Ազատ տարածք խորագրի արխիվներ

Տավուշի անտառներում

Այնքան գեղեցիկ է Տավուշի բնությունը, մանավանդ ամռան տապին, երբ կարելի է բնության գրկում գտնել զովություն ու, միևնույն ժամանակ, օգտվել բնությունից: Բայց անգամ բնությանը մոտ ապրող մարդու համար հաճախ դժվար է լինում ժամանակ գտնել բնությամբ հիանալու համար: Ու հիմա, երբ ամառ է, արձակուրդ, բավական է՝ մեծերը  մի քանի ժամ ժամանակ գտնեն հանգստանալու համար, որ գնանք անտառ: 

Այսպես, մի օր պապիկս, որ բնության սիրահար է, առաջարկեց գնալ սար զբոսնելու  և ուրց հավաքելու: Որոշեցինք ու գնացինք: Սրանք էլ մեր սարերից դրվագներ:

Kristina Epremyan

Հոգով երիտասարդը

-Պա՛պ, քա՞նի տարեկան ես:

-Տասնհինգ:

-Չէ՜, պա՝պ, լուրջ եմ հարցնում:

-Է՜, բալա ջան…

Մնացածը հայացքից հասկացա: Ըստ երևույթին, բովանդակալից կյանք էր ապրել, գուցե դժվարություններ էլ էր տեսել, հաստատ չգիտեմ, բայց մի բան հստակ էր՝ շատ խելացի էր, ու կյանքն էր նրան այդպիսին դարձրել:

Հետո ուրիշներից իմացա, որ ութսունվեց տարեկան է: Բայց իր կենսունակությամբ, աշխուժությամբ իր ասած այդ «տասնհինգին» չէր զիջում:

-Պա՛պ, կարո՞ղ եմ քեզ մի քանի հարց տալ: Կպատմե՞ս քո մասին:

-Ի՞նչ պատմեմ, ա՛յ բալա:

-Մի ամբողջ կյանք ես ապրել, հաստատ պատմելու բան կունենաս,- ասացի…

Իր այդ խոսուն  հայացքով մի անգամ էլ նայեց վրաս ու գնաց:

Մի քանի բառ հասցրի փոխանակել պապի հետ, բայց այնքան տպավորվեցի՝ անասելի է: Մի քանի հարց կարողացա տալ, պատասխանեց կարճ ու կոնկրետ, հետն էլ` կիսատ:

Բաց գույնի աչքեր ուներ: Կապույտ էր թե կանաչ, չհասցրի էլ հասկանալ,  ու այնքան էլ խորություն կար դրանց մեջ: Կարելի էր սուզվել ու  հասնել չգիտես թե ուր… Միջահասակ մարդ էր, հագին հին, մաշված զինվորական համազգեստ: Մաշված էր, բայց շատ մաքուր: Գլխին էլ գլխարկ էր, որ սպիտակած մազերը անձրևից չթրջվեին: Չնայած տարիքին, անընդհատ ժպտում էր, ու շատ հաճելի էր, որ երջանիկ ծերություն է ապրում:

Անձրևն ու քամին միախառնվել ու քաոս էին առաջացրել շուրջբոլորը, բայց դա նրան չխանգարեց, որ հարցերիցս խուսափելով՝ թողներ ինձ ու քայլեր դեպի իր «հոլիկը»: Մի քիչ աներեսություն էր թվում, բայց հետաքրքրությունս շատ մեծ էր, ուզում էի, որ անպայման խոսեր ինձ հետ, պատմեր դրվագներ իր կյանքից: Վեր կացա ու վազեցի նրա հետևից… Ուսերիս նրա բրդյա վերարկուն էր գցած: Ցուրտ էր, բայց դրանով սառնություն չէի զգում:

Հասա այդ «հոլիկին», երկաթներով ու թիթեղներով պատրաստված ինչ որ բան էր, գետնից բարձր՝ քարերի վրա: Յոթ-ութ փայտե աստիճան, ու կհայտնվեի դրա ներսում: Ձայն տալով բարձրանում էի.

-Պա՛պ, ա՛յ պապ, էստե՞ղ ես:

-Հա:

-Բա ի՞նչ ես անում:

-Գործիքներս եմ դասավորում,- ասաց ու վրաս էլ չնայեց:

Ներսում ամեն ինչ այնքան մաքուր էր ու դասավորված: Անկողին կար` կոկիկ հավաքված, վստահ եմ՝ ինքն  էր հավաքել: Մի փոքրիկ հայելի էր, որում,  երևի,  ամեն առավոտ ինքն իր խորաթափանց աչքերն էր տեսնում:  Հասկանալի էր,  որ այստեղ ապրում է: Երևի իր երկրորդ տունն էր:

Տարբեր իրեր կային սենյակում, մեկը մյուսից հետաքրքիր, ու եթե բոլորը հերթով ուսումնասիրեի, օրս կվերջանար: Բայց իմ ուշարությունը սևեռվել էր  դեպի  «նա»: Մտածում էի՝ ինչ ասեմ, ինչ հարց տամ, որ իրեն էլ հետաքրքիր լինի պատասխանել, որ էլի «չփախչի» հարցերիցս: Մեկ էլ վեր կացավ ու քայլեց դեպի ներքև, կարծես այնտեղ չէի: Ինքն իրեն ինչ որ բան ասաց, բայց չհասկացա՝ ինչ:

«Ա՜խր, ա՛յ պապի, ինչո՞ւ ես կիսատ խոսում». ինքս ինձ մտածում էի:  Զգում էի, որ շատ ասելիք ունի, բայց անհասկանալի էր պահվածքը: Պատասխանում էր հարցերիս մի տեսակ սառնությամբ, բայց հայացքում էլ այնքան ջերմություն կար, որ անհնար էր չհասկանալ, որ սպասում էր հաջորդ հարցիս… Կարծես հարցիս պատասխանը կիսատ թողներ, որ էլի շարունակեմ հարցնել: Այդպես էլ ոչինչ հստակ չհասկացա:  Բոլորի հետ ժպիտով էր խոսում, կարծես պարզ ու հասարակ մարդ լիներ, բայց ինձ համար առեղծվածային տեսակ էր: Գուցե սխալ էին տպավորություններս, գուցե ուղղակի շատ էի կենտրոնացել նրա վրա, բայց մի բան հաստատ գիտեմ՝ հարցերս կիսատ չեն մնալու…

Երբ պիտի վերադառնայի տուն, մի  հայացք  գցեցի պապի վրա, որը երևի չնկատեց էլ, ու ինքս ինձ ասացի. «Սպասի՛ր, պա՛պ, էլի եմ գալու: Գալու եմ, որ մեր կիսատ թողած «գործը» ավարտին հասցնենք»…   

Ani Evinyan

Երկարատև հրաժեշտ

 Մի օր, երբ սովորականի պես հավաքվեցինք մեր բակում (այն բակում, որի մասին Սերինեն, ով նույնպես Կոթիի մեր թղթակիցներից է, գրել էր: Մի խոսքով, խոսքը «Սայադիկանց քուչի» մասին է), ընկերուհիս ասաց.

- Ան,  կարող ա գնամ սարը, ասի` գամ ձեզ հաջող անեմ: Համ էլ` մի լավ խաղ անենք:

- Գնո՞ւմ ես: Այդպես զրույցը շարունակվեց: Մի լավ խաղացինք բակի երեխաներով: Արդեն հրաժեշտի պահն էր, ի դեպ ընկերուհուս հետ գնալու էր նաև իրենից մի քանի տարի փոքր եղբայրը: Հրաժեշտ տվեցինք, գնացինք տուն:

Մյուս օրը զանգեցի.

- Մայ, գեղըմն ե՞ս:

-Հա:

-Հու… Լավ ա: Վաքվըմ չե՞ք:

-Եսիմ…

-Խու քնա՞ծ չէիր: Ձենդ մի տեսակ ա:

-Չէ:

Հա, մոռացա ասել, ես ընկերուհուս զանգել էի վաղ առավոտյան: Նորից հավաքվեցինք: Նորից խաղացինք, նորից հրաժեշտ տվեցինք, սակայն մյուս օրը նույնպես եկավ բակ: Եվ երբ իրոք հրաժեշտի պահն էր եկել, ոչ մեկս չէինք հավատում, քանի որ ամեն օր հրաժեշտ էինք տալիս, մյուս օրը տեսնվում էինք:

-Հաջող ձեզ, գնացի: Կարող ա` սօր րիգու գնամ սարը:

-Մեկ ա` վաղը գալու ես:

Գնացինք տուն: Երեկոյան զանգ ստացա:

-Ան, գնում եմ: Զանգել եմ հաջող անեմ:

-Հաջող: Կկարոտեմ: Ուզեցի երկար զրուցել վերջին անգամ, այն էլ.

-Ան… Գնում եմ, ժամանակ չկա:

-Չմոռանաս ինձ: Կզանգես: Հա, ու մեկ էլ, սարածաղիկս չմոռանաս…

-Հա, հա:

Մի քիչ ինձ վրա բարկացած էի, քանի որ մի լավ չզրուցեցի: Բայց հաջորդ օրը զանգեց, հարցուփորձ արեց, տեղեկացրեց այնտեղի իրադարձությունները:

-Բա մեր դասարանիցն էլ րեխերք կան:

-Հա~, դե լավ ա: Ձեր հմար էլ հավես կըլի…

Ամեն օր հեռախոսով զրուցում ենք: Ճիշտ է, այնտեղ շատ հաճելի միջավայր է, բնությունը նույնպես, բայց ես ցանկանում եմ, որ մեկս լինենք մյուսիս հետ: Իրարից անբաժան:

Sona Tumanyan

Թևեր տալ երազանքներին

Երազել, երազել ու էլի ու էլի երազել: Դե չենք կարողանում ապրել առանց դրա գոյության: Ոմանք հասնում են դրանց` դիմելով անհնարինին, բայց կա մարդկանց մի խումբ, որ թողնում է անկատար:

Ես ունեցել եմ շատ երազանքներ` հասել դրանց ամեն գնով: Ունեցել եմ երազանքներ կապված ընտանիքիս, շրջապատիս, ուսման ու գիտելիքի հետ: Ցանկացել եմ դառնալ կայացած մարդ ու երեխա, որով հպարտանան ծնողներս: Ինչպես բոլորը, այդպես էլ ես, երազել եմ նմանվել հոլիվուդյան ֆիլմերի դերասաններին կամ հերոսներին: Ցանկանում եմ նմանվել Ավալոնին, ինձ թվում է, որ քչերն են դիտում այդպիսի ֆիլմեր, բայց ես կփորձեմ նկարագրել նրան: Նա պաշտպանում է էլֆերին, չնայած նա տղամարդ է, բայց ինձ դուր է գալիս նրա դրական կերպարը: Ինչևէ, անհնարին երազանք: Ունեմ մեծ երազանք նկարահանել ֆիլմ, իմ պատկերացումներով: Դասարանում, երբ խոսում ենք ֆիլմերից, ոմանց համար դրանք անհետաքրքիր են լինում: Կան մարդիկ, որոնք ընդհանրապես ֆիլմեր չեն դիտում, իսկ ոմանք էլ` միայն սիրային ու ռոմանտիկ ժանրի: Նայելով դրանք, հավատում են միայն սիրո գոյությանը: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում նրանց: Ու ամենահետաքրքիրն այն է, երբ խոսում ենք ֆիլմերից, դերասաններից, Անին զարմացած հարցնում է.

-Երեխե’ք, էդ ի՞նչ կինո ա, ասեք` գնամ-նայեմ:

-Անի ջան, մեկ ա, չես նայի, դու մենակ ռոմանտիկ կինոներն ես նայում,- ասաց հավաքվածներից մեկը:

-Դուք էլ են ֆանտաստիկայից դուրս չեք գալիս, էլի,- քմծիծաղով ասաց Անին:

Խոսում էի երազանքներից, հասա ֆիլմերին: Իմ հասակակիցներին խորհուրդ կտամ պայքարել անգամ չնչին երազանքի համար, բայց չապրել դրանցով:

Հ. Գ.  Հա մեկ էլ,  չհենվեք շրջապատի կարծիքների վրա, հնարավոր է` նրանք ուղղակի նախանձում են ձեզ:

Խաղաղությունը` խաղաղություն տարածողի աչքերով

«Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունն ունի Եղեգնաձորի ակտիվ երիտասարդների խումբ, որը բաղկացած է 4 հոգուց՝  ես ներառյալ: Մեր հիմնական նպատակն է` կազմակերպել հավաքույթներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, վիկտորինաներ և այլ միջոցառումներ՝ մեր մարզի՝ Վայոց ձորի ակտիվ երիտասարդներին ոգեշնչելու համար:

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Առաջին ամիսն էր՝  հունիսը, երբ մտածեցինք ցուցահանդես կազմակերպել: Հավաքվեցինք հունիսի 4-ին, պայմանավորվեցինք  ցուցահանդեսը ներկայացնել հունիսի 15-ին: Սյունիք-Զարգացում ՀԿ-ի աշխատակիցներից Արուս Ներսիսյանը օնլայն հայտարարություն գրեց, որը մենք պարտաճանաչորեն տարածեցինք սոցցանցերով՝ մարդկանց հետաքրքրությունը շարժելու նպատակով:

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Հաջորդ օրը բոլորը հայտարարության մասին էին հարցնում.

-Սո՛ֆ, ի՞նչ ցուցահանդես եք անում:

-Դե՛, երեխե՛ք, պիտի նկարեք խաղաղություն ու ինչքան կարող եք շատ մարդկանց ասեք. հաստատ հետաքրքիր կանցնի:

Ամեն ինչ հասցնելու համար՝ որոշեցինք հունիսի 13-ին հավաքել աշխատանքները՝ ուսումնասիրել, դասավորել և քննարկել: Մասնակիցներին շահագրգռելու համար՝ որոշեցինք ժողովրդի քվեարկությամբ ընտրել ամենալավին, տվյալները ամփոփել մի քանի օր հետո, և հանձնել փոքրիկ նվեր: Քվեարկությունը կատարվելու էր թղթե փոքրիկ զատիկներով: Քվեարկողները դրանք փակցնելու էին իրենց կարծիքով լավագույն նկարի վրա:

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Եկավ հունիսի 13-ը, հավաքեցինք նկարները. դրանք, իսկապես, լավն էին: Ամեն մեկն արտահայտել էր խաղաղության վերաբերյալ իր պատկերացումները, ընկալումներն ու մտքի թռիչքը: Ոմանք ապլիկացիա էին արել:

Ցուցահանդեսը լինելու էր ամֆիթատրոնում: Ամենահետաքրքիրը նկարներն առանձնացնելն ու թղթերին փակցնելն էր: Իսկապես հետաքրքիր աշխատանք ստացվեց:

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Հունիսի 14-ն էր, ինձ հանձնարարեցին ցուցահանդեսի բացումը: Առաջին անգամն էր, որ ես նման աշխատանք պիտի կատարեի, այդ իսկ պատճառով շատ լարված էի:

Ահա եկավ այդ սպասված օրը: Ամեն ինչ հիանալի էր անցնում: Մենք երկու ժամ շուտ էինք գնացել ամֆիթատրոն՝ նկարները տեղադրելու:

Ցուցահանդեսն սկսվեց: Ես հայտարարեցի ցուցահանդեսի բացումը, նպատակը և նկարների գնահատման ձևը: Ապա ելույթ ունեցան Եղեգնաձորի երգչախմբի սաները:

Մեր՝ 1-ին հիմնական դպրոցը, պատվոգիր ստացավ՝ ակտիվ մասնակցության համար: Արդեն սկսեցինք բաժանել թղթե փոքրիկ զատիկները: Մարդիկ շրջում էին ու գնահատում, իսկ մենք հետևում էինք նրանց:

 

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Լուսանկարը` Գևորգ Մաթևոսյանի

Ցուցահանդեսն ավարտվեց ժամը 20-ին:

Ավարտից հետո ոմանք չէին թաքցնում իրենց հիացմունքը: Ամեն մեկը պատմում էր իր տպավորությունը՝ երեխաների խելամիտ պատկերացումների մասին:

Սոֆյա Աբրահամյան

***

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ  ամեն տարի կազմակերպում է ճամբարներ `«Ճամբարներ հանուն Հարավային Կովկասի խաղաղության» ծրագրի շրջանակներում: Բայց մինչ  ճամբարները կազմակերպվում են ամենամյա ցուցահանդեսներ «Խաղաղությունն իմ աչքերով» խորագրով: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց ճամբարների և ցուցահանդեսների պատասխանատուն` Արուսը, ու ասաց, որ այս տարի ես պետք է մասնակցեմ ցուցահանդեսին և օգնեմ իրեն:

Վրա հասավ նշանակված օրը: Ես ու ընկերներիցս մեկը առավոտյան գնացինք «Սյունիք», չէ-չէ, հանկարծ չշփոթեք Սյունիքի մարզի հետ: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն կազմակերպություն է Վայոց ձոր մարզում: Թեև ցուցահանդեսը պետք է սկսվեր երեկոյան վեցին, մենք շուտ գնացինք այգի` սկսելու ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Աշխատում էին բոլորը. թե′ այս տարվա ջոկատավարները, թե′ նախորդ տարիների, և թե′ այս և նախորդ տարիների ճամբարների մասնակիցները: Երեխաների նկարները գնահատելու էին հյուրերն ու այցելուները` կամավորների կողմից բաժանված կպչուն զատիկների միջոցով:

Դե քանի որ ես էլ կրում էի երիտասարդ լրագրող բեյջը, պետք է նաև հարցազրույց վերցնեի ծրագրի պատասխանատուներից  մեկից, և քանի որ  նա վրացի էր, ես պետք է հարցազրույցը վարեի ռուսերեն լեզվով: Սա իմ առաջին օտարալեզու հարցազրույցն էր, այդ իսկ պատճառով  մի քիչ վախ կար, արդյոք ճի՞շտ կօգտագործեմ բառը, սխալ չե՞մ անի, բայց հուրախություն ինձ, կարողացա պատվով դուրս գալ: Ահա և հարցազրույցի հայերեն թարգմանված տարբերակը.

-Բարև Ձեզ, կներկայանա՞ք

-Ես Բուբա Ծիրեկիձեն եմ, HEKS-Հարավային գրասենյակի ծրագրերի պատասխանատուն:

-Իսկ ինչո՞ւ եք հենց այս նկարը համարել լավագույնը:

-Քանի որ ես կարծում եմ` կոնֆլիկտի երկու կողմերն էլ գտնվում են շղթայված հենց կոնֆլիկտի պատճառով: Նրանք  շղթայում են և′  միմյանց, և′ կոնֆլիկտը: Աշխարհահռչակ Օլիվերո Տոսկանին նույնպես նման մոտեցում ուներ: Նա ակտիվորեն աշխատում էր ռասսիզմի թեմայի վրա: Տոսկանին հաճախ ցույց էր տալիս նույն շղթայում գտնվող երկու ձեռք` սպիտակամորթ ու սևամորթ, և դրանով ցանկանում էր ցույց տալ, որ ռասսիզմը դժվար լուծելի, ոչ ճիշտ խնդիր է ինչպես սպիտակամորթների, այնպես էլ սևամորթների համար:

Լուսանկարը` «Սյունիք- Զարգացում» Հ.Կ.-ի

Լուսանկարը` «Սյունիք- Զարգացում» Հ.Կ.-ի

-Իսկ ինչպե՞ս եք դուք  հասկանում այս նկարը:

-Այստեղ շղթաների մեջ  պատկերված ձեռքերը խորհրդանշում են այն երկրները, մարդկանց և ազգություններին, որոնք ձգտում են վերևում աղավնու տեսքով պատկերված խաղաղությանը, սակայն չեն հասնում իրենց իսկ կողմից ստեղծված շղթաների պատճառով, և դրանք չի լինում ջարդել:

-Իսկ ի՞նչ է խաղաղությունը Ձեզ համար:

-Ինձ համար խաղաղությունը դա ընկերական համակեցությունն է:

-Ո՞րն է խաղաղության Ձեր խորհրդանիշը:

-Երևի արևը:

Լուսանկարը` «Սյունիք- Զարգացում» Հ.Կ.-ի

Լուսանկարը` «Սյունիք- Զարգացում» Հ.Կ.-ի

-Ինչո՞ւ հենց արևը:

-Դե, չեմ կարող ասել, երևի`շատ եմ սիրում արև դրա համար:

Բուբա Ծիրեկիձեի և մյուս կազմակերպիչների հետ կհանդիպենք արդեն ճամբարների ընթացքում: Նրանց կճանաչենք ավելի մոտիկից և կհարստացնենք մեր գիտելիքները խաղաղության մասին այդ ոլորտում երկար տարիներ աշխատող մարդկանցից:

Մուշեղ Կուրեխյան

Sona Tumanyan

Ամենակարճ ամառային արձակուրդները

 Արդեն ամառային արձակուրդներ են: Մարդիկ վայելում են ամառը, հանգստանում` լիցքաթափվելով լցվում են ամառային արևի դրական էներգիայով: Իսկ արդյոք որտե՞ղ են ինները, ինչո՞ւ դրսում չեն խաղում, չեն զգում ամռան ջերմությունը և. ի վերջո, ինչո՞ւ են նրանց փայլող աչքերը գիշերային անքնությունից ուռել և «դեֆորմացվել»:

Ես գիտեմ դրա պատասխանը. մենք քննության ենք: Օրերն անցնում են մեկը մյուսին հաջորդելով, բոլորի համար սովորական, բայց մեզ համար անսովոր. երևի ցանկանում ենք տարբերվել մյուսներից: Կարծես թե չեն եկել այդպես սպասված ամառային արձակուրդները, վերջապես մեր «սիրելի» դպրոցին չենք  ասի այդքան սպասված բառերը. «Հաջողություն, երեք ամիս էլ չեմ գալու»:

Ահա եկավ առաջին քննության օրը: Բոլորս պարտաճանաչ եկել էինք: Աղջիկ-տղա հորանջելով մտանք դպրոց: Վերցրինք նստարանի համարները. ինձ ընկավ 9-րդ համարը: Կարծես թե ամեն ինչ լուռ էր, չկար ոչ մի շշուկ, անգամ շատախոսները լուռ խորհում էին: Բերեցին հայոց լեզվի քննության թեսթերը: Դավիթը, համարձակ գտնվելով, բացեց ծրարը, իսկ տղաները կատակեցին.

-Դավո՛, ձեռդ խերով ըլնի:

Մեծ ակնկալիքներ ունենալով` ջանասիրաբար գրում էին` չմտածելով արդյունքների մասին: Երեխաները չորս կողմից հարցախեղդ էին անում, իսկ մենք` ուսուցիչներին, ու ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք չէին պատասխանում հարցերին, քանի որ Ն.Զ.Պ-ի և երկրաչափության ուսուցիչներ էին ու գաղափար չունեին հայոց լեզվից և գրականության քննական թեստերից: Եվ հենց այսպես անցավ մեր` չարաճճիներիս, առաջին քննությունը:

Շուտով քննությունները կավարտվեն, և կսկսեն երկար սպասված արձակուրդները:

anushmkrtchyan

Իմ «Լուռ» ընկերը

Վերցնում եմ թուղթն ու գրիչը, որ գրեմ: Ամեն անգամ գրելիս մտածում եմ` ինչպե՞ս սկսել: Այս անգամ սկսում եմ այսպես: Գրում եմ մեր տան ամենասիրածս տեղի՝ պատշգամբի մասին: Երևի մտածում եք, թե ի՞նչ մի սիրելու բան է, շատերն ունեն պատշգամբ, ու բոլորի պատշգամբներն էլ նույնն են:

Իրականում ամեն մի պատշգամբ ունի իր պատմությունը: Այդ պատմությունը կերտում ենք մենք՝ պատշգամբի տերերս` մեր իսկ կյանքով:
Մեր պատշգամբը մանկությանս ու պատանեկությանս լավագույն ընկերն է: Դեռ մանկուց սիրում էի  բարձրանալ ու ժամերով ինքս ինձ հետ մենակ մնալ: Չէ՛, սխալվեցի, ես մենակ չէի, ինձ հետ էր  նաև պատշգամբը` միակ «լուռ» ընկերս:

Մի փոքրիկ աղջնակ էի ու մտածում էի, որ պատշգամբը կախարդական է: Կանգնում էի, խոսում, խոսում` սպասելով, որ մի օր ինքն էլ կխոսի: Առաջ ավելի շատ էի գալիս: Գալիս էի այն հույսով, որ կխոսեմ, կպատմեմ ամեն ինչ, ու նա էլ կխոսի: Հիմա, երբ հասկանում եմ, որ նա երբեք չի խոսի, ուշ-ուշ եմ  գալիս, բայց միևնույնն է, հոգուս խորքում դեռ սպասում եմ այն օրվան, որ նա էլ կխոսի:

Շատերի համար միգուցե սա տարօրինակ կհնչի, բայց  մեզանից յուրաքանչյուրը ունի հնարավորություն  կերտելու իր փոքրիկ աշխարհը: Իմ աշխարհը սկսվում է հենց պատշգամբից: Ես այստեղ եմ գտնում իմ հանգստությունը, այստեղ աշխարհը խաղաղվում է, ու ամեն ինչ դառնում է լուսավոր:
Հիմա գալիս եմ, կանգնում ու վերևից նայում գյուղիս. այստեղից ամեն ինչ հրաշալի է երևում: Առհասարակ սիրում եմ բարձրությունը, որովհետև ինչքան բարձր եմ, այնքան ավելի մոտ եմ երկնքին, ու ավելի հեռու այն իրականությունից, որ կա աշխարհի վրա:

Ահա այսպիսին է մեր պատշգամբի և իմ պատմությունը: Այդ պատմությունը մենք գրում ենք միասին: Տարիներ կանցնեն,  ու միգուցե գա մի օր, երբ ես հոգնեմ անվերջ մենակ խոսելուց, գուցե այլևս չգամ, բայց այն պատմությունը, որը մենք գրում ենք հիմա, հավերժ կմնա այս պատերի ներսում:

nane eghiazaryan

Ամառն արդեն մեր քաղաքում է

Ուռա՜: Վերջապես ամառը իսկապես հայտնվեց իմ քաղաքում: Այո՛, արդեն հունիսը վերջանում է,  բայց ես մինչ այսօր չէի լսել մեր բակի երեխաների բացականչությունները: Ամառը մեզ մոտ այդպես է սկսվում, այսինքն` ես եմ այդպես կարծում: Նայում եմ պատուհանից ու տեսնում մի շարք երեխաների, որոնք անհոգ ու երջանիկ խաղում են բակում: Ա՜խ, ինչ լավ ժամանակներ են ապրում այս երեխաները: Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ ես էի նրանց տեղում: Մինչ ուշ գիշեր խաղում էինք` է՛լ գործնագործ, է՛լ հալամուլա ու էլի շատ խաղեր: Դեռ փոքր էինք: Մեր բակում ամենամեծը ես էի, իսկ ընկերներս ինձնից մեկ-երկու տարով փոքր էին ու ինձ լսում էին. ես ինձ լավ էի զգում, իսկ հիմա…

Հիմա  գուցեև իջնեմ բակ, ու խաղանք ավելի «մեծական» խաղեր՝ աղջիկները` վոլեյբոլ, իսկ տղաները` ֆուտբոլ: Ու եթե որոշենք դա մեծերով խաղալ, ասենք նույն գործնագործը, ու մի ուրիշ իմ տարիքի աղջիկ անցնի, հավատացե՛ք, ինձ կասեն, որ ես դեռ չեմ մեծացել, ու պետք է ինձ ավելի մեծի պես պահեմ: Ախր ինչու՞ չեք հասկանում, որ ես սիրում եմ խաղերն ու առհասարակ ուրախ ժամանակ անցկացնելը: Ես կարող եմ ինձ մեծի նման պահել, բայց հասկացել եմ, որ մեծն էլ է  ուզում վերադարձնել այն տարիները, երբ կարող էր առանց հոգսերի խաղալ դրսում: Այսպիսով, ես իմ այս պատմությամբ նաև ուզում եմ խոսել երիտասարդների հետ, որոնք իրենց արդեն մեծ են պատկերացնում: Պետք չէ այդպես միանգամից մեծանալ, որովհետև հետո ցանկանալու եք միանգամից փոքրանալ, իսկ դա հնարավոր չէ: Թեկուզ, եթե դուք դրսում խաղալ չեք սիրում և կամ դա համարում եք ոչ ճիշտ պահվածք, ապա պետք չէ ուրիշներին քննադատել ու նրանց կարծիքը փորձել փոխել: Ես նաև հակադարձում եմ իմ ասածին, քանզի կան մարդիկ, որոնք դրսում են օրը 24 ժամ: Խաղն էլ իր ժամանակն ունի, և դա էլ պետք է լինի չափավոր, որովհետև միայն դրսում լինելով մարդը ոչինչ չի կարող հասկանալ: Գիտե՞ք, այս նախադասությունները գրելիս ամեն բառիս հակառակն ապացուցող պատասխանն եմ ուզում տալ, բայց այլևս չեմ ցանկանում երկար-բարակ անիմաստ մենախոսել, որովհետև չեմ սիրում:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ո՞ւմ հետ է խաղում Դավիթը

-Բարև Դավիթ:

-Բարև:

-Ի՞նչ ես անում:

-Խաղում եմ:

-Ինչի՞ ես միշտ մենակ խաղում:

-Մենա՞կ, բայց ես մենակ չեմ:

-Բա ո՞ւմ հետ ես խաղում:

-Հրեշտակիս:

-Հրեշտակի՞դ… Բա հիմա ինքը որտե՞ղ ա:

-Էստեղ, մոտս նստած:

Դիտավորյալ նստեցի իր ցույց տված տեղը.

-Բա հիմա՞:

-Հիմա ի՞նչ, նստեցիր հրեշտակիս վրա,-շարունակելով խաղալ, անտարբեր պատասխանեց նա:

-Ի՞նչ տեսք ունի:

-Նույն ինձանից, ուղղակի սև շորերով: Աղջիկներինը` սպիտակ շորերով են լինում:

-Բոլորը ունե՞ն հրեշտակ:

-Իհարկե,- երևի միամտությանս վրա զարմացած ասաց Դավիթը:

-Իսկ իմ հրեշտակը ի՞նչ ա անում:

-Ի՞նչ իմանամ, պետք է ասես.  «Հրեշտակ, դուրս արի միջիցս», որ տեսնեմ:

Կրկնեցի, երևի դուրս եկավ… Ես չտեսա, բայց նա հաստատ տեսավ…

Ինչպես առաջ էր

Ես ապրում եմ Աշտարակում, բայց ծննդավայրս Գյումրին է: Կյանքիս առաջին հինգ տարիները անցկացրել եմ Գյումրիում: Ես այդ ժամանակ փոքր էի և չէի հասկանում, թե ինչու ծնողներս որոշեցին, որ պետք է Գյումրիից տեղափոխվենք Աշտարակ: Բայց երբ հիմա այցելում եմ Գյումրի, հասկանում եմ նրանց այդ քայլի դրդապատճառը: Իսկ պատճառն այն էր, որ ոչինչ այնպես չէր, ինչպես առաջ էր…

 

***

Ծնողներս ասում են, որ մինչև 1988 թվականի երկրաշարժը Գյումրին զարգացող, կյանքով լեցուն քաղաք էր: Այնտեղ կյանքն ավելի բարեկեցիկ էր, քան մայրաքաղաքում: Սակայն 1988 թվականի դեկտեմբերի 7-ը փոխեց ամեն ինչ: Կարիք չկա ներկայացնելու այն դեպքերը, որոնք հաջորդեցին այդ եղերական իրադարձությանը, որովհետև քաղաքի ներկայիս իրավիճակը ինքն է խոսում այդ մասին:

Երբեմնի ուրախ ու եռանդուն քաղաքը վերածվել է խորը հակադրությունների կենտրոնի: Իհարկե, շատ հայրենանվեր մարդկանց շնորհիվ քաղաքը կարողացավ ոտքի կանգնել և վերականգնել իր նախկին տեսքը: Բայց վերականգնվեցին միայն քարե կառույցները: Չվերականգնվեցին մարդկանց աշխատատեղերը, չվերականգնվեցին քաղաքի արվարձանները, որտեղ առ այսօր հարյուրավոր մարդիկ տնակներում են ապրում: Չվերականգնվեց գյումրեցու խաղաղ ու բարեկեցիկ կյանքը:

Բայց մնաց ու չկոտրվեց գյումրեցու կամքը, լավատեսությունը և արարելու եռանդը: Այսօր Գյումրին բարեկարգ կենտրոնով, բայց բնակավայր չհիշեցնող տնակային թաղամասերով, հումորի մեծ զգացումով մարդկանցով, բայց միևնույն ժամանակ, օրեցօր քաղաքը լքող բնակիչներով մի քաղաք է:

Գյումրեցիներն ապրում են այն համոզմունքով, որ Գյումրին կրկին կդառնա հայոց հայրաքաղաքը` իրեն բնորոշ հակադրություններով, մշակութային մայրաքաղաքին վայել կյանքով: Կգա օրը, երբ այլևս չեն լինի տնակներում ապրող մարդիկ, իսկ այդ տնակների տեղում կկառուցվեն նոր գործարաններ, նոր աշխատատեղեր, որտեղ կրկին կստեղծի ու կարարի գյումրեցին:

Ինչպես առաջ էր…