Ազատ տարածք խորագրի արխիվներ

hovhanes

Հավատա ինքդ քեզ

Չգիտեմ` լա՞մ, թե՞ ծիծաղեմ։

Մեկ-մեկ ամաչում եմ, որ հայ եմ։ Մեկ-մեկ ափսոսում եմ էն ամբողջ ջանքն ու նեղսրտությունը, որ զգում եմ, մեկ-մեկ ուզում եմ փախնել ամեն ինչից. չլինել, չմտածել, չխոսել ու այլևս չքննարկել, մեր երկրում տիրող քաոսից փախնել։ «Ծիծաղելի է» չէ՞, երևի։

Ժամանակին ինձ չէի պատկերացնում առանց Հայաստանի, առանց Հայկականի, առանց Հայի ու չէի էլ պատկերացնում, որ մի օր կսկսեմ մտածել, որ մեզ տեղն է, ու մի բան էլ քիչ է մեզ, որ սթափվենք, որ ուշքի գանք։ Մենք մեր պետությունը կորցնելուց հետո էլ վախենամ ուշքի չգանք։

Ինձ երբեմն բռնացնում եմ այն մտքի վրա, թե արդյո՞ք արժի ընդհանրապես ապրել Հայաստանում, ինքս ինձ փորձում եմ համոզել, որ ոչ թե արժի, այլ ուղղակի պետք է, հարկավոր է, ու այլ տարբերակ չկա։

Հոգնել եմ շատ բաներից ու հատկապես տիրող քաոսից, որ պարտադրում են չգիտեմ, թե ովքեր, չգիտեմ, թե ինչու։ Մեկ-մեկ մտածում եմ` մենք արժանի՞ ենք մեր ստացած ժառանգությանը, երևի արժանի չենք, քանի որ ոչ կարողացանք ճանաչել այն, հոգ տանել նրան, էլ չեմ խոսում սիրելու մասին։ Քանի որ սերը ինչ որ բանի հանդեպ առաջին հերթին առաջանում է դա ճանաչելուց։ Իսկ մենք, կասեմ, որ մեզ դեռ չենք ճանաչում, հետևաբար նաև չենք էլ սիրում։ Չէ, ինքն իրեն սիրելը եսասիրություն չէ, դա առաջին հերթին ինքնահարգանք է, ինքնաճանաչում, ինքնաբացահայտում։ Բայց մենք լճացել ենք, ու տպավորություն է, որ առաջ գնալու ոչ տեղ ունենք, ոչ էլ այլևս նպատակ։ Ուզում եմ հավատալ, որ դա այդպես չէ։

Մի պահ է գալիս, երբ նայում ես շուրջ բոլորդ ու քո ուղեղի բջիջների հնարավորությունների չափով փորձում վերլուծել` լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ։ Մեկ-մեկ էլ մտքերով կիսվել կողքինիդ հետ։ Բայց երբ նկատում ես, որ չեն «լսում», չեն ընկալում, թե ինչ ես ուզում ասել իրականում` էդ ժամանակ խոսելդ էլ չի գալիս։ Մտածում եմ ու հասկանում, որ ինչ որ մեկին, ինչ որ տեսակետ համոզելու ցանկությունս ու պատրաստակամությունս արդեն  սպառվել է։

Երբեմն լռությունը շատ բան է ասում, գոռում, բայց հաճախ լսող չկա, իսկ թե լսում են` չեն էլ հասկանում, իսկ թե հասկանում են` հաճախ ընդամենը ունեցածդ ասելիքի 5-10%ը։

Միգուցե սխալ եմ, միգուցե հասկանում են ամբողջությամբ` տա Աստված։ Խոսքս չի վերաբերվում իհարկե հարազատների նեղ միջավայրին, ովքեր հասկանում են մեր ամեն մի շունչը։

Եվս մի բան եմ հասկացել, շատ կարևոր` որ մեկ տեղին ասած խոսքը շատ հաճախ 1000 ճառից կարող է ավելի կարևոր լինել։

Սա կարդացողին ուղղակի կուզեմ ասել` հավատա ինքդ քեզ։

 

Lilit Grigoryan

Սարդարապատից Արցախ․․․

                            ․․․որովհետև դու նա ես, ում  խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի․․․

Հ․ Գրիգորյան 

-Պա՞պ,- զգույշ բացում եմ սենյակի դուռը,- ա՛յ պապ, չե՞ս գալիս հաց ուտելու։

Պապս դանդաղ կտրում է հայացքը սեղանին թափված թղթերից, մի պահ չտեսնող հայացքով նայում դռան կողմը, հետո ուշքի գալով, դողդոջուն ձայնով արձագանքում է․

-Հը՜, գալիս եմ․․․

Պապս Հայրենական մեծ պատերազմի վետերան է։ 1939թ․ մեկնել է ռուս-ֆիննական պատերազմ, հետո  սկսվել է հաջորդ պատերազմը, վերադարձել է 1945-ին։ Քիչ է խոսում այդ տարիների մասին։ Միայն «կռիվ» կինոներ նայելիս աչքերում անասելի թախիծ է հայտնվում, ճակատի կնճիռները խորանում են, ու թվում է՝ ուր որ է արցունքներ կհորդեն։ Միայն տարին մեկ անգամ՝ մայիսին, հանում է մեծ տուփի մեջ պահվող իր բոլոր պարգևներն ու զանազան թերթերից կտրված հոդվածները և կրկին անցնում պատերազմի թոհ ու բոհով, պատերազմ, որն ամեն տարի իր արյունոտ թաթով թերթում է պապիս անցած դաժան ճանապարհը։ Անցել է 77 տարի։

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։

Մի օր խոսքի մեջ հենց այնպես ասաց, որ 6 տարվա ընթացքում մեկ անգամ է արտասվել․ երջանկությունից, երբ Ստալինգրադի տակ խորհրդային զորքերը ջախջախել են գերմանացիներին։

-Այդ օրը վերջնականապես փակվեց թուրքերի ախորժակը։

Իսկ թուրքերի ախորժակը մենք մեկ անգամ արդեն փակել էինք 1918 թվին Սարդարապատում։

Սարդարապա՜տ․․․ Կենաց-մահու կռիվ, արյունաքամ երկրի վերջին ջանք, թշնամուն դիմագրավելու վերջին ճիգ։ Բնավեր ժողովրդի անհավատալի ու արժանապատիվ հաղթանակ։ Այս խոսքերը գրելիս հպարտությունից մի տեսակ զգաստանում եմ, ուսերս ուղղվում են։

Պապիս ննջարանի պատին է կախված իր հոր նկարը։ Խաչաձև պատրոնաշարով, ճերմակ փափախով, հրացանին հենված՝ կանգնել է նա ձիգ, վճռական ու խիստ հայացքով, իսկ թավ բեղերը նրան տարիքից շատ մեծ են ցույց տալիս, սակայն ընդամենը 21 տարեկան է։

Կնոջն ասել է, որ եթե չգնա, թուրքը գալու է՝ նրան տանի։ Կինը պիտի ընտրություն կատարի։ Ու կատարել է․․․ Իր ձեռքով պատանքի կտորը դրել է ամուսնու ծոցը՝ վստահ լինելով, որ ստույգ մահվան է ուղարկում։ Պատանքի կտորը ծոցում, վերջին հաղորդության նշխարը բերանում՝ հայը հաղթել է՝ սեփական արյամբ վաստակելով ապրելու իրավունքը։

Մայի՜ս, հաղթանակների՜ ամիս․․․ Մեր ընտանիքի համար այն հատկապես կարևոր է եղել նրանով, որ իմ հայրը ևս իր բաժին պատերազմն է անցել։

1988 թվական, արցախյան շարժում, ազատամարտ․․․

Խորհրդային, ապա ադրբեջանական կանոնավոր զորքերի դեմ՝ կամավորներ, գրադի դեմ՝ հրացան ու ավտոմատ․․․

Շուշի՜․․․ իմ (ինչու՞ միայն իմ) հպարտությու՜ն․․․

Ի տարբերություն պապիս ՝ հորս  յուրաքանչյուր օրը ինձ համար այնքան հստակ է, որ կարծես ես էլ եմ եղել իր հետ, մագլցել ժայռերն ի վեր, ու ավտոմատն ուսիս` մասնակցել Շուշիի գրոհին։

Երբ հավաքվում են նրա ընկերները, ես էլ նրանցից մեկն եմ դառնում։ Լսում եմ նրանց պատմությունները, ծիծաղում ուշագնաց լինելու չափ, հատկապես, երբ ծաղրում են միմյանց, հիշում ծիծաղելի պահերը, ու արտասվում եմ, երբ զոհված ընկերներին հիշելիս այս մազ-մորուքով, արդեն ճերմակած մարդիկ արտասվում են, արտասվում են լուռ, ու նրանց արցունքները մոլորվում են կնճիռների ակոսներում, թաքնվում դեմքը ծածկող մազերի թավուտներում։

Սարդարապա՜տ․․․ Բեռլի՜ն․․․ Շուշի՜․․ Հայի գիտակցական մահվամբ կնքված հաղթանակներ․ էլ չեմ խոսում Ավարայրի մասին։

Եղբայրս նոր է վերադարձել հայոց բանակից։ Ծառայել է Արցախում։ Հպարտանում է իր նախնիների հաղթանակներով։ Մեկ-մեկ կախում է կրծքին ցարական Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի, ՀՀ-ի մեդալներն ու շքանշանները, պտտվում սենյակում․ երևի իր բաժինն էլ է ուզում ավելացնել․ ինքը ումի՞ց է պակաս. չէ՞ որ ընտանեկան ավանդույթները պետք է շարունակել։

Իսկ ե՞ս, ես․

-Տե՛ր Աստված, խաղաղությու՜ն տուր իմ ժողովրդին, իմ երկրին։ Թող վերջակետ դրվի, այլևս չլինեն պատերազմներ։

Արցախը բեռ չէ, այլ՝ ԱՐԺԵՔ։ Հաղթանակը չի՛ վաճառվում։

Աշխա՛րհ, մարդի՛կ, պատերազմ հրահրողներ, թու՜յլ տվեք ապրել, արարել, ստեղծել․․․ Մի՞թե չհասկացաք, որ «եթե նորից մրրիկ բարձրանա, Մայիսի 9-ով պիտի վերջանա․․․»։

mariam tonoyan

Խաչմերուկին հանկարծ աչքդ կտրած քարը հաջողություն կբերի¹

Աչքերս փակելիս կոպերիս տակ գալակտիկաներ են կործանվում, բացելիս մաշկս ընդարմանում է՝ աշխարհներ քարուքանդ անելուց հետո վառ լույսին չդիմանալով։ Մատներով փորձում եմ տրորելով դուրս բերել թմրությունը, սեղմումից նոր գալակտիկաներ են առաջանում. այնտեղ ժամանակը հարաբերականորեն արագընթաց է, իրար հաջորդող սկիզբն ու վախճանը չեն հասցնում հերթափոխել, շարունակվում են իրար մեջ։ Այստեղ՝ իմ աշխարհում, սառցալեզվակներից պոկվող ջրի կաթիլի նման օրերը թրմփում են հավերժության մեջ։ Ե՞րբ է աչքերը բացելու այն Մեկը, որի ստեղծած գալակտիկայում ծնվել եմ ես։

Անշարժացած կլանում եմ ողջ շարժունն իմ շուրջը, միամտաբար փորձում եմ գոնե ինչ-որ տեղ պահպանել մի օր վերջնականապես կանգ առնելիք կյանքը։ Ձայները դուրս են գալիս հասկանալիի սահմաններից. երբ պատրաստ եմ լսել կյանքը, ականջներս օրգանից վերափոխվում են մոգական ընկալիչի և ընդունակ եմ դառնում լսել այն միակ մեղեդին, որը արթմնի ժամանակ նոտաների վերածելու կարողություն չի ունենում ոչ մի կոմպոզիտոր։

Քայլում եմ, որ չկորեմ հոսքի մեջ։ Ոտքիս տակ ընկած քարի պատճառով սայթաքում եմ, բայց պահում հավասարակշռությունս։ Վերցնում եմ այն գետնից ու գետը նետում։ Իսկույն մտածում եմ՝ ափսոս էր։ Բայց չէ, գրպանումս ինձ սիրող այլ քարեր կան, դրանք ինձ տապալել չեն փորձել, եկել են ինձ հետ հազար տարբեր վայրերից, որոշները հասել հավաքածուիս՝ իրենց նմանների մեջ մնալով յուրովի տարբեր, մյուսները, որոնց հերթ չի հասել, դեռ գրպանումս են։ Սայթաքելուց հետո արթնացածի նման ամեն ինչ իրենց գույներով են աչքիս երևում։ Ես անմիջապես բաց եմ թողնված իրականության մեջ, բայց զարմանալի արագությամբ գործում է գրավիտացիան, ու ոտքերիս տակ բաբախող հողը ստիպում գիտակցել, որ լուսացույցի կանաչ լույսի տակ անցնել է պետք։

Վերջապես նկատում եմ մարդկանց։ Նրանք այնքան թափանցիկ են թվում, այնքան խոցելի, անցողիկ։ Մի հարված սրտին՝ էլ չկա։ Փողոցն անցնելիս գրպանիս քարերն իրար են զարկվում, ես ակամա շրջվում եմ գետի կողմը՝ ափսոս էր։

Այլևս չեմ վախենում, որ մի օր Մեկը կբացի աչքերը։ Քարերը հիշողություններ պահել գիտեն, հենց նրանք էլ կասեն՝ ափսոս էր։

¹ Իտալիայի հարավում տարածված սնահավատություն

Հայաստանի պատանի թղթակիցների կայքը 8 տարեկան է

Հիշենք պայծառ պահերը ձևավորման, կայացման, վերելքների ու վայրէջքների:

Մենք  շարունակում ենք մեր գործունեությունը, հաճախ դառն արցունքները կուլ տալով: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, ամեն տարի նոր պատանիներ են միանում մեզ, և հույս ունենք, որ մեր ընթացքը շարունակվելու է:
Շնորհավորում ենք:
ani jilavyan

Ամբողջ գերդաստանից ընդամենը մեկը

-Իմ պապան էլ ա փրկվել Եղեռնից,- լսեցի տատիկիս ձայնը, երբ մտա սենյակ,  որտեղ հեռուստացույցով մի հաղորդում էր, և խոսում էր Եղեռնից փրկված պապիկի թոռնուհին:- Դե իրան աղջկա շորերով են պահել, որ թուրքերը ձեռք չտան,- շարունակեց տատիկս:- Իրենց ընտանիքն ու հարևաններից մի քանիսը թաքնվել են իրենց նկուղում,  բայց  թուրքերը բացի տները, մտել են նաև նկուղները ու ստուգել:  Նրանց էլ գտել են, դուրս հանել:

-Իսկ հետո՞,- հարցրեցի ես, չնայած շատ էի լսել այդ պատմությունը:

-Նրա հոր ու եղբոր վիզն են կտրել իր աչքի առաջ,- շարունակեց պատմել տատիկս հուզվելով,- փոքր քրոջն էլ կապել են մոր մեջքից և դեպի Արաքս քշել` սպանելու: Պապաս միշտ ասում էր, որ այդ ժամանակ Արաքսը արյունից ամբողջովին կարմիր ա եղել: Հետո նրան ուժեղ խփել են: Նա հարվածից ընկել ա, և թուրքերը, կարծելով որ նա մահացել ա, այդպես էլ թողել են նրան: Հետո երբ վեր ա կացել, տեսել ա ռուսական զորքը գալիս ա, մտածել ա, թե թուրքերն են: Գնացել ա իրանց նկուղ, որտեղ ուրիշ մարդիկ են դեռ թաքնված եղել, ասել ա, թե թուրքերը կարմիր պոպոզավոր գլխարկներով գալիս են ձիերով: Էդ ժամանակ էլ մարդիկ ասել են, որ դրանք ռուսներն են, ու դուրս են եկել: Ռուսական զորքը փրկել ա նրանց, պապաս հայտնվել ա Ստեփանավանի որբանոցում,- ավարտեց պատմությունը տատիկս և աչքերը սրբեց անձեռոցիկով:

-Նա Մշից էր, չէ՞,- հարցրեցի ես:

-Հա, Մշից էր,- հաստատեց նա:

Մի քանի րոպե տիրած ծանր լռությունը խախտեց տատիկս.

-Պատկերացնու՞մ ես, մարդն իր ազգանունը չիմանա: Դե պապան փոքր ա եղել, իր ազգանունը չի իմացել, հետագայում չգիտեմ, թե ով է նրան ազգանուն տվել: Ես ու երկու քույրս էլ ենք էդ ազգանունով գրվում, բայց չգիտենք, թե մեր իսկական ազգանունն ինչ ա:

Մի քանի րոպե լռելուց հետո ասացի.

-Ամենավատն են ա, որ չենք կարող պարզել, թե ձեր իսկական ազգանունն ինչ պիտի լիներ: Հենց էդ էլ եղել ա թուրքերի նպատակներից մեկը` եթե չկարողանան բնաջնջել, գոնե պատմությունը ջնջեն:

-Ինչքան դաժանություն են տեսել հայերը…- տատիկիս միտքը կտրեց հեռախոսազանգը, և ես դուրս եկա սենյակից` հեռախոսը վերցնելու: Բայց  մտքերս դեռ 1915 թվականում էին, և ես պատկերացնում էի կարմիր Արաքսին նայող մանկահասակ Իլիաս պապիկին:

Հրապարակվել է 2015/04/25

Մենք վերապրողներ ենք

Ապրիլի 24-ին շատանում են Ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա, ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա  ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։

«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությամբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլորն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն  չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վերքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։

Ահա և իմ ընտանիքի պատմությունը, Ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց  իր տոհմի գոյությունը։

Հրապարակվել է  2015/04/23