
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Գրելու չափ երջանիկ
Գրե՞լ: Հա, երբ լսում են, որ էլի գրում եմ, զարմանում են, թե այդքան ինչի մասին եմ գրում: Իսկ ես անգամ իմ մի օր չեմ պատկերացնում մի տող գոնե չգրելով:
Սովորականի պես մի օր էլ արթնացա ու որոշեցի, որ հենց այսօր համարձակությունս կհավաքեմ ու կգրեմ 17-ին, չնայած, որ վախենում էի, և համարյա թե վստահ էի, որ չեմ կարողանա թղթակցել, որ կմերժեն:
Բայց անսահման երջանիկ եմ, որ կարող եմ թղթակցել:
Հիմա գրում եմ նյութս ու մտածում. «Տեսնես` կկարդա՞ն, կհավանե՞ն, թե` ոչ»:
Ես պարզապես սիրում եմ գրելը, սիրում եմ մոռանալ ամենի մասին, ու հոգուս խորքում հավաքված զգացմունքներս հանձնել թղթին: Գիտեք, թուղթը ամենահավատարիմ ընկերն է, նա երբեք ոչ ոքի չի պատմի քո գրածը և երբեք չի ծիծաղի քեզ վրա: Բայց այս հոդվածս ամենևին էլ թղթի մասին չէ:
Երբ գրում ես, գրում ես միայն քեզ համար, որ հանգստանաս, որ գոնե մեկին պատմես այն, ինչ զգում ես: Ու երբ քեզ համար ես գրում, էլ քեզ չի հետաքրքրում. Արդյո՞ք դուր կգա հոդվածդ ուրիշներին: Իսկ ե՞ս, ես չեմ կարողանում չմտածել, քանի որ ինձ համար կարևոր են իմ կողքինները, նրանց կարծիքը:
Բայց այս նյութս ամենևին էլ իմ մասին չէ:
Մինչև հիմա փորձում եմ գրել, նորից գրել, հա թող մի քանիսի համար «անիմաստ խոսեմ», մեկ է` ես չեմ կարող արգելել հոգուս` պատմել գաղտնիքները:
Ու հիմա հայտնվել է մեկը` 17-ը, ով պատրաստ է լսել գրածներս, կիսվել դրանց հետ: Կարող եմ գրել հազարավոր բաների ու առարկաների մասին, պատմել, թե ինչն է ինձ հուզում: Ու ես հիմա անսահման երջանիկ եմ, գրելու չափ երջանիկ:
Դեռ ժամանակ կունենամ երկար պատմել ու գրել, սկզբում ուղղակի ցանկանում եմ ասել` Շնորհակալ եմ, 17, հույս ունեմ կստացվի:
Եվ այսպես, ով եմ ես:
Ամեն հայտից, մրցույթից կամ ընդամենը դպրոցական շարադրությունից հետո որոշում եմ, որ սա վերջին անգամ է, որ իմ մասին եմ գրում: Բայց ինչպես տեսնում եք, այդքան էլ չի ստացվում, թուղթս նորց իր վրա է վերցնում իմ մասին գրված բառերը:
Նորից գնացի կանգնեցի հայելու առջև և տվեցի ինձ այդքան հուզող հարցը: Իսկ ո՞վ եմ ես, շատ ու շատ դեպքերում ես ինքս չեմ կարողանում պատասխանել այդ հարցին: Անհեթեթ հարց է, գիտեք, մենք բոլորս էլ մարդիկ ենք, այո, մարդիկ, ինչպես աշխարհի 7 միլիարդ էակները: Աակայն մի մարդու վերնաշապիկը նարնջագույն է, մյուսինը` կապույտ, ուրիշինը` սև: Ինչպես մեր երազանքներն ու մտքերն են տարբեր, մեկինը` վառ գույներով, մյուսինը` սև:
Ես Ամալյան եմ, կամ Ամալը, կամ պարզապեա Ամը, հարազատներիս համար` Ամալիկը, կամ էլ ընդամենը Բարին, այո այո, ընկերներիս մի մասի համար ես Բարին եմ, ոչ թե Ամալյան, իսկ մի քանիսի համար էլ` Անհավանականն եմ, և ոչ մի անուն այս դեպքում նրանց չի հետաքրքրում:
Ասում են` անսահման բարի և անկեղծ եմ, դրա համար էլ բարի են ասում:
Եվ ինձ բնորոշ է անհավանական գործողությունները, մտքերը, խոսքերը, դրա համար էլ մարդկանց համար ես անհավանական եմ:
Իսկ ինձ համար ես ամենահասարակ ու ամենասովորական 16-ամյա Ամալյան եմ, ով հագնում է նույն վերնաշապիկը, ինչ մյուսները, բայց նրանը մանուշակագույն է: Նաև մանուշակագույն է իմ ստեղծած մոլորակը, պատերը, մտքերս ու երազանքներս:
Ինչպես հասկացաք, սիրում եմ գրել: Այո, անսահման շատ, եթե աշխարհի բոլոր թղթերը ինձ հանձնեին, ես դրանք կներկեի իմ մանուշակագույն մտքերով: Մայրիկիս համար ես ընդամենը «փիլիսոփայում եմ», իսկ ինձ համար` ես ապրում եմ գրելով:
Ես միշտ և բոլորին ժպտում եմ, ամեն հանդիպած մարդուն, կենդանուն, նույնիսկ ծառին ու ծաղիկին: Ես ժպտում եմ դժվարություններին ու կյանքին, այն կյանքին, որ հենց մեր ժպիտներով պետք է ներկենք:
Իմ կյանքը ասես համակարգչային խաղ լինի, ես էլ` հերոսը, որտեղ միշտ պետք է հանդիպես խոչընդոտների և հսղթահարես դրանք: Պետք է յոթ անգամ ընկնես, որ ութ անգամ բարձրանաս:
Ճանաչեցի՞ք ով եմ ես, ո՞չ, ես` նույնպես:
Փոքրիկ եղբայրս
14 տարեկան էի, երբ ծնվեց եղբայրս: Ընտանիքում երեք աղջիկ էինք, դե պատկերացրեք, թե ինչ մեծ ուրախություն էր մեզ համար նրա ծնունդը: Ինչ-որ բան էի զգում, որն այնքան խորն ու հաճելի էր: Տեսա նրան առաջին անգամ, երբ արդեն տանն էր: Քնած էր, որքան անմեղ էր այդ արարածը, մաքո՜ւր, ասես հրեշտակ: Հանգիստ մոտեցա և համբուրեցի: Հուզմունքը խեղդում էր կոկորդս: Քանի որ հայրիկիցս հետո ինձ էին անվանում «տան տղամարդ», երդվեցի, որ հավերժ նրա պաշտպանը կլինեմ: Դա, իսկապես մեծ և պատասխանատու պաշտոն էր:

