Ազատ տարածք խորագրի արխիվներ

Հաղթում ենք միասին

17-ի թղթակիցներ Անի Ավետիսյանը և Արաքս Ահարոնյանը «Մարզերի գիտակ» մրցույթի հաղթողներ

Լուսանկարը՝USAID Armenia-ի

Լուսանկարը՝USAID Armenia-ի

-Ալո, Անի՞: Մենք արդեն ձեր դպրոցի մոտ ենք: Սպասում ենք, արի:

Գիտե՞ք լույսի արագությունն ինչքան է: Այ, այդ արագությամբ էլ ես անցա տնից դպրոց մոտ մեկ կիլոմետր ճանապարհն ու մի քանի վայրկյանից դպրոցի մոտ էի, որտեղ ինձ սպասում էին ԱՄՆ Միջազգային Զարգացման Հայաստանի Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչները:

Հիմա սկսեմ սկզբից:

Օգոստոսի կեսերին համացանցում կարդացի «Մարզերի գիտակ» մրցույթի մասին, ինչպես միշտ, չկարողացա ինձ զսպել ու որոշեցի մասնակցել:

Յուրաքանչյուր օր նրանց կողմից հայտարարվելու էր մեկ մարզ, որի մասին մենք պետք է գրեինք, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչը տվյալ մարզում կգրավի զբոսաշրջիկներին: Եվ այսպես՝ տասը օր ու տասը մարզ: Գործի դնելով աշխարհագրությունից և, առհասարակ, Հայաստանի մասին ունեցածս բոլոր տեղեկությունները, փորձեցի որքան հնարավոր  է անկեղծ, անմիջական ու չկրկնվող տեղեկություններ տալ: Փաստորեն ստացվեց: Ուրախ էի, որ մրցանակս ստանալուց իրենք էլ դա նշեցին:

Երբ այլևս չէին մնացել մարզեր, որոնց մասին չէինք գրել, սկսվեց իմ ամենաչսիրած սպասման շրջանը: Բայց  հանուն արդարության նշեմ, որ այս անգամ այն երկար չտևեց:

Եվ… Հաղթող է ճանաչվում: Չէ, է , հաղթող են ճանաչվում Արաքսն ու Անին: Հա, հա, երկուսս էլ 17-ի թղթակից ենք:

Մի քանի օր անց կազմակերպիչներն արդեն կապվել էին մեզ հետ և որոշել՝ Արաքսին հանդիպում են ԵՊՀ-ում, իսկ ինձ հետ՝ մեր դպրոցում: Դե հա, նորից այն զգացողությունը, երբ քեզ համար գալիս են քո գյուղ, քո դպրոց: Այդ զգացողությունն արդեն ունեցել էի Dasaran կրթական ծրագրի ու Pepsi Armenia-ի շնորհիվ: Բառերով բացատրելը մի քիչ բարդ է:

Արդեն նյութերիցս մեկում նշել եմ, որ  նման մրցույթներում ինձ համար կարևորը ոչ թե հաղթանակն է կամ մրցանակը, այլ գնահատված լինելու զգացողությունը: Այս անգամ այդ զգացողությունը կրկնապատիկ անգամ ուժեղ էր:

Անի Ավետիսյան 17 տարեկան
Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

***

Մրցույթներին մասնակցելը դարձել է սիրելի զբաղմունքներիցս մեկը։ Փորձում եմ հնարավորինս ստեղծագործ լինել և իմ առջև դրված խնդրի համար գտնել ամենահարմար լուծումը, իսկ թե որքանով է դա ստացվում՝ կարելի է հասկանալ միայն մրցույթի ավարտից հետո։

«Մարզերի գիտակ» մրցույթին մասնակցելը, նախ և առաջ, մեծ փորձ էր՝ առավել խորը կերպով ուսումնասիրելու Հայաստանը, մեր մարզերը, ուշադրության և, իհարկե, այցի արժանի մեր բազմաթիվ տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողները, դարերի պատմություն ներկայացնող կառույցները և այլն։ Անշուշտ, այն, ինչ անում է USAID-ին, մեծապես նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և խթան հանդիսանում մեր մշակութային արժեքները աշխարհին ծանոթացնելու գործում։ Սակայն սա նաև օգնում է տեղացիներին՝  հասկանալու, թե որքան մնայուն արժեքներ ունենք, և ցանկություն առաջացնում՝ դրանք տեսնելու։

Հայաստանը այն երկիրն է, որն ունի պատմություն, իսկ պատմություն ունենալ նշանակում է` ունենալ արժեքներ, իսկ արժեքները պետք է պահպանել, գնահատել և փոխանցել պատմության հաջորդ էջերին։

Հայաստանին անդրադարձ կատարելը հեշտ չէ, սակայն հաճելի գործ է։ Հաճելի է խոսել «սեփականի» մասին, հաճելի է խոսել այն ամենի մասին, ինչը արմատներով կապված է քեզ հետ։ Եվ ես փորձում էի հնարավորինս ճշգրիտ և համակողմանի անդրադարձ կատարել ամեն մարզի։ Եթե անկեղծ, հաղթանակը և մրցանակը չէր, որ ինձ «ստիպում» էր անել դա, զուտ՝ ներքին պահանջը։

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը (ԱՄՆ ՄԶԳ) մոտ երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանում ղեկավարում է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ նախաձեռնված և իրականացված ծրագրերի մոտ երկու երրորդը:

Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին նման մրցույթի կազմակերպման համար, իսկ առանձնակի շնորհակալություն նրանց բարեհամբույր աշխատակցին՝ Արմինե Կարաբեկյանին:

Արաքս Ահարոնյան  18 տարեկան
Կոտայքի մարզ, գ. Կոտայք

arman arshak-shahbazyan

Արարատն ամենամոտիկից

Հիմա ասեմ` որտեղ եմ հոդվածս գրում, ծիծաղելի կթվա: Երևան-Վայք երթուղայինի մեջ։ Հա, հա, ճիշտ կարդացիք, կարիք չկա երկրորդ անգամ կարդալու, «տրանսպորտի» մեջ եմ։ Հիմա ասեմ` որն է պատճառը, որ այս անհարմար ճանապարհներին վերցրեցի հեռախոսս ու սկսեցի գրել: Այ, կողքիս պատուհանից դուրս եմ նայում ու տեսնում Արարատը: Գիտեք, չէ՞, այնքան  մոտ է երևում ամեն մի քարակույտը, Մասսյաց վիհը, երանի ֆոտոխցիկս մոտս լիներ: Վարորդին կխնդրեի մեկ րոպե կանգ առներ, նկարեի։ Նայում եմ պատուհանից դուրս ու մտքումս անընդհատ կրկնում «Արարատն ամենամոտիկից»: Հա, դե մեր տունը այն տներից չէ, որի պատուհանից ամեն առավոտ երևում է «Մասիսի լուսապսակ գագաթը», ինչպես ասվում է գովազդներում: Թվում է, թե  վարորդը աջ թեքվի ու գնա ուղիղ, մի քանի րոպեից կհասնենք: Երանի բոլոր վարորդները այս ճանապարհը աջ թեքվեն ու ուղիղ գնան` օդանավակայանի ճանապարհի փոխարեն:

Խմբագրության կողմից. Եկեք իրականացնենք Արմանի չարված  լուսանկարի երազանքը: Ամեն մեկը, ով ամեն օր տեսնում է Արարատը, թող լուսանկարի լեռը և գրի, թե որտեղից է արել լուսանկարը: Կսպասենք:

Երեխաներ

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Երեխաները աշխարհի ամենաբարի, ամենապայծառ ու ամենաժպտերես էակներն են, ու նրանց սիրում են բոլորը: Երեխաները շատ անկեղծ են և  քեզ կասեն այն, ինչ մտածում են: Նրանք ամբողջ ընտանիքի ուրախությունն են. «Վայ, երեխայիս առաջին քայլը, նրա ասած առաջին բառը, նրա կազմած առաջին նախադասությունը»,- ու էդպես շարունակ:

Իմ զրուցակիցը չորսամյա Եվան է:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Եվան սիրում է երգել, պարել, նկարել, վազել, անընդհատ թռվռալ ու թուլություն ունի կենդանիների հանդեպ: Եվան հաճախում է մանկապարտեզ:

-Եվա, ընկերներ ունե՞ս:

-Հա,  ունեմ ՝ Նուշիկը, Լուսինան, Գայանչոն ու Լինան:

-Դու կուզեի՞ր  շուտ մեծանալ:

-Հա, կուզեի, որ մենակ գնայի խանութ, ինչ ուզեի` առնեի, հետո գնայի ռեստորան, ինչ ուզեի` ուտեի, համ էլ շորեր  առնեի ինձ ու ելակով «մառոժնի»:

-Բա որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու:

-Մեծ աղջիկ ու…  մատնահարդար,- դժվարությամբ ասաց Եվան՝ չիմանալավ անգամ, թե  դա ինչ է:

Աշունն ու երազանքները

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Սեպտեմբերն է, բայց զգում ես աշունը իր բոլոր երանգներով: Էս զգացողությունը միշտ ինձ մոտ հոկտեմբերին է լինում, բայց այս տարի ուրիշ է ` շուտ է եկել:

Աշունն ինձ համար երազանքների, դրանց կատարվելու հետ է կապվում: Պատահական չէ, որ հենց աշնանն են երազանքերիցս շատերը կատարվել, մի քանիսն էլ աշնան տերևների հետ գնացել:

Աշունն ինձ համար նաև երջանիկ լինելու ժամանակ է: Ոչ մի եղանակ ինձ այդքան չի ուրախացնում, թեև ասում են` «մելամաղձոտ» ու «տխուր» աշուն:

Աշնան մեջ կա պարզություն, գույներ, հանգստություն, բաներ, որոնք անհնար է չսիրել: Հենց աշնանը կարող ես վայելել այն, ինչ հնարավոր չէ ուրիշ եղանակի: Ուղղակի վերցրու մի բաժակ թեյ, նստիր պատուհանին, նայիր անձրևի կաթիլներին, լսիր քո սիրելի երգերից մեկը ու երազիր, անվերջ երազիր:
Անձրևի հետ գուցե հիշես անցած գնացած օրերը, կարոտես թանկ մարդկանց կամ նրանց հետ անցկացրած պահերը: Ես ինքս էլ այդպես եմ անում ` կարոտում եմ մանկությունս աշնան հետ, ու թե ինչպես էի սպասում աշնան գալուն, որ էլի գնայի այդքան սիրելի դպրոց:

Մեկ օր Ֆրունզի հետ

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Սեպտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցավ փառատոն «Մեկ օր Ֆրունզի հետ» խորագրով՝ նվիրված Ֆրունզիկ Մկրտչյանին: Visit Gyumri տուրիստական նախաձեռնության շրջանակներում «Դիջիթըլ Փոմըգրանեթ (Թվային Նուռ)» ընկերությունը Գյումրիում կազմակերպեց հիանալի ու անմոռաց օր, որին մասնակցելու էին եկել ինչպես Երեւանից մի խումբ երիտասարդներս, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրեր:

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Օրը հագեցած էր: Այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան (ի դեպ, սեպտեմբերի 16-ին թանգարանի բացման 10-րդ տարին էր), քայլարշավ ունեցանք Գյումրիի փողոցներում՝ տեսանք վայրեր, որտեղ նկարահանվել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Տեղի ունեցավ նաեւ «Այցելիր Գյումրի» կայքի եւ «Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի» կայքի շնորհանդեսը: Մենք հնարավորություն ունեցանք դիտելու Հովհաննես Պապիկյանի հեղինակած ֆիլմը՝ նվիրված Ֆրունզիկ Մկրտչյանին:

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Իսկ երիտասարդ արվեստագետներն անակնկալ մատուցեցին՝ Street Art ոճի մեջ ներկայացնելով պատկերներ նույնպես նվիրված Ֆրունզիկին: Մեզ հնարավորություն ընձեռվեց նաեւ լինելու Գյումրու քաղաքապետարանում, որի համար շնորհակալ ենք Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին:

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Ստեղծվել էր ջերմ մթնոլորտ, անմիջական շփում, ու այդ ամենը մեր հոգատար կազմակերպիչների ու պրոֆեսիոնալ էքսկուրսավարի շնորհիվ: Իսկ նրանց բարբառը, ինչն էլ ինձ ամենաշատը դուր եկավ, վեր էր ամեն ինչից:

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Ունենալով աննկարագրելի օր, մոռացել էինք ժամանակի մասին եւ քիչ էր մնում ուշանայինք գնացքից: Բայց, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, հասցրինք գնացքի մեկնմանը՝ մեզ հետ տանելով անմոռաց ապրումներ եւ մեզ համար նոր բացահայտումներով Գյումրու մասին հիշողություններ:

Մենք դեռ հետ կգանք, ԳՅՈՒՄՐԻ՜…

Ինչպես են նշել Անկախության օրը Հայաստանի տարբեր մարզերում

elyanora balyan

Գրքին ոչինչ չի փոխարինի

Այո սա 21-րդ դարն է տեխնիկայի ու զարգացման ժամանակաշրջան: Շատերի համար գիրք կարդալը դարձել է հնաոճ: Երբ հարցնում ես. «Ի ՞նչ գիրք ես սիրում», «Սիրո՞ւմ ես կարդալ», այդ հարցերին մեծ մասամբ տրվում է նմանատիպ կարճ ու սուր պատասխան. «Էս ո՞ր դարն ա, որ գիրք կարդամ»: Եվ այդտեղ ես ընկնում եմ երկմտանքի մեջ: Ի՞նչ կապ ունի դարը գիրք կարդալու հետ: Դարը հո չի՞ վերցնում ձեռքից գիրքն ու ասում` մի կարդա, և ձեռքը տալիս պլանշետը, համակարգիչը, հեռախոսը, որ ապրի վիրտուալ կյանքով: Նա, ով ցանկանում է կարդալ, կարող է այդ նույն պլանշետով, հեռախոսով կամ համակարգչով կարդալ: Իհարկե, այն չի կարող փոխարինել գրքին, բայց գոնե միտքը քաղցած չի մնա :

Մի պատճառաբանեք դարն և նրա զարգացումը: Ինչքան էլ այն զարգանա, գիրքը երբեք չի հնանա, որովհետև այդ նույն գրքի շնորհիվ է զարգանում դարը:

seda harutynyan-2

Երազանքները իրականանում են

Դու։ Հա՛, հա՛, հենց դու։ Իսկ դու հիշու՞մ ես, փոքր տարիքում ինչ երազանքներ ես ունեցել։ Ի՞նչ երազանք ես պահել տորթիդ մոմերը փչելուց ու երբ երկնքից ընկնող աստղ ես տեսել, ո՞ր երազանքդ է միտքդ եկել առաջինը։ Իսկ ես հիշում եմ։ Ու գիտե՞ս, իմ երազանքը, որն իմ կարծիքով երազանք էլ մնալու էր, իրականացավ: Իսկ հիմա ուշադիր կարդա ու հավատա երազանքիդ կատարմանը, քանի որ ինձ ընկնող աստղերն են հիշել ու իրականացրել այն։

Երևի 8-9 տարեկան էի, երբ հեռուստացույցով անընդհատ տեսնում էի, թե ինչպես են տարբեր երկրներում պարգևատրում երկար մազեր կամ բարձր հասակ ունեցող մարդկանց, իսկ ինձ համար երազանք էր դարձել այն, որ իմ մազերը ամբողջ աշխարհում լինեն ամենաերկարը, և դրա շնորհիվ հանդիպեմ մեր նախագահին, և նա սեղմի իմ ձեռքը։  Զուտ մանկական երազանք, որի կատարմանը ոչ ես՛, և ոչ էլ ուրիշ ինչ որ մեկը կհավատար։ Հիշում եմ, որ ամեն ընկնող աստղ տեսնելուց պահում էի այդ երազանքը, ու անգամ երազներ էի տեսնում, թե ինչպես էի հպարտորեն սեղմում նախագահի ձեռքը։

Անցել են տարիներ, հիմա երազանքները ավելի շատ նպատակներ են դարձել ու ավելի լուրջ են, քան փոքր տարիքում։

2016թ-ի օգոստոսի 29-ն էր։ Կանգնած էի կանգառում և սպասում էի, թե երբ է գալու Աբովյան մեկնող երթուղայինը, երբ հեռախոսիս զանգ եկավ ՝ մայրիկս էր։ Վերցրի ու սովորականի պես սպասում էի, որ նա կհարցներ, թե  որտեղ եմ  և երբ եմ հասնելու, բայց փոխարենը լսեցի․

-Սեդ ջան, նոր դպրոցի փոխտնօրեն ընկեր Գևորգյանն էր զանգել ու ասաց, որ «Այբ» կրթական հիմնադրամից են զանգել և համարս են հարցրել: Դուրս է գալիս, իմ աղջիկ, որ օգոստոսի 31-ին պետք է գնաս նախագահի նստավայր` նախագահին հանդիպելու, որպեսզի հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստանան  իրենց պարգևները։

Ու այդ պահին սիրտս սկսեց էնպես արագ խփել, որ չնայած կողքիս աղմուկին, լսում էի էդ դմփդմփոցը։

-Մամ, ի՞նչ ես խոսում, դե երդվի։

-Սեդուլ ջան, լուրջ եմ ասում: Ախր, հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթել ես, չէ՞: Պիտի պարգևատրվես: Ինչի՞ չես հավատում։

-Լավ, լավ, մամ, կզանգեմ հետո,- ասացի ու անջատեցի հեռախոսը։

Ու շատ բարձր ուրախությունից էնպես ճչացի, որ ընթացող մեքենաների միջից մարդիկ զարմացած ինձ էին նայում, թե էս ինչ եղավ ես աղջկան։ Աչքերս լցվել էին։

Այդ երկու օրը անցավ անասելի արագ։ Մայրիկիս ուղեկցությամբ գնացինք «Այբ» կրթական հիմնադրամի կենտրոն։ Հատուկ ծրագրով «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրները՝ հաղթողներն և յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներս, այցելեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածին՝ ստացանք օրհնություն, եղանք թանգարանում, ապա մեզ՝  երեխաներիս, հյուրընկալեց ՀՀ նախագահը իր նստավայրում։ Նախագահական նստավայրի դահլիճում նստած էի երկրորդ շարքում, որ լավ տեսնեմ ու ավելի լավ վայելեմ ամեն մի վայրկյանը։ Դիմացս նստած էին պաշտոնյաներ, որոնցից մեկը թեքվեց ու սկսեց հետս զրուցել, ու մինչև վերջին վայրկյանը չիմացա, որ զրուցում էի պարոն Մկրտչյանի՝ մեր նոր կրթության և գիտության նախարարի հետ։ Չնայած նրան, որ ինձ հարցրեց` ճանաչո՞ւմ եմ իրեն, թե ոչ՞, ես էլ անջատված պատասխանեցի` ոչ, մեկ է, վերջում հիշեցի, որ ինքը մեր նոր նախարարն է, ու հնչեց ինձ բնորոշ չմտածված նախադասությունը․

-Հա ՜, չլինի՞ դուք կրթության և գիտության նախարարն եք։

-Հա՜, չլինի ես կրթության և գիտության նախարարն եմ,- ծիծաղելով պատասխանեց նախարարը։

Ու թե ինչ ամոթ ապրեցի ես այդ պահին, իմացա մենակ ես։  Ի դեպ, շատ բարի ու ժպտերես նախարար ունենք։

Հետո եկավ պարոն Սարգսյանը, նստեց և սկսեց իր խոսքը: Թե ինչ էր խոսում, չեմ հիշում, հիշում եմ միայն այն, թե ինչպես էին դողում ձեռքերս, ու ոնց էր խփում սիրտս։ Սկսեցին կարդալ հաղթողների անունները, ու հնչեց իմ անունը, վեր կացա և մոտեցա պարոն Սարգսյանին  և պարոն Մկրտչյանին։ Դա մի պստլիկ տարածք էր, մի  քանի քայլ, ու ես հայտնվում եմ նախագահի կողքին։ Մոտեցա, սեղմեցի երկուսի ձեռքը, վերցրի հավաստագիրը ու լսեցի նախագահի ձայնը․

-Ապրես, իմ աղջիկ։

Դրանից հետո մի հանգստության, մի երջանկություն պատեց իմ հոգին, ու ես ինձ ասացի․ «Ապրես դու»։

Անցավ մի քանի օր։ Մեր համակարգչի  մոնիտորի էկրանին դրված է իմ լուսանկարը նախագահի ու նախարարի հետ։ Նայեցի լուսանկարին, տեսա երկար մազերս ու մի պահ սառեցի: Հիշեցի էն շատ՜ տարիներ առաջ պահած երազանքիս մասին, որ դարձել էր երազ։ Եվ հուզվեցի, շնորհակալություն հայտնեցի Աստծուն ու մի հետևություն արեցի, որ անկեղծ սրտով պահված բոլոր երազանքները իրականանում են, ու կապ չունի` տասը, տասնհինգ, թե քսան տարի հետո, կարևորը, իրականանում են, գուցե մի քիչ այլ կերպ, ու այլ պայմաններում։

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Անկախության հետքերով

Երեւի ապրած ամեն օրվա վերջում պետք է մի հայացք նետել հետադարձ ուղղությամբ՝ հասկանալու, թե ինչ հասցրինք կամ ինչը մոռացանք, թե ինչ գտանք կամ ինչը կորցրինք: Այ, քսանհինգ տարի առաջ գտած անկախության հետքերով այսօր Հանրապետության հրապարակում էինք: Լուսանկարում էինք, հարցազրույցներ վերցնում, զրուցում թե՛ խորհրդայինն ապրած մեծահասակների, թե՛ անկախությունը կրող երիտասարդների հետ:

-Զորահանդե՞ս… Իսկական զորահանդեսը մեր ժամանակ էր: Մեր ժամանակ ամեն ինչն էլ ուրիշ էր:

Մենք ձեր պատմած «մեր ժամանակում» չենք եղել երբեւէ, բայց փոխարենն ապրել ենք մի շրջան, որի մասին այսօր շշուկով ենք խոսում.

-Ես մի ամիս առաջ եմ զորացրվել, ես Ապրիլյան պատերազմին եմ մասնակցել,- մեր հարցին, թե ներկա գտնվե՞լ են երբեւէ քաղաքացիական ցույցերի, պատասխանում է երիտասարդներից մեկը: Պատասխանում է ու փախցնում հայացքը՝ դեմքին ինչ-որ հաշտված տխրություն ընդգծելով:

-Ասա՛,- հուշում է ընկերը:

-Ի՞նչ ասեմ,- եւ լռում է:

Լռում ենք մենք էլ՝ այդպես էլ չիմանալով, թե ինչի մասին պիտի ասվեր:

-Մենք կլինենք անկախ, քանի դեռ կլինի մեր բանակը:

Թերեւս այսքանը: