ Երևանում։ Որոշ ժամանակ կամավորելուց հետո միացել եմ «Մանանա» թիմին և ինքս էլ փորձում եմ իմ ներդրումն ունենալ իրենց առաջին քայլերն անող պատանի թղթակիցների կայացման գործում` հույս ունենալով, որ Հայաստանը մի օր կդառնա այնպիսի մի վայր, ուր յուրաքանչյուր ոք կապրի արժանապատիվ կյանքով։ Վստահ եմ, որ մեր պատանի թղթակիցների ցանցը իր փոքրիկ լուման է ունենալու այդ ապագան կառուցելու գործում»։

Seroj araqelyan

Այ քեզ պատմություն…

Մի քանի օր առաջ գնացել էինք Վրաստան: Երբ իմացա Վրաստան գնալու մասին, առաջինն ուրախացա, որ հաճելի ժամանակ անց կկացնեմ՝ աշխարհ կտեսնեմ ու դրա վերաբերյալ 17-ում նյութ կգրեմ: Որոշել էի նյութի համար ֆոտոներ անել, սկսած անցակետից: Երբ Հայաստանի անցակետը անցանք ու մտանք Վրաստանի անցակետ, այդ ժամանակ հանեցի հեռախոսս և սկսեցի նկարել այն ամենը, ինչ հետաքրքրություն կառաջացներ դիտողին: Անցակետում հերթեր էր գոյացել ու որոշեցի դուրս գալ ֆոտոներ անելու և նկարել` սկսած սարի վրայի գրված Georgia-ից մնչև վրացական առօրյա, բայց արի ու տես, որ ինչը չէի պատկերացրել, եկավ գլուխս: Որ ճիշտն ասեմ, մի քանի անգամ մտա անձնագրի աշխատակիցների սենյակ և դուրս եկա, որպեսզի տեսնեմ` շա՞տ մարդ է մնացել, թե ոչ: Մինչ ես ազատ ելումուտ էի անում, չգիտեմ, թե ինչ կասկածներ եմ առաջացրել: Երբ սկսեցի ֆոտոներ անել, մեկ էլ վրացերեն բարձր ձայներ լսեցի ու աղավաղված ռուսերենով՝ «Выклучи камеру, быстро!»: Որ ճիշտն ասեմ, սիրտս մի պահ կանգնեց էդ գոռոցներից ու այդ ժամանակ, իբր թե միամիտ, հեռախոսս դրեցի գրպանս ու սուսուփուս մտա անցակետային սենյակ: 3 րոպե սպասելուց հետո եկավ իմ հերթը: Վախը սրտումս կանգնած եմ ու աննկարագրելի շտապում եմ, թե երբ են անձնագիրս տալու, որ անցնեմ շուտ գնամ: Հենց կնիքը ուզում էր վերցներ, մեկ էլ ռացիայով հաղորդեցին՝ «В таможне был парень, её был сини джинс и каричнивы каришон, уберите её»: Աշխատակիցը երկար նայեց վրաս ու տեսավ, որ բոլոր ասածները ինձ է համապատասխանում: Այդ ամենը լսելուց հետո մտածեցի` վերջ, Նոր տարին ճաղերի հետևում անց կկացնեմ: Աշխատակիցը բարկացած հայացքով նայեց ու ասաց. «Дай мне телефон». Հասկացա, թե ինչ է կատարվում, չկորցրեցի ինձ՝ հանգիստ հանեցի հեռախոսս ու թաքուն ջնջեցի այն բոլոր անցակետի լուսանկարները՝ թողնելով միայն մեծ տառերով գրված Georgia-ն, կասկածներից ազատվելու համար: Նկարը տեսավ ու հասկացավ, որ միայն գեղեցիկ ֆոտոներ անելու համար եմ նկարել ու ներս թողեց: Այդ երկար սպասված պահին էի սպասում, թե երբ էին անձնագիրս տալու, որ րոպե առաջ գնամ այդտեղից: Անգամ զարմացել էի, թե վախից ինչպես կարողացա այդքան երկար ռուսերեն խոսել:

Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Ես հիմա տանն եմ, ու ամենածիծաղելին այն է, որ ինձ մեղադրում էին լրտեսության մեջ, ու իբր ֆոտոներն էլ նկարելիս եմ եղել իբր պլաններ մշակելու համար, որ առանց անձնագիր անցնեմ սահմանը: Բայց դե արի ու բացատրի, որ այդ ամենը նկարել եմ ընդամենը մի հոդվածի համար:

Չգիտեմ ինչու, բայց որ այս պատմության հետ վրացական նկարներ չունեմ, մի տեսակ անավարտ եմ համարում հոդվածս: Բայց նկարները ստիպողաբար ջնջվել են: Ես այս ամենը ներկայացրեցի ձեզ, որ իմանաք, թե որտեղ և ինչ չի կարելի լուսանկարել:

Զգույշ եղեք, տասնյոթցիներ:

Վերջապես Վեդին էլ սպիտակեց

Ապրելով Արարատի մարզում, ձմռան ամիսներին մի տեսակ նախանձում եմ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի ու այն մարզերի երեխաներին, որտեղ ձյունն ավելի շուտ ու առատ է գալիս, քան մեզ մոտ:

Նոյեմբեր ամսից սկսում եմ ամեն օր հետևել եղանակի տեսությանը, ամեն օր էլ ձյան սպասումով: Արդեն մեկ ամիս է` պարապմունքի գնալուց մտածում եմ. «Երանի տուն գալուց ճանապարհը սպիտակ լինի»:

Երեկ էլ սովորականի պես գնացի պարապմունքի, բայց երբ դուրս եկա, վերջապես մեր Վեդին էլ ծածկվեց ձմռան տաք վերմակով:

Մեծերն ասում են, որ ձյունը չեն սիրում: Երբ փոքր էի, մտածում էի, որ էդպես են ասում, որպեսզի դուրս չգնանք խաղալու, բայց հիմա արդեն հասկանում եմ, որ ձյունն իրոք մեծերին բերում է մի շարք խնդիրներ: Սակայն սիրելի տատիկ-պապիկներ, մայրիկներ ու հայրիկներ մեզ էլ հասկացեք, մենք ձմեռն առանց ձյուն չենք սիրում:

Եվ վերջապես, յուրաքանչյուր եղանակ ունի իր կանոնները. եկեք ձյունն ընդունենք բարով, որպեսզի նա մաքրի ու տանի 2016-ի բոլոր անհաջողությունները, և 2017-ը սկսենք այնքան մաքրությամբ, ինչպիսին է ամբողջ գիշեր տեղացած ձյան սպիտակ շերտը:

Ողջու՜յն ձյուն, ես քեզ շատ էի սպասել:

seda harutynyan-2

Մինչև լույսը կբացվի

Մտքիս եկավ գրել մահվան մասին։ Շատ վատ ու մռայլ թեմա է։ Իսկ դու կարո՞ղ ես ասել, թե ինչ է մահը։ Լա՛վ, անցանք։

Ամեն օր մենք վիճում ենք, սիրահարվում, ատում, հիասթափվում, նոր շունչ առնում, և ամեն օր նոր մտքեր են ծագում հաջորդ օրվա համար։ Նոր պլաններ, նոր համարձակ քայլեր և այլն։ Իսկ դու երբևէ մտածե՞լ ես, որ կարող է առավոտյան չարթնանաս։ Գլուխս ամեն գիշեր լցված է այդ հիմար մտքերով, և նրանով, թե ինչ կլինի, եթե հաջորդ առավոտս չլինի։ Սարսափելի է։

Երբ կռվում եմ մեկի հետ, և այդ մեկը ինձ հարազատ մարդ է, գիշերը՝ քնելուց, մտածում եմ, իսկ եթե վաղը նա չլինի՞, կամ չլինեմ ե՞ս։ Եվ այդ միտքը գլխումս, որոշում եմ մի կողմ դնել հպարտություն կոչվածը, և ներողություն խնդրել հենց գիշերը, հենց այդ պահին։ Եվ կապ չունի` ես եմ մեղավոր եղել, թե դիմացինս, այդ բառը գրելուց կամ ասելուց հետո սիրտս թեթևանում է։
Հաճախ կարծում եմ, որ հաջորդ օրը արթնանալուս հույսերը ավելի մեծ են այն ժամանակ, երբ գիշերը աղոթում եմ։
Կար ժամանակ, երբ Աստծուց միայն պահանջում և խնդրում էի, իսկ հիմա ամեն գիշեր պատուհանի մոտ կանգնած նայում եմ երկնքին, և շուրթերս ինքնաբերաբար արտասանում են․շնորհակալ եմ։
Իսկ ինչի՞ համար եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ արթնացա, տեսա ինձ շրջապատող հիասքանչ աշխարհը, ապրեցի և վայելեցի անգամ այսօրվա սպիտակ թերթիկիս վրայի սև բծերը։

Եկեք պատկերացնենք, որ կա մեկը, որ գրում է մանրամասնորեն մեր այդ օրվա բոլոր մտածածներն ու կատարածները։ Ու մի օր, շա՜տ տարիներ հետո, մեզ են հանձնելու այդ գիրքը։ Եկեք ապրենք այնպես, որ գիրքը կարդալու ընթացքում չամաչենք և չհիասթափվենք ինքներս մեզանից։ Իսկ եթե արդեն ինքներս մեր ձեռքով սևացրել ենք այդ էջերը, ի՞նչ ենք անելու։ Երբ գիրքը դեռ չնթերցած, այդքանը գիտակցում ենք, պետք է ուղղակի վեր կենալ, պատռել այդ գիրքը և սկսել նորից։ Այո՛, պատռել։
Շատերը վախենում են մահից, շատերը մահացածներից, իսկ ես վախենում եմ միայն հոգեվոր մահից։ Ի՞նչ է դա։ Ես չգիտեմ` դա ինչ է, բայց գիտեմ, որ այդ մահվան ժամանակ դու ապրում ես այնտեղ, որտեղ ապրել ես միշտ, միայն շուրջդ ամեն ինչ մութ է ու մռայլ։

Եկեք ապրենք մաքուր, ապրենք ազնիվ, քանի որ մենք չգիտենք` որն է լինելու մեր վերջին օրը։ Ապրենք այնպես, որ երկար, շատ երկար տարիներ մեզ հիշեն ու գովեն։ Եկեք ապրենք` կողմ դնելով հպարտություն, գոռոզություն, եսասիրություն ասվածները։ Եկեք ապրենք զգացումով, որ ապրում ենք վերջին անգամ։

Ինքս էլ ինձ չեմ հասկանում, բայց զգում եմ, որ դուք էլ խորհելու ժամանակ կունենաք և կկազմեք լավ ապրելու ձեր բանաձևը: