Ազատ տարածք խորագրի արխիվներ

taguhi asatryan-2

Փոխհամաձայնություն

Ես օծանելիք շատ եմ սիրում: Այնքան շատ էի ցանում, որ տանից իմ օծանելիքի հոտն էր գալիս: Տատս հաճախ ասում էր. «Այ բալա ջան, էդ անտերը թոքերս է լցվել ու խեղդում է, մի քիչ քիչ փչի»:

Թվում էր, թե չկա այլ հոտ, որ կգերազանցի օծանելիքիս հոտին, բայց պարզվեց, որ իմ օծանելիքի հոտը ոչինչ է ծխախոտի ծխի համեմատ: Ատում եմ այդ հոտը: Հայրս այնքան շատ էր ծխում, որ հաճախ զարմանում էի:

Հայրս էլ իր հերթին ատում էր եղունգների լաքի հոտը: Որոշեցի մի քանի գլանակ ներկել եղունգների լաքով: Ներկեցի 3-4 գլանակ ու դրեցի տուփի մեջ: Երկար ժամանակ գլանակները մնացել էին տուփի մեջ, ու եղունգների լաքի հոտը տարածվել էր ամբողջ տուփով մեկ: Մի խոսքով, կարելի էր ասել, որ թե՜ ներկված և թե՜ չներկված գլանակները բուրում էին նույն ուժգնությամբ: Հայրս առավոտյան բացեց ծխախոտի տուփը, ու զգալով եղունգների լաքի հոտը, պարզապես տուփը դեն նետեց: Հաջորդ օրը մի քիչ շատ ներկեցի: Այս տուփն էլ արժանացավ նախորդի բախտին: Մյուս օրն ավելի շատացրի: Հայրս բարկացավ, ասաց, որ այդ հոտը ուղղակի անտանելի է, ու հարցրեց, թե ինչո՞ւ եմ այդպես վարվում:

Զգալով հորս զայրույթը սկսեցի ժպտալ ու ասացի.

-Պապ, տեսնում ե՞ս. դու ու ես գտնվում ենք նույն իրավիճակում: Դու տանել չես կարողանում եղունգի լաքի հոտը, իսկ ես` ծխախոտի հոտը:

Հայրս ժպտաց: Ես գոհ էի: Ես և նա հասկացանք իրար: Հիմա հայրս շատ քիչ է ծխում ու մեզնից հեռու, իսկ ես եղունգի լաքն օգտագործում եմ այն ժամանակ, երբ հայրս տանը չի լինում:

araqs aharonyan kotayk

Ես Արաքսն եմ

Միշտ նախընտրել եմ  չխոսել իմ մասին, բայց այսօր կփորձեմ հնարավորին չափ ներկայացնել ինձ: Ես եմ: Ծնվել եմ 1998 թվականի մարտի 12-ին: Մանկությունս, պատանեկությունս, մի խոսքով, ողջ կյանքս անց եմ կացրել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Միջնակարգ կրթություն ստացել եմ տեղի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում: Ինչ խոսք, դպրոցական տարիները եղել են ու միշտ կմնան կյանքիս անփոխարինելի տարիները: Որքա~ն արագ անցան…

2014-2015թ.թ., վերջին ուսումնական տարի, վերջին, բայց նոր սկիզբ ազդարարող: Աննկարագրելի զբաղվածություն, դանդաղ քայլերով դեպի նպատակի իրագործում. ընդունելություն: Եվ ո՞վ եմ ես մասնագիտությամբ: Մասնագիտության ընտրության հարցում բավականին դժվարացա, քանի որ շատ ուշ սկսեցի առավել լրջորեն մտածել այդ մասին: Ի վերջո, երկար պրպտելուց հետո ընտրեցի թարգմանչի մասնագիտությունը: Ինչո՞ւ: Եթե անկեղծ, սկզբում այդքան էլ չէի գիտակցում` ինչ է «թարգմանիչ» ասվածը: Մի բան հաստատ գիտեի. սիրում եմ անգլերենը, իսկ այդ դեպքում, ինչո՞ւ ոչ այնպիսի մասնագիտություն, որը կապված կլինի անգլերենի հետ: Բայց հետո միայն հասկացա, որ լեզու սովորելը, լեզու իմանալը այլ բան է, իսկ թարգմանչի մասնագիտությամբ տվյալ լեզվին տիրապետելը` լիովին այլ: Իհարկե, երբ սովորում ես լեզու` օտար լեզու, զուտ հաղորդակցության համար, կարող ես չտիրապետել լեզվի այս կամ այն նրբություններին, չիմանալ բոլոր բառերի իմաստներն ու հոմանիշային շարքը, բայց երբ այն սիրողական, զուտ հաղորդակցային հարթակից տեղափոխվում է մասնագիտական` ավելի լուրջ բնագավառ, դու, որպես թարգմանիչ, որպես միջնորդ երկու լեզուների միջև, պարզապես իրավունք չունես դրան մատների արանքով նայելու: Որքան խոսեմ մասնագիտությանս մասին, կարծում եմ, էլի շատ բաներ բաց կթողնեմ. ծավալուն թեմա է, ինձ համար շատ կարևոր:  Գուցե մի օր հատուկ անդրադարձ կատարեմ թարգմանչի մասնագիտությանը, ով գիտե:

Այսքան խոսեցի, բայց չասացի` որտեղ եմ սովորում: Սովորում եմ Երևանի պետական համալսարանում, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական գործ` անգլերեն և հայերեն լեզուներ բաժնում, արդեն երկրորդ կուրսում: Մայր բուհում սովորելը կարևոր ձեռքբերումներիցս մեկն է, իսկ ընտրածս ուղու մեջ իսկապես մասնագիտանալը` իմ պարտականությունը:

Բնավորությանս մասին խոսելուց մշտապես խուսափում եմ: Չեմ սիրում ինձ, այսպես ասած, որակավորել:

Երևի խոսեմ նախասիրություններիս մասին: Առանց մի պահ անգամ երկմտելու, պետք է նշեմ, որ շատ եմ սիրում կարդալ: Ընթերցանությունը մի այլ աշխարհ է ինձ համար, իսկ գրքերը, թերևս, առօրյայիս կարևոր պայմանը: Միշտ որևէ գիրք կա ձեռքիս տակ, ազատ ժամանակս գրքերինն է: Լրիվ այլ է կապը գրքերի հետ: Երևի առանձնացնեմ մեկը սիրելիներից. Օսկար Ուայլդ, «Դորիան Գրեյի դիմանկարը»:

Թերևս այսքանը:

narek babayan

Գրպանի հրեշների դարաշրջանը

Այս ամառ էր։ Դե, քանի որ հիմա արձակուրդներ են, հիշածս առավելագույն կոնկրետ ամսաթիվը՝ հուլիս։ Հազարմեկերորդ անգամ կրկնեմ, ասելով, որ էլի նստած էի համակարգչիս առաջ։ Այս նախադասությունն իմ նյութերում ամենահաճախն է կրկնվում, բայց դե հիմա դա է, ինչ արած։

YouTube-ում «ֆռֆռալով» հանդիպեցի մի վիդեոյի՝ «բռնում ենք պոկեմոններին» անվանումով։ Պոկեմո՞ն։ Վերջին անգամ այդ բառին հանդիպել էի 2008-ին` Դենդի համակարգչով խաղալուց։ Էդ էն կենդանանման արարածները չէի՞ն, որ կարմիր ու սպիտակ գնդերից էին դուրս գալիս ու մենամարտում իրար դեմ։ Հա էլի։ Միանգամից աչքիս առաջ եկան դեղին, էլեկտրավտանգ պոկեմոնը՝ Պիկաչուն, ու այն տարօրինակ անունով տղան ՝ Էշ Քեթչումը։ Բա այն երեք պոկեմոննե՞րը՝ Բուլբազավրը, Չարմանդերն ու Սքուիրթլը, որոնցից մեկին ամեն սկսնակ մարզիչ, ով վարժեցնում էր պոկեմոնների, ստանում էր որպես առաջին պոկեմոն։ Ու եթե մինչ այդ վիդեոն նայելը ես «պոկեմոն» ասելով պատկերացնում էի ինչ-որ հին խաղեր ու մուլտֆիլմեր, ապա դրանից հետո կարծիքս 180 աստիճան փոխվեց։

Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենապոպուլյար խաղերից մեկը, որը միլիոնավոր մարդիկ են խաղում, անգամ հենց այս պահին՝ Pokemon Go: Վիրտուալաիրականախառը մի երևույթ, որի ժամանակ մարդ իր շուրջը չի նկատում ոչինչ, բացի իրենից, իր հեռա… Մի րոպե, ճամբարում նոր բառ եմ սովորել։ Խելախոսից` սմարթֆոնից ու հենց այդ պոկեմոններից, որոնք կարծես կան, բայց միաժամանակ չկան։ Տարօրինակի տեղ չդնեք, հիմա բացատրեմ։

Այդ խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը, որին խաղում պոկեմոնների մարզիչ են անվանում, պետք է ուղղակի քայլելով իր քաղաքով հետեւելով քարտեզին, հավաքի հենց այդ պոկեմոններին (անգլերեն pokemon, որը նշանակում է pocket monster – գրպանի հրեշ), որոնք հայտնվում են հենց իր դիմաց` մայթին, ճանապարհի մեջտեղում կամ հենց լճի մեջ։ Ասածս ուղիղ իմաստով չընդունեք, նրանք երևում են միայն հեռախոսի մեջ։ Այսպես ամեն մարզիչ պետք է հավաքի այդ գրպանային հրեշների մեծ բանակ, զարգացնի այն, ու գլուխ գովի իր ընկերների մոտ։ Առաջին հայացքից հիմարություն։ Երկրորդից էլ։ Բայց հենց մի երկու պոկեմոն եք բռնում, հասկանում եք, որ դա նույնն է, ինչ ձկնորսը մեծ ձուկ բռնի, կամ տաքսիստը` զբոսաշրջիկ։ Այդ գերագույն հաճույքը երկու շաբաթվա ընթացքում պայթեցրեց ողջ ինտերնետը։ Բոլոր վիդեոբլոգերները իրենց պարտքն էին համարում վիդեո նկարել այդ խաղի մասին, սոց․ կայքերում, ֆորումներում, համացանցի բոլոր անկյուններում այդ խաղի մասին էին խոսում։ Նույնիսկ հանդիպել եմ մի նյութի, որտեղ մի տղա մեկ այլ խաղացողի էր հրավիրում իր թաղամաս, որ իրենց պոկեմոններին կռվացնեն։ Զարգացած երկրներում անգամ խիստ արգելքներ են դրվել, ըստ որոնց, որոշ հասարակական վայրերում չի կարելի պոկեմոն փնտրել։ Դրա համար մարդ կարող է արժանանալ մինչև 3 տարվա ազատազրկման։ Ասեմ, որ թեեւ խաղը պաշտոնապես դեռ հասանելի չէ Հայաստանում, դա մեզ չխանգարեց միանալ պոկեմոնյան ալիքին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ապօրինի ճանապարհով ներբեռնել են խաղը եւ պոկեմոն են բռնում Հայաստանով մեկ։

Հարգելի ընթերցող, եթե դու մտածեցիր, որ սա կատարյալ հիմարություն է, ծանոթացնեմ քեզ մի հիմարի հետ՝ իմ։  Հա, ես նույնպես խաղում եմ այդ խաղը, բայց ցավոք, մեր գյուղում՝ Մալիշկայում, քարտեզի վրա միայն ճանապարհներ են, ոչ պոկեմոն կա, ոչ էլ ուրիշ բոնուսներ։ Խաղում եմ միայն, երբ Երևանում եմ լինում։ Այսպես ասած՝ առիթից առիթ։ Գիտեմ, որ իմ պես էլի խաղացողներ կան, որոնք ապրում են գյուղերում։ Փոխանցում եմ նրանց իմ ցավակցական ողջույնները, նրանք իմ եղբայրներն են անհաջողության հարցում։ Բայց դա էլ իր լավ կողմն ունի՝ զոմբի չենք դառնում։

Հ․Գ․Նրանց համար, ովքեր ուզում են սկսել խաղալ։ Երևի հասկացաք. որ պիտի ձեր գեոդիրքը միացրած խաղաք, հետևաբար էդ անտեր խաղը ահավոր շատ մարտկոցի լիցք ու համացանցային բայթեր է խլում։ Գնացեք ու վերցրեք ձեր օպերատորի ամենալավ փաթեթն ու խաղալու ժամանակ մոտներդ մի 5-6 հատ «power bank» կոչեցյալից ունեցեք, հաստատ պետք կգա։

lusine atanesyan-2

Սիրվարդ տատիկը

Հանձնարարություն ունեինք. պետք է հարցազրույց անցկացնեինք որևէ մեկի հետ: Նստել մտածում եմ, բայց ում հետ, ու որոշեցի գնալ գյուղամեջ և առաջին պատահած մարդու հետ զրուցել: Բարձրացա ու տեսա, որ մեր հարևան Սիրվարդ տատին դրսում նստած է,  մոտեցա ու ասացի.

-Բարև Սիրվարդ տատի, ո՞նց ես:

-Լավ, Լուսո ջան, տո՞ւ ոնց ես:

-Ես էլ եմ լավ, Սիրվարդ տատի: Բա ի՞նչ կա, պարա՞պ ես. հետդ գործ ունեմ, եթե իհարկե, չեմ խանգարի:

-Պարապին` պարապ եմ, էդ ի՞նչ գործ ա, որ:

-Սիրվարդ տատի, հանձնարարություն ա:

-Բա արի` նստի ու ըսկսի, ինչ հարց տաս` սիրով կպատասխանեմ:

-Լավ, դե սկսենք,- ասում եմ ես ու տալիս առաջին հարցը:

-Սկսենք ամենասկզբից. ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել:

-Ես ծնվեր եմ Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում 1946 թվականի հուլիսի 18-ին: Ծնվել և ապրել եմ Անգեղակոթում:

-Սիրվարդ տատի, հաջորդ հարցը վերաբերում է Ձեր ընտանիքին: Քանի՞ հոգի եք եղել ընտանիքում, քանի՞ քույր և քանի եղբայր:

-Մենք ելեր ենք 7 էրեխա` 4 քուր և 3 ախպեր: Իմ մամայի 7 էրեխեքն էլ ամուսնացած, ընտանիքի տեր են:

Այստեղ մեզ է մոտենում Սիրվարդ տատիկի հարսը և ասում.

-Այ կնիկ, մի քիչ գրական խոսա, էլի:

-Ես ոնց ուզում եմ` ըտենց էլ խոսըմ եմ, տու կործ անելու կնա:

Հետո մենք շարունակում ենք մեր զրույցը:

-Որտե՞ղ եք սովորել:

-Ես սորվեր եմ մեր կեղի շկոլում մինչև 10–րդ դասարան:

-Իսկ ավարտելուց հետո ինչո՞վ եք զբաղվել:

-Ավարտելուց հետո պսակվեր եմ, ունեցեր եմ էրեխեք, թոռներ, ծոռներ:

-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:

-Մենք դպրոցից արդեն ծանոթ էինք:

-Ամուսնանալուց հետո ինչո՞վ եք զբաղվել:

-Աշխատեր եմ կոլխոզում:

-Սիրվարդ տատի, քանի՞ երեխա եք ունեցել:

-Ունեցել եմ 6 էրեխա, հետո` 16  թոռ, հետո էլ` 10 ծոռ:

-Իսկ ուրիշ ավելացնելու բան ունե՞ք:

-Չէ, բալես, չունեմ:

-Լավ, շնորհակալություն, որ ինձ ժամանակ տրամադրեցիք ու օգնեցիք, անչափ  շնորհակալ եմ:

-Քեզնից էլ եմ շատ գոհ ու շնորհակալ, տու էլ աբրես, Լուսո ջան, հաջող:

Ավելացնեմ, որ Սիրվարդ տատին մեր թաղի ամենաուրախ և ամենաաշխույժ տատիկն է:

Ani Ghambaryan

Նորից գրքեր

Սովորաբար, «Սիրո՞ւմ ես գիրք կարդալ» հարցին մենք պատասխանում ենք` ո′չ, պատճառաբանելով, որ դա ուղղակի պարտականություն է մեզ համար, այն էլ՝ ձանձրալի:

Բայց ես կարծում եմ, որ բոլոր դպրոցականներին էլ հետաքրքրում է, թե ինչո՞ւ է  անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալը:

Նախ, այն օգտակար է: Զարգացնում է մտածողությունը:  Սա կարդալու ամենակարևոր առանձնահատկություններից է: Կարդալիս մենք շատ ենք մտածում՝ փորձելով հասկանալ իրավիճակը: Դա էլ իր հերթին, թուլացնում է լարվածությունը: Հիշեք, թե օրվա ընթացքում որքան առիթներ ենք ունենում լարվելու, և  կարդալը դրանից ազատվելու հրաշալի տարբերակ է, հատկապես, երբ բարձրաձայն ես կարդում: Զարգացնում է բառապաշարը: Գրքերում մենք հանդիպում ենք  ծանոթ ու անծանոթ բառերի, որոնք, ուզենք, թե չուզենք, դառնում են մեր բառապաշարի անբաժան մասնիկը, և առօրյա խոսքում սկսում ենք օգտագործել դրանք:

Ի վերջո, շատ կարդալու շնորհիվ  մենք դառնում  ենք  ավելի բանիմաց, խելացի և տեղեկացված:

Ուսուցիչները` այդ ամենն իմանալով, մեզ ամառային արձակուրդներին հանձնարարում են բազմաթիվ գրքեր կարդալ: Իսկ մենք`երեխաներս, մտածում ենք, որ ամառն ու արձակուրդը մի լավ հանգստանալու համար են:

Ես, օրինակ, փորձում եմ հաճելին համատեղել օգտակարի հետ: Երկուսը` միաժամանակ:

Այս ամռան առաջին ամսվա ընթացքում, հանձնեցի ինձ համար շատ «սարսափելի» քննությունները: Սկզբում շատ էի վախենում, ամեն օր կարդում էի, կրկնում անցածս: Մտածում էի,  թե մի բան կմոռանամ: Հետո հասկացա, որ քննություններն այդքան էլ վախենալու չեն ու բոլորից էլ բարձր ստացա`19 և 20: Արդեն ավարտին էր մոտենում հունիսը, ու ես դեռ ոչ մի գիրք չէի կարդացել: Երբ որոշեցի սկսել, բացեցի դարակս, հազիվ գտա նոթատետրը, որի մեջ գրել էի գրքերի ցանկը` զարմացա: Ինչպես եմ հասցնելու կարդալ այս գրքերի շարանը: 5 հեղինակ ու տարբեր ստեղծագործություններ: Այնուամենայնիվ, որոշեցի սկսել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպից: Եթե անկեղծ, կարդացի ու  շատ հավանեցի: Հետո սկսեցի կարդալ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը: Հետո որոշեցի մի քանի օր հանգստանալ ու շարունակել: Օրերս էլ ընկերուհիս ասաց, որ կարդացել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը և շատ է հավանել: Որոշեցի ինքս էլ կարդալ , ու ինձ էլ դուր եկավ: Թեև, դեռ չեմ ավարտել: Ինձ թվում է, որ մինչև սեպտեմբեր, կհասցնեմ ավարտել հանձնարարությունս…

Մեծացա ու հասկացա

Երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի ամեն առավոտ հայրիկիս հետ «Ինչուիկ» գնում, հենց մեքենան հասնում էր մի խաչմերուկի, իմ գլխում մի հարց էր ծագում. ո՞ւր է տանում այս երկրորդ ճանապարհը։

Ու առանց բացառության ամեն անգամ հարցնում էի․

-Ո՞ւր է տանում այս ճանապարհը:

Հայրիկիս պատասխանն էր․

-Մի օր կգնանք:

Ու այդ հույսով ամեն օր անցնում էինք այդ ճանապարհով ու հենց մոտենում էինք այդ խաչմերուկին սիրտս բաբախում էր, և թվում էր, թե այս անգամ հայրիկը կփոխի ճանապարհը, և մենք կգնանք այդ անհայտ ճանապարհով։

Ու մինչ օրս շատ եմ անցնում հենց այդ երկրորդ ճանապարհի կողքով, բայց մեկ է, ինձ համար հանելուկ է` ուր է տանում այդ փողոցը։

Տարիներ անց ես հասկացա, որ այդ «անհայտ» ճանապարհը իմ կյանքի ճանապարհն է, և ես այն պետք է անցնեմ ինքնուրույն…

Mane Minasyan

Ամենակարևոր մարդը

Տանը մտածում են, որ սառն ու անտարբեր եմ, բայց եթե անկեղծ, ես էդպիսին չեմ:

Երբ տեսնում եմ, որ շրջապատում աղջիկներն իրենց մայրիկներին դիմում են` մամ ջան, մամաս, արևս ու նմանատիպ բառերով, ինձ համար մի տեսակ անսովոր է, որովհետև ես բացի «մամ»-ից ուրիշ դիմելաձև չունեմ:

Ուզում եմ մի դեպք պատմել, որը վերջերս է տեղի ունեցել…  Ճամբարից երբ վերադարձա, մամային ուղղակի բարևեցի, անգամ չմոտեցա:  Ճիշտ եմ ասում, ես դա մտածված չեմ արել, դա իմ բնավորությունն է:

Բայց այսօր նյութս ուզում եմ նվիրել մամայիս, ու դրա միջոցով «սեր խոստովանել»:

Մամ ջան, իրականում ես քեզ շատ, բոլորից շատ եմ սիրում:

Ճիշտ է, քեզ ամեն օր, ավելի ճիշտ, ամեն ժամ նյարդայնացնում եմ, բայց ես քեզ այդպես եմ սիրում:

Գիտեմ, երբ կարդաս, ժպտալու ես, որովհետև երևի ամենակարևոր բաներն ասելու ժամանակը հենց հիմա է:

Մարդն ընդհանրապես երևի իր տեսակով եսասեր է, ու մենք՝ ամեն մեկս ինչ-որ մեկին, սիրում ենք ինչ-որ բանի համար. Օրինակ, ընկերներին՝ վստահության, ուսուցչուհուն՝ սովորեցնելու, մարդկանց՝ լավ հատկանիշների և այլն:

Իսկ մայրը իր երեխային սիրում է ոչ մի բանի համար, սիրում է ուղղակի, պարզապես որ նա կա:

Ամենակարևոր մարդը նա է, ում մենք մայր ենք անվանում:

emma tovmasyan

Կուզեի՞ր թռչել իմանալ…

Չհասցրի գրկեմ փոքրիկ Էլենին, երբ բարևից հետո եղավ նրա այս հարցը: Մի պահ զարմացա, հետո ուրախացա նրա հետաքրքիր մտքերից, ու քանի որ ես էլ շատ կուզեի, պատասխանեցի.

-Հա, բա ոնց չէի ուզենա,- ու ամուր գրկեցի Էլենին:
Ե՞ս եմ դեռ շատ փոքր, թե՞ նա է բավականին մեծացել, կամ գուցե երկուսիս աշխարհներն էլ բախվում են միևնույն տեղում` նրա 6-ամյա աշխարհն ու իմ 21-ամյան:
Հետաքրքիր է, չէ՞, թռչել անսահմանության վրայով ու չհասնել հորիզոնին, այն հորիզոնին, որը թվում է` վերջանում է պատուհանիցս երևացող սարի ու երկնքի հատումից: Այն հորիզոնի, որը այդպես էլ կմնա առեղծված:
Երբ ես հարցրի նրան, պատասխանեց.
-Կուզեի թիթեռ լինել:
(Էլենը կլիներ անչափ գեղեցիկ, կանաչ աչքերով, թմբլիկ թիթեռ):
Գուցե ճիշտ է այն խոսքը, որը կարդացել եմ. «Մարդու ամենամեծ երջանկությունը թռչելն է»: Եթե երջանկություն է, պատկերացնո՞ւմ եք` ի~նչ երջանիկ են թռչունները: Անսահման երջանիկ են: Նրանք կրկնակի երջանիկ են. գիտեն և թռչել, և քայլել:
Ես ու Էլենն էլ չենք կարող թռչել, բայց հո՞ մեր հոգին ու միտքն էլ կարող են հասնել անծայրածիր հեռուները ու թռչե~լ… թռչե~լ…