Լուսանկարը` Մերի Համբարձումյանի
Իմ փոքրիկն արդեն բավական մեծացել է: Շուտով կդառնա 3 տարեկան և կգնա մանկապարտեզ, ինչպես ասում են «մարդամեջ կմտնի»: Ճիշտ է դեռ փոքր է, բայց արդեն հասկանում է հայրենիք բառի իմաստը և սիրում է այն: Հագնում է իր փոքրիկ զինվորական հագուստը, նստում է հեծանիվը և ասում. «գնամ թուրքերին ծեծեմ գամ»: Տարիքի համեմատ ունի բավականին զարգացած միտք և խոսք: Չարություն անելուց հետո արդարանում է՝ ասելով. «ոցից, հեյոք եմ, պուծուր եմ»: Կամ երբ ուզում եմ բարկանալ, ասում է «ինձ սիրում ե՞ս»: Ամեն առավոտ արթնանալ փոքրիկ հրեշտակի համբույրից և նվիրած ծաղկի բույրից, պարզապես հրաշք է: Իմ կարծիքով ես աշխարհի ամենաերջանիկ քույրիկն եմ: Հպարտ եմ և համոզված, որ ապագայում կդառնամ այն հերոսի քույրը, ով արժանի զավակ կլինի և՛ ազգի համար, և՛ ընտանիքի: Ինքս ինձ և բոլորին խոստանում եմ հավերժ պաշտպանել և սիրել նրան ու ցանկանում եմ, որ բոլորն էլ երբևէ զգան այն վեհ զգացումը, որ ես եմ զգում և լինեն արժանի քույր իրենց եղբայրների համար: Սիրում եմ քեզ փոքրիկ եղբայր, իմ փոքրիկ Նարեկ:

Մասնիկս
9 տարեկանում հայրիկիս խորհրդով առաջին անգամ նայեցի Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որը կինոյում ինձ համար անգնահատելի ու անհամեմատելի արժեք դարձավ: Կիզի, ականջդ կանչի, բոլոր հեղինակները կերազեին՝ իրենց գիրքը էդպես էկրանավորվեր:
Էդպես եմ սիրել կինոն: Ու երևի պարտական եմ պապային ու Ֆորմանին:
Կինոն նախ և առաջ սեր է, ոնց որ մեր սիրած մնացած բաները: Նայում-նայում եմ, մեկ էլ հասկանում, որ չէ, Ալ Պաչինոն էլ դուրս չի գալիս, Շարիզ Տերոնին միշտ չեմ հավանել, Բրանդոյի պես սիրունը չի եղել, Օսկար Այզեկին ռուսի դերը շատ ա սազում, Իննյարիտուի մոտ ամեն ինչ էնքան հողեղեն ա, որ շունչս կտրվում ա ծանրությունից, կենսագրական ժանրի ֆիլմերը ահավոր հավանում եմ, Դորեմուսի մոտ դեռ ավելին կստացվի, Վուդիի ֆիլմերին պիտի մի փոքր ավել ուշադրություն դարձնեմ, էսօր ֆրանսիական Ամելիոտ մի բան եմ ուզում, Քեյջը մենակ “Birdy”-ում ա ստացված, կամ էլ մենակ “Birdy”-ն ա իմը, Դոլանի հետ պիտի անպայման հանդիպեմ, Պենելոպա Կրուզի նմանը չկա, վա՜յ, ո՞նց առաջ ֆանտաստիկա չէի նայում:
Այ, վերջերս մի ֆիլմ նայեցի. Разрушение: Քանդեց ինձ էդ կինոն: Քանդեց իմ քանդված ու փլված լինելը: Երկու ձեռքով բռնեց շորերիցս ու շրխկացրեց պատին:
Շառլի Բոհեմը ես ոչ մի անգամ չէի ընկալել, նոր եմ հասկանում:
Ներքին երկրաշարժի, ջրհեղեղի, հրաբխի ժայթքման պես մի բան էր. քիչ բան նույն տեղում մնաց:
Էս ֆիլմը ապտակ ա բոլոր մանր-մունր ցավերին: Էս ֆիլմը այտը կարմրացնող ամենաուժեղ ապտակներից ա՝ մի բան արգելող, մի բանից կտրող:
Ու ես դա եմ սիրում: Սիրում եմ ֆիլմերի՝ ոտքերս գետնից կտրող ունակությունը: Ինչ-որ բան հիշեցնելու պարտականությունը միշտ իրենց ուսերին են վերցնում, ու ոչ մի ձախողում:
Ժամանակ եկավ, որ մտածում էի՝ վերջ, պիտի Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտ գնամ, բայց հետո որոշեցի իմ սերը կողքից նայողի սեր թողնեմ:
Համբուրում եմ Ջեք Նիկոլսոնի ձախ այտը:

Վանաձորյան էտյուդ

Էլառից մինչև Աբովյան
Երևան քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք է գտնվում իմ ծննդավայրը՝ Աբովյանը: Այս քաղաքը մեզ է հասել Արգիշտի Ա-ի շնորհիվ, այդ մասին է գրված նրա թողած սեպագիր արձանագրությունում: Մեր քաղաքի պատմական անվանումը եղել է ԷԼԱՌ-ԴԱՐԱՆԻ: Մեր քաղաքում իրականացրած պեղումները փաստում են այն մասին, որ մեր քաղաքը բնակեցված է եղել սկսած Ք.ծ.ա 4-րդ հազարամյակի վերջից: Իմ քաղաքի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հասել:
Էլառ անվանումը քաղաքաբնակները կապում են Արա Գեղեցիկի հետ: Շամիրամը Արա Գեղեցիկին սպանված տեսնելով գոչել է. «ԵԼ ԱՐԱ՜»: Իսկ ահա այդ վայրը, որտեղ մահացած պառկել է արքան, կոչվել է ԷԼԱՌ: 1961թվականին քաղաքն անվանակոչվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի: Այժմ մեր քաղաքը իր տանիքի տակ է առել 44400 մարդու:
Ի՞նչն է ինձ գրավում իմ քաղաքում: Դժվար չէ պատասխանել: Պապիկս պատմում է, որ երբ հայրենադարձվել են Իրանից, այս քաղաքն են ընտրել բնակվելու համար, քանի որ ամենահանգիստ քաղաքը հենց սա է եղել: Պապիկիս գրավել է քաղաքի բնակիչների հանգստությունը: Այստեղ այնքան հանգիստ է, որ նույնիսկ կեսօրին կարող ես քնել մինչև ուշ երեկո, կամ զբաղվել քո սիրած աշխատանքով, ու քեզ ոչ մի աղմուկ չի խանգարի: Իսկ ինձ ամենից շատ իմ քաղաքում դուր է գալիս այն փաստը, որ մեր քաղաքում բոլորը իրար հարազատ են, չնայած այն փաստին, որ Աբովյանը քաղաք է:
Փողոցով քայլելիս բոլորին բարևում ես, որովհետև նրանք քո բարեկամներն են, ծանոթները, ընկերներն ու հարազատները: Մեր քաղաքը Երևանին ամենամոտիկ քաղաքն է և սերտորեն կապված է Երևանի հետ, դա ևս քաղաքի առավելություններից է, այնպես որ այստեղ հասնելը այդքան էլ դժվար չէ:

Հաղարծինի տոնը

Ամռան վերջն ու աշնան սկիզբը
Վերջ, նորից վերջ։
Վերջանում է երեկվա պես դեռ նոր սկսված երեք ամիսը։ Էն, որ անհամբերությամբ էինք սպասում մեր էս ուրախ հանգստին, որ նոր էինք կազմել, թե ամռանը ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, որ լավ անցնի։ Մեր ուրախ ամառային արձակուրդների երեք ամիսը վերջանում է։
Էս ամառ ամենայուրահատուկն էր, բոլոր ամառների մեջ։ Հենց էս ամառ էր, որ դարձա 17.am-ի թղթակից, ու որը մեծ դեր կատարեց իմ կյանքում։ Ճիշտ է, ես ամառները չեմ սիրում, բայց էս մեկը մի տեսակ ամենաուրախ ու հաճելի ամառն էր։ Բայց՜ էս էլ է վերջանում։
Ու նորից գալիս է նոր ուսումնական տարի, նորից իմ սիրած ոսկեզօծ աշունը։ Իմ սիրած ժամանակահատվածը, որ մի տեսակ հոգիդ հանգիստ է լինում: Միշտ նստած երազում ես, բայց երևի աշնան վերջում միշտ չի, որ մեր երազանքները պահում ենք, կամ իրագործում։ Շատերը հաստատ դառնում են աշնան չորացած տերևների նման, ու հաստատ քամին՝ աշնան մեղմ քամին, բոլոր տերևների հետ «քշում տանում է»։
Էս աշունը ու իրեն հաջորդող ձմեռը, գարունը ու ամառը հաստատ ուրիշ կլինեն իմ ու իմ հասակակիցների համար։ Երկու տարվա մեր տանջանքը, մեր բոլոր երազանքները, սպասումները հաստատ էս ամառ կիրականանան։
Դե իհարկե, ուսումնական տարին կավարտվի, վերջին զանգ ու նոր քննություններ կլինեն։
Ամառը դեռ չի ավարտվել, իսկ ես երազելով մեկ տարի առաջ ընկա: Երևի անհամբերությունից է:
Խաղաղության ճամբար
Ամեն տարի Սյունիք ՀԿ-ի կողմից կազմակերպվում է հայ-վրացական ամենամյա ճամբար Peace Camp անվանումով: Ճամբարին մասնակցում են 16 տարին լրացած հայ և վրացի երիտասարդները:
Այս տարի ճամբարն անցավ հուլիսի 20-30-ը, «Սիրանույշի» ճամբարի տարածքում:
Ես մի փոքր ուշ միացա ճամբարականներին, քանի-որ գտնվում էի ԱրքաՆե ամառային դպրոցում, և կարծում եմ այդ ընթացքում շա՜տ բան եմ կորցրել:

Լուսանկարը` Սպարտակ Ավետիսյանի
Հիմա ինքներդ ձեզ կհարցնեք. բա որ 16 տարեկան երիտասարդներն են մասնակցում՝ ես ի՞նչ գործ ունեմ այնտեղ: Իրականում ես ճամբարին մասնակցում էի որպես պատանի լրագրող՝ ներկայացնում էի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը` 17.am-ը: Ես ճամբարականներից հարցազրույցներ էի վերցնում, օրվա մասին գրում և ֆոտոներ անում: Լավ, վերադառնանք ճամբարին:

Լուսանկարը` Սպարտակ Ավետիսյանի
Երբ եկա Սիրանույշ, արդեն կեսօր էր, և բոլորը դրսում ինչ-որ խաղ էին խաղում: Խաղից հետո ճամբարականները բաժանվեցին երկու խմբի՝ երեկոյան միջոցառմանը պատրաստվելու համար (ամեն երեկո լինում էր միջոցառում՝ տարբեր թեմաներով): Մի խումբը զբաղվում էր բեմը զարդարելով և հագուստ պատրաստելով, այսինքն, ձեռքի աշխատանքներով, իսկ մյուսը՝ երաժշտական հատվածով: Հաճելի է, երբ տեսնում ես երկու տարբեր երկրներից, տարբեր մշակույթներ ունեցող երիտասարդներ իրար հետ են աշխատում և ի վերջո մի գեղեցիկ արդյունքի հասնում: Այս ճամբարի նպատակն էլ հենց դա է՝ միասին կերտել խաղաղություն: Երեկոյան միջոցառումներից հետո դիսկոտեկ էր լինում: Կարծում եմ ճամբարի ամենալավ հատվածն է, երբ հնչող մեղեդիների տակ սկսում ես պարել՝ ամբողջովին ցրվում ես, միջիցդ դուրս են գալիս օրվա ընթացքում հավաքված և՛ դրական, և՛ բացասական լիցքերը:
Առավոտյան էլ արթնանում էի երաժշտության բարձր ձայնից: Ճիշտն ասած, այնքան հաճելի էր երաժշտությունը, որ արթնանում էի զուտ պարելու ցանկությունից:

Լուսանկարը` Սպարտակ Ավետիսյանի
Նախաճաշելուց հետո բոլորն իջնում էին բակ՝ ֆլեշմոբ փորձելու: Ես էլ կա՛մ միանում էի նրանց, կա՛մ էլ վերևից ֆոտոներ էի անում:
Ամեն օր մենք ճամբարում հյուրեր էինք ունենում, ովքեր արմատներով հայեր էին լինում, բայց բնակվում էին ԱՄՆ-ում: Ահա նրանցից մեկի՝ Գրիգոր Կաբակյանի հարցազրույցը.
-Խնդրում եմ ներկայացեք:
-Իմ անունը Գրիգոր Կաբակյան է: Ես ԱՄՆ-ից եմ՝ Լոս Անջելես, Գլենդել, Կալիֆորնիա: 15 տարի առաջ բժիշկ Վիկտոր Կարապետյանը, որն իմ ընկերն է, պատմեց այս ծրագրի մասին, և այդ ժամանակվանից սկսած ես միանում եմ իրենց ատամնաբույժների խմբին և գալիս եմ այստեղ, այս ճամբար, որպեսզի հոգ տանեմ այստեղի երիտասարդներին այնքան, որքան որ կարող եմ, ինչպես նաև հարևան գյուղերից շատերին: Դա շատ հետաքրքիր է ինձ համար, և ես օգնում եմ այնքանով, ինչքանով որ հնարավոր է:
-Մե՞ծ տարբերություն կա Ձեր սովորական աշխատանքային օրվա և ճամբարային օրվա միջև:
-Շատ է տարբերությունը: Ես ատամնաբույժ չեմ, այլ ճարտարապետ: Դա այն է, ինչ անում եմ ԱՄՆ-ում: Սակայն այստեղ ես սովորեցնում եմ երեխաներին անգլերեն, մի քանի տարի առաջ նույնիսկ բասկետբոլի մարզումներ էի անցկացնում: Ինչպես նշեցի, օգնում և աջակցում եմ, որքանով որ հնարավոր է: Ահա թե ինչ եմ անում այստեղ:
-Դուք երեխաների հետ աշխատելիս դժվարությունների հանդիպու՞մ եք:
-Ոչ մի դեպքում: Շատ կարևոր է հասկանալ նրանց, հասկանալ, թե ինչ են մտածում, ինչ են սիրում, և ինչ չեն սիրում:

Լուսանկարը` Սպարտակ Ավետիսյանի
Մեր գործը շարունակական է: Մենք այստեղ կլինենք ամեն տարի, և մենք կօգնենք ճամբարի բոլոր երեխաներին: Եվ հիմա նաև Ձեր ժամանակն է` Հայաստանի երիտասարդ սերնդի, որպեսզի դուք ևս սկսեք օգնել ճամբարի երեխաներին մոտալուտ ապագայում, տալով նրանց ճիշտ ուղղություն, ճիշտ գիտելիքներ, որպեսզի նրանք էլ դառնան այնպիսի հաջողված, ինչպիսին դուք եք:
Շա՜տ տպավորված եմ վրացական պարերից: Վրացի երիտասարդները իսկապես հրաշալի էին ներկայացնում իրենց երկրի մշակույթն ու ազգային պարերը:

Լուսանկարը` Սպարտակ Ավետիսյանի
Պատկերացրեք կեսօրվա շոգին, դրսում ֆլեշմոբ էինք փորձում: Եվ լավ է, որ մեր տանջանքը ջուրը չընկավ՝ վերջին օրը երեկոյան շատ լավ ներկայացանք: Փորձերի ընթացքում բոլոր կողմերից լսվում էին՝ սնաչալո՜- սնաչալո՜, էնթե՛ր, էնթե՛ր ( ամեն ճամբարից էլ տանում ենք այնպիսի բառեր, որ միայն ճամբարականները կհասկանան):
Այդ կարճ ժամանակահատվածում հասցրեցի վրացի ընկերներ ձեռք բերել, որոնցից մեկից հարցազրույց եմ վերցրել ճամբարի մասին:
-Խնդրում եմ ներկայացեք:
-Բարև ձեզ, իմ անունը Աննա Ախլորի է: Ես 16 տարեկան եմ, Վրաստանի Ծերովանի քաղաքից: Ես Խաղաղության ճամբարի վրացի մասնակիցներից եմ: 12-րդ դասարան եմ և ցանկանում եմ դառնալ դեղագործ:
-Արդյո՞ք դժվար է շփվել ձեր տարեկից հայ երիտասարդների հետ Խաղաղության ճամբարում:
-Այո, երբեմն դժվար է դառնում, որովհետև մարդիկ ունեն կարծրատիպեր միմյանց նկատմամբ:

Լուսանկարը` Սպարտակ Ավետիսյանի
Հայերն ու վրացիները ունեն տարբեր մշակույթ և լեզու: Այսպիսով, շփվելու համար դու պետք է իմանաս միջազգային լեզու, օրինակի համար՝ անգլերեն կամ ռուսերեն: Սակայն մասնակիցների մեծամասնությունը իրենց ազգային լեզվից բացի չգիտեն ուրիշ ոչ մի լեզու, որն էլ մեր շփման առաջին և մեծ խոչընդոտն է հանդիսանում:

Լուսանկարը` Սպարտակ Ավետիսյանի
Առաջին անգամ, երբ հանդիպեցի հայ երիտասարդներին իսկապես շատ հավանեցի նրանց: Դա ինձ համար մեծ հնարավորություն էր՝ շփվելու հայ երիտասարդների հետ և նրանց մշակույթին ծանոթանալու համար: Առաջին օրերը ձանձրալի էին և դժվար, քանի որ հայերն ու վրացիները չէին շփվում միմյանց հետ: Բայց հիմա մենք ընկերներ ենք դարձել: Այսպիսով, կարող եմ ասել, որ շփումը այլ ազգի ներկայացուցչի հետ այդքան էլ դժվար չէ, եթե դու ընկերական ես, գիտես միջազգային լեզու և ունես գեղեցիկ ժպիտ:
-Ի՞նչ կարծիք ունեք այս ճամբարի մասին: Ի՞նչն եք հավանում և ինչը` ոչ:
-Այս ճամբարը մեծ փորձ է ինձ համար: Ես շատ բաներ եմ հավանում այստեղ: Առաջին՝ այն միջազգային է: Երկրորդ՝ ընտրված տարածքը շատ գեղեցիկ է և հարմարավետ ճամբարի համար: Երրորդ՝ ես շատ եմ հավանում ընտրված ջոկատավարներին և մասնակիցներին, ովքեր ամեն ինչ անում են մեր օրը հետաքրքիր և հաճելի դարձնելու համար:
Միակ բանը, որ կցանկանայի, Wi-Fi ունենալն է: Սակայն առանց դրա էլ այստեղ հրաշալի է անցնում և հաստատ կկարոտեմ մեր անցկացրած ամեն մի օրը:
-Ի՞նչ կցանկանաք ավելացնել:
-Ուզում եմ ավելացնել, որ մենք՝ երիտասարդ սերունդս, պետք է անենք ամեն ինչ, մեր երկրները ավելի հզոր դարձնելու համար: Շատ կարևոր է չմոռանալ, որ մենք եղբայր երկրներ ենք և ամեն հարցում պետք է օգնենք միմյանց:

Լուսանկարը` Սպարտակ Ավետիսյանի
Վերջին օրը մենք պետք է հյուրեր ունենայինք և նրանց ներկայացնեինք մեր ֆլեշմոբն ու մի քանի համարներ: Ֆլեշմոբի ժամանակ բոլորը պարում էին այնպես, կարծես իրենց կյանքի վերջին օրն է: Դե, հասկանալի է, էլ երբեք չես տեսնի նրանց միասին, ում հետ այս 10 օրերի ընթացքում այդքա՜ն մտերմացել ես:
Միջոցառումից հետո խարույկ եղավ՝ նվագեցինք, պարեցինք, երգեցինք: Առավոտյան ճանապարհեցինք մեր վրացի բարեկամներին և վերադարձանք տուն՝ մեր սովորական կյանքին:
Խաղողօրհնեքը Խոր վիրապի վանքում
Ամեն տարի օգոստոսի 10-ի մոտակա կիրակի օրը նշվում է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Մեր հեթանոս նախնիները օգոստոսի այս շրջանում խաղողի օրհնության ծես են իրականացրել, այստեղից էլ ժողովրդի մոտ տոնն առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ: Այս օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, օրհնվում է խաղողն ու տարվա ողջ բերքը, որից հետո միայն կարելի է խաղող ուտել:
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի