Ազատ տարածք խորագրի արխիվներ

Սինդրիկ քաղելու

Երկար ժամանակ էր` հորեղբորս չէինք տեսել: Վերջերս նա մի քանի օրով եկավ մեզ հյուր: Նստած զրուցում էինք, և հանկարծ նա ասաց.

-Երեխեք, նոր մի բան որոշեցի… Վայ թե գնանք հանդը` սինդրիկ քաղելու: Ինչքան վախտ ա` հանդերըմը չեմ ելել: Հը՞, ի՞նչ կասեք:

Տատս մի քիչ վախենալով պատասխանեց.

-Արա, բա որ կրակե՞ն: Էտ րեխանցը էտ ո՞ւր ես վաքըմ, տանըմ:

Հորեղբայրս ասաց.

-Այ մամ, ի՞նչ կրակոց: Կրակոց չկա:

Այդտեղ հորեղբորս պատասխանեցի ես.

-Հա, հոպար, լավ բան ես արաջարկում: Ես մեծ հաճույքով կգամ: Ճիշտ ա, սինդրիկ քաղած չկամ, էս առաջին անգամն ա, բայց ոչինչ:

Քույրերս նույնպես համաձայնեցին: Որոշեցինք կիրակի օրը գնալ մեր հանդերը` տեսնենք` սինդրիկ կա՞, թե` չէ:

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Առավոտյան ժամը 7-ն էր: Օրը այդքան էլ լավ չէր սկսել մեզ համար, քանի որ ամբողջ գիշեր անձրև էր եկել, և կրկին ամպամած էր երկինքը: Սակայն մենք ուշադրություն չդարձրեցինք, մտածելով, որ շուտով օրը կպայծառանա, և արևը դուրս կգա: Քանի որ ճանապարհը երկար էր,  գնացինք մեքենայով: Հետո սկսեցինք քայլել մինչև որ հասանք անտառ: Անտառը երևալուն պես մտանք ներս, և ամեն մեկս շարժվեցինք մի ուղղությամբ: Չգիտեի, թե ճանապարհը ուր է տանում, սակայն արագ շարժվեցի առաջ, իհարկե, սինդրիկ հավաքելով: Ամենուրեք գետինը թրջված էր անձրևից, և երկինքը ամբողջովին մառախլապատ էր: Քայլելիս ոտքերս թրջվել էին, մի պահ մտածեցի` հեսա կարող ա հիվանդանամ: Արագ շարժվելով առաջ, հանկարծ լսվեցին հակառակորդի կրակոցները: Այդ պահին չգիտեի` ինչ անել, քանի որ մենակ էի և սկսեցի հետ գնալ: Հետ գնալուն պես տեսա քույրերիս և մնացի նրանց մոտ:

Խուճապը անցավ, սակայն փոքր ինչ վախենում էի: Սկսեցինք հավաքել սինդրիկ ու նաև քաղել սխորիկ`սոխի վայրի տեսակ: Փեշս քիչ-քիչ լցվում էր, քույրս`Էլիտան, առաջարկեց գնալ ծաղիկ հավաքելու: Երկուսով անտառից դուրս եկանք, մի ճանապարհ էր` երկու ուղղություններով: Քանի որ չգիտեինք` ուր են տանում այդ ուղղությունները, ես առաջարկեցի գնալ այն ուղղությամբ, որը կարծես դեպի հակառակորդն էր: Քույրս վախեցավ և հետ դարձավ ճանապարհից: Ես` նույնպես: Բոլորը մեզ էին փնտրում և, լսելով մեր ձայները, կանչեցին մեզ: Հորեղբայրս բարկացավ մեզ վրա, և ես ասացի, որ մեղավորը ես էի, այլ ոչ թե քույրս: Անընդհատ ասում էի` երբ ենք տուն գնալու, քանի որ ոտքերս ամբողջովին թրջված էին:

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Օրը այդպես էլ չպայծառացավ: Բոլորս արդեն վերջացրել էինք և շտապեցինք տուն:

mher tumanyan

Որն է գեղեցիկը

Էս հռետորական հարցին կպատասխանեմ սենց. «Գեղեցիկ ա էն, ինչ որ մենք ուզում ենք գեղեցիկ տեսնել»:

Էդ լրիվ անձնական ա, տարբեր մարդկանց մոտ գեղեցկության մասին պատկերացումները տարբեր են:

Մեկի համար գեղեցիկ ա իրա հենց նոր լուծած խնդիրը, մյուսի համար կոշիկն ու շորը, որ կրում ա, էն մյուսը ընդհանրապես չի էլ մտածում դրա մասին, ուղղակի օրեր ա, գլորում ա:

Գեղեցիկ ա նաև ինչ-որ երևույթ, թե բնության մեջ, թե մարդկային հարաբերություններում:

Գեղեցիկ ա էն, որ տեսնում ես` մեծ մարդ ա, չի կարողանում բարձրանա, ավտոբուս նստի, ու ինչ-որ մեկը, կարևոր չի, թե ով, գալիս ու օգնում ա: Դու էլ կողքից տեսնում, ուրախանում ես:

Գեղեցիկ ա էն, որ տեսնում ես, որ պետությանդ վիճակն էնքան էլ լավ չի, բայց մեկ ա ազգդ չի հուսահատվում, ապրում ու պայքարում ա իրա ՀԱՅՐԵՆԻՔում… Ոչ թե` թողնում ու գնում ա ստեղից, հույս ունենալով, որ ընտեղ իրան ՄԵԾ ապագա ա սպասվում:

Նույնիսկ չմտածելով, որ ստեղ էլ կարա ինքը ապրի նենց, ոնց որ էնտեղ, նույնիսկ խիղճը հանգիստ, էն առումով, որ իրա հայրենիքում ա: Բայց դրա մեջ էլ լավն ու սիրունը կա: Էն, որ ՀԱՅ-ն ապրում ա Հայաստանից հեռու, բայց հենց տեսնում ա, որ իրա Հայաստանին վտանգ ա սպառնում, միանգամից, առանց մտածելու, գալիս ու կանգնում ա կողքդ, որովհետև հասկանում ա, որ էդ խնդիրը նաև իրա խնդիրն ա:

Գեղեցիկ ա էն, որ մտնում էս ինչ-որ սոցցանց, ինչ-որ լուր կարդալու կամ ինչ-որ մեկի հետ խոսելու, ու տեսնում ես, որ կա նենց մի էջ, որտեղ 14-24 տարեկան երիտասարդները կարողանում են իրենց մտքերն  արտահայտել: Հպարտանում ու ուրախանում ես, որ ազգիդ մեջ դեռ կան ստեղծագործող դեռահասներ:

Դրա համար շնորհակալ ենք, սիրելի 17.am, մեծ գործ եք անում։

Գեղեցիկ ա նաև էն, որ տեսնում ես, որ ընկերոջդ աչքերը փայլում են, հարցնում ես, թե ինչ ա եղել, ինքն էլ պտտվում ու ասում ա, որ սիրահարվել ա. Էդ պահին երևի իրանից շատ ես ուրախանում…

Ու մտքումդ փորձում ես համատեղել իրանց։

Սենց գեղեցիկ ու լավ բաներ շատ-շատ ա լինում մեր կյանքում։ Ուղղակի պետք ա ոչ թե սենց անուշադիր քայլենք էս մեր կյանքի ճանապարհով, այլ մեկ-մեկ էլ նայենք շուրջներս, հաստատ կյանքն ավելի գեղեցիկ ա, քան մենք ենք պատկերացնում…

Դրսում որ մարդուն նայում ես, շտապում ա… Շատ ժամանակ վազում։ Բայց ո՞ւր, ինչի՞: Երևի ինքն էլ չիմանալով ու չգիտակցելով, որ կյանքը իրա էդ աշխատանքը չի, այլ սենց մանր-մունր սիրուն բաները։

Դե, իհարկե, ես չեմ ասում, որ կյանքը մենակ տենց բաներից ա կազմված։

Հա, վատն էլ կա, բայց չգիտես ինչի` մենք ՈՒԶՈՒՄ ենք մենակ վատը տեսնել։

Չէ, ժողովուրդ, էդ լավն ու վատը պետք ա իրար հետ հավասարակշռված լինեն, ոնց որ արևն ու լուսինը… Մեկն առանց մյուսի անիմաստ են։

Շատ կուզեմ, որ էսքանը կարդալուց հետո թեկուզ մի մարդ փոխվի, դառնա ավելի լավատես ու ավելի ուրախ։ Որովհետև հենց տենց էլ պետք ա լինի իսկական կյանքը։

Այ, էդ ժամանակ ես կասեմ, որ ստացված ա հոդվածս։

Հ.Գ. Ու քանի որ ես հենց էս լեզվով եմ մտածել էս բանը, սենց էլ գրել եմ…

Սուտը, մեծ քիթը և հայը

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Երևի բոլորիս էլ փոքր ժամանակ ասել են. «Սուտ մի՛ խոսիր, քիթդ կմեծանա»:  Ես բացառություն չեմ եղել, ինձ նույնպես շատ հաճախ ասում էին այս արտահայտությունը և, որպես ապացույց, ցույց էին տալիս Բուրատինոյի մուլտֆիլմը:  Ինձ շատ էր վախեցնում մեծ քիթ ունենալու միտքը:  Եվ ամեն անգամ, երբ բակում խաղի ժամանակ մանկական ստեր էի ասում, վազում էի տուն ու երկար ժամանակ մնում հայելու դիմաց:  Մայրս հասկանում էր ու հարցնում.

-Ի՞նչ ես խաբել:

Ես անկեղծորեն պատասխանում էի, իսկ մայրս սփոփելով ինձ ասում էր.

-Էս անգամ քիթդ չի երկարի, բայց էլ չխաբես:

Շուտով իրար հերթ չտալով՝ անցան իմ մանկության օրերը: Ժամանակն էր դպրոց գնալու ու սովորելու հայոց ոսկեղենիկ տառերը:

Առաջին դասարանի վերջին ամսում, երբ կրկնում էինք տարվա նյութը, ուսուցչուհին մեզ հանձնարարեց հետաքրքրաշարժ մի վարժություն:

Դպրոցական օրն ավարտվեց: Գնացի տուն ու առանց ճաշելու սկսեցի գրել տնային աշխատանքս: Այսօրվա պես հիշում եմ գրքի այդ էջը: Վարժությունը հետևյալն էր. հայ հայտնիներից մի քանիսի նկարներն էին պատկերված, իսկ դրանց տակ խաչբառի տեսքով բաց էր թողնված տվյալ մարդու մասնագիտությունը:

Գրված էր՝ հայ մեծանուն □ □ □ □ □ □ □ , իսկ վերևում ՝ Մհեր Մկրտչյանի նկարը:

Մենք պետք է լրացնեինք վանդակները: Այսպես, ես սկսեցի գրել (անկեղծ կլինեմ՝ մի կերպ էի գրում, ծուռումուռ տառերով): Արդեն հոգնել էի, երբ նկատեցի, որ երկու նկար է մնացել: Կարդացի՝ Մ-հ-ե-ր Մը-կըրտ-չյան հ-ա-յ մե-ծա-նուն □ □ □ □ □ □ □ : Նայեցի նկարին ու գոչեցի .

-Օ՜յ, ի՜նչ մեծ քիթ ունի,-ու գրեցի ՝ սու-տա-սան:

Հաջորդը՝ Առ-նո Բա-բա-ջան-յան հ-ա-յ մ-ե-ծ …..

-Վա՜յ, մի տես, մեզ ասում են մի՛ ստեք, իսկ իրենք այնքան են ստել, որ երևի ամենամեծ քիթն ունեն,-ինձնից շատ գոհ գրեցի՝ խա-բե-բա:

Աշխատանքները ստուգվեցին, ես սխալ էի գրել, ուսուցիչը ամոթանք տվեց ու նույնիսկ չլսեց իմ բացատրությունը: Տետրիս մեջ հայտնվեց առաջին երկուսը:

Երկար ժամանակ է անցել թե՛ երկուսից, թե՛ մանկության տարիներից: Հիմա էլի նայում եմ հայելու մեջ. այն ժամանակներից մինչև հիմա քիթս իրոք մեծացել է: Երևի ես էլ երբևէ պատճառ եմ ունեցել ստելու: Մեծացել եմ, ամոթով եմ հիշում, որ մեր մեծերին հանդգնել եմ սուտասան կարծել: Հասկացել եմ, որ մեծ քիթը հային բնորոշ հատկանիշ է: Իսկ շատերն ասում են նաև, որ մեծ քիթը խելացիության նշան է: Չգիտեմ, երևի Բուրատինոն մեր ազգի համար գրված հեքիաթ չէ:

Դռները բացե՛ք, գարու՜ն է գալիս

Դռները բացե՛ք, գարու՜ն է գալիս, իսկ ավելի ճիշտ՝ արդեն գարնան երկրորդ ամիսն է:

Հաճելի է քայլել փողոցով ու զգալ գարնան շունչը ամեն տեղ: Ծաղկող ծառեր ու ծաղիկներ, արևի տակ փռված կենդանիներ, հարավից վերադարձող թռչուններ ու բակ դուրս եկող երեխաներ: Ներկայացնում եմ մի քանի լուսանկար այդ տեսարաններից: Ուղղակի նայեք, եթե անգամ ցանկություն չունեք դուրս գալ տանից և հիանալ այդ տեսարաններով սեփական աչքերով:

Երջանկությունը

Հաճախ են, չէ՞, մեծ մտածողները խորհել այն հարցի մասին, թե ինչ է երջանկությունը…

Իմ կարծիքը նոր-նոր ձևավորվեց կամ գուցե ամբողջացավ, գտավ իր` «փազլի» պակասող մի հատիկը, երբ Արագածի փեշերին հանդիպեցի մի խումբ եզդիների, որոնք իրենց ամառային ամիսներն էին անցկացնում այնտեղ: Նրանք ոչ իրենց հագուկապով, ոչ էլ իրենց կացարաններով նման չէին մեծահարուստների: Բայց նրանք երևի աշխարհի ամենահարուստ մարդիկ էին. նրանք ունեին այն, ինչը աշխարհում ամենաթանկն է, և այն, ինչը երբեք ոչ մի գումարով չես գնի` լինես միլիոնատեր, թե` միլիարդատեր:

Նրանք երջանիկ էին, որովհետև գտնվում էին այնպիսի մարդկանց կողքին, ում նրանք սիրում էին, և ովքեր նրանց էին սիրում: Նրանք զերծ էին ձևականությունից, նրանց անկեղծության մասին իրենց աչքերն էին խոսում, իրենց ժպիտը, ծիծաղը ու իրենց հյուրընկալ վերաբերմունքը: Երջանիկ լինելու համար կարևոր չէ, թե որտեղ ես գտնվում կամ թե ինչքան գումար ունես, կարևորը` սիրելի մարդկանցով շրջապատված լինելն է: Սրան պետք է ավելացնել մի քիչ լավատեսություն և համեմել շատ-շատ ժպիտով ու ծիծաղով… Ահա և երջանկության բաղադրատոմսերից մեկը